Հակոբ Բ Նալյան
Հակոբ Բ Նալյան 1702[1], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 19, 1764, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), XVIII դարի հայ մատենագիր, մանկավարժ, մեկնիչ, եկեղեցական գործիչ։ 1741–48, 1762–64 թթ. գլխավորել է Պոլսո Հայոց պատրիարքարանը։ Նալյանի ապրած ժամանակահատվածում պոլսահայության մեջ բազմաթիվ վեճեր էին տեղի ունենում հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև, որոնք առիթ ու պատճառ էին դառնում կաթոլիկ հայերին հալածելու համար։ Հայտնի է եղել նաև «Զիմարացի», «Ակնեցի» անուններով։
Հակոբ Բ Նալյան | |
---|---|
Ծնվել է | 1702[1] |
Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 19, 1764 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | մատենագիր, ուսուցիչ և քահանա |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Նալյանը ծնվել է Ակնա, հետագայում Զիմարրա գյուղաքաղաքում, որը գտնվում է Տիվրիկից դեպի հյուսիս արևելք ընկած Եփրատ գետի աջ ափին։ Ծննդավայրի հին անվան հետ է կապված այն փաստը, որ Նալյանը աղբյուրների մեջ հիշատակվում է նաև որպես «Ակնեցի»[2]։ Ծննդյան թվականի մասին կան երկու տարբերակներ։ Համաձայն Սարգիս դպիր Սարրաֆ-Հովհաննիսյանի[3]՝ Նալյանը ծնվել է 1701 թվականին, իսկ Մաշտոցյան Մատենադարանի թիվ 4575 ձեռագրի /թ.12 բ./՝ 1706 թվականին։ Նալյանի հայրն է եղել Պողոս Նալօղլին, իսկ մայրը՝ Թամամը։ Նալյանը մինչև 14 տարեկանը մնացել է իր ծննդյավայրում, իսկ այնուհետև եկել Պոլիս և իր ուշիմության պատճառով ընդունվել Կոլոտ պատրիարքի կողմից հիմնած Սկյուտարի դպրատունը։
Ձեռնադրություն և հոգևորական կյանք
խմբագրելՆալյանի աբեղա ձեռնադրության թվականը հայտնի չէ, իսկ վարդապետության թվականը հայտնի է շնորհիվ կենսագիր Աբրահամ Այվազյանի[4]՝, 1728 թվական։ Նալյանն իբրև եպիսկոպոս առաջին անգամ հիշատակվում է 1730 թվականին։ Չորս տարի անց, Կոլոտ պատրիարքի կողմից Նալյանն ուղևորվում է Երուսաղեմ, որպեսզի օգնի Շղթայակակիր պատրիարքին, ով դժվարությամբ էր կարողանում հաղթահարել Երուսաղեմի Հաննա արքեպիսկոպոսի մահվան վիշտը։ Այս կապակցությամբ Նալյանին շնորհիվում է վարդապետության ծայրագույն աստիճանը՝ «Աստվածաբան» կոչումը[5]։
Աշակերտել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն։ 1741-1749, 1752-1764 թվականներին՝ Պոլսի հայոց պատրիարք, 1749-1752 թվականներին՝ Երուսաղեմի հայոց պատրիարք։ Պայքարելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը։ Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ։ Աշխատություններն ունեն աստվածաբանական-դավանաբանական բնույթ[6]։ Առանձնակի արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական-աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը։ Հակոբ Նալյան Զմարացու առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1762)։
Պոլսո Պատրիարք
խմբագրել1741 թվականին, երբ մահանում է Հովհաննես Կոլոտ պատրիարքը, համաձայն վերջինիս կտակի, Նալյանը գլխավորում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Դառնալով պատրիարք՝ Նալյանը գահակալում է մինչև 1749 թվականը։ Գահակալման ընդհատման պատճառ է դառնում 1749 թվականի մարտի 26-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Երուսաղեմի միաբան Պրոխորոն վրդ. Սիլիստրեցին կամ Ռուսճուքցին մի քանի հայ իշխանների համաձայնությամբ, ինչպես նաև արքունի սպասավորների հովանավորությամբ մայր եկեղեցի է գալիս, որպես պատրիարք և բռնությամբ պարտադրում հեռանալ Նալյանին։ Երկրորդ անգամ Կ. Պոլսի պատրիարք Նալյանն ընտրվել է 1762 թվականին ու գահակալել միայն երկու տարի՝ 1764 թվականը։ Երկրորդ պատրիարքության կարճ ժամանակահատվածը պատճառաբանվում է Նալյանի հիվանդությամբ։ 1764 թվականին գումարված եկեղեցական ժողովում, Հակոբ Նալյանն ինքնակամ հրաժարվում է պատրիարքության աթոռից։ Նալյանը մահանում է 1764 թվականի հուլիսի 19-ին և թաղվում Պոլսո Պերա (Բերա) թաղամասի գերեզմանատանը, Հակոբ Դ Ջուղայեցու գերեզմանի հարևանությամբ։
Երկեր
խմբագրել- Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ, ԿՊ, 1733։
- Գրքուկս կոչեցեալ հոգեշահ, ԿՊ, 1746։
- Գրքուկս կոչեցեալ ճրագ ճշմարտութեան. ԿՊ. 1756:
- Գիրք կոչեցեալ Գանձարան Ծանուցմանց, ԿՊ, 1758։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 69.
- ↑ Հ. Մրմըրեան - Ստուերք հին դէմքերու (1635-1900), Կ. Պոլիս, 1907, էջ 23
- ↑ Գ. Բամբուճեան, Հակոբ Պատիարք Նալյան, Առաջաբան գրված Շնորհք արքպսկ. Գալուստեանի կողմից, Ստամպուլ, 1981
- ↑ Ա. Այվազյան, Նալեան պատրիարքէ կյանքէն,- «Արևելյան մամուլ», Իզմիր, 1894 թվական, թիվ 15
- ↑ Գ. Բամբուճեան, Հակոբ Պատիարք Նալյան, Առաջաբան գրված Շնորհք արքպսկ. Գալուստեանի կողմից, Ստամպուլ, 1981, էջ 19
- ↑ Հակոբ, Քյոսեյան, (2005 թ․ մարտի 31). «Հակոբ Նալյան Պատրիարքը՝ գրոց գյուտի և թարգմանչաց մասին». echmiadzin.asj-oa.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 69)։ |