Հագվի
Հագվի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Հագվի | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
Մակերես | 11,84 կմ² | |
ԲԾՄ | 1200 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 402[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | հագվեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԱլավերդի քաղաքից 2 կմ արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում։ Հարևանում է Օձուն, Ամոջ, Կաճաճկուտ և Աքորի գյուղերին, արևմուտքից Պրիվոլնոյե, Ուռուտ գյուղերին։ Բնակչությունը կազմում է 402 մարդ[1], մակերեսը 11,84 կմ²[3]։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից միջինում 1200 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է, ձմեռը մեղմ, ամառը՝ զով։
Պատմություն
խմբագրելԳյուղի տարածքում հնագույն բնակավայրեր են եղել, որոնց հետքերը պահպանվել են մինչև օրս։ Գյուղը վերաբնակեցվել է 18-րդ դարում, առաջին վերաբնակիչները եղել են Օձունի, Հաղպատի հողազուրկ մի քանի ընտանիքներ, որոնց միացել է նաև Արցախից և Բերդի տարածաշրջանից գաղթած մեկ երկու ընտանիք։1915 թվականի եղեռնից հետո Հագվիում հիմնվել են ևս մի քանի գաղթականներ, որոնք ամուսնացել են տեղացիների հետ, կազմել ընտանիքներ։ Եկել են Վանից, Մուշից և Ալաշկերտից։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց և 1861 թվականի ռեֆորմից հետո պետականացված հողերն օգտագործելու իրավունք է տրվում հագվեցիներին, ինչի հետևանքով գյուղը մեծանում է։ Այդ հողերը հիմնականում անտառային բացատներ էին, փոքր հողակտորներ։ Հայաստանում խորհրդային կարգեր հստատավելուց հետո Այգեհատ ու Մղարթ գյուղերի կալվածատերերի հողերով փոխհատուցված օձնեցիների հողերից հողաբաժիններ են տրվում նաև Հագվեցիներին Լոռվա սարահարթում։
Գյուղի կենտրոնում կա փոքրիկ եկեղեցի, որ կառուցվել է 12-րդ դարում, հետագայում այն վերականգնվել է, ինչը երևում պատերի շարից։ Ստորին երկու շարը սրբատաշ մեծաքերորվ է, վերինը ավելի փոքր սրբատաշ քարերով։ Չի բացառվում, որ այն կառուցված մեհյանի վրա, քանի որ հողի մեջ երևում են աստիճանանման քարաշարեր։ Գյուղի շրջակայքում բազում գյուղատեղիներ կան, իսկ շինարարարական աշխատանքների ժամանակ մեծաքանակ բրուտագործական առարկաներ են հայտնաբերվել տարբեր վայրերից։ Վերջրս Թազի Բողան վայրում հայտնաբերվել են հսկայական տապանաքարեր։ Գյուղի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ 70-ական թվականներին եկեղեցու հիմքերից մեկուկես մետր ցած հայտնաբերվել են հնագույն դամբարաններ, այսպես կոչված մեծամարդկանց մնացորդներով։ Սակայն ցավոք հնագիտական պեղումներ չեն իրականացվել։ Հնագետ Սուրեն Հոբոսյանն ասում է, որ փոքրիկ հետախուզական աշխատանքներից հետո եզրահանգել է, որ գյուղը և նրա շրջակայքի հնագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Հովհաննես Կարագյոզյանը, «Սեպագիր տեղանուններ (Այրարատում և հարակից նահանգներում)»,աշխատության մեջ խոսելով Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Արդուի, Սեդուի թագավորությունների մասին, նույն շարքում է դասում նաև Հագվին, վստահ պնդելով, որ Հագվին էլ այս շարքի բնակավայրերից է և բնակավայր եղել է նախապատմական այդ շրջանում։ Հագվի անվանումը հավանաբար շատ հին անվանում է և թերևս աղերսներ ունի հնդեվրոպական լեզվի հետ և պիտի որ հետաքրքրություն առաջացնի լեզվի պատմությամբ զբաղվողների համար՝ Հագվի, Սեդվի, Արդվի և այլն։
Գյուղում գործում է իննամյա դպրոց, աշակերտների թիվը մոտ 40։ Գործում է բուժկետ, Հայփոստի բաժանմունք։ Գյուղում ավանդաբար բարձր է եղել կրթական ցենզը և երկար տարիներ Ալավերդի քաղաքի և շրջանի կառավարման համակարգի միջին օղակներում բազմաթիվ հագվեցիներ են աշխատել։ Ծնունդով և արմատներով Հագվեցի են թատերարվեստի երախտավորներ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, հայտնի լրագրող, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, Վարդան Օնանյանը, գրող հրապարակախոս Արծրուն Պեպանյանը և ուրիշներ։
Անվան ստուգաբանություն
խմբագրելՀագվի անվանումը ավանդաբար բացատրվում է մի քանի ձևով։ Լենկ Թեմուրի արշավանքի, ապա վրաց-թուրքականպարբերական պատերազմների, ինչպես նաև Շահ Աբասի, Օմար խանի և Աղա Մահմադ խանի ասպատակություններից հետո ամայացած գյուղատեղում հայտնված Օձունցիներին անվանեցին հակվածներ, այսինքն հակվել են նոր տեղ, որից էլ իբր առաջացել է Հագվի անվանումը։ Մեկ այլ բացատրությամբ կալվածատերերից փախած և Ռուսական կայսրության նոր օրենքով պետական հողում ազատ ապրելու իրավունք ստացածներին անվանել են հակվածներ, այսինքն ճորտական կախվածությունից ազատվաբներ։ Հակվել բառը մեկ այլ բացատրություն էլ ունի։ Ըստ գյուղի մեծերի Օձունից այստեղ փայտ տեղափոխողների (նախկինում գյուղի տեղում խիտ անտառ է եղել), կամ ձմեռանոցից մթերք բարձած Օձուն գնացողների ձիու բեռը թեք տեղանքի պատճառով հակվել է, թեքվել, ինչի պատճառով ստիպված կանգնել են մի քանի անգամ ամրացրել բեռը, դրա համար էլ ըստ գյուղի մեծերի տեղանքն անվանել են հակվի տեղ, որը հետագայում դարձել է Հագվի։ Դրա օգտին խոսում է այն, որ Հագվու հարևան Աքորի գյուղի տարեցները մինչև վերջերս թեք տեղերին անվանում էին «հակվա տեղ», այսինքն թեք տեղ։
Մյուս բացատրությունը այն է, որ Իջևանի որոշ գյուղերի նախահեղափոխական բարբառներում ագի-պոչ բառը արտասանվում է հագվի ձևով, ցավոք հիմա այդ բառը գրեթե դուրս է եկել գործածությունից, սակայն այդ բառը օգտագործված է անգամ գրականության մեջ՝ Հայաստան հրատարակչության տպագրած «Մոռացված աշխարհ» գրքում։
Առաջին վերաբնակիչների մասին տարբեր տվյալներ կան։ Ռուբեն Կիրակոսյանի գրառումներով Օձունի քյոխվան Օձուն է հրավիրում Բորչալուի գավառապետին և այդ առթիվ Իսո անունով գյուղի ամենահայտնի որսորդ ու ձկնորս մի երիտասարդի հանձնարարում է Դեբեդի ափին կերուխում կազմակերպել հյուրի համար։ Վերջինս կատարում է քյոխվայի հանձնարարությունը։ Եղնիկի, արջի ոսրամսով, Դեբեդի լոքոյով ու կարմրախայտով հագեցած ու գինովցած գավառապետը Իսոյին հարցնում է թե խնդրանք չունի՞: Իսոն պատմում է, որ շատ եղբայրներ ու քույրեր ունի, և խնդրոմ է թույլատրել վերաբանակվել պետական հողատարածքում, Հագվում։ Անցնում են ամիսներ, Իսոն մոռանում է այս ամենը, սակայն մի օր քյոխվան կանչում ու Իսոյին է հանձնում Կովկասի փոխարքայի որոշումը Հագվում բնակություն հաստատելու վերաբերյալ։ Հետագայում այստեղ են եկել վերաբնակիչներ Հաղպատից՝ Վարոսյանները, այնուհետև Դանիելյանները՝ Ղարաբաղից, հետո Միքայելյանները Օձունից և երբ արդեն բնակավայր է եղել, Օձունի դարբին Մայիլյաններից մեկը մշտապես եկել է գյուղում դարբնի ինչ որ գործեր անելու, նրանց երիտասարդ որդիներից մեկը այս կերպ մշտապես հաստատվել է գյուղում։ Այս մասին էլ պատմում էր ասացող, հեքիաթների, երգերի ու երաժշտությունների, հին հին պատմությունների լավ գիտակ Նիկալ Դանիելյանը։ Հագվիում 18-րդ դարի սկզբին հաստատվել են ընտանիքներ նաև Ղազախից։ Պապինյանները հավանաբար հենց այնտեղից են եկել։Գուցե նրանք, կամ այդ տարածքից եկած այլ վերաբնակիչներն էլ նկատի ունենալով քարափի գլխին տեղանքի ձգված ու երկար լինելը, կամ գուցե որպես Օձունի մի մասը նկատի ունենալով անվանել են Հագվի, այսինքն պոչ, ագի, կամ Օձունի պոչ։ Լոռեցու անգամ այսօրվա պատկերային մտածողությամբ շատ հավանական է թվում նաև այս տարբերակը։ Հագվին այժմ Օձուն խոշորացված համայնքի կազմում է։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հագվիի մշտական բնակչությունը կազմել է 402, առկա բնակչությունը՝ 387 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 225 | 298 | 509 | 669 | 533 | 612 | 516 | 543 | 402[1] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Հագվի Համայնքի մասին». Լոռու մարզի պաշտոնական կայք. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 115» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հագվի համայնքի մասին, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում
- Հագվի գյուղը Հայաստանի համայնքների միության կայքում Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Հովհաննես Կարագյոզյան, «Սեպագիր տեղանուններ (Այրարատում և հարակից նահանգներում)»
- Հասմիկ Ամիրջանյան, Հողատիրության կարգը Լոռիում, (XIX դ. երկրորդ կես),