Արտաշեսյան թագավորների դրամներ
Արտաշեսյան թագավորների դրամներ, Արտաշեսյանների օրոք ստեղծված գեղեցիկ դրամներ։ մ.թ.ա. 2-րդ դարի վերջերից ծագում են հայոց մայրաքաղաք Արտաշատի պղնձյա դրամները։ Դրանց թողարկումը սկսվել էր մ.թ.ա. 183 թվականից և պայմանավորված էր ոչ միայն ներքին շուկայի զարգացմամբ, այլև քաղաքական այն նշանակությամբ, որ նվաճել էր Հայաստանի մայրաքաղաքը Կոմմոդոսի (182-192) կայսրության տարիներին։ Մինչ այդ հայկական քաղաքներից և ոչ մեկը իր ինքնավարության դրամները չէր թողարկել։
Պատմություն
խմբագրելՀայ արքաների առաջին դրամներից մեզ հայտնի են Ծոփքի Արշամ թագավորի դրամները։ Դրանց վրա պատկերված է պրոֆիլ, դեմքը անմորուս, հելլենիստական կերպարանքով, իսկ գլխին կրում է 2 կամ 3 շրջանի ձև ունեցող գտակ կամ ծայրը քիչ առաջ ծռված խույր։ Դրամների հակառակ երեսին պատկերված է լինում կամ հեծյալ, կամ արծիվ։ Մակագրությունը հունարեն է։ Ծոփքի հաջորդ թագավորներ Աբդիսարի և Քսերքսեսի դրամները ավելի արևելյան, քան հելլենիստական տեսք ունեն։ Հիշյալ երկու արքաներն էլ կրում են ցածրադիր, դեպի վեր նեղացող երեք ճյուղերի բաժանվող թագեր, նման այն գլխարկներին, որոնք պատկերված են հայերի և կապադովկիացիների գլուխներին՝ Պերսեպոլսի բարձրաքանդակների վրա։ Երկու արքաներն էլ, հակառակ հելլենիստական սովորության, ունեն մորուք ու թավ մազեր ծոծրակի վրա։ Աբդիսարի դրամի մյուս երեսին պատկերված է նույնպիսի արծիվ, որպիսին առկա է Արշամի դրամի վրա և հունարեն մակագրություն, իսկ Քսերքեսի դրամի մյուս երեսին պատկերված է թռչունի թևերով մի կին՝ աստվածուհի, որը առաջ մեկնած աջ ձեռքին բռնած ունի պսակ։ Մակագրությունը այստեղ էլ հունարեն է։
Արտաշատի քաղաքային դրամները շրջանառության մեջ էին մտնում ոչ թե Հռոմի կայսեր կամ Հայոց Արշակունի թագավորի անունից, այլ իրեն մայրաքաղաքի անվան հունատառ արձանագրությամբ։ Արևելքում կայսրության գերիշխանության մեջ միջազգային առևտրի առանձին կենտրոններ նվաճել էին այդ իրավունքը և դրամներ էին թողարկում։ Այդպիսին էին Անտիոքը, Ապամեան, Լաոդիկեան, Նիկոպոլիսը, Դամասկոսը և ուրիշ քաղաքներ։ Արտաշատում կերտված դրամները իրենց պատկերատիպերով դեռևս պահպանում էին Հելլենիզմի ավանդույթները։ Նախ և առաջ դրանց վրա դրոշմած պատկերներն ունեին դիցաբանական նշանակություն, նվիրված մայրաքաղաքի բախտի, ապահովության աստվածուհու պաշտամունքին, որ անցյալում դիտվում էր Հելլենիստական քաղաքային դրամների վրա։ Բացի այդ, արձանագրությունները հունարեն էին, չնայած երկիրը վաղուց գտնվում էր հռոմեական ազդեցության ներքո և շրջանառության մեջ եղած դրամական միավորների գերակշռող զանգվածը կայսերական դրամներ էին՝ լատինատառ արձանագրություններով։
Նրա վրա պատկերված է քաղաքամոր գեղեցիկ գլուխը՝ աշտարակաձև թագով, որ դիտվում է դրամի մի կողմից, իսկ մյուս կողմին՝ հաղթանակի թևավոր դիցուհին դափնեպսակ է պարզել քաղաքի անվան վրա։ Դրամի կշիռը 5/6 գրամ է, տրամագիծը՝ 20մմ։ Արտաշատի քաղաքային դրամները պահպանվել են հատուկենտ նմուշներով և ընդհանրապես հազվագյուտ են։ Լինելով պղնձից, դրանք արտաքին շուկաներում ընդունելի չէին և քաղաքային շրջանառության ներքին ոլորտից հեռու չէին անցնում։ Բացառված չէ, որ առաջիկայում Արտաշատի ավերակների հնագիտական պեղումները ի հայտ բերեն այդ դրամների նոր նմուշներ։
Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին։ Ըստ նորագույն դասակարգման[1]։
Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները, կերտված նրանց անհատականությունների բնորոշ գծերով։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։
Տիգրան Մեծի դրամը
խմբագրելՏիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում[2], բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։ Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։ Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը (միշտ պրոֆիլ դեպի աջ) դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին պաշտամունքային իմաստի խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը, բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։
Արտավազդ Բ-ի դրամը
խմբագրելԱրտավազդ Բ (55-34) թագավորի իշխանության տարիներին դրամների թողարկումը կատարվում էր գերազանցապես Հայաստանում։ Հետևելով անցյալում ընդունված կանոններին, դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դիմաքանդակը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակաոք՝ արշավի ընթացքում։ Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ Այդ ողջ պատկերի շուրջ նշվում է ΒΑΣΙΛΣΩΣ ΒΑΣΙΛΣΩΝ ΑΡΤΑ RΑZΔτ- հունատառ խորագիրը՝ «Արքայից-արքա Արտավազդի», այն տիտղոսաձևը, որն ընդունվսրծ էր Տիգրան Մեծի հզորության ժամանակներից։ Հայկական դրամների թողարկումը Արտավազդ Բ-ի օրոք նույնպես կատարվում էր ատտիկյան սիստեմով։
Պահպանվել են առավելապես դրախմանոցնեը, իսկ տետրադրախմանոցները և պղնձյա միավորները հազվագյուտ են։ Հայաստանում գտնված մի բացառիկ տետրադրախմեի վրա Արտավազդը բացի իր հիմնական տիտղոսից, հռչակված է նաև ΘΕΙΥ այսինքն «Աստվածայինի» մակդիրով։ Արտավազդ Բ-ի պղնձյա դրամների վրա ընդունված էր դրոշմել հաղթանակի թևավոր դիցուհու կերպարը։ Նրա թագավորության վերջին տարիներին հռոմեական զորքի արշավանքները, Արտավազդի ձերբակալությունը և ի վերջո նահատակությունը առժամանակ կասեցրին հայկական ազգային դրամների թողարկումը։
Արտաշես Բ-ի դրամը
խմբագրելՀաջորդ տարիներից հայտնի է Արտավազդի որդու Արտաշես Բ (մ.թ.ա. 30-20) հայոց թագավորի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է տակավին երիտասարդ դիմագծերով Արտաշես Բ-ի դիմաքանդակը՝ կիսանդրու չափով, գլխին պապենական թագը, ներկայացված ճիշտ այն ձևով, ինչ հայտնի է իր հոր դրամներով։ Մյուս կողմին ցույց է տրված հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին, սլացիկ վազքի մեջ և հունատառ արձանագրությամբ։ Արտաշեսը հռչակված է իբրև «Մեծ արքա»։ Հիրավի, նա շուրջ տասը տարի գլխավորեց իր ժողովրդի պայքարը Հռոմեական նվաճողների դեմ՝ երկրի անկախության համար և նրա «Մեծ արքա» կոչվելը հայերի համար միանգամայն օրինական էր։ Անշուշտ այս եզակի պղնձյա դրամով հնարավոր չէ պատկերացում կազմել 30-20 թվականների Հայկական դրամների մասին։ Ըստ էության այդ ժամանակամիջոցը մնում է բաց։
Տիգրան Գ-ի դրամը
խմբագրելԱրդեն հաջորդ Հայոց թագավորի՝ Տիգրան Գ-ի իշխանության տարիներից պահպանված հայկական դրամները հայտնի են որոշակի պատկերատիպերով։ Բացի արքայի դիմաքանդակից, Տիգրան Գ-ի դրամների վրա (հակառակ կողմերին) հունատառ արձանագրությունները և պատկերները հայտնի են երկու հիմնական տեսակներով։
- ΒΑΣΙΑΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡ ΑΝΟγ ΦΙΛΟΠΑΤΟΡΟΣ ΚΑΙ ΦΙΛΕΑΛΗΝΟΣ, այսինքն՝ «Արքայի Մեծի Տիգրանի հայրասերի և հելլենասերի» տիտղոսով, թագավորի կերպարը կանգնած դեպի ձախ, հագին երկար պատմուճան, գլխին հայոց թագը, աջ ձեռքը պարզած առաջ, իսկ ձախով երկար գավազանը բռնած։
- ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡΑΝΟγθΕΟγ, այսինքն՝ <Արքայի Մեծի Տիգրանի աստծու>, ըստ որում արձանագրությունը նշված է հաղթանակի թևավոր դիցուհու շուրջ, որ պատկերված է դրամի կենտրոնում։
Այս երկրորդ տեսակից հայտնի են պղնձյա դրամական միավորներ, որոնց շարքում կան որոշ տարբերակներ։ Հաղթանակի դիցուհին մերթ փոխարինվում է փղի պատկերով, մի այլ տարբերակի վրա նույն արձանագրությունը նշվում է առյուծի գլխի և կամ միայնակ վազող ձիու շուրջ։ Բոլոր դեպքերում արձանագրությունը պահպանվում է <Արքայի Մեծի Տիգրանի աստծոս> ձևով։ Հիշյալ դրամների թողարկման հիմնական կենտրոնը հավանաբար Արտաշատն էր և նրանց շրջանառությունը հայկական շուկաներից դուրս չի անցել։
Տիգրան Դ-ի դրամը
խմբագրելԱրդեն Տիգրան Դ արքայի պատկերով դրամները հայտնի են բացառապես պղնձյա միավորներով, մի իրողություն, որ վկայում է նրանց զուտ տեղական նշանակության մասին։ Ի տարբերություն իր զարմի բոլոր նախորդ արքաների, Արտաշեսյան Տիգրան Դ հայոց թագավորը դրամների վրա պատկերված է միանգամայն ինքնատիպ, նա կրում է պատկառելի մորուք և ունի տարեց մարդուն բնորոշ դիմագծեր, որով մեծապես հեռացած է հելլենիստական Արևմուտքի արքայական կերպարներից։ Չլիներ նրա գլխին Արտաշեսյան թագը, հազիվ թե կարելի լիներ տարբերել նրան պարթևական արքաներից։ Այս Տիգրան Դ-ի դրամների վրա նշված արձանագրությունները հանդես են բերված երեք հիմնական տարբերակով. ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ <Արքա Տիգրանի>, ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ<Արքայի Մեծի Տիգրանի հելյենասերի> և ΒΑΣΙΑΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡΑΟγ ΦΙΛΕΛΛΗΝΟΣ <Արքայի Մեծի Տիգրանի>։
Առաջին տիտղոսաձևը նշված է բարի ճակատագրի կամ հաղթանակի դիցուհու պատկերների հետ։ Երկրորդը՝ հանդես է բերված Աթենասի կերպարի, իսկ երրորդը՝ Վահագնի և կամ փղի պատկերների հետ։ Նման դրամներ թողարկվել են Տիգրան Դ-ի թագավորության առաջին շրջանում մ.թ.ա. 8-5 թվականներին։ Հետագայում, երբ Տիգրան Դ-ը երկրորդ անգամ հաստատվեց հայոց գահի վրա, իր քրոջ՝ Էրատոի հետ միասին (մ.թ.ա. 2-ից մինչև մ.թ. 1 թվականը), այդ շուրջ երեք տարիների ընթացքում ևս թողարկվել են պղնձյա դրամներ, որոնց վրա մի կողմից պատկերված է Տիգրան Դ-ը, իսկ մյուս կողմից՝ Էրատո թագուհին, ըստ որում երկուսն էլ կիսանդրու չափով[3]։
Ուշագրավ է, որ Տիգրան Դ-ի այս դրամների վրա դեռևս նշվում է իր պապերից ժառանգաձ տիտղոսը ΒΑΣΙΑΕγΕ ΒΑΣΙΑΕΩΝ ΤΙΓΡΑΟγ («Արքայից արքա») ձևով։ Իսկ Էրատո թագուհու դիմանկարի շուրջն արձանագրվում է պարզապես ΕΡΑΤ ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ ΑΔΕΛΦΗ այսինքն <Էրատո՝ արքայի Տիգրանի քույրը>։
Տիգրան Դ-ի և Էրատոյի դրամներով ավարտվում է Արտաշեսյան հարստության դրամահատական գործունեությունը։ Արտաշեսյաններից հետո հայ ազգային դրամների թողարկումը դարերով կանգ առավ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ P. Z, Bedoukian, A Classification of the Coins of the Artaxiad Dynasty of Armenia, Reprinted from the American Numismatic Society, "Museum Notes", 14, New-York, 1968
- ↑ P. Gardner, The Seleacld Kings of Syria, A Catalogue of the Greek Coins in the British Museum, Bologna,1963,էջ 103-105
- ↑ Государственый Эрмитаж, Собрание античных монет,рукописный каталог,N19416; E. Babelon, Les Rols de Syrle,d'Armenie et de Comagene