Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետություն
Հայ առաքելական եկեղեցու նվիրապետություն, հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաների զանազան աստիճանների դասակարգում։ Եկեղեցու նվիրապետությունը հաստատվել է Քրիստոսից, երբ նա ընտրեց իր համար 12 հոգի` իբրև հետնորդներ։
Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության հոգևոր աստիճանակարգը հետևյալ բաժանումներն ունի` դռնապան, ընթերցող, երդմնեցուցիչ, ջահընկալ, կիսասարկավագ, սարկավագ, քահանա, եպիսկոպոս, կաթողիկոս, որոնցից առաջին չորսը դպիրների աստիճաններ են[1]։
Կաթողիկոս
խմբագրելԵկեղեցու նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում` կաթողիկոսը։ Գրիգոր Ա Լուսավորիչ հայրապետը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301թ.) հետո 303 թվականին, Վաղարշապատում կառուցել է կաթողիկոսանիստ Սբ. Էջմիածնի մայր տաճարը և ինքն էլ դարձել Հայոց առաջին հայրապետ։ Այսօր էլ նախքան կաթողիկոսի օծումը, նորընտիր հայրապետը Սբ. Էջմիածնի տաճարում երդվում է անձնվիրաբար կատարել աստվածադիր օրենքները և առաջնորդել հայոց ազգը մեր եկեղեցու դավանության և հայրապետական կանոնների համաձայն։ Հետևել սբ. Թադեոս, սբ. Բարդուղիմեոս առաքյալներին և սբ. Գիրգոր Լուսավորչին, զգուշությամբ պահպանելով Մայր Աթոռի իրավունքները։ Կաթողիկոսի օծումը տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից։ Կաթողիկոսը Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի հոգևոր առաջնորդը։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից։ Ամենայն հայոց հայրապետի նստավայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Նա ազգային-եկեղեցական Գերագույն հոգևոր Խորհրդի և եպիսկոպոսական ժողովի նախագահն է։ Կաթողիկոսը ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովի կողմից և օծվում 12 եպիսկոպոսների կողմից ցմահ։ Կաթողիկոսին ողջունում են` ասելով. «Աստված օգնական, վեհափառ տեր»։
Եպիսկոպոս
խմբագրելԵպիսկոպոս բառը հունարեն է նշանակում է տեսուչ։ Նրանց է վերապահված հոգալ թեմի ժողովրդի կրոնական դաստիարակության մասին, առաջնորդել հոգևոր թեմերը, հոգևորականներին ձեռնադրել և օծել եկեղեցիները։ Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից։ Որպես իրենց իրավահաջորդներ այսօր ձեռադրվում է Սբ. Էջմիածնի մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին։ Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազան հայր»։
Արքեպիսկոպոս և պատրիարք
խմբագրելԱրքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներն են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն։ Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն` այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ։ Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով։
Պատրիարք հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ։ Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի հայոց նվիրապետական աթոռները գլխավորող արքեպիսկոպոսները[1]։
Քահանա
խմբագրելՔահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության հիմնական կարգն է։ Հայ, ինչպես նաև Ուղղափառ եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։
Քահանա` ամուսնացյալ, ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է ավագ քահանայության կոչում։ Քահանան եկեղեցու խորհուրդները, աստվածային արարողությունները կատարող հովիվն է։ Քահանայությունն ունի յոթ աստիճան, որը հաստատվում է ձեռնադրությամբ և օծումով։ Քահանային ողջունում են, ասելով.«Օրհնյա՛, տեր հայր»։
Աբեղա
խմբագրելԱբեղա (կուսակրոն քահանա)։ Մեր Եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։ Կուսակրոնները կոչվում են նաև աբեղա։ Աբեղաները կրում են վեղար՝ որպես աշխարհուրացության նշան և պարտավոր են ապրել վանքերում։ Աբեղան շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան` վարդապետի, ապա ծայրագույն վարդապետի կոչում։ Աբեղային ողջունում են, ասելով.«Աստված օգնական, հա՛յր սուրբ»։
Վարդապետ, ծայրագույն վարդապետ
խմբագրել1. Մասնավոր վարդապետ 2. Ծայրագույն կամ ավագ վարդապետ
Այս աստիճանը Եկեղեցում առանձին կարգ չէ, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստիճան։
Վարդապետ նշանակում է ուսուցիչ։ Վարդապետության աստիճան տրվում է ոչ թե ձեռնադրությամբ, այլ տվչությամբ՝ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կողմից։ Վարդապետը կարող է գավազանը ձեռքին քարոզել եկեղեցու բեմից։ Վարդապետական աստիճան ստանալու համար աբեղան ներկայացնում է վարդապետական թեզ, որը Եկեղեցու գիտական աստիճանն է։ Վարդապետը եկեղեցում Ավետարանի քարոզիչն է, ուսուցանողը, քրիստոսավանդ հավատքը պաշտպանողը, ուսումնասիրություններ պատրաստողը և այլն։ Վարդապետին ողջունում են, ասելով. «Աստված օգնական, հա՛յր սուրբ»։
Վարդապետության բարձրագույն աստիճանը կոչվում է ծայրագույն վարդապետություն։ Այս աստիճանը տրվում է առավել արժանավոր վարդապետներին։ Ծայրագույն վարդապետի աստիճան ստանալու համար վարդապետը ներկայացնում է ծայրագույն վարդապետության թեզ։ Ծայրագույն վարդապետությունը համապատասխանում է գիտությունների դոկտորի աստիճանին։
Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորները
խմբագրելԴպիրը` կրտսեր աստիճանավորներին տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրի գլխավոր պաշտոնն է եկեղեցում մարգարեների և առաքյալների թղթեր կարդալ։ Սարկավագ` ընտրվում է դպիրներից։ «Սարկավագ» նշանակում է սպասավոր, սպասավորություն, հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ պատարագչին սպասարկելով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ձեռնադրություն». qahana.am. Այրարատյան Հայրապետական թեմ. 21 սեպտեմբերի 2021 թվական.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայք Արխիվացված 2018-06-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |