Հայաստանի ժողովրդական արտիստ

կոչում

Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները

խմբագրել

2002-2014 թթ.

խմբագրել

2002-2014 թթ. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին՝ ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը

խմբագրել

2002-2014 թթ.

խմբագրել

2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող էր շնորհել Հայաստանի Նախագահը։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի վարչապետը, Հայաստանի պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան

խմբագրել

2002-2014 թթ.

խմբագրել

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր, կրծքանշան։

2002-2014 թթ. հանձնվող «ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։ Ութանկյան տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Հայաստանի ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Ութանկյան տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ[3]։

Պատվո վճարը

խմբագրել

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճարի չափը սահմանվել է 40000 դրամ։ Պատվովճարը սահմանվում է ցմահ, եթե անձը «ժողովրդական» պատվավոր կոչումից չի հրաժարվել կամ չի զրկվել դատական կարգով[4]։

Կոչման շնորհման վիճակագրությունը

խմբագրել

Հայաստանի Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 25 անձի։

Կոչում ստացած 25 անձանցից 21-ը տղամարդ են, 4-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 1,
  • 2009 թ. - 0,
  • 2010 թ. - 3,
  • 2011 թ. - 8,
  • 2012 թ. - 2,
  • 2013 թ. - 4,
  • 2014 թ. - 2,
  • 2015 թ. - 5։

Ըստ գործունեության ոլորտի պատկերը հետևյալն է.

  • կինեմատոգրաֆիստներ - 2,
  • պարարվեստի գործիչներ - 3,
  • թատերական գործիչներ - 9,
  • երգահաններ և երաժիշտներ - 9,
  • երգիչ-երգչուհիներ - 2։

Հայաստանի ժողովրդական արտիստներ

խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստների ցանկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  2. ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
  4. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1841-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.