Հալ Սաֆլիենի (մալթ.՝ Ħal Saflieni Hypogeum), մեգալիթ ստորերկրյա սրբատեղի Մալթայում՝ Պաոլա քաղաքում։ Զբոսաշրջային ուղեցույցներում դժվար արտասանվող մալթական անվան փոխարեն սովորաբար նշվում է Հայպոջիում (անգլ.՝ Hypogeum) անգլերեն տարբերակը։ Սրբատեղին 34 շինությունից է բաղկացած, որոնք փորված են կրաքարե հարթակում։ 1980 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Մեգալիթ
Հալ Սաֆլիենի
մալթ.՝ Ħal Saflieni Hypogeum
ԵրկիրՄալթա
Հիմնադրման թվականմ․ թ․ ա․ 4,000 թվական
🌐heritagemalta.org/hal-saflieni-hypogeum/
Քարտեզ
Քարտեզ

Հալ Սաֆլիենիի շինության կառուցման սկիզբը թվագրվում է մ․ թ․ ա․ մոտ 4,000 թվականին կամ մի փոքր ավելի վաղ շրջանին, քանի որ այդտեղ հայտնաբերվել է Գհար Դալամի շրջանի կերամիկա[1]։

Ուսումնասիրման պատմություն

խմբագրել

Հիպոգեյը աշխարհի հնագույն ստորգետնյա սրբատեղին է, որը պատահաբար բացահայտվել է 1902 թվականին, երբ այդ տարածքով կոյուղագիծ էր անցկացվում։ Սկզբնական շրջանում բացահայտումը արձագանք չի ստացել (հիպոգեյը բացահայտած շինարարները, չնայած հասկացել են, որ գործ ունեն հնագույն շինության հետ, արհեստական քարանձավն օգտագործել են իբրև շինարարական աղբի կուտակման տեղ)[2], սակայն դրանով սկսել է հետաքրքրվել ճիզվիտ միաբան Էմանուելը, որն էլ առաջինը սկսել է պեղումներ կատարել։ Կոնաձև կամ ձվանման կառույցի ներսում հայտնաբերվել են մարդկանց և զոհաբերված կենդանիների ոսկորների մնացորդներ։ Պատերին բացվել են երկրաչափական նախշեր, ինչպես նաև ծիսական նպատակներով օգտագործված օքրա[3]։

Հայր Էմանուելի մահից հետո 1907 թվականին մալթական մեգալիթների հետազոտությունները ղեկավարել է մալթացի հնագետ Թեմի Զամիթը։ Նա ենթադրել է, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է պատգամախոս, որը դեպի իրեն է գրավել ուխտագնացների ամբողջ միջերկրածովյան շրջանից[4]։

Ամերիկացի հնագետ Մարիա Գիմբուտասը ավելի ուշ Հալ Սաֆլիենին կապել է Հին Եվրոպայում մայրիշխանության իր ուսմունքի հետ։ Որպես ապացույց, որ Հալ Սաֆլիենիում ծաղկում է ապրել կնոջ բեղմնավորման պաշտամունքը, նա մատնանշում է սրբատեղիի սրահների՝ արգանդի տեսքը, իսկ հիպոգեյի ներսում հայտնաբերվել է քնած պարարտ կնոջ նեոլիթ արձանը, որը շարունակում է պալեոլիթի վեներաների ավանդույթները[5]։

Նշանակություն

խմբագրել

Չնայած Մալթայի մեգալիթ տաճարների հետ ունեցած ընդհանրություններին՝ ենթադրվում է, որ հիպոգեյը դարեր շարունակ դամբարանի գործառույթ է ունեցել։ Մալթայի հին բնակիչները կրաքարի շերտում փորել են նոր գավիթներ ու այրեր, որոնցում թաղել են իրենց հարազատներին։ Այսպիսով, ստորգետնյա համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 480 մ², և հնագույն ժամանակներում այստեղ կարող էր թաղվել 6-7 հազար մարդ[2]։

Շինություններ

խմբագրել

Հետաքրքիր շինություններից է այսպես կոչված «պատգամախոսի սրահը», որտեղ տղամարդկային ցածր ձայնի հնչյունները, հիպոգեյի ամբողջ տարածքով արձագանքվելով տարածվում են, մինչդեռ մյուս բոլոր ձայները մնում են ոչ լսելի հարևան սրահներում։ Առանձնանում է նաև ամենստորին սենյակը, դեպի որը տանող աստիճանները բացվում են հատակից մի քանի մետր բարձրության վրա։

Ժամանակակից դրություն

խմբագրել

1992-1996 թվականներին հիպոգեյը վերանորոգվել է և փակվել այցելությունների համար։ Ներկայումս այնտեղ թույլատրվում է 80-ից ոչ ավել մարդ օրվա ընթացքում, որի պատճառով էլ անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։

Վերակառուցումից հետո հիպոգեյին ավելացվել է ժամանակակից հաստատություն՝ տեսասրահով, սրճարանով, մետաղական աստիճաններով, միջնորմներով ու լուսավորության համակարգով։ Ներկայումս սրահների մեծ մասը փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հիպոոգեյում անհասկանալի պատճառներով խիստ արգելված է առանց լուսարձակման լուսանկարումը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pace, A. Hal Saflieni Hypogeum. Malta, 2004. p. 23
  2. 2,0 2,1 Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
  3. Christopher Y. Tilley, Wayne Bennett. The Materiality of Stone: Explorations in Landscape Phenomenology. ISBN 1-85973-897-4. Pages 141—143.
  4. Paul Rainbird. The Archaeology of Islands. Cambridge University Press, 2007. ISBN 0-52-185374-5. Pages 73-74.
  5. Marija Gimbutas. The Living Goddesses. University of California Press, 2001. Pages 61-63.

Գրականություն

խմբագրել
  • Pace, Anthony. The Hal Saflieni Hypogeum. Paola. — Malta,: Heritage Books, 2004.
  • Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալ Սաֆլիենի» հոդվածին։