ՀԽՍՀ խորհուրդների համագումար
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Խորհուրդների համագումար, ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմինը 1922-1937 թվականներին։ Կազմավորվել է գավառային խորհուրդների ներկայացուցիչներից՝ 5 հազար բնակչից մեկ պատգամավոր հաշվով։ Դրա կազմի մեջ էին մտնում բանվորների, գյուղացիների, կարմիրգվարդիականների ներկայացուցիչները՝ անկախ սեռից ու ազգային պատկանելությունից։ Համագումարը տնօրինում էր հանրապետության սահմանադրության հաստատման, փոփոխման և լրացման, տնտեսական և մշակութային շինարարության ղեկավարման, պետական գործունեության մյուս կարևորագույն հարցերը։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմինը համագումարի ընտրած հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեն էր։ Համագումարի և Կենտգործկոմի տնօրինությանը վերապահված չէր միայն ԽՍՀՄ իրավասությանը ենթակա հարցերի քննարկումը (ԽՍՀՄ կազմավորումից հետո)։ Մինչև 1937 թվականը գումարվել է ՀԽՍՀ սովետների 9 համագումար․
- I համագումար, 1922 թվականիի հունվար-փետրվար
- II համագումար, 1922 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
- III համագումար, 1923 թվականի դեկտեմբեր
- IV համագումար, 1925 թվականի մարտ
- V համագումար, 1927 թվականի մարտ-ապրիլ
- VI համագումար, 1929 թվականի ապրիլ
- VII համագումար, 1931 թվականի փետրվար
- VIII համագումար, 1935 թվականի հունվար
- IX համագումար, 1937 թվականի մարտ
ՀԽՍՀ սովետների IX արտակարգ համագումարն ընդունեց ՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որով ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմին հռչակեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 13)։ |