Հաշիշամոլություն, թմրամոլության ձև, երբ մարդու օրգանիզմն ընտելանում է հաշիշին։ Վերջինս օգտագործվում է առանձին կամ սննդի և ըմպելիքների հետ։ Ամենատարածվածը ծխախոտի հետ ծխելն է, երբ հաշիշի ազդեցությունն զգացվում է անմիջապես, նկատվում է բերանի չորություն, ծարավի ու քաղցի զգացում, հազ, կոկորդում՝ այրոց։ Դեմքը և աչքերը կարմրում են, բիբերը՝ լայնանում, զարկերակային ճնշումը բարձրանում է, պուլսն ու շնչառությունը՝ արագանում։ Հաշիշային սուր հարբածության վիճակը կարող է սկսվել վախի ու տագնապի երևույթներով ու շուտով փոխարինվել տրամադրության բարձրացմամբ ու անհոգությամբ, հաճախ՝ ուղեկցվել չպատճառաբանված ու անզուսպ ծիծաղով, մտքերի արագ հոսքով ու հոգեշարժական գրգռվածությամբ՝ երբեմն հասնելով ագրեսիվ վարքի։ Մուր հարբածությունն ավելի խորանալիս առաշ են գալիս գունեղ, ֆանտաստիկ երազանքներով ու ցնորապատրանքային զգայախաբություններով ուղեկցվող անուրջային վիճակներ, ինչպես նաև անձի ու շրշապատի, ժամանակի ու տարածության ընկալման խանգարումներ, որոնք կարող են տևել 1—3 ժամ, ապա հաջորդում է անտարբերության շրջան։ Վերջինս հաճախ ուղեկցվում է մելամաղձոտության ու քնկոտության երևույթներով և ավարտվում անհանգիստ, երկարատև քնով։ Երբեմն, հաշիշի նույնիսկ միանվագ գործածման դեպքում առաջանում են նյարդահոգեկան սուր խանգարումներ, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև օրեր ու շաբաթներ։ Նման ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն հաշիշային թունավորման աստիճանով, այլև օրգանիզմի ու նյարդային համակարգի անհատական առանձնահատկություններով։ Հաշիշի նկատմամբ հակումը շատ արագ է զարգանում և, ի տարբերություն թմրամոլության մյուս ձևերի, հաշիշամոլությունը առաջացնում է միայն հոգեկան կախվածություն (հոգեկան բավականություն)։

Հաշիշի օգտագործում (ուսումնական տեսանյութ)

Թմրամոլության քաղցի (աբստինենցիա) վիճակը հաշիշամոլության դեպքում թույլ է արտահայտված, սակայն ունի մի վտանգավոր հատկություն՝ հաշիշամոլությամբ տառապողը հակվում է այլ թմրանյութեր գործածելուն (բազմաթմրամոլություն)։ Հաշիշամոլությունը առաջացնում է ֆիզիկական վիճակի և նյարդա-հոգեկան ոլորտի մի շարք փոփոխություններ։ Հաշիշամոլն աստիճանաբար սկսում է հյուծվել, հանդես են գալիս սրտի խփոցներ, ցավեր, այրոց ստամոքսի շրջանում, գերհոգնածություն, գւխացավ, քնի խանգարում, ցրվածություն։ Միաժամանակ փոխվում են բնավորության գծերը, աչքի են զարնում կոպտությունը, հանդգնությունը, աֆեկտիվ անկայունությունը, չարությունն ու անպատկառությունը։ Առավել հաճախ նկատվում են մոլուցքային, մելամաղձոտության, շիզոֆրենիանման, նևրոզանման ևն վիճակներ։

Հաշիշամուլությունը տարածված է հատկապես Մերձավոր Արևելքում, Ամերիկայում, Հարավային Ասիայում և Աֆրիկայի որոշ երկրներում։

Բուժումը

խմբագրել

Հիվանդանոցային պայմաններում՝ օրգանիզմը թունազերծող, ամրապնդող, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ՝ ապանիկոտինացնող (լոբելին, լոբեսիլ, մետրոնիդոզոլ) մեթոդի կիրառմամբ, որի հիմքում ընկած է ծխախոտամոլության ստերեոտիպը խախտելու երևույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 237