ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված[1], հիմնաքարային հոդված՝ մարդու իրավունքների և արժանապատվության մասին։

Հոդված 3․ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Սահմանադրության հասկացությունը

խմբագրել

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է կամ մայր օրենքը։ Սահմանադրությամբ սահմանվում են պետության կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև դատական համակարգը։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

Սահմանադրությունը պարունակում է բարձրագույն իրավական ուժ ունեցող երաշխիք-հոդվածներ։ Մարդու իրավունքների ճանաչումը, պահպանությունը, ապահովումը և պաշտպանությունը պետության պարտականությունն է։

Սահմանադրության հիմանական էությունը հանգում է մարդու բնական իրավունքների ճանաչմանը՝ որպես բարձրագույն արժեք[2], որպես անիմաջական գործող իրավունք և պոզիտիվ իրավունքի հիմք։ Մյուս կողմից Սահմանադրությունն ամրագրում է ժողովրդաիշխանության սկզբունքը՝ հաստատելով իշխանության պատկանելությունը ժողովրդին և նրան ճանաչելով իշխանության աղբյուր։ Սահմանադրությունը ժողովրդավարությունն իրական դարձնելու համար ամրագրում է ինչպես իրավական պետության ու ժողովրդավարական հասարակության որոշակի մոդել, այնպես էլ մարդու արժանապատվությունը, բնական և անօտարելի իրավունքներն ու ազատությունները որպես անմիջականորեն գործող իրավունք, իսկ դրանց երաշխավորումը, ապահովումը, պաշտպանումը՝ պետության պարտականություն։

Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը կոչված է կարգավորելու մի կողմից մարդկանց, մյուս կողմից քաղաքացու և պետության միջև իրավահարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։

ՀՀ Սահմանադրության երկրորդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլուխն անդրադառնում է մարդու առանձին իրավունքներին և ազատություններին, առանձին դեպքերում սահմանելով դրանց սահմանափակման հնարավորությունները, իսկ 23-րդ հոդվածը՝ մարդու արժանապատվության մասին, ըստ որի մարդու արժանապատվությունն անխախտելի է[1]։

Սահմանադրական բարեփոխումներ

խմբագրել

Իրավաբանական գիտությունները մարդուն դիտարկում են որպես բարձրագույն արժեք՝ իր իրավունքներով ու ազատություններով հանդերձ։

Հայաստանի 3-րդ Հանրապետության Սահմանադրությունն[3] ի սկզբանե չի ամրագրել մարդու արժանապատվության գաղափարը, որպես իրավունքների հիմք։ Ըստ էության, արժանապատվության մասին խոսվում էր 4-րդ և 48-րդ հոդվածներում։ 4-րդ հոդվածը սահմանում էր, որ պետությունն ապահովում է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Իսկ 48-րդ հոդվածը՝ Սահմանադրությունը և օրենքները պահպանելու, իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, յուրաքանչյուրի պարտավորությունը։ Արգելվում էր իրավունքների ու ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով։

2005թ․ կատարվեցին սահմանադրական փոփոխություններ և ներմուծվեց արժանապատվության՝ մարդու իրավունքների հիմք հանդիսանալու մասին գաղափարը։ Նոր խմբագրությամբ[4], ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում էր, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են։ Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

2015թ․-ին կատարված հերթական սահմանադրական փոփոխություններով և այժմ գործող Սահմանադրությամբ 3-րդ հոդվածը վերաշարադրվեց հետևյալ կերպ․

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ 2-րդ մասում հանվեց «միջազգային իրավունքի սկզբունքներին» հղումը։ Պետություն բառը փոխարինվեց հանրային իշխանություն արտահայտությամբ։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքների հղումը ամրագրվեց 81-րդ հոդվածում հետևյալ կերպ՝ Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված սահմանափակումները[5]։

Սահմանադրության 3-րդ հոդվածի էությունը

խմբագրել

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածն անդրադառնում է մարդուն, նկարագրելով նրան որպես բարձրագույն արժեք։ Իրավունքները, լինելով սոցիալական երևույթ, պետք է ծառայեն ամբողջ հասարակությանը, հաշվի առնելով մարդու, որպես հասարակության նախահիմքի՝ անձնական շահերն ու պահանջմունքները։ Մյուս կողմից իրավունքները պետք է արտացոլեն համամարդկային արդարության պահանջները, ծառայեն ամբողջ հասարակությանը, հաշվի առնելով մարդու, որպես հասարակության նախահիմքի՝ անձնական շահերն ու պահանջմունքները։ Մյուս կողմից հատկանշական է այն, որ իրավունքը պետության կողմից սահմանված և պահպանվող վարքի չափ է։ Նաև, այն հանդիսանում է որպես ազատության նորմ, որոնք պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից՝ օրենքների միջոցով։

Մարդու ազատություններն ու իրավուքնները դասակարգվում են մի քանի գիտական ուղղություններում կամ դպրոցներում[6]։ Օրինակ՝ բնական իրավունքի տեսությունը, իրավունքի պատմական, ռեալիստական, սոցիոլոգիական, նորմատիվային ուղղությունները, իրավունքի հոգեբանական, մատերիալիստական տեսությունները, իրավունքի ու տնտեսության, մյուս կողմից իրավունքի ու քաղաքականության առանձին մեկնաբանությունները և այլն։ Այսինքն, իրավունքի պատմական զարգացումն իր կենտրոնում դնելով անհատին, երկար ու դժվարին ճանապարհ է անցել։ Դեռևս Հին Հռոմում իրավունքների ու ազատությունների կենտրոնում գտնվում էր քաղաքացին։ Այս ամենը հանգում է նրան, որ առանց քաղաքացու իրավունքներն ու օրենքները չեն կարող գոյություն ունենալ։ Այս կերպ մարդու բարձրագույն արժեք լինելու հասկացությունն ունի իր իրավաբանական բովանդակությունը։

Հոդվածն անդրադառնում է արժանապատվությանը։ Ոչ մի օրենք կամ օրենդրական ակտ չի կարող կազմավորվել ու գործել, կիրառվել այնպես, որ ոտնահարվի մարդու արժանապատվության իրավունքը։ Արժանապատվության հասկացության մեկնաբանությունը տարաբնույթ հարցեր է առաջացնում և գրեթե անհնար է սահմանել արժանապատվությունը։ Օրինակ՝ գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի մտածմունքներում արժանապատվությունը մարդուն բնությունից տրված արժեք է։ Այս կերպ, Կանտը հակված էր արժանապատվության մեկնաբանման բնապաշտական տեսությանը։ Մյուս կողմից, ըստ ձեռքբերման տեսության, մարդն ունի իր արժանապատվությունը սեփական ինքնորոշ վարքագծի հիման վրա։ Այս մոտեցումը պարզորոշ արտահայտում է մարդու արժանապատվության կապը անհատականության ձևավորումը հնարավոր դարձնող մյուս հիմնարար սահմանադրական սկզբունքների հետ, ինչպես օրինակ հավասարության և ազատության իրավուքնները։ Այս տեսակետը պարզ է դարձնում, որ անհատն ինքն է որոշում, թե ինչ է իր արժանապատվությունը։

Տարբեր սահմանադրություններում մարդու արժանապատվության հիմնական դրույթը պարունակում է հիմնական իրավունք, նույնիսկ եթե այն նշվի նաև որպես առաջատար սահմամանդրական սկզբունք կամ սահմանադրական բարձրագույն իրավական արժեք։ Այս հասկացությունների տարբերակումները պարզապես ակնառու են դարձնում արժանապատվության կարևոր նշանակությունը։ Խորհրդային պետական և հասարակական գործիչ Օտտո Շմիդտի մեկնաբանմամբ, մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ մարդու արժանապատվության ապահովմամբ են զբաղված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը։ Եվ եթե խախտվում է մարդու որևէ իրավունք, կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության իրավունքը։

Այս երկու տեսակետները կարծես փոխլրացնում են միմյանց, սակայն հարցերի տեղիք է առաջանում։ Օրինակ՝ երկրորդ տեսակետի համաձայն, եթե մարդն անգործունակ է, ապա ինչպես պետք է ձևավորի իր անհատականությունը։ Այսպիսով, իրավունքի փիլիսոփայությունը հակում է այն մտքին, որ մարդու արժանապատվությունը բնության կողմից տրված պարգև է։ Սա է պատճառը, որ արժանապատվությունը մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի և անօտարելի հիմքն է։ Բոլոր իրավունքների ու ազատությունների հիմքում մարդու արժանապատվությունն է[7]։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն առաջին հոդվածով սահմանում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով։

Այսպիսով անդրադառնալով հանրային իշխանությանը, կարևոր է հենվել սահմանադրական մեջբերումների վրա։ Ըստ որի, Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 1)։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2)։ Այսինքն, ՀՀ-ում իշխանությունն իրականացվում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Ժողովուրդն ընտրում է այն իշխանությանը, որին համարում է անաչառ և համապատասխան իր ակնկալիքներին, մյուս կողմից իշխանությունը պարտավորվում է ապահովել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Հանրային իշխանություն ասելով նկատի ենք ունենում, որ այս կերպ հանրությունն է իրականացնում իշխանություն։

Պետությունը Սահմանադրության հիման վրա պարտավորվում է պահպանել մարդու արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը։ Սա նախանշում է տարաբնույթ խախտումներից մարդու արժանապատվության պաշտպանության երաշխավորումը պետության միջոցով։ Պետական իշխանությունը հանրային նպատակների իրականացման գործիք է և չպետք է օգատգործվի անհատին նվաստացնելու, խոշտանգելու, մարմանկան պատիժների ենթարկելու և այլնի համար[8]։

Այսպիսով, ցանակացած մարդու ի սկզբանե հատուկ է անրժանապատվությունը։ Քանի որ մարդու արժանապատվությունն անձեռնամխելի է, ուրեմն յուրաքանչյուր մարդ այդ իրավունքի կրողն է։ Այն հատուկ է ցանկացած տեսակ մարդու, և կախված չէ նրա հատկանիշներից, ձեռքերումներից, ազգությունից, ծագումից, սոցիալական դրությունից, գենետիկական, հոգեկան և այլ հիվանդություններից, տարիքից, սեռական ուղվածությունից, ռասայից, գենդերային ինքնությունից, դասից և այլն։

Արժանապատվության ոտնահարումը և իրավունքների ու ազատությունների կենսագործումը

խմբագրել

Մարդու արժանապատվության ոտնահարման իրավիճակային գնահատականը դժվար է տալ, սակայն ընդհանուր նկատելի և նշանակալից ոտնձգություններից ու ոտնահարումներից են խտրականությունը, խոշտանգումները, ստրկությունը, բռնի ուժով դեղեր տալը տարբեր նպատակներով, այդ թվում՝ գիտական փորձարկումների, հետազոտությունների կամ պարզապես դիտավորյալ վնաս պատճառելու ակնկալիքով, քրեակատարողական հիմնարկներում խցերի փոքր տարածքում մի քանի անձի միասին փակելը, պոլիգրաֆի օգտագործումը, կանոնավոր բնույթ կրող նվաստացումները և այլն[9]։

Հիմնական իրավունքների ու ազատությունների կենսագործումը, պետությունից պահանջում է ձեռնարկել օրենսդրական-նորմատիվային և կազմակերպական միջոցներ` սահմանադրական նորմերը ժամանակին, համակողմանի և լիակատար իրականացնելու համար։ Դա հավասարապես վերաբերում է սահմանադրական բոլոր նորմերին։ Հիմնական իրավունքների ու ազատությունների կենսագործման համար անհրաժեշտ են համապատասխան իրավասություն ունեցող մարմիններ՝ օժտված կազմակերպական, իրավական, գործառութային ու համակարգային լիազորություններով։ Վերջիններիս ապահովման սոցիալ-իրավաբանական կառուցակարգի գլխավոր նպատակից բխում են հիմնական իրավունքների ու ազատությունների ոլորտի հետևյալ խնդիրները․

  • իրավական ամրագրում,
  • պահպանում,
  • պաշտպանություն,
  • խախտված իրավունքների վերականգնում,
  • բնակչության իրավական մշակույթի ձևավորում։

Իրավունքների և ազատությունների սահմանափակումը

խմբագրել

Հասարակության զարգացումն անխուսափելիորեն ծնում է իրադրություններ, որոնք պետությունից պահանջում են սահմանափակել մարդու իրավունքները։ Հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումը, Սահմանադրությամբ ամրագրված և սահմանադրված կոնկրետ իրավունքի կամ ազատության բովանդակության նեղացումը, նվազեցումը, բացառումն է պետության կողմից՝ ինչ-ինչ կարևոր շահերից ելնելով։ Խնդիրը սակայն այն է, թե ինչ հիմքերով, ինչ ժամանակով և ինչ շրջանակներում կարելի է և պետք է անել դա։ Այս ոլորտում կամայականությունը և չարաշահումներն անթույլատրելի են[10]։

Մարդու իրավունքներն ու ազատությունները բաժանվում են երկու խմբի՝ կապված սահմանափակվող ու չսահմանափակող լինելու հանգամանքի հետ։ Իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Օրենքը պետք է հստակ սահմանի այդ սահմանափակումների իրավական ձևակերպումը և ապահովի հիմնավորումը։ Սահմանափակման հիմքերն են՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակները։ Սրանք այն դեպքերն են, երբ իրավակարգին սպառնացող վտանգները հնարավոր չէ չեզոքացնել այլ կերպ, քան այդ իրավունքների ու ազատությունների սահմանափակմամբ[11]։

Օրինակ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 76 հոդվածի («Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ»)՝ սահմանափակման հիմքերը երկուսն են՝ ռազմական կամ արտակարգ դրությունը։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է նաև իրավունքների ու ազատությունների սահմանափակման որոշակի ընդհանուր չափանիշներ․

ա) սահմանափակման համաչափության սկզբունքը,

բ) սահմանափակման որոշակիության սկզբունքը,

գ)և սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

Իսկ սահմանափակման որոշակիության սկզբունքին անդրադառնում է 79-րդ հոդվածը, սահմանելով, որ հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ու ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։

ՀՀ Սահմանադրությամբ մարդու անօտարելի արժանապատվությունը մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմքն է, ապա հակասահմանադրական է ցանկացած ոտնձգություն նրա դեմ, հետևաբար նաև խախտում։

Մարդու իրավուքնների միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան (2010թ․). Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Մեկնաբանություններ. Երևան: «Իրավունք».
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականը ՀՀ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ» (PDF). archive.hcav.am. ՀՔԱ Վանաձորի Գրասենյակ. 2001. Վերցված է 2001-ին.
  6. Խրուպանյուկ, Վ․ Ն․ (1997). Պետության և Իրավունքի Տեսություն. Երևան: «ԳՈՇ» հրատարակչություն.
  7. Donnelly, Jack (2013). Universal Human Rights in Theory and Practice. Cornell University Press.
  8. Human Rights and Constitution Making. New York: United Nations Publications. 2018.
  9. Վաղարշյան, Արթուր. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ). Երևան: ԵՊՀ.
  10. Վարդանյան, Մարգարիտա (2016). ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Երևան: ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիա.
  11. Հովհաննիսյան, Գոռ (2009). ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)