Հայուհիներն Արցախյան գոյապայքարում
Հայուհիները Արցախյան գոյապայքարում, Արցախի հայ ազգաբնակչության ազգային-ազատագրական շարժումը հանկարծակի չի սկսվել, այն հասունացել է տասնամյակների ընթացքում։ Սակայն խորհրդային կայսրապետության պայմաններում ԽՄԿԿ կենտկոմի թողտվությամբ ու քաջալերմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից այն հակազդվել է ուժային ճնշումներով։ Ադրբեջանի նպատակն էր ունենալ ադրբեջանական (թուրքացված) Արցախ։
Արցախյան շարժումը նոր էջ է բացել հայոց պատմության մեջ։ Խնդիր է դրվել վերականգնելու պատմական արդարությունն ու Արցախը վերամիավորելու մայր հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին։ Ազգային-ազատագրական պայքարի ուշագրավ ու կարևոր առանձնահատկություններից էր կանանց զանգվածային և բուռն մասնակցությունը։
«Կանա՜յք, հատկապես և աղջիկնե՜րը․․․Որքա՜ն խելոք, արդար ու վարակիչ են նրանց խոսքերը։ Նրանք ինչպիսի՜ տրամաբանական հյուսվածքի մեջ են առնում իրենց կյանքի ցավն ու հոգսը, պայքարի կամքն ու վճռականությունը, հաղթանակի հույսն ու հավատը[1] - Բագրատ Ուլուբաբյան
|
Հայուհիները Արցախյան շարժման սկզբնական փուլում
խմբագրելՀայ կինը Արցախյան գոյապայքարի հենց սկզբից հանդես է եկել ոչ միայն որպես պայքարի գաղափարակիր ու կազմակերպիչ, հասարակական-քաղաքական գործիչ, այլև հայրենիքի պաշտպան։ Արցախյան շարժման ղեկավարներից Իգոր Մուրադյանի վկայությամբ՝ 1986- 1987 թվականներին Ստեփանակերտում իրականացվել է ստորագրահավաք, որը հիմնականում իրականացվել է քաղաքի բուժպոլիկլինիկայի գրանցման բաժնի աշխատողների օգնությամբ։ Կանանց մասնակցությամբ իրականցվող «կիսալեգալ» գործունեությունը համակարգվել է շարժման կազմակերպիչների կողմից։ Ընդհատակյա աշխատանքներում ներգրավվել են նաև Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի մի խումբ ուսանողուհիներ։
Խիստ գաղտնի պայմաններում իրականացված ստորագրահավաք է կազմակերպվել հատկապես 1986-1988 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու օգտին։ Ստորագրահավաքով հանուն համազգային նշանակության խնդրի լուծման սկսվել է հեռագրերի և հանրագրերի ձևակերպում[2]։ Կազմակերպիչների մի մասն աշխատանքներ է տարել Մոսկվա մեկնող պատվիրակություններին հանձնելու նպատակով հանրագրերի պատրաստման ուղղությամբ, իսկ մի այլ խումբ նախապատրաստել է կոլտնտեսություններում անցկացվող հաշվետու ժողովների օրակարգային հարցը՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին։ Ստեփանակերտում այդ աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև խոհարարուհի Արաքսյա Հայրապետյանը, «Ղարմետաքս» կոմբինատի աշխատակից Վալյա Մեհրաբյանը։
Ստորագրահավաքի կազմակերպիչ կանայք
խմբագրելԱնգելինա Հովսեփյանը ԼՂԻՄ Մարտունու շրջանի բաժանմունքի ղեկավարներից էր, շրջխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահը։ 1986 թվականին ընդգրկվել է շարժման կազմակերպիչների գաղտնի խմբի մեջ։ Նրան հանձնարարվել է տեղեկություններ պատրաստել վերջին տասը տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝ ԽՄԿԿ կենտկոմ ներկայացնելու նպատակով։
1987 թվականին Մարտունու շրջանի տեղական կազմակերպիչների և ակտիվիստների շարքերը համալրած կանայք՝ Ռիտա Գևորգյանը (Մարտունու կենտրոնական գրադարանի տնօրեն), Սիլվա Բալայանը (Մարտունու կոմերիտշրջկոմի քարտուղար), Սիլվա Խաչատրյանը (լրագրող), նախաձեռնել և իրականացրել են մասնավորապես գաղտնի ստորագրահավաքներ, կատարել գաղափարախոսական աշխատանքներ, կազմակերպել գաղտնի ժողովներ։ Նույն աշխատանքները իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, որտեղ ընդհատակյա կազմակերպության առավել ակտիվ գործիչներից էր Ժաննա Խուրշուդյանը[3]։ 1987 թվականին Ասկերանում աչքի է ընկել Ժենյա Մովսիսյանը։
Ասկերանում առաջին նախաձեռնող խմբերից էր շրջանային «Կարմիր դրոշ» թերթի խմբագրակազմը։ Աչքի են ընկել լրագրող Ծովինար Գրիգորյանը,Միրա Ավանեսյանը, Նորա Առուշանյանը, Մելանյա Առուշանյանը, Գրետան (Ջեմմա) Թամրազյան), շրջկենտրոնում թռուցիկներ տարածելուց, ստորագրահավաքներ կազմակերպելուց բացի, աշխատանքներ են տարել նաև գյուղերում[4]։
Հադրութի շրջգործկոմին ուղղված հանրագրում հադրութցիները պահանջել են լուծել Հադրութում հայկական հեռուստաալիք ունենալու հարցը և դիմել Մոսկվային՝ Արցախի հարցի արդարացի լուծում տալու համար։
Երբ վերադարձանք Ղարաբաղ և ասացինք, որ Երևանից գալու են և իրենց միջոցներով տեղադրելու են անտենաներ։ Մենք համոզվեցինք, որ մեր մշակույթին հաղորդակից լինելուն իրականում խանգարում են ոչ թե ոչ բավարար տեխնիկական միջոցները, այլ Ադրբեջանի ղեկավարության կողմից մշակված հայաթափման քաղաքականությունը[5]։ - Արցախյան շարժման առաջնորդ Արթուր Մկրտչյանի կնոջ՝ Գոհար Մկրտչյանի հուշերից
|
Հայ կանայք հանրահավաքներում
խմբագրել1988 թվականին փետրվարի 13-ին Ստեփանակերտում անցկացվեց առաջին համաժողովրդական հանրահավաքը։ Ադրբեջանական իշխանություններին դատապարտող ելույթով հանդես եկավ Արաքսյա Հայրապետյանը։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 8-ին Մոսկվա էր մեկնել ԼՂԻՄ մտավորականության պատվիրակությունը, որի կազմում էին նաև շարժման ակտիվ մասնակիցներ, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ժաննա Գալստյանը և սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանը։
Մեր՝ մտավորականներիս Մոսկվա կատարած առաքելությունը ևս որակում են որպես օժանդակ մեծ պայթյունի համար, որ տեղի ունեցավ նրան հաջորդող տարիներին[6]։ - Պատվիրակության անդամ Ժաննա Գալստյան
|
Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից 13 դասախոսների, նաև Արզիկ Մխիթարյանի, Ռոնա Բալայանի, Սեդա Ղազարյանի, Աննա Հարությունյանի, Ալվինա Բադալյանի ստորագրությամբ Մ. Գորբաչովին ուղարկվել է հեռագիր, որում պահանջել են կարգավորել ստեղծված իրավիճակը և արցախյան խնդրի արդարացի լուծումը։ Ասկերանում փետրվարի 15-ի հերթական հանրահավաքում պատվիրակները, այդ թվում՝ Ռեբեկա Եղյանը, կոչով դիմել են Ժողպատգամավորների շրջխորհրդի նստաշրջանի մասնակիցներին։ Ասկերանի շրջանային խորհրդի 15 կին պատգամավորներ (Ալինա Ասըրյանը, Անիկ Ասատրյանը, Սուսաննա Գաբրիելյանը, Սվետլանա Խաչատրյանը, Անահիտ Պետրոսյանը, Վեներա Գրիգորյանը, Էմմա Դանիել-յանը, Էվելինա Ստեփանյանը, Ելիզավետա Սարգսյանը, Գրետա Մարտիրոսյանը, Երմոնյա Սարգսյանը, Ստելլա Բալասյանը, Անուշ Անդրյանը, Նազիկ Դադայանը և Ասյա Պետրոսյանը) փետրվարի 17-ին դիմել են շրջխորհրդի գործկոմ՝ խնդրելով «Ադրբեջանական ԽՍՀ ժողովըրդական պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Ադրբեջանական ԽՍՀ օրենքի 31-րդ և 35-րդ հոդվածների պահանջներին համապատասխան հրավիրել շրջանային խորհրդի արտահերթ նստաշրջան և ընդունել որոշում։
Փետրվարի 20-ին կայացել է Ժողպատգամավորների Ասկերանի 20-րդ գումարման շրջխորհրդի 5-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին 78 պատգամավորներից ներկա էին 60-ը, որոնցից 10-ը՝ կին։ Ելույթով հանդես են եկել Անիկ Ասատրյանը, Երմոնյա Սարգսյանը, Թամարա Փարամազյանը։
Փետրվարի 20-ին ժամը 16-ին Ստեփանակերտում հրավիրված Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման քաղաքային խորհրդի 4-րդ արտահերթ նստաշրջանում ելույթ են ունեցել Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ժողովրդական արտիստ Մարգո Բալասանյանը, մարզի մշակույթի բնագավառի արհմիության կոմիտեի նախագահ Լաուրա Ղարամյանը, Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի բանվորուհի Իրինա Գևորգյանը և Ստեփանակերտի կուսքաղկոմի քարտուղար Հասմիկ Միքայելյանը։
Հայուհիները ազատագրական պայքարում
խմբագրելԼեռնային Ղարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին հակադրել են բիրտ ուժի և բռնության քաղաքականությունը, որը կիրառվել է հատկապես ադրբեջանական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով այդ ճանապարհով կասեցնել համաժողովրդական պայքարը։ Այդ մասին են վկայում 1988 թվականի փետրվարյան դեպքերը, երբ իրենց ճանապարհին ամեն ինչ ավերելով, ադրբեջանցի հրոսակները Աղդամի շրջանից, շարժվել են Ստեփանակերտ՝ «կարգ ու կանոն հաստատելու», սակայն Ասկերանի մատույցներում հետ են շպրտվել։
Վալյա Պետրոսյան
խմբագրել1988 թվականի փետրվարի 23-ին Քելբաջարի (ներկայումս՝ Քարվաճառ) կողմից հարձակում է կատարվել Մարտակերտի ուղղությամբ։ Ադրբեջանական հրոսակախմբին դիմակայելու համար շըրջկենտրոնի բնակչությունը՝ տղամարդիկ թե կանայք, բեռնատարներով շարժվել է դեպի Քելբաջարի կողմը։ Այդտեղ կանանց մասնակցությունը կազմակերպել է Վալյա Պետրոսյանը։ Նրա ղեկավարությամբ հետ են շպրտվել ազերիները, որոնց նպատակն էր խոչընդոտել Մարտակերտում տեղի ունեցող հանրահավաքին։ Վալյա Պետրոսյանը 1989-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի (Հոռաթաղ, Առաջաձոր, Մոխրաթաղ, Մաղավուզ,Մարտակերտ և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Բազմիցս ուղղաթիռներով մեկնել է Կամո և վերադարձել զենք ու զինամթերքով։ 1992 թվականի ամռանը թուրքերն ու ռուսական բանակի ստորաբաժանումները մեծաքանակ տեխնիկայի աջակցությամբ անցել են լայնածավալ հարձակման։ Սկսվել է մեծ նահանջը։ Հուլիսի 3-ին Վ. Պետրոսյանը, պահակակետից վերադառնալով, գնացել է Առաջաձոր՝ ծնողներին տեսնելու և այլևս չի կարողացել վերադառնալ մարտի դաշտ։ Օգոստոսի 19-ին իմացել է, որ ամուսինը՝ Յուրան, Կիչանում վիրավորվել է։ 1993 թվականից Յուրան ծառայությունը շարունակել է հրետանիում, Վ. Պետրոսյանը՝ սկզբում տանկային վաշտում, այնուհետև՝ հրետանիում։ Մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար հայուհին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «Արաբո», «Փառապանծ մարտիկ»,Վ. Սարգսյանի «Մարտական գործողություն», «Հայաստանի երկրապահ», «Դելտա» մեդալներով և պատվոգրերով։
Գայանե Առստամյան
խմբագրելԱպահովել է Բերդաձորի ենթաշրջանի ռադիոհեռախոսկապը։ Նա, դեռևս 1989 թվականի դեկտեմբերին ընդգրկվելով շարժումը համակարգող կապավորների խմբում, մեկնել է Բերդաձորի ենթաշրջան՝ գիտակցելով Շուշիի բանտում հայտնվելու վտանգը։ Նրա աշխատանքի շնորհիվ անխափան գործել է կապը Ստեփանակերտի և Երևանի հետ։ 1989-1994 թվականներին տարբեր ջոկատների և Շուշիի 8-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի (Իփյհակ,Թազաքենդ), Մարտակերտի (Դրմբո), Գետավան, Չլդրան, Կիչան, Կարմիրավան), Հադրութի (Խծաբեր)), Ֆիզուլու (Հորադիզ), Կուբաթլուի, Աղդամի (Բոյահմեդլի, Սոֆուլու) շրջանների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։
1994 թվականի դեկտեմբերի 15-ին Գայանե Առստամյանը նշանակվել է թիվ 3 հրաձգային վաշտի բուժկետի պետ։ Այդ պաշտոնում ծառայել է մինչև զորացրվելը՝ 1995 թվականի սեպտեմբերի 1-ը։
Նազիկ Ամիրյան
խմբագրել1989 թվականին Էջմիածնի կամավորական ջոկատի շարքերը համալրած Նազիկ Ամիրյանը մեկնել է Հադրութի շրջան՝ իբրև Դուդուկչի գյուղում կոոպերատիվ կազմակերպելու և մթերք գնելու համար։ Սակայն իրականում նրանք գյուղը պաշտպանում էին ադրբեջանցիների անընդհատ հարձակումներից։ Մարտական մկրտությունն ստացել է 1989 թվականի աշնանը՝ Մելիքաշեն գյուղում։ 1990 թվականի նոյեմբերի 17-ին՝ խորհրդային ՆԳ նախարարության զինվորների կողմից «անձնագրային ստուգման» ժամանակ Նազիկ Ամիրյանը ջոկատի 24 անդամների հետ ձերբակալվել է։ Մեկ ամիս նա մնացել է անդրդվելի և տարել այդ ծանրությունը, այն էլ՝ Շուշիի բանտում։ Վ. Կրիվոպուսկովը, ներկա գտնվելով նրա հարցաքննությանը, հայտնել է, որ գնդապետ Բորովսկին անկեղծորեն զարմացել է, որ ջահել, առաջին հայացքից սուսուփուu այդ աղջիկն այդքան հաստատուն, գործնական թափ ունի։ Ջոկատի հրամանատար Մանվել Գրիգորյանը, փախչելով հիվանդանոցից, փրկագին է վճարել և բանտից դուրս բերել մարտական բոլոր ընկերներին, այդ թվում՝ Նազիկին։ 1991 թվականին ջոկատը մեկնել է Հաթերք, 1992 թվականի ձմռանը վերադարձել Էդիլլուի ձորակ։ Ն. Ամիրյանը նշանակվել է մատակարար։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչի 1-ին աստիճանի» շքանշանով (1995), ՀՀ «Արիության համար» (1998), ՀՀ ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2004), «Արիական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1995), ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» և «Վազգեն Սարգսյան» մեդալներով»։
Լենա Ավագյան
խմբագրելԳետաշենից Հայաստան ռադիոկապը ապահովել է Սվետլանան՝ նույն ինքը Լենա Ավագյանը՝ միաժամանակ մասնակցելով ենթաշրջանի ինքնապաշտպանությանը։ Համագործակցելով Թաթուլ Կրպեյանի գլխավորած ջոկատի հետ՝ սնունդ է մատակարարել նրանց, իր տունը դարձրել ջոկատի զինանոցը։ Նրա «Կամա-2» ազդանշանը անընդհատ հնչել է եթերում։ Գետաշենի անկման վերջին օրերին նա շարունակել է անհնարին պայմաններում պահել կապը, միաժամանակ կանանց մասնակցությամբ կազմակերպել ինքնապաշտպանական միջոցառումներ՝ օմօնականներին գյուղից դուրս հանելու ուղղությամբ։ Ադրբեջանցիները բազմիցս փորձել են ձերբակալել նրան, սակայն դա նրանց չի հաջողվել։
Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի վրա ապրիլի 29-ին ու 30-ին լայնածավալ հարձակման ժամանակ ուղղաթիռներից գնդակոծման ու հրետակոծության արդյունքում զոհվել են 35, վիրավորվել հարյուրից ավելի հայեր։ Գետաշենցի զոհվածների, անհայտ կորածների, բռնագաղթի հետևանքով մահացածների մեջ քիչ չէին կանայք, որոնց թվում էին՝ Հասմիկ Աղայանը, Նորա Երիցյանը, Հռիփսիմե Մինասյանը, Մարո Չիլինգարյանը և ուրիշներ։
«Փառանձեմ» ջոկատ
խմբագրել1991 թվականի օգոստոսի սկզբին ադրբեջանական օմօնականները կրկին շրջապատել են Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը։ Կանայք՝ Ասյա Իսկանդարյանի գլխավորությամբ, ստեղծել են «Փառանձեմ» ջոկատը, որի շարքերում էին Սիրանուշ Առուշանյանը (Սիրանուշ աբան), Քնարիկ Սիմոնյանը և ուրիշներ։ Ջոկատը մասնակցել է այն նշանավոր իրադարձությանը, որը տեղի է ունեցել 1991 թվականի օգոստոսի 13-ին։ Այդ օրը արցախցի կանանք ստիպված դիմել են հանդուգն ու միաժամանակ վտանգավոր քայլի։ Ռուս զինվորականները պատանդ էին վերցրել Հաթերքի բնակիչ Ժորա Պետրոսյանին՝ ադրբեջանցի օմօնականներին հանձնելու նպատակով, ինչպես նաև նախօրեին մերձակա գյուղերում ռուս զորաջոկատների և ադրբեջանցի ավազակախմբերի կողմից իրականացվել էին ամեն տեսակի վայրագություններ։ Այդ նպատակով հաթերքցիների «Փառանձեմ» ջոկատը տեղի ինքնապաշտպան ուժերի հետ միասին օգոստոսի 13-ի գիշերը գերի է վերցրել 43 հոգուց բաղկացած խորհրդային մի զորաջոկատ՝ ռազմամթերքով և ռազմական մեքենաներով։ Ջոկատը, որի մասնակիցներն էին գյուղի բնակիչները, այդ թվում՝ Ռոմելա Մակյանը, Զոյա Իսկանդարյանը, Հասմիկ Հարությունյանը, Եդիլյա Հայրապետյանը, Զոյա Մարտիրոսյանը, Ռոզա Բալումյանը, Վերա Պետրոսյանը, կարողացել է կարճ ժամանակում համախմբել ամբողջ գյուղը և թույլ չտալ ձերբակալել հաթերքցի տղամարդկանց[7]։ Օգոստոսի 15-ին Հաթերքի «Փառանձեմ» ջոկատի մարտիկ կանայք (Քնարիկ Սիմոնյան, Թամարա Պետրոսյան, Էլեոնորա Առստամյան), հեռագիր ուղղելով Մ. Գորբաչովին և Բ. Ելցինին, Զինվորների մայրերի կոմիտեին հայտնել են, որ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մի խումբ կանայք ստիպված են եղել դիմել ծայրահեղ միջոցի՝ պատանդ վերցնել ավելի քան 30 զինվորի և սպաների ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերից։ Ադրբեջանական օմօնի բանդաները ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի օգնությամբ երկար ժամանակ պատանդ էին վերցրել հայերին, հանձնել ադրբեջանցիների տնօրինությանը։
Հաթերքի իրադարձությունների օրերին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղի կանայք գլխաշորեն ուղարկել «Փառանձեմ» ջոկատին հետևյալ մակագրությամբ.
Ընդունեք ձեռագործ այս շալը և խնդրում ենք տալ այն ֆիդայուհուն, որը կռվել գիտի սասունցիաբար[8] |
Աղավնի Տեր-Ստեփանյան
խմբագրելԱ. Տեր-Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի հունիսին Երևանում, զոհվել է 1992 թվականի հուլիսի 29-ին Աիմավան 6-ում՝ Բերձորի շրջանի Հռչազ գյուղում։ Ա. Տեր-Հարությունանը զինվորագրվել է Արցախյան ազատամարտին՝ հերոսանալով ցուցաբերած սխրագործությամբ,նրա նշանաբանն էր՝ «Անկարող եմ ես չկռվել» արտահայտությունը։
Անուշ Ավագյան
խմբագրել«Անվեհեր հրամանատար» Անուշ Ավագյանը ծնվել է 1968 թվականի ապրիլին Ստեփանակերտում։ Զոհվել է 1993 թվականի փետրվարի 7-ին Վաղուհաս գյուղի մոտ։ 1991 թվականին գրանցվել է Կարո Բաբայանի հրամանատարությամբ գործող ջոկատի կազմում որպես մարտիկ-բուժքույր և անմիջապես մասնակցել է Մարտունու շրջանի Ղարադաղլու (Վարանդա) գյուղի համար մղվող մարտերին։
Անահիտ Թամրազյան
խմբագրելԱ. Թամրազյանը մասնակցել է գրեթե բոլոր մարտական գործողություններին և բազմաթիվ վիրավորների կյանք փրկել, նաև դիակներ հանել կրակագծից, որը ոչ պակաս կարևոր ու ծանր աշխատանք էր։ Ա. Թամրազյանը մինչև վերջին օրը մնացել է իր սիրելի զինակիցների կողքին, վիրակապել է վերջին վիրավորին, և երբ եկել է խաղաղությունը, հասկացել է, որ ինքը բնածին գթության քույր է, որովհետև պատերազմը նրա մեջ բացահայտել է ափեափ լցված գթությունը։ Զինադադարից հետո Ա. Թամրազյանը ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան։
Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատներ
խմբագրելՇահումյանի շրջանի համար դժվարին օրերին նրան օգնության են շտապել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կամավորական ջոկատները։
- «Արծվիկ 24» գումարտակ (Նունե Աբրահամյան, Անահիտ Լոպոյան),
- «Գարեգին Նժդեհ» (Զարուհի Բադալյան),
- «Մայիս» (Գալյա Գյուրջյան, Լորետա Գյուրջյան),
- «Կարս» (Նվարդ Դուդուկյան),
- «Ղազանչի» (Ալվարդ Շեկյան),
- «Մանաշիդի» (Զոյա Մարտիրոսյան),
- «Խրամորթ» (Լենա Շամիրյան),
- «Ադանա» (Ալվարդ Կոստանդյան),
- «Սիսակ» (Մարիետա Խաչատրյան),
- «Տոռոզյան» և «Նաիրի» (Սուսաննա Կոստանդյան),
- «Անահիտ» (Անահիտ Մարտիրոսյան),
- «Աղբյուր Սերոբ» (Նաիրա Սահակյան),
- «Եղնիկներ» (Արմենիա Նալբանդյան),
- «Խաչակիրներ» (Անժելա Զալյան),
- «Արմավիր» (Լոլիտա Վարդանովա),
- «Սևան» (Անժելա Հակոբյան)
- «Զորավար Անդրանիկ» (Մարիետա Սարգսյան)
Հայ կամավորական ուժերի նշված ջոկատների կազմում կանայք պատերազմի ողջ ընթացքում մասնակցել են Արցախի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան շրջանների ռազմագործողություններին։
Մարիետա Սարգսյան
խմբագրելՄասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում «Մեծն Տիգրան» զորախմբի շարքերում Շահումյան է մեկնել՝ երկու երեխաններին թողնելով մոր խնամքին, իբրև բուժքույր՝ զինվորագրվել «Սասուն» ջոկատին։ 1989 թվականի եղել է Երասխավանում, Նոյեմբերյանի շրջանում, ապա Գորիսի շրջանի Խնձորեսկի, Քաշաթաղի գյուղերում։ Նրա մարտական ուղին շարունակվել է «Զորավոր Անդրանիկ» ջոկատի հետ, որը 1991 թվականի մարտ ամսից մասնակցել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանը, այնուհետև՝ Արծվաշենի, Շամշադինի (Տավուշի) մարտական գործողություններին[9]։ 1992 թվականին ստեղծվեց Մասիսի շրջանի զորամասը, որի կազմում Մ. Սարգսյանը մեկնել է Լաչինի շրջան և թեժ ռազմագործողությունների ժամանակ ջոկատի հետ շրջափակման մեջ ընկել։
Կարինե Գևորգյան
խմբագրել1992 թվականին որպես բուժքույր միացել է Մարտակերտի ինքնապաշտպանական ուժերին։ 1992 թվականի նոյեմբերից ծառայության է անցել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերում՝ Արկադի Տեր-Թադևոսյանի(Կոմանդոս) հրամանատարությամբ, ապա հետագայում համալրել է Մարտակերտի գումարտակի շարքերը և 1992-1993 թվականներին մասնակցել Մարտակերտի Գետավան, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Մեծշեն, Մաղավուզ գյուղերի, Քարվաճառի Օմարի պաշտպանական և ազատագրական գործողություններին։
Նունե Աբրահամյան
խմբագրելՆունե Աբրահամյանը նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն է եղել։ 1991 թվականից աշխատել է Երևանի վնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992 թվականին Արշվաշենում։ «Արծիվ 24» գումարտակի կազմում մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների։ Գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ։ Ն. Աբրահամյանը 1992-1994 թվականներին «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի Առաջաձորի, Դրմբոնի, Հաթերքի, Սարսանգի ջրամբարի, Կուսապատի և այլ տարածքների, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզ, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի շրջանների, Օմարի լեռնանցքի, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[10]
Անահիտ Հովհաննիսյան
խմբագրել1992 թվականին անդամագրվելով մահապարտների «Արծիվ-1» գումարտակին՝ Արցախ է մեկնել նաև Անահիտ Հովհաննիսյանը՝ մասնակից դառնալով գումարտակի վարած մի շարք մարտական առաջադրանքներին՝ Մարտակերտի շրջանի Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, զինադադարը դիմավորել է մարտի դաշտում[11]։
Անժելա Զալյան
խմբագրելԲուժքույր Անժելա Զալյանը Կարո Քահքեջյանի գլխավորությամբ կազմավորված 15 հոգանոց «Խաչակիրների ջոկատի» հետ մեկնել է Արցախ։ Մասնակցել է Մարտակերտի ազատագրական գործողություններին, որից հետո «Խաչակիրների» հետ մեկնել է Շահումյանի շրջան և «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հետ պայքարը շարունակել է մինչև հրադադար։ 1992-1994 թվականներին մասնակցել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Մաղավուզ, Մեգրելսկ, «Պուշկինյալ»), Քելբաջարի, Լաչինի շրջանների ազատագրական մարտերին։ Ջոկատը մասնակցել է նաև Գյուգթափա, Արտատափ տեղանքների պաշտպանական և բազմաթիվ այլ դաժան մարտերի, կատարել է հետախուզական և դիվերսիոն գործողություններ։
Գայանե Մեջլումյան
խմբագրել1992 թվականին Գայանե Մելջումյանը ամուսնու՝ Սամվել Տոնոյանի հետ Էջմիածնից Արցախ մեկնելով, մտել է իր հոր ծննդավայրի՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմ։ Առաջին օրերին գյուղում բուժքույր Սվետլանա Մկրտչյանի հետ բուժօգնություն է ցուցաբերել ազատամարտիկներին։ 1992 թվականի սեպտեմբերից արդեն կանոնավոր բանակ էր ստեղծվել։ Գայանեն ամուսնու հետ ծառայել է կազմավորված ականանետային միավորումում։ Այս զորամասում են ծառայել նաև Կարինե Գևորգյանը, Աղավնի Սահակյանը, ապա՝ նաև Աիդա Սերոբյանը։ 1992-1994 թվականներին ՊԲ ականանետային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ղազարահողի, Մաղավուզի, Մատաղիսի, Չլդրանի, Գետավանի, Կուսապատի, Թալիշի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1994 թվականի ամռանը Գայանեն պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով։
Սվետլանա Աբրահամյան
խմբագրել1993 թվականի հունվարի 25-ին մեկնելով Արցախ և մտնելով Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ջոկատի հիմքի վրա կազմավորված 44-րդ գումարտակ՝ Ս. Աբրահամյանը մասնակից է դարձել Մարտակերտի մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին։ Որպես սանհրահանգիչ՝ մասնակցել է Մարտակերտի Մաղավուզ, Հակոբ Կամարի, Լյուլասազ, Հաթերք և այլ ուղղությամբ ռազմական գործողություններին։ 1994 թվականի ապրիլին ռազմական գործողությունների ավարտման պահին մասնակցել է Մարտակերտի շրջանի համար մղվող մարտերին։ Վիրավորվել է, բուժվել և վերադարձել ծառայության, մասնակցել է նաև Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերին, որը հերոսական ջանքերով ազատագրվել է փետրվարի 18-ին։ Մի շարք մարտական առաջադրանքներ կատարելուց հետո՝ ապրիլի 20-ին, Երրորդ սովխոզի ուղղությամբ գրոհի ժամանակ Ս. Աբրահամյանը ծանր վիրավորվել է, սակայն վիրահատության 20-րդ օրը մասնակցել է մայիսի 9-ի արցախյան զինվորական շքահանդեսին և հրադադարը դիմավորել է Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցում։
Անահիտ Մարտիրոսյան
խմբագրել1991 թվականին ՀԱԲ-ի մի ջոկատի հետ որպես բուժքույր-մարտիկ Արցախ է մեկնել նաև Անահիտ Մարտիրոսյանը՝ միանալով Մարտակերտի շրջանի Մարաղա, Մաղավուզ, Կարմիրավան, Մեծ Շեն, Հոռաթաղ, Դրմբոն գյուղերի ազատագրական պայքարին, որի ընթացքում էլ մի քանի անգամ վիրավորել է։ 1992 թվականի ապրիլին Չլդրանի թեժ մարտերի ընթացքում գերի ընած 14 թուրքերի մեջ էր Ա. Մարտիրոսյանի դպրոցական ընկերը,որի մայրը հայ էր, իսկ նա եկել էր կռվելու հայերի դեմ։ Այդ մասին տեղեկանալով՝ հրամանատարը նրան՝ «ընկերոջը», հանձնել է Անահիտին։ Սակայն վերջինիս վրեժը մեծ էր. աչքի առաջ էր Սումգայիթում տանջամահ արված ընկերուհին։ Առանց վարանելու՝ նա իր ձեռքով սպանել է «դավաճանին»։ Այս դեպքերից հետո ստեղծվել է 28 հոգուց կազմված «Անահիտ» ջոկատը՝ Ա. Մարտիրոսյանի հրամանատարությամբ։ Նրա գլխավորությամբ ՝ ջոկատը, որի կազմում արցախցիների կողքին կռվում էին ռուս կամավորականներ, փառավոր մարտական ուղի է անցել։
Արևիկ Սարգսյան
խմբագրելԱրևիկ Սարգսյանը Չլդրան գյուղի գաղտնի կամավորական ջոկատի անդամ էր։ 1991 թվականի ամռանն արդեն գյուղում կազմակերպվել էին զինված գաղտնի ջոկատներ, որոնք ծածուկ են գործել՝ գիշերներըպաշտպանելով գյուղի դիրքերը։
1991 թվականի մայիսի 15-ին օմօնականները անձնագրային ստուգման պատրվակով ներխուժել են Չլդրան գյուղ։ Այդ օրերին շարժման ակտիվիստ Արևիկ Սարգսյանը աշխատել է գյուղի կապի հանգույցում։ Նրան հաջողվել է գիշերը համագյուղացիներին նախապես տեղյակ պահել օմօնականների մասին, ինչի արդյունքում գյուղի տղամարդիկ փրկվել են ձերբակալությունից։ Դեռևս 1988 թվականին հայրենի Չլդրան գյուղում աշխատանքի էր անցել որպես հեռախոսավարուհի ու միևնույն ժամանակ շարունակել էր մասնակցել Ստեփանակերտի ցույցերին, գաղտնի ստորագրահավաքին և թռուցիկների տարածմանը։
1988 թվականի մայիսին Հայաստանի առաջին հանրապետության տարեդարձին Ա. Սարգսյանի կազմակերպմամբ Չլդրանի գյուղխորհրդի շենքին ամրացվել է եռագույնը, որի համար նրան ձերբակալել են՝ մեղադրելով որպես ազգամիջյան տարաձայնություններ հրահրողի,ենթարկել են տնային կալանքի։ 1989 թվականին փախչելով տնային կալանքից՝ Ա. Սարգսյանը իր հայրենանպաստ գործունեությունը շարունակել է Ստեփանակերտում, որտեղ օգնություն հավաքելով՝ տեղափոխել է Գետաշեն, Շահումյան։ Հետագայում իր գործը շարունակել է ինքնապաշտպանական ուժերի շարքերում՝ մասնակից դառնալով մարտական մի շարք գործողությունների։ Ա. Սարգսյանը, ջոկատի հետ միշտ դիրքերում է եղել, իսկ ցերեկներն զբաղվել է զենք-զինամթերք ու սնունդ հայթայթելով։ Տարածքի շարժումը կազմակերպելու համար կցված էին Ստեփանակերտից Բեկորը (Աշոտ Ղուլյան), իսկ Մարտակերտից՝ Վիգեն Շիրինյանը։ Արևիկը եղել Կոմանդոսի ջոկատում թիկունքի պետ։ Ա. Սարգսյանը որպես զինվոր է դիմավորել հրադադարը, ծառայել է մինչև 1996 թվականը։
Լոլիտա Վարդանովա
խմբագրել1992 թվականին Լ. Վարդանյանը, Վեդիի պայմանագրային գումարտակի կազմում մեկնելով Արցախ, մասնակցել է Հորադիզի, Դրմբոնի, Մեծ Շենի, Հաթերքի, Սարսանգի ջրամբարի, Հակոբ Կամարիի մարտերին։ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին գումարտակը հերթական առաջադրանքն է ստացել Մարտակերտում։ Թշնամին ամրացել էր Հակոբ Կամարի գյուղի տարածքում։ 1994 թվականի հունվարին հայկական զորամիավորումները, կոորդինացնելով իրենց գործողությունները, ձեռնամուխ են եղել գյուղի ազատագրմանը, որի ընթացքում էլ Լ. Վարդանովան զոհվել է[12]։
Լիանա Մկրտումյան
խմբագրել1992 թվականին մտնելով Մարտակերտի պաշտպանական շրջան, անդամագրվել է Վլադիմիր Բալայանի ջոկատին։ Սկզբնական շրջանում մասնակցել է մարտական պատրաստության պարապմունքներին, իսկ արդեն հունիս-հուլիս ամիսներին կատարել առաջին մարտական առաջադրանքը՝ ջոկատի մշտական տեղակայման վայրից դուրս բերելով զենքն ու կապի միջոցները։ Մարտակերտի անկումից հետո ջոկատը հանգրվանել է «Զառին բաղ» կոչվող տեղամասում։ Լ. Մկրտումյանը դարձել է մարտական մեքենայի հրամանատար և մասնակցել Մարտակերտի, Աղաբեկալանջի, Մոխրաթաղի, Մեծշենի, Սիխավենդի, Կիչանի, Դրմբոնի, Օմարի լեռնանցքի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1993 թվականի սկզբներին Լ. Մկրտումյանը, տեղափոխվելով Վարդենիս, անդամագրվել է տեղի ջոկատին, որի հրամանատարան էր Հովսեփ Հովսեփյանը։
Անժելա Հակոբյան
խմբագրելԱնժելա Հակոբյանի մարտական ուղին սկսվել է Սևանի կամավորական ջոկատի հետ։ Մեհտիշենում օգնել է ջոկատի մարտիկներին, իսկ 1992 թվականին վերջնականապես դարձել է ջոկատի անդամ։ 1992 թվականի հունիսի 25-ին մեկնել է Հադրութի շրջան, մասնակցել Տող գյուղի ազատագրման և Սարիշենի պաշտանական մարտերին։ 1992 թվականի օգոստոսին ջոկատը մասնակցել է «Մահապարտների» մարտական գործողություններին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով[13]։
Շուշանիկ Թահմիզյան
խմբագրելԱնդամագրվելով արարատցի Էդիկ Կարապետյանի կազմած ջոկատին՝ Շուշանիկը մեկնել է Շուշի, որտեղ էլ ջոկատը ընդգրկվել է Վաչագան Իշխանյանի գնդի կազմում։ 1993 թվականի գարնանը սկսվել են Քարվաճառի ազատագրման գործողությունները, որին մասնակցել է նաև Շ. Թահմիզյանը։ Ապրիլին վերադարձել է Շուշի, այնուհետև մեկնել Մեծ Շենի դիրքերը։ Մարտից հետո Շ. Թահմիզյանը տեղափոխվել է Մավր Օհանյանի գումարտակ։ Հերթական ռազմական առաջադրանքը ստացել է 1993 թվականի սկզբին Մեծ Շենի դիրքերում, որից հետո 1993 թվականի հուլիսին մասնակցել է Աղդամի ազատագրական մարտերին, փրկել բազմաթիվ զինվորների։ Նա մասնակցել է նաև Ֆիզուլու խաչմերուկի գրավմանը։
Հեղինե (Ջեմմա) Հովհաննիսյան
խմբագրելԵրբ սկսվել է Արցախյան ազատամարտը, Հեղինեն վաճառել է զարդերը, տան արժեքավոր իրերը, հավաքած գումարով ջոկատ է կազմավորել, զինել, դարձել է ջոկատի հրամանատարը։ Արագաշարժության և ճարպկության համար նրան «Մաուգլի» են անվանել։ Նրա մարտական ուղին սկսվել է Երասխավանից և Տիգրանաշենից։ Մարտնչել է մինչև հրադադարը։ Երեք անգամ վիրավորվել է։ 1994 թվականի հունվարի 6-ին Մանվելի բրիգադը, որի կազմում էր Ջեմմայի վաշտը, հրաման է ստացել Մարտկաերտի ճակատից տեղափոխվելու Հորադիզ։ Սակայն թուրքերն անցել են լայնածավալ հարձակման։ Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում հայերը ստիպված են եղել նորից վերադառնալ իրենց նախկին դիրքերը, բայց գյուղն արդեն թշնամու ձեռքում էր։ Ջեմմայի վաշտը տեղ հասնելուն պես անմիջապես մարտի է բռնվել։ Համալրումն ուշացել է, իսկ թշնամին 40-50 մետր հեռավորության վրա էր։ Ջեմման դուրս է եկել խրամատից, քիչ առաջացել և մաքուր թուրքերենով երգել։ Ազերիները, չհասկանալով, թե ինչ է կատարվում, դադարեցրել են կրակը, և իրենք էլ միացել են նրա երգին, գովերգել «հայ խանումին»։ Այսպես շարունակվել է 30 րոպե, մինչև հասել է օգնությունը։ Ազերիները շատ թանկ են վճարել իրենց անզգուշության համար։
Նաիրա Սահակյան
խմբագրել1991 թվականին զինվորագրվելով «Աղբյուր Սերոբ» ջոկատին՝ Նաիրա Սահակյանը մեկնել է Արցախ՝ իր փոքրիկ աղջկան ու տղային թողնելով տատիկի խնամքին։ Նա մասնակից է դարձել Ասկերանի, Լաչինի շրջաններում ընթացող թեժ մարտերին։ Ջոկատի հետախույզների հետ մեկնել է թշնամու թիկունք, կատարել հրամանատարության առաջադրանքները,ճարպկության, անվախության, թշնամուն հմտորեն մոլորեցնելու կարողության համար ստացել էր «Սպիտակ աղվես» մականունը[14]։
Նվարդ Դադուրյան
խմբագրելՆոնան, երեխաների խնամքը թողնելով ծնողներին, Վահան գյուղի դիրքերում ցնցակաթվածի ենթարկվելով, դեռ չապաքինված՝ միացել է «Պուշկինյալ» բարձունքի համար մղվող մարտերին, որտեղ և նորից վիրավորվել է։ Սակայն անկոտրում կամքի և վճռականության շնորհիվ շարունակել է պայքարը որպես ջոկատի ավագ մարտիկ։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Արարատի (Երասխ), Իջևանի, Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (Սոֆլու), Ճամբարակի (Վահան, Արծվաշեն), Գորիսի (Կոռնիձոր), Նոյեմբերյանի, ապա ԼՂՀ Մարտակերտի, Լաչինի, Քարավաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Նունե Աթայան
խմբագրել՝Նունե Աթայանը 1992 թվականին զինվորագրվել է նորաստեղծ կենտրոնական պաշտպանական շրջան ու երբեք չչի լքել ազգային բանակը։ Ծառայության է անցել Ս. Հարությանի հրամանատարությամբ գործող 3-րդ գումարտակում։ Մարտական մկրտությունն ստացել է Վաղուհասի դիրքերում, այնուհետև շուրջ երեք ամիս մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ 1994 թվականի հունվարի 1-ին Ն. Աթայանն ստացել է ենթասպայի կոչում և նշանակվել գումարտակի սանիտարական մասի պետ։ Նա մասնակցել նաև վերջին մարտերին՝ Արծվաշեն (Սեյսուլան) և Գյուլուջա գյուղերի ազատագրմանը, իսկ հրադադարը դիմավորել է Կարմիրավան գյուղի մատույցներում։
Հայուհիները Ստեփանակերտի, Շուշիի և Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերում
խմբագրել1992 թվականին ադրբեջանցիների կողմից շարունակվում էր ԼՂՀ մայրաքաղաքի և հայկական գյուղերի ինտենսիվ հրետանային ռմբակոծությունը։ Հայ կամավորականների և հրամանատարների հնարամտությամբ կամքի ու անձնազոհության շնորհիվ դրանք հաջողությամբ են պսակվել, որից անմասն չէին նաև հայրենիքին նվիրյալ հայուհիները։
Ժաննա Գալստյան
խմբագրելԱրցախի ազգային հերոս Ժաննա Գալստյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 15-ին Ստեփանակերտում։ Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների և ստացել մայորի կոչում։ 2000, 2005 և 2010 թվականներին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 2007 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2004 թվականին նրան շնորհվել է «ՀՀ ժողովրդական արտիստի» կոչում։ Պարգևատրվել է ԼՂՀ մի շարք շքանշաններով։ Նա, սկսած Ստեփանակերտի հրապարակից, Շուշիից, Ջաբրայիլից մինչև Հորադիզ ու Մարտակերտի հյուսիսային տարածքների ազատագրումը, քայլել է առաջին շարքերում։ Երբ թուրքերը Ստեփանակերտից ընդամենը 20 կմ հեռավորության վրա էին, ու շատերը կապել էին ճամպրուկները, Ժ. Գալստյանը գիշեր-ցերեկ իր ժողովրդի հետ էր։ Եվ մարդիկ, միմյանց հուսադրելով, ասում էին՝ Ժաննան Ստեփանակերտում է, ուրեմն դեռ քաղաքը չեն հանձնի։
Անուշ Ավագյան
խմբագրելԱնուշ Ավագյանը 1991 թվականի ձմռանը միացել է Ստեփանակերտում Կարո Բաբայանի հրամանատարությամբ գործող ջոկատի կազմին և անմիջապես մասնակից դարձել Մարտունու շրջանի Ղարադաղլու (Վարանդա) գյուղի համար մղվող մարտերին։ Շուշիի ազատագրմանը մասնակցելուց հետո վաշտի հետ նա փառավոր ուղի է անցել՝ Լաչինի միջանցքի, Բերդաձորի ենթաշրջանի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների, Նախիջևանիկ և Փիրջամալ գյուղերի ազատագրական մարտեր, որտեղ և ծանր վիրավորվել է։ Բերդաձորի ենթաշրջանի Եղծահող, Մարտակերտի շրջանի Կիչան գյուղերի ինքնապաշտպանական մարտերին՝ 1993 թվականի հունվարի 15-ից համալրել է Շուշիի գումարտակի կազմը և միանալով հարձակողական գործողություններին՝ հակառակորդին մեծ կորուստներ պատճառել։ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի և ճանապարհին տեղակայված ամրություններն ու բարձունքները գրավելով՝ գումարտակը հասել է Վաղուհաս գյուղի մատույցներին։ Նախքան Վաղուհասի վրա գրոհելը հանկարձակի հրետակոծություն է սկսվել հակառակորդի կողմից, որի ժամանակ էլ Ա. Ավագյանը զոհվել է։
Հասմիկ Բաղդասարյան
խմբագրելԵրբ հայկական միացյալ ուժերը պատրաստվում էին Շուշիի ազատագրմանը, Հասմիկ Բաղդասարյանը երեք հարյուր հոգուց կազմված միավորման մեջ էր, որը ապրիլի 28-ից տեղավորվել էր Սղնախ գյուղում։ Հինգ բուժքույրերը՝ Հասմիկը, Լիդան, Ալվարդը, Գյուլնարան, Նաիրան միասին ապրել են ծղոտից պատրաստված տնակի մեջ, և սպասել վճռական գրոհին՝ նպատակ ունենալով ազատագրված տեսնել Շուշին։ Քաղաքի ազատագրումից հետո Հ. Բաղդասարյանը շարունակել է մարտական ուղին՝ մասնակցելով Ասկերանի, Մարտակերտի շրջանների ազատագրական պայքարին։ Հ. Բաղդասարյանը՝ ընկերուհու՝ Լիդիայի հետ միասին Չլդրանում 10 օրում 170 վիրավոր է հանել առաջին դիրքերից։ Բազում վտանգներից փրկելով և ողջ մնալով՝ նա զոհվել է Ստեփանակերտում հերթական ռմբակոծության ժամանակ՝ 1992 թվականի օգոստոսի 22-ին։
Մարինե Դուլյան
խմբագրելՄարինե Դուլյանը մարտական ընկերների շարքում հայտնի էր «Ղարաբաղի կոբրա» մականունով։ Տարբեր կամավորական ջոկատների շարքերում մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի, Հադրութի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին՝ հիմնականում կատարելով հետախուզական առաջադրանքներ։
Զուխրա Հայրապետյանը
խմբագրելՇուշիի ազատագրմանը մասնակից Զուխրա Հայրապետյանը Ստեփանակերտում ճանաչված էր դեռևս 1988 թվականից։ Մարտական մկրտությունը ստացել է 1991 թվականի նոյեմբերին՝ Կրկժանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Այնուհետև մասնակցել է Շուշիի, Մալիբեյլիի, Հացի գյուղի ինքնապաշտպանական մարտերին, ապա՝ Խոջալուի ազատագրման գործողություններին։ Զուխրա Հայրապետյանը պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Մանուշակ Սարգսյան
խմբագրել1992 թվականից Մանուշակ Սարգսյանը զինվորագրվել է Արցախյան ազատագրական պայքարին, մասնակցել Կարմիր շուկայի (1992,փետրվար-մարտ), Շուշիի (1992, մայիս) ազատագրման կռիվներին։ Արցախի ազատության ու անկախության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար Մ. Սարգսյանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1993), «Մարտական ծառայության համար» (2001) մեդալներով, ԼՂՀ պաշտպանության նախարարության պատվոգրով։
Մարինե Աղաջանյան
խմբագրել1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը։ Անդամագրվել է Բերդաձորի ինքնապաշտպանական ջոկատին, կատարել է ԲԻԽ-ի (Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ) կողմից տրված մարտական առաջադրանքները։ Բերդաձորի ենթաշրջանի ազգաբնակչությանը տեղում պահելու համար ԲԻԽ-ի առաջարկությամբ և ԼՂԻՄ ժողկրթության բաժնի համապատասխան հրամանագրով (05.09.1990) նշանակվել է Բերդաձորի նորաստեղծ մանկապարտեզի վարիչ։ 1991 թվականին՝ Բերդաձորի ենթաշրջանը ազերիների կողմից բռնի տեղահանվելուց հետո, Մ. Աղաջանյանը տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1992 թվականին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոնում, սկզբում՝ որպես ռադիոհեռախոսավար, այնուհետև՝ սանհրահանգիչ։ 1999 թվականին աշխատել է Ստեփանակերտի ՊՓԲԸ-ում որպես գործավար։ 2000 թվականից մինչ օրս ծառայում է ՊԲ թիվ 37221 զորամասում։ Եղել է գաղտնի գործավարության գործակալ, այնուհետև՝ համակարգչային կապի կենտրոնի պետ։ 2005 թվականին Մ. Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Մայրություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով, «Երկրապահ կամավորական միության» կողմից՝ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Կարինե Դանիելյան
խմբագրել1992 թվականին որպես կամավոր անդամագրվել է Շուշիի 8-րդ վաշտին (հետագայում՝ գունդ), մասնակցել է Շուշիի (Շռլան), Աղդամի (Բոյահմեդլի և այլն), Մարտակերտի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականի օգոստոսի 17-ին Կուբաթլուի Բաշառատ գյուղի մոտակայքում համառ մարտեր էին։ Գիշերը ազերիները անսպասելի հարձակման են անցել՝ կարևոր բարձունքը հետ գրավելու համար։ Կ. Դանիելյանը մարտում դիպուկահար էր, սանհրահանգիչ և բուժքույր։ Նա վիրավորվել է գլխից, ձեռքից, երկու ոտքից։ Վերքերը ծանր էին։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, չորս օր անց՝ Երևան։ Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1993), «Մարշալ Բաղրամյան» (1997), «Արիության համար» (2000) մեդալներով։
Մարգարիտ Սարգսյան
խմբագրել1993 թվականի ամռանը Շուշիի գունդը, որի կազմի մեջ էր կանանց գումարտակը՝ Վլադիմիր Ավագյանի հրամանատարությամբ, բազավորված Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում, մասնակցում էր Կուբաթլուի շրջանի ազատագրմանը։ 1993 թվականի օգոստոսի 18-ին Կուբաթլուի շրջանի Բաշառատ գյուղի համար մղվող մարտերում զոհվել է Մ. Սարգսյանը։ Նա հայտնի էր իր անվեհեր քաջությամբ և հմտավարժ դիպուկահարի անուն ուներ։ Նրա վերջին մարտը արյունալի էր և տևել է մեկ ժամ՝ 14 հայ մարտիկների հետ։ Շրջափակման մեջ հայտնվելով՝ Մ. Սարգսյանը նռնակ է պայթեցրել և ոչնչացրել հակառակորդի յոթ զինվորի։ Այդ մարտում 15 ազատամարտիկներից փրկվել են միայն երեքը։
Եվգենյա Առուստամյան
խմբագրել1992 թվականի օգոստոսի 20-ից ընդգրկվել է հայրենի հողը պաշտպանող կանանց և աղջիկների ջոկատում որպես դիպուկահար-մարտիկ։ Նրան են վստահել ջոկատի օպտիկական նշանառության երկու հրացաններից մեկը։ 1992-1994 թվականներին Շուշիի Պաշտպանական շրջանի զորամիավորման կազմում մասնակցել է Շուշիի (Շռլան), Քելբաջարի (Իփյակ), Մարտակերտի («Պուշկին- յալ» բարձունք), Կուբաթլուի (Բաշառատ), Աղդամի (Շահբուլախ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականի ապրիլից աղջիկների գումարտակը մտել է Վադոյի (Վլադիմիր Ավագյանի) գնդի կազմի մեջ։ Նույն թվականի օգոստոսի 24-ին՝ Կուբաթլուի ազատագրման ժամանակ, Ե. Առուստամյանը վիրավորվել է, տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց։ Վիրավորվելուց հետո, լինելով երկրորդ կարգի հաշմանդամ, քաջարի հայուհին չի լքել ռազմի դաշտը և մինչև 1996 թվականի ապրիլ ամիսը շարունակել է ծառայությունը Շուշիի գումարտակում։ Ե. Առուստամյանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2005), «Մարտական ծառայության համար» (2007), «Արիության համար» (2000) մարտական մեդալներով և «Հայաստանի երկրապահ» (2006) հուշամեդալով։
Անահիտ Թամրազյան
խմբագրել1992 թվականից Անահիտ Թամրազյանը զինվորագրվել Շուշիի 8-րդ վաշտին որպես բուժքույր։ Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել է Շուշիի գրավմանը։ 1993 թվականի հունվարին Ա. Թամրազյանը մասնակցել է Թազաքենդի, Եղծահողի մի շարք բարձունքների գրավմանը, մարտին՝ Քելբաջարի, հունիսին՝ Մարտակերտի, օգոստոսին՝ Կուբաթլուի, դեկ- տեմբերի վերջին և 1994 թվականի հունվարի սկզբին՝ Բոյախմեդալի, Սուֆլու գյուղերի մարտերին։ 1994 թվականի ապրիլի 13-ից մասնակցել է Կարմրավանի, Սեյսուլան, Կարմբան և այլ գյուղերի ուղղությամբ ընթացող ընդհանուր հարձակմանը, մարտնչել մինչև զինադադարը։ 1994-1995 թվականներին Ա. Թամրազյանը եղել է գումարտակի դեղատան վարիչ, այնուհետև՝ մինչև 1997 թվականը, ծառայել է հատուկ հետախուզական գնդում որպես բուժկետի վարիչ։ Հետախուզական գործողություններին մասնակցելու համար ստացել է լեյտենանտի սպայական կոչում։ Նա պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «Արիության համար» մարտական մեդալներով։
Վարդուհի Գևորգյան
խմբագրել1989 թվականին Վարդուհի Գևորգյանն առաջին անգամ տասը մարտիկներից կազմված ջոկատի կազմում ինքնաշեն զենքով մեկնել է Աղդամի հարևանությամբ գտնվող սահմանամերձ Փառուխ գյուղ և մինչև 1990 թվականը մնացել է դիրքերում։ 1991-1992 թվականներին մասնակցել է Կիչանի, Խաչենի, Ղազանչիի, Սրխավենդի, Օրթափայի, Բաշգունափլույի, Մարտակերտի հերթապահություններին ու մարտերին։
1992 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) թույլտվությամբ հավաքել է ութ աղջիկներից կազմված խումբ և սեպտեմբերից 8-րդ վաշտի (ապա՝ Շուշիի գնդի) հետ մասնակցել է Ֆինգայի, Սարիբաբի, Բյուլուղդուզի, Պեչենիսի, Թազաքենդի, 80-81 բարձունքի,Քելբաջարի, Փափրավանդի, Մեծ Թաղլարի, Խծաբերդի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Վ. Գևորգյանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մարտական մեդալով (2002), «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով (2000), «Արաբո» (2005) և «Երկրապահ» (2005) հուշամեդալներով։
Անահիտ Պետրոսյան
խմբագրելԱնահիտ Պետրոսյանը կամավոր զինվորագրվել է Շուշիի գնդի 8-րդ վաշտին։ 1992-1994 թվականներին տարբեր ջոկատների կազմում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Շուշիի (Շռլան), Լաչինի (Ֆինգա), Մարտակերտի (Կիչան, Ղազանչի, Սրխավենդ, Կարմրավան և այլն), Աղդամի (Ալիմադաթլի, Ալիօղլի և այլն), Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականի գարնանը Վադոյի գումարտակում մասնակցել է Կարմրավանի ուղղությամբ ընթացող ծանր մարտերին։
Կանանց վաշտը Քարինտակի հերոսամարտում
խմբագրելԿանանց վաշտը Շուշիի գնդի կազմում շարունակել է պայքարը և անցել ողջ պատերազմը։ Հետագայում այդ վաշտի հիման վրա ստեղծվել է 5-րդ գումարտակը։ Կանանց շարքերում ևս եղել են զոհեր։ Նրանց թվում էին՝ Ադելա Աբրահամյանը, Կամելա Պետրոսյանը և Նարինե Առաքելյանը։ Նրանք գյուղի ինքնապաշտպանական ուժերին միացել էին դեռևս այն ժամանակ, երբ գաղտնի գործում էր գյուղի կամավորական ջոկատը։ Նրանց մարտական ուղին անցավ հայրենի գյուղում՝ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հետ[15]։
Նարինե Առաքելյան
խմբագրել1991 թվականից ադրբեջանական հրոսակները հարձակվել են նաև Շուշիի հարևանությամբ գտնվող Քարինտակ գյուղի վրա։ Կազմակերպվել էր ինքնապաշտպանության ջոկատ, որի հրամանատարն էր Վաղինակ Առուշանյանը։ Այդ ջոկատի կազմում էին նաև Նարինեի երկու եղբայրները՝ Գրիշան և Գարիկը։ Շուտով նրանց է միացել նաև Նարինեն (Նանոն)։ 1992 թվականին 16-ամյա Նարինե Առաքելյանը ջոկատի շարքե- րում կատարել է կապավորի աշխատանք, միաժամանակ մարտական գործողությունների ընթացքում ազատամարտիկներին զենք-զինամթերք հասցրել։ Մարտական ընկերնեի վկայությամբ, երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Նարինե Առաքելյանը իր շան վրա կապելով է տեղափոխել զինամթերք, իսկ շան սպանվելուց հետո ինքն է զենք տեղափոխել։ Նարինեն զոհվել է 1992 թվականի հունվարի 26-ին[16]։
Քարինտակի հերոսամարտը ճակատագրական եղավ նաև Ադելա Աբրահամյանի և Կամելա Պետրոսյանի համար, որոնք հրետակոծությունից, գնդակոծությունից փրկվելուց հետո դարձել են առճակատման գագաթը դարձած հունվարի 26-ի դեպքերի մասնակիցը, որտեղ և զոհվել են։ Այդ օրը Ադրբեջանի պատմության մեջ մտել է «Արյունոտ ձոր» անվանումը, իսկ հայ նորագույն պատմության մեջ այն ամրագրվել է որպես «Քարինտակի հերոսամարտ»։
Կանայք Կենտրոնական պաշտպանական շրջանի կազմում
խմբագրելԿենտրոնական պաշտպանական շրջանի կազմում հայ կանայք մասնակցել են Արցախյան հերոսական պատմության կերտմանը։
Տանյա Առուստամյան
խմբագրել1991 թվականից ընդգրկվել է Արցախի ինքնապաշտպանության կամավորական ջոկատներում։ 1993 թվականից ԼՂՀ պաշտպանության բանակի բժշկական ծառայության ենթասպա է։ 1992-1997 թվականներին ծառայել է Ասկերանի գնդում, 1997-2000 թվականներին՝ Մարտակերտի հրաձգային դիվիզիայի վարչությունում։ 2000-2003 թվականներին եղել է Ասկերանի գնդի առաջին հրաձգային գումարտակի, 2003 թվականից՝ ԿՊՇ-ի առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ։ Տ. Առուստամյանը մասնակցել է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, վիրավոր ազատամարտիների բուժսպասարկման ու տարհանման աշխատանքներին։ Արժանացել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մարտական մեդալով (2000),«Շուշիի ազատագրման համար» (2003), «Արիության համար» (2004), «Անբասիր ծառայության համար» մեդալների, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալի, պատվոգրերի, ինչպես նաև հրամանատարության շնորհակալագրերի։ Հեղինակել է «Սուրբ գործին նվիրված փրկիչները» գիրքը (Ստեփանակերտ, 2006)։
Համալրելով Կենտրոնական պաշտպանական շրջանի տարբեր ստորաբաժանումներ՝ կանայք (Անյա Հակոբյան, Փերի Ղազարյան,Վալյա Մեհրաբյան, Արինա Գրիգորյան, Ալվարդ Բաղդասարյան, Էլյա Աղաջանյան, Լյուդմիլա Սարինյան, Էլմիրա Աղայան, Սվետլանա Գրիգորյան, Էլմիրա Առաքելյան, Ժենյա Հարությունյան, Գայանե Ավետիսյան, Աիդա Բադալովա, Մանյա Պետրոսյան, Մարինա Մարտիրոսյան, Մարինե Պետրոսյան, Կարինե Պետրոսյան, Անժելա Գալստյան, Լյուդմիլա Օվչարենկո, Լիանա Աբրահամյան, Ռայա Գիրգորյան, Վերա Թևոսյան, Անաիդա Աբրահամյան, Ստելլա Բադասյան, Սոնյա Մարտիրոսյան, Գոհար Դոնոմալյան և շատ ուրիշներ) ոչ միայն մասնակցեցին Ստեփանակերտի, Շուշիի, Լաչինի ռազմագործողություններին, այլև հյուսիսային ուղղությամբ կազմակերպված հակահարձակողական, Քելբաջարի հենակետի վնասազերծման, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի, Զանգելանի, Օմարի լեռնանցքի ռազմական գործողություններին։
Ստալինա Ասրյան
խմբագրելՍտալինա ասրյանը դարձել է Սամվել Հարությունյանի հրամանատարությամբ կազմավորված Կենտրոնական պաշտպանական շրջանի երրորդ գումարտակի բուժքույր։ 1992 թվականի սեպտեմբերից գումարտակն անցել է մարտական հանձնարարությունների կատարմանը. Դրմբոն, Չլդրան, Գյուլաթաղ, Վաղուհաս, Մանիքլու, Սեյսուլան, Ումուդլու, Ջանյաթաղ, Մաղավուզ, Հարությունյանագոմեր, Սարսանգ, Չափար, Տոնաշեն, Կուսապատ,Կիչան, Կոճաղուտ, Շուշիի շրջան, Լաչին։ 1992 թվականի հոկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղի համար մղվող մարտերում վիրավորվել է, նույն ամսի 30-ին վիրավորվել է երկրորդ անգամ։ Ապաքինվել է Դրմբոնի զինվորական հոսպիտալում, այնուհետև նորից շարք է վերադարձել։ 1993 թվականի մարտի 20-ին Ս. Ասրյանը զոհվել է Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում ականի պայթյունից։
Բուժաշխատողները Արցախի ռազմադաշտային հոսպիտալներում
խմբագրելԿին բուժաշխատողներն ու առհասարակ բուժանձնակազմը Ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ ունեցել են իրենց յուրահատուկ դերակատարումը։ Նրանցից շատերը կանգնած էին Արցախի ռազմաբժշկության ստեղծման ակունքներում։ 1992 թվականի հունվարին նախ ստեղծվել է կամավոր բուժաշխատողների խումբ (հիմնադիր՝ Վ. Մարության), այնուհետև կազմավորվեցին ռազմադաշտային շարժական հոսպիտալներ, որոնք հետևել են ինքնապաշտպանական ուժերին, իրագործել բուժօգնություն դաշտային պայմաններում։ Սկզբում կենտրոնական և շարժական հոսպիտալները համալրեցին Անժելա Հարությունյանը, Լիդա Աղաբեկյանը, Արևիկ Անդրյանը, Արմիդա Ավանեսյանը, Ալվարդ Բաղդասարյանը, Անժելա Գրիգորյանը, Անյուտա Թադևոսյանը, Ջուլիետա Խաչատրյանը, Գայանե Հայրապետյանը, Աիդա Ղուլյանը, Սուսաննա Մարգարյանը, Գայանե Տոնոյանը, Նաիրա Իսրայելյանը։ Պատերազմի թեժ օրերին կենտրոնական և շարժական հոսպիտալների բուժաշխատողների շարքերը շարունակվում էին կանանց (Ռոզա Դադայան, Օֆելյա Սարգսյան, Ֆլորա Հակոբջանյան, Ժենյա Առուստամյան, Թամարա Դանիելյան, Էմմա Աբրահամյան, Ջուլիետա Հայրիյան, Գայանե Տոնոյան, Ռայա Գրիգորյան, Ռայա Դանիելյան, Վեհանուշ Այվազյան)[17] հաշվին մեծանալ։ Մարտական գործողությունների ամենավճռական ու թեժ պահերին նրանց մասնակցությամբ դաշտային հոսպիտալներում կատարվում էին բարդ վիրահատություններ։ Նրանց անմիջական մասնակցությամբ ստեղծվել են երեք բաժանմունքներ՝ վերակենդանացման, վիրահատման, վիրակապման։
Անժելա Հարությունյան
խմբագրելՎերակենդանացման բաժանմունքի ավագ քույր Անժելա Հարությունյանը վիրավորվել է 1992 թվականի օգոստոսին՝ Չլդրան գյուղում տեղակայված ռազմադաշտային հոսպիտալի հրթիռակոծման ժամանակ։ Սակայն ոչինչ հետ չի պահել նրան իր ընտրած ուղուց։ Շարունակելով մնալ պայքարի առաջնագծում, անցնելով պատերազմի հորձանուտով՝ հաղթանակի բերկրանքը վայելել է ռազմադաշտային հոսպիտալում։
Հասմիկ Բաբաջանյան
խմբագրելՀասմիկ Բաբաջանյանը ծառայել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում՝ զբաղեցնելով ադմինիստրատիվ բնույթի տարբեր պաշտոններ։ 2017 թվականի փետրվարից կրկին անցնելով զինվորական ծառայության՝ այժմ էլ աշխատում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ որպես համագործակցության գծով սպա։ Իր ստորաբաժանման հետ միասին բազմիցս մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպվող զորավարժությունների՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։ 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում կատարել է մոբիլիզացիայով ներկայացած անձանց հաշվառում և համակարգել դրանից բխող աշխատանքները։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ից անձնակազմի հետ մեկնել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ՝ տեղի ամբուլատորիա։ Պատերազմի օրերի, անձնակազմի կատարած աշխատանքի և փրկված կյանքերի մասին ներկայացրել է «Իշխանաձորի վերջին մայրամուտը» գրքում[18]։ Պարգևատրվել է "Անբասիր ծառայության համար" առաջին, երկրորդ աստիճանների գերատեսչական և «Մարտական ծառայության համար» պետական մեդալներով։
Ասկերանի պաշտպանական շրջանի հերոսուհիներ
խմբագրելՇուշանիկ Աբրահամյան
խմբագրելՇուշանիկ Աբրահամյանը 1988 թվականի փետրվարից ակտիվորեն մասնակցել է ազգային-ազատագրական շարժմանը։ Իգոր Մուրադյանի հետ ստեղծել է «Միացում» կազմակերպությունը, տեղափոխվել է Արցախ՝ կարգավորելու կազմակերպության գործունեությունը։ 1988 թվականի հունիսից Սլավիկ Հայրապետյանի հետ բնակություն են հաստատել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում, ստեղծել են ինքնապաշտպանական ջոկատ, Երևանից զենք ու զինամթերք տեղափոխել Արցախ։ Շ. Աբրահամյանը միաժամանակ կապավոր էր, մարտիկ և բուժքույր։ 1992 թվականի մայիսին սկսվել է Շուշիի ազատագրումը։ Ջոկատը տեղակայվել է Կարյագյաֆ-Ջանհասան ուղղության վրա՝ պաշտպանելու գրոհողների թիկունքը։ Այստեղ էլ կատարվել է նվիրյալ մարտիկի երազանքներից մեկը. Ղազանչեցոց եկեղեցում վառել է 1988 թվականից այդ օրվա համար պահած մոմերը։ Շուշիի ազատագրումից հետո Շ. Աբրահամյանը տեղափոխվել է Ստեփանակերտ և մինչև սեպտեմբեր մնացել Արկադի Կարապետյանի ջոկատում։ 1993 թվականի սեպտեմբերին նա գտնվել է Մարտակերտում, որտեղ էլ սկսվել է մեծ նահանջը մինչև Դրմբոն։ Ջոկատները զրկվել են ընդհանուր հսկողությունից։ Շ. Աբրահամյանը վերադարձել է Ստեփանակերտ։
Թամարա Նազարյան
խմբագրել1991 թվականի հոկտեմբերին թշնամին հայտնվել է Ասկերանի շրջանի Արանզամին գյուղում, որի ինքնապաշտանական ջոկատում էր նաև Թամարա Նազարյանը։ Այդ օրերին Թ. Նազարյանը վիրավորվել է քունքից, սակայն մարտի դաշտից չի հեռացել։ Մինչև 1992 թվականը Թ. Նազարյանը տարբեր ջոկատների կազմում մասնակցել է Գյուլափլու, Կուրոպատկինո, Մուղանլու և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին և իր հայրենանվեր գործունեության շնորհիվ արժանացել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մ. Մելքոնյանի գովեստին։ 1992 թվականի սեպտեմբերից Թ. Նազարյանը մարտական ուղին շարունակել է Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում և մասնակցել Մուղանլուի, Ամիրանլարի, Նախիջևանիկի, Ավդալի, Շելլի, Գյուլափլուի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։ Հերթական անգամ վիրավորվել է 1994 թվականի հունվարին 13-ին Աթափլու գյուղի համար մղվող մարտերում, իսկ հրադադարը դիմավորել է ռազմի դաշտում։
Երբ թշնամին մտել է իր հայրենի՝ Ասկերանի Արազնամին գյուղ, Թ. Նազարյանն առաջինն է զենքով դուրս եկել նրա դեմ՝ օրինակել ծառայելով շատերին։ Վիրավորվել է, բայց չի հեռացել մարտադաշտից։ Ինքնապաշտպանական ջոկատները միավորվել են՝ Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ։ Ազերի թուրքերը գրոհել են Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն Թ. Նազարյանը, տեղանքին քաջածանոթ լինելով, շրջափակումից փրկել է հայ ազատամարտիկներին և շարունակել մասնակցել մարտական գործողություններին։
Քանաքարա Ղարայան
խմբագրել1992 թվականին միանալով Խնձորեստան գյուղի ինքնապաշտանական ջոկատին՝ կատարել էր բուժքրոջ պարտականություն՝ միաժամանակ պահակետերում հերթապահելով։ Կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի՝ Քարագլուխ, Խոջալու, Քյաթուկ և այլ գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հունիսի 13-ին Քարագլուխ գյուղի պաշտպանության մարտերում հրետակոծության հետևանքով։
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղը հաճախակի է ենթարկվել հարձակումների, իսկ օրեցօր ուժեղացող ընդհարումներին դիմակայելու համար ջո- կատին անհրաժեշտ էր զենք-զինամթերք։ Ջոկատի կազմում ընդգրկված կանայք (Ժենյա Գաբրիելյան, Ծովիկ Սիմոնյան,Ռոզիկ Գաբրիելյան) սննդամթերք, զինամթերք մատակարարելուց, վիրավորներին օգնություն ցուցաբերելուց, հեռախոսակապը շրջկենտրոնի՝ Ասկերանի և Ստեփանակարտի հետ ապահովելուց բացի, մասնակցել են հերթապահությանը՝ կատարելով մարտական առաջադրանքները։
Զինաիդա Գրիգորյան
խմբագրել1992 թվականին թեժ մարտեր են ընթացել, որի ընթացքում Զ. Գրիգորյանը վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո նորից միացել է գյուղի ինքնապաշտպաններին։ Հերթական հարձակումը գյու- ղի վրա տեղի է ունեցել Շուշիի ազատագրման հաջորդ օրը։ Ադրբեջանցիները ամբողջ կատաղությամբ հարձակվել են Սառնաղբյուր գյուղի վրա։ Գյուղը հայտնվել է կրակի օղակի մեջ։ Չնայած ուժերի անհավասարությանը՝ գյուղը դիմադրել է 3-5 ժամ, այնուհետև գյուղ մտած զինտեխնիկան սկսել է հրդեհել տներ, ինչը ստիպել է գյուղացիներին հեռանալ։ Այդ օրերին հարևան Արանզամին գյուղից 11 կին գերի էր տարվել։ Նրանցից մեկին ազատել էին՝ գերիների փոխանակման հարցում բանակցություններ վարելու նպատակով, սակայն դա տեղի չի ունեցել։ Գերությունից ազատված կինը վկայել է, որ ադրբեջանցիներից լսել է, թե կանանցից մեկը դիմադրել է իրենց, և նա զինված էր ու նույնիսկ ադրբեջանցի է սպանել։
Լիդա Աղաբեկյան
խմբագրելԱրցախյան շարժման սկզբից Լ. Աղաբեկյանը մասնակցել է ԼՂՀ ռազմական բուժծառայության հիմնադիր Վալերի Մարությանի ստեղծած բժշկական բրիգադների աշխատանքներին։ 1991-1994 թվականներին ռազմաճակատի առաջին գծում՝ Տող-Սարինշեն-Շուշի-Լաչին ուղղությամբ և Մարտակերտի, Քելբաջարի, Ջաբրայիլի, Ֆիզուլու, Աղդամի շրջաններում մասնակցել է մարտական գործողություններին, վիրավորների տարհանման աշխատանքներին, Շուշի քաղաքի և Հադրութի շրջանի գյուղերի ազատագրմանը։ 2001 թվականից Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր Լ. Աղաբեկյանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «Անբասիր ծառայության համար 1-ին և 2-րդ աստիճանի»,«Մարտական ծառայության» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, ինչպես նաև կառավարական այլ պարգևներով։ Նա Արցախում անցկացված «Լավագույն բուժքույր» մրցույթի հաղթող է, իսկ Երևանում գրավել է երկրորդ տեղը։
Սվետլանա Հովսեփյան
խմբագրելՍվետլանա Հովսեփյանը 1992 թվականին զինվորագրվել է և ծառայել որպես Չորրորդ պաշտպանական շրջանի դեղատան պետ (34153 զորամաս), միաժամանակ՝ դաշտային հոսպիտալի վիրահատման քույր։ Մասնակցել է Ասկերանի շրջանի պաշտպանական բոլոր մարտերին՝ Քարագլուխ, Ալի-Աղալու, Ջինի, Խրամորթ(1992), Ուղտի մեջք, Շելլի, Խդռլու(1993), Աղդամ-Գյոռուտու ուղղությամբ կռիվներին (1993, հունիս-հուլիս), Աղդամի հարակից գյուղերի կրակակետերի ոչնչացմանը, Շիրվանլու (1994, մարտ), Կարակաշլու հատվածում՝ Սումա Գյուլուջա գյուղի կրակակետերի ոչնչացմանը (1994, ապրիլի), գնդի մարտիկների հետ եղել է Քարվաճառում(1994)։ 1993 թվականին ստացել է ենթասպայի կոչում, պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1993), «Մարտական ծառայության համար» (2004) մեդալներով, «Հայաստանի երկրապահ» (2006) հուշամեդալով, ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ հուշամեդալով[19]
Էլմիրա Աղայան
խմբագրելԷլմիրա Աղայանը 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը։ 1988-1992 թվականներին մարտնչել է Սամվել և Կարեն Բաբայանների կազմավորած կամավորական ջոկատներում։ 1991-1992 թվականներին նշանակվել է 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի, 1992 -2001 թվականներին՝ թիվ 46492(ԿՊՇ)զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ։ Այդ տարիներին մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին․ Հադրութ, Մարտունի, Ջանհասան, Մալիբեյլու, Խոջալու, Շուշի, Լաչին, Նախիջևանիկ, Աղդամ, Մարտակերտ, Քելբաջար, Հորադիզ, Ֆիզուլի,Ջաբրայիլ[19]։
Արևհատ Մարտիրոսյան
խմբագրելԱրևհատ Մարտիրոսյանը (Մորքուր), սկզբում մտնելով Հայոց ազգային բանակ (ՀԱԲ), ծառայությունը շարունակել է «Մխիթար սպարապետ», ապա՝ Արաբկիրի շրջանի կամավորական ջոկատների շարքերում։ Նրա ուսերին էր ջոկատին սննդով ու զինամթերքով ապահովելու, վիրավորներին խնամելու, թիկունք հասցնելու հոգսերը։ Այդ ամենի հետ նա նաև դիրքերում հերթապահել է։ Համալրելով հայկական ուժերը՝ 1988-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Գորիսի, ապա Արցախի Հանրապետության Ասկերանի, Լաչինի, այնուհետև՝ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
4-րդ պաշտպանական շրջանի շարքերն են համալրել նաև Ասկերանի կամավորական ուժերի «Մայիս» (Գալյա Գյուրջյան, Լորետա Գյուրջյան), Բալուջա (Վալյա Վանեսյան, Զոյա Դանիելյան), Փրջամալ (Նոյեմզար Սարաջյան), Խրամորթ (Լենա Շամիրյան) ջոկատների կանայք, որոնք պատերազմի ողջ ընթացքում մասնակցել են Ասկերանի շրջանի ռազմագործողություններին։
Կարինե Աղեկյան
խմբագրելԿարինե Աղեկյանը զինվորագրվել ու մեկնել է Իջևանի շրջան, որտեղ բախումներ էին սկսվել։ Առաջին մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվել է, սակայն մնացել է ընկերների կողքին։ Գորիս-Կապան մայրուղու ապահովության և պաշտպանության համար ընտանիքով մեկնել և մշտական բնակություն է հաստատել ազատագրված Կուրտկալախ գյուղում։
1992 թվականի դեկտեմբերի 10-ին Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ մասնակցել է Սեյթազի գրոհին։ Թեժ մարտերի ընթացքում գլխից վիրավորվել է։ Նույն թվականի մայիսի 2-ի լուսաբացին՝ ուժեղ հրետակոծությունից հետո, ազերիները հարձակվել են Կուրտկալախ գյուղի ուղղությամբ։ Ռմբակոծության է ենթարկվել Կարինեի տունը։ Հրամանատարի պնդմամբ նա վերցրել է աղջիկներին և վերադարձել Երևան։ Կարճ ժամանակ անց, մեծ քանակությամբ զենք,զինամթերք ու սնունդ հայթայթելով, կրկին մեկնել է Արցախ։
1993 թվականի մարտին 20-ին մասնակցել է Շուռնուխի «Գազի պոստը» հետ գրավելու մարտական գործողությանը։ 1993 թվականի ամռանը նա իր երեք աղջիկների ու մոր հետ բնակություն է հաստատել նոր ազատագրված Քաշաթաղի (Լաչին) շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղում, մասնակցել է Կուբաթլուի և Զանգելանի շրջանների համար մղվող ազատագրական մարտերին։ 1994 թվականին մասնակցել է Հորադիզի մարտերին, նորից վիրավորվել է, հրաժարվել դաշտային հոսպիտալում բուժվելուց։ 1996 թվականի օգոստոսի 31-ին զորացրվել է և վերադարձել Աղավնո գյուղ։
Հայուհիները Արցախյան պայքարի մարդասիրական կազմակեպություններում
խմբագրելԳոյապայքարի տարիներին հարյուրավոր կանայք կատարում էին նաև հասարակական-քաղաքական լայն աշխատանքներ, որոնց գործունեությունը նվիրված էր երկրի պաշտպանությանը։ Արցախի համար դժվարին օրերին ծնվեցին «Գթություն», «Հիշատակ», «Մայրություն» հիմնադրամներն ու մարդասիրական կազմակերպությունները, որոնց նախաձեռնողները հիմնականում կանայք էին։ Այդ կազմակերպությունները օգնություն էին ցուցաbերում հաշմանդամներին, որբ երեխաներին, կարիքավոր ընտանիքներին, փախստականներին։
«Գթություն»
խմբագրելԿին- խորհրդի նախաձեռնությամր «Գթություն» բարեգործական միությունը և «Մայրություն» հիմնադրամը կազմակերպում էր կանանց, որոնք գործում էին գուլպաներ և ուղարկում ազատամարտիկներին, ինչպես նաև կատարում մի շարք հասարակական աշխատանքներ։
«Մայրություն»
խմբագրելԱրցախյան շարժման ու պայքարի կիզակետում՝ 1988 թվականի մայիսի 25-ին, բանաստեղծուհի Մարո Մարգարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում ստեղծված «Մայրություն» կազմակերպությունը ձեռնամուխ է եղել բարեգործական աշխատանքների իրականացման և կանանց համախմբման գործին՝ ազատագրական պայքարին նվիրված քարոզչական աշխատանքներ կատարելու համար։ Հիմնադրամի ստեղծումով Արցախում ձևավորվել է կանանց շարժում։ Կազմակերպության նշանաբանն էր «Գթասրտություն՝ առանց սահմանի»:
Ազատագրական շարժման հենց առաջին օրվանից կազմակերպությունը դարձել էր քաղաքական շտաբ՝ ազգային ինքնորոշման իրավունքի, մարդու, մոր և մանկան համար մղվող պայքարում։ Կազմակերպությունը ինքնապաշտպանական ջոկատներին օգնել է ոչ միայն սննդով, դեղամիջոցներով, դոնորական գործով, այլև խնամք է իրականացրել հոսպիտալներում։ Հաշմանդամներին, որբ երեխաներին, անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելուց բացի՝ հիմնադրամը Արցախի կանանցից պատգամավորական խմբեր է գործուղել տարբեր երկրներ՝ տեղերում հավաքներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել Ադրբեջանից բռնագաղթվածների ընդունման աշխատանքներին։
«Մայրություն» հիմնադրամի պատվիրակները, 1992 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած կանանց միջազգային հանձնաժողովի նիստին մանրազնին ներկայացնելով Արցախում տիրող ծանր վիճակը, աշխարհի կանանց միջազգային կազմակերպությունից պահանջել են կոնկրետ գործարար մասնակցություն ցուցաբերել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հետագայում «Մայրություն» բարեգործական կազմակերպությունը ստեղծեց «Մարտական երախտագիտության Արցախի քաջորդիներին» մեդալը, որի առաջին հանձնումը տեղի է ունեցել 1993 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրության տարեդարձի օրը։
«Արցախ» հայրենակցական միություն
խմբագրել«Արցախ» հայրենակցականի կին անդամները իրենց հրապարակախոսություններում, հոդվածներում, հարցազրույցներում հանգամանալից պարզաբանել են հիմնախնդիրը, այն ներկայացրել միջազգային հանրությանը և նպաստել դրա միջազգայնացմանը։ Միության հետ համագործակցում էին Ելենա Բոները, Գալինա Ստարովոյտովան, Քերոլայն Քոքսը, Ցվետանա Պասկալևան, ով հաճախ հայրենակցականի աջակցությամբ նկարահանումներ էր կատարում Արցախում։ Ընդհանրապես քիչ թիվ չէին կազմում «Արցախ» հայրենակցականի կին անդամները։ Պատերազմի տարիներին միության կանայք հատկապես շատ աշխատանքներ էին տանում վիրավոր ազատամարտիկներին, բռնագաղթածներին և փախստականներին օգնություն ցույց տալու գործում։
Միության քարտուղար Լարիսա Ալավերդյանը գործուն մասնակցություն է ունեցել փախստականների տեղաբաշխման օրենսդրական, կազմակերպչական, տեխնիկական և մարդասիրական խնդիրների ապահովման, հակամարտության իրավական և քաղաքական մոտեցումների փաստաթղթերի պատրաստման ու տարածման, պատանդների, ռազմագերիների փոխանակման աշխատանքներին։
․․․Մեր նորօրյա Ավարայրի՝Արցախի ազգային -ազատագրական պայքարի դրոշ պարզած մահապարտ պարմանուհիները՝ Նազիկ Ամիրյանը, Ստալինա Ասրյանը, Ժաննա Գալստյանը, Կարինե Դանիելյանը, Ռուզաննա Եսայանը, Նաիրա Սահակյանը և ուրիշներ...Նրանք հարյուրներ են, բյուր են։ Նրանք կրողն են մեր աստվածուհիների՝ Անահիտի մայրական հոգատարության, Աստղիկի գեղեցկության ու սիրո շռայլության, Նանեի իմաստության։ Խոնարհվենք նրանց, ովքեր արյան գնով կռեցին նոր Հայաստանի ազատ ու անկախ ապագան, նրանց, ովքեր շարունակում են ապրել, սիրել ու արարել, կրթել ու դաստիարակել, դարմանել…, անառիկ պահել մեր սահմանները։ Նրանց բոլորին անուն առ անուն[20]։ - Արկադի Տեր-Թադևոսյան(Կոմանդոս)
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրությունը,Երևան,1997,էջ 10։
- ↑ Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախ 1917-2000, հ. Գ, էջ 17։
- ↑ Բեգլարյան Հ., Արցախ-Նամե, Ղարաբաղյան շարժում, գիրք Գ, Ստեփանակերտ,2006, էջ 89։
- ↑ Ավանեսյան Ի., Կանանց մասնակցությունը Արցախյան գոյապայքարում (1988-1994), ատենախոսություն, Երևան, 2015
- ↑ Կինը և զինված հակամարտությունը.Պատերազմը Ղարաբաղում, Երևան, 2000, էջ96։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1, ց. 87, գ. 11, թ. 25:
- ↑ «Республика Армения», Ереван, 29.09.1991
- ↑ Ավանեսյան Ի., նշվ. ատենախոսությունը, էջ 96։
- ↑ Վարդումյան Հ., Կին ազատամարտիկներ, էջ 40։
- ↑ Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 138
- ↑ Ջանիկյան Գ., Մահապարտները, Երևան, 2002, էջ 39։
- ↑ Վարդումյան Հ., նշվ. աշխ., էջ 193։
- ↑ Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 182։
- ↑ Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 206։
- ↑ Արցախապատում, գիրք 3, Քարինտակի հերոսամարտը, 2013, էջ 39
- ↑ Վարդումյան Հ.,նշվ. աշխ.,էջ30-31։
- ↑ Մարտիկ», 20 մայիսի, N 10, Ստեփանակերտ, 2009։
- ↑ Հասմիկ Բաբաջանյանի գրքի մասին [1] կայքում
- ↑ 19,0 19,1 Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 145։
- ↑ Հայուհիներ, հանրագիտարան երկու հատորով, հ. 1, էջ 136։
Գրականություն
խմբագրել- Էդիկ Մինասյան Հայ հերոսուհի կանայք Արխիվացված 2021-07-10 Wayback Machine,Երևան, 2016
- «Պատերազմն ու կինը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- Հայրենիքը պաշտպանելու համար հերոսամարտի տարիներին Արցախ էին մեկնել 200 կանայք. վերհիշում է կին ազատակարտիկը armenpress
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արցախյան պատերազմում կանանց դերակատարությունը մեծ էր.կին ազատամարտիկ Աիդա Սերոբյան» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.