Հայկազ Նավասարդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Սարիբեկի Նավասարդյան (հունվարի 10, 1957, Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկ-ծրագրավորող։
Հայկազ Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1957 (67 տարեկան) Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Ֆիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀայկազ Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում։ 1964-1971 թվականներին սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին։ Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը։ 1980-1983 թվականներին սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում՝ որպես մաթեմատիկ-ծրագրավորող։ 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից՝ որպես հիմնական աշխատող։ 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ից՝ տնօրեն։
1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը։
1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին՝ մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում։ Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով։ Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2005)։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2011)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։