Հայկազ Ադամյան (երկրաբան)

հայ երկրաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազ Ադամյան Իսահակի (օգոստոսի 23, 1914(1914-08-23), Մաղավուզ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1999(1999-04-05), Երևան, Հայաստան), հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1967)։ Հայաստանի լրագրողների միության անդամ։

Հայկազ Ադամյան
օգոստոսի 23, 1914(1914-08-23) - ապրիլի 5, 1999(1999-04-05) (84 տարեկան)
ԾննդավայրՄաղավուզ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա Մարտակերտի 7-ամյա դպրոցում։ Մինչև 1930 թվականը աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում՝ միաժամանակ ստանալով միջնակարգ կրթություն։

1933-1936 թվականներին ծառայել է կարմիր բանակի առաջին հայկական գնդում։ 1941 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, արժանացել մի շարք մարտական շքանշանների ու մեդալների։ 1949 թվականին ավարտելով Մոսկվայի երկրաբանական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նշանակվել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտի գիտքարտուղար։

1950 թվականին տեղափոխվելով ԵՊՀ՝ աշխատել է երկրաբանության ֆակուլտետի հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ 1963-1967 թվականներին համալսարանի գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1967-1979 թվականներին եղել է ԵՊՀ երեկոյան և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր, կյանքի վերջին տարիներին ԵՊՀ պատմության թանգարանի ավագ գիտաշխատող։

Գիտական հետազոտություններն հիմնականում վերաբերում են Հայաստանի հարավային տարածքի երկրաբանական կառուցվածքին։ Այդ աշխատանքներն ամփոփված են Մեղրու շրջանի ալվալային ապարների պետրոգրաֆիային նվիրված նրա մենագրության մեջ, բազմաթիվ հոդվածներում ու հաշվետվություններում։ Նա ստեղծել է «Պետրոլոգիա» (Ե., 1970) դասագիրքը, կազմել տարբեր շրջանների խոշոր մասշտաբների երկրաբանական-պետրոգրաֆիական քարտեզներ։ Նրա մի շարք աշխատություններ տպագրված են «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատորյակի 43-րդ և 48-րդ հատորներում։

Արցախ գրական ծածկանունով 1984 թվականին լույս է տեսել նրա «Քարեր, ծաղիկներ, սեր» արձակ բանաստեղծությունների ժողովածուն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 59-60։