Հայաստանի գենետիկական պաշարներ

Գենետիկական պաշար - ժառանգվող գենետիկական տեղեկույթի ամբողջությունը՝ ամփոփված կենդանի օրգանիզմների գենետիկական կոդում։ Օրգանիզմների տեսակային բազմազանության նվազումը հանգեցնում է էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և սպառնում է կյանքի պայմանների այնպիսի փոփոխման, որը կարող է ոչ միայն անբարենպաստ ազդել մարդու վրա, այլև նրան զրկել կյանքից։ Երկրում, տվյալ դեպքում Հայաստանում, գենետիկական պաշարների ծավալը պայմանավորված է բուսական և կենդանական աշխարհների բնաշխարհիկների, ընտրասերման ճանապարհով ստացված նոր տեսակների բազմազանությամբ։ Գենետիկական պաշարների մատչելիությունը կապված է դրանց պահպանության, ճիշտ օգտագործման և սննդի անվտանգության ապահովման հետ։ Բուսական և կենդանական գենետիկական պաշարների բազմազանությանը սպառնացող վտանգի և կենսատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ բարձրանում է գենետիկական պլազմայի դերն ու արժեքը՝ որպես ընտրասերման հումք։ Այս տեսանկյունից արժեքավոր են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, որոնք չորադիմացկունության, հիվանդությունների ու միջատների դեմ դիմակայության գենի կրողներն են և մեծ նշանակություն ունեն հարմարվողական ընտրասերման համար։

1993 թվականից Հայաստանը անդամակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագրին, ըստ որի՝ իրավունք է վերապահվում կառավարելու սեփական գենետիկական պաշարներն ու ստանձնելու դրանց մատչելիության ապահովման և օգտագործումից ստացված շահույթի բաշխման հարցերի լուծման պարտավորություններ։

Գենետիկական պաշարների մատչելիության գործում կարևոր է in-situ (բնական միջավայր, բնության հատուկ պահպանվող տարածքներ) և ex-situ (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս՝ բուսաբանական, կենդանաբանական այգիներ, կանաչ տնկարկներ, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության գիտական կենտրոններ, բուհերի համապատասխան ամբիոններ) պայմաններում դրանց վերաբերյալ տեղեկատվական հենքի ստեղծումը։

Գենետիկական պաշարների բնաշխարհիկ, հազվագյուտ, անհետացող տեսակների մասին տեղեկույթն ընդգրկված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության մեջ, որը ներառում է ազգային պարկերի, արգելավայրերի, արգելոցների տարածքում աճող բուսա- և կենդանատեսակների, դրանց կարգավիճակի ու պահպանման անհրաժեշտ միջոցառումների մասին տվյալներ։

Կենդանիների գենետիկական պաշարներին վերաբերող տեղեկատվության աղբյուր են Կենդանաբանության ինստիտուտի, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ԵՊՀ, ՀՊԱՀ և Հայաստանի բնության պետական թանգարանի հավաքածուները։ Ամենախոշոր հավաքածուն գտնվում է Երևանի կենդանաբանական այգում։

Բույսերի հիմնական սերմային հավաքածուները գտնվում են Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում, Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում, ՀՊԱՀ-ում։ Բազմաթիվ բուսատեսակներ պահպանվում են բուսաբանական այգում։

Ex-situ հավաքածուները համալրվում են այն մշակաբույսերով և դրանց վայրի ազգակիցներով, որոնք կիրառվում են ընտրասերման համար։ Մասնավոր հավաքածուները (հատկապես հատապտուղների և խաղողի տնկարանները) նույնպես համարվում են գենետիկական պաշարներ։ Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում պահպանվում են շուրջ 14 հզ. բակտերիաների, սնկերի, շաքարա- և ճառագայթասնկերի գիտաարտադրական կարևոր մանրէային շտամներ։ ՀՊԱՀկաթի, մսի ու կաթնամթերքների հիգիենայի, սանիտարիայի և փորձաքննության լաբորատորիայում պահպանվում է կաթնաթթվային բակտերիաների ոչ մեծ հավաքածու, որի նմուշներն օգտագործվում են բակտերիային կաթնամերանների պատրաստման համար։

Հայաստանում օգտակար բույսերի գենետիկական պաշարները, որոնք իրացվում են ներքին շուկայում, հավաքվում են անհատական կարգով՝ առանց հատուկ հաշվառման և վերահսկողության։ Բուսական պաշարներ հավաքող և վաճառող կազմակերպությունների գործունեությունը վերահսկում է բնապահպանության նախարարությունը։

Կենդանիների և բույսերի գենետիկական պաշարների կենդանի և անկենդան հավաքածուներ ավանդաբար, գիտակրթական նպատակով՝ ըստ պահանջարկի, փոխանակման կարգով կամ անհատույց տրվում են այլ երկրների։ Բուսաբանության ինստիտուտի սերմերի հավաքածուն անցյալում ունեցել է փոխանակման յուրահատուկ ֆոնդ, որի կազմի մասին նախապես տեղեկացվել է շահագրգիռ հայրենական և արտերկրյա կազմակերպություններին։ Այժմ գործող փոխանակային ֆոնդ ունի նույն ինստիտուտի հերբարիումը։ Գենետիկական պաշարների արտահանման թույլտվությունը տալիս է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։