Հակոբ Ալթունյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Ալթունյան (հունվար 1892, Սեբաստիա - 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։

Հակոբ Ալթունյան
Ծնվել էհունվար 1892
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1973
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դավանանքկաթոլիկություն
ԿրթությունՍե­բաս­տի­ա­յի թուր­քա­կան գիմ­նա­զի­ա­
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Ստեփանի Ալթունյան, ծնվել է 1892 թվականին հունվարին, Սեբաստիա նահանգի նույնանուն գավառի (նաև՝ նույն նահանգի) կենտրոն Սեբաստիա քաղաքում՝ ատամնաբույժի ընտանիքում։ 1902 թվականին հայրը մահացել է և մնացել է ավագ եղբոր՝ 1915 թվականին թուրքերի ձեռքով սպանված ատամնաբույժ Միհրանի խնամքին։

Կրթություն

խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի թուրքական գիմնազիայում։ Եղբոր աջակցությամբ գնացել է Սեբաստիա և սովորել երկրորդական վարժարանում։ 1907-08 թթ. սովորել է ֆրանսիական վարժարանում։ 1908-11 թթ. ատամնաբույժ եղբոր մոտ օգնական է աշխատել։ 1911-14 թթ. սովորել է Կ. Պոլսի բարձրագույն ատամնաուժական վարժարանում։ 1914 թվականին վերադարձել է հայրենի քաղաք։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և ուղարկվել սովորելու զինվորական 6-ամսյա դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է պահեստի բժիշկ-սպայի կոչում։

Ձերբակալություն

խմբագրել

1915 թվականին հունիսի 4-ին Սեբաստիայի շուրջ 80 000 հայերին, հարցաքննության պատրվակով հավաքել են մի տեղ ու ձերբակալել։ Այդ ժամանակ քաղաքի շուկայում գտնված Հովհաննեսը խուսափել է ձերբակալությունից և եկել տուն, որտեղ տեղեկանալով ավագ եղբոր՝ Միհրանի ձերբակալության մասին, ինքը ևս գնացել է ոստիկանություն։ Ձերբակալված հայերին հայտնել են, թե նրանց աքսորում են այլ բնակավայր, իսկ քաղաքում թողնում են միայն մասնագետներին, բացի դաշնակցականներից։ Ընդամենը 10 մասնագետների ցուցակում եղել է նաև Հովհաննես Ալթունյանի անունը։ Նրանց առաջարկվել է իսլամությունն ընդունել, սակայն բոլորը հրաժարվել են, պատճառաբանելով, որ դրան դեմ կլինեն հարազատները։ Հետագայում, երբ Սեբաստիայում մնացած հայերը իմացել են 80 000 աքսորված ու սպանված հայրենակիցների ողբերգական ճակատագրի մասին, ինչպես նաև տեղի տալով թուրք ոստիկանների հաճախակի ու բիրտ ճնշումներին, ստիպված համաձայնել են իսլամությունն ընդունել։ Հովհաննեսը ևս, ստիպողաբար, իր կամքին հակառակ մուսուլման է դառնում և թողնվում Սեբաստիայում ատամնաբույժ աշխատելու։

Ծառայությունը և գործունեությունը

խմբագրել

1916 թվականին, երբ իր տարիքի զինապարտների զորահավաք է հայտարարվել, դիմել է քաղաքի ոստիկանապետին, որը պատասխանել է, թե այդ հարցով կխորհրդակցի զինվորական շտաբիպետի հետ։ Նրան պատասխանել են, որ չնայած հայերն իրավունք չունեն ծառայելու օսմանյան բանակում, սակայն, բացառության կարգով, նրան կվերցնեն ծառայության որպես շարքային զինվոր։ Ոստիկանապետն այնուհետև խոստացել է, թե կմիջնորդի, որ նրան թողնեն քաղաքում ծառայելու որպես քաղաքի և զորանոցի ատամնաբույժ։ Այդպես էլ նա ծառայել է 1916-18 թթ.։ 1918-24 թթ. Սեբաստիայի քաղաքային ատամնաբույժ է աշխատել։ 1924 թվականին. Խորհրդային Հայաստան ներգաղթելու նպատակով տեղափոխվել է Կ. Պոլիս։ 1925 թվականին կրտսեր եղբոր հետ միացել է Խորհրդային Հայաստան ներգաղթողների քարավանին։ 1928 թվականին, Երևանում, մասնագիտության բերումով ծանոթ և մտերիմ է եղել Խորհրդային Հայաստանում Թուրքիայի հյուպատոս և առևտրական Մեհմեդ բեյ Ինջիևի հետ։ 1931 թվականին տնտեսական բնույթի դատական քաշքշուկի մեջ է եղել օրիգինալ ժանրի նկարիչ Քաջունու և հիշյալ հյուպատոսի հետ։ 1933 թվականին դրությամբ Երևանում մասնավոր պրակտիկայի ատամնաբույժ-ատամնատեխնիկ է աշխատել։

Կալանք

խմբագրել

1933 թվականին մարտի 15/16-ին ձերբակալվել է և նախնական կալանքի վերցվել։ Մեղադրվել է ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 16-րդ և 63-րդ հոդվածներով՝ թուրքական հետախուզության կողմից հավաքագրված լինելու համար, քանի որ Երևանում գտնվող թուրքական հյուպատոսարանի միջնորդությամբ 1928-29 թթ. ընթացքում, մեկ ամսվա ընթացքում՝ 15-16 անգամ նրա մոտ բուժման է եկել Մեհմեդ բեյ Ինջիևը, որը Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ) մարմիններին հայտնի է եղել որպես թուրքական լրտես։ Նախնական կալանքի մեջ եղած ժամանակ քննությամբ պարզվել է, որ նրանց հանդիպումները կրել են զուտ բժշկական բնույթ և լրտեսական ու հակապետական երանգ չեն ունեցել։ 1933 թվականին մայիսի 20-ին հարցաքննվել է և կազմվել արձանագրություն։ 1933 թ. մայիսի 30-ին ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և պահվել «Էրիսպ­րավ­դոմ»-ում (Էրիվանի ուղղիչ տանը, իմա՝ Երևանի բանտում)։ 1933 թվականին հուլիսի 9/28-ին, բավարարվելով 4-ամսյա նախնական կալանքով, Հովհաննես Ալթունյանին ազատ են արձակել։ 1934 թվականին հունիսի 25-ին ձերբակալվել է ատամնաբուժական նպատակներով ապօրինաբար ոսկի գնելու մեղադրանքով, որը նա ժխտել է։ Բնակարանի խուզարկությամբ ոսկի չի հայտնաբերվել և նա ազատ է արձակվել։

Գործունեություն

խմբագրել

1937 թվականին Մոսկվայում կատարելագործվել է ատամնաբուժության գծով։ 1937-41 թթ. պետական ատամնաբուժական ամբուլատորիայում է աշխատել։ 1939 թվականին կինը մահացել է և 5 երեխաների խնամքը մնացել է հորաքրոջ վրա։ 1941 թվականին. Հայրենական մեծ պատերազմին չի զորակոչվել 4 անչափահաս երեխաների միայնակ հայր լինելու պատճառով։ 1941-ից սկսել է տանն աշխատել և քրոջն օգնել՝ երեխաներին խնամելու և տնտեսության հարցերով։ Մտերիմ է եղել ժամանակի երևելի անձանց հետ. լեզվաբան Հրաչյա Աճառյան, ֆիզիկոս Հովհաննես Նավակատիկյան, ժողկոմ Պետիկ Թորոսյան, նկարիչ Տարագրոս Տեր-Վարդանյան և այլն։ Եղել է կերպարվեստի սիրահար և հավաքորդ։

Մահացել է 1973 թվականին, Երևանում, 81 տարեկանում։ Ավագ որդին՝ Միհրանն ունի միջնակարգ նկարչական և բարձրագույն բժշկական կրթություն, և շուրջ 45 տարի պլաստիկ անատոմիա է դասավանդում Երևանի գեղարվեստի ինստիտուտում։ Լուսինե Խաչատրյանի և Արփինե Բաբլումյանի կազմած «Ցու­ցակ հա­յոց ցեղասպա­նու­թյան զո­հե­րի (1915-1923 թթ.), գիրք 1, Սե­բաս­տի­ա­յի նա­հանգ»-ում (Երևան, 2004) թյուրիմացաբար հիշատակված է, թե զոհվել է Սեբաստիայում։

Աղբյուրներ

խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Հ. Ալթունյանի ձեռքով գրված ինքնակենսագրություն, 1933։
  • Հիշենք անունառանուն, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն», Երևան, 24-11-1993, թ. 233։
  • Մանուկյան Արմենակ, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. 1920 1953 թթ., Երևան, 1999։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 1988։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
  • ՀՀ Ազգային անվտանգության ծառայության արխիվ, գործ 9584, նայված 1404-2005-ին։
  • Որդու՝ բժիշկ-արվեստաբան Միհրան Ալթունյանի հայտնած կենսագրականը, 15-04-2005-ին։
  • Մինասյան Հ., Սեբաստիայի ողբերգության և մի փոքրիկ լուսավոր կետի մասին, , , Երևան 7 օր’’, 2729, ապրիլ, 2005 * Մինասյան Հ., Նորահայտ փաստաթուղթ Սեբաստիայի կոտորածի մասին, , , Ազգ’’, 26-05-2007