Հաստ աղիքների բորբոքում
Հաստ աղիքների բորբոքում, կոլիտ (լատին․՝ colitis, < հունարեն՝ kolon - Հաստ աղիք և հունարեն՝ itis - բորբոքում), ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ և այլն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով և այլն)։ Հաստ աղիքների բորբոքում կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային՝ ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում։ Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա-խոցային բորբոքում։ Հաստ աղիքների բորբոքում լինում է սուր և քրոնիկական։ Սուր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սպաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ տնքոցներ, ջերմության բարձրացում։ Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում՝ լորձա-արյունային։ Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական։ Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3—4 անգամ) և փորկապություն, երբեմն որովայնի փքվածություն, գազերի կուտակում։
Հաստ աղիքների բորբոքում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Colitis Վիքիպահեստում |
Ախտորոշումը
խմբագրելՌենտգենաբանական, աղեդիտման և կղանքի լաբորատոր հետազոտությունների տվյալներով։
Բուժումը
խմբագրելՍուր ընթացքի և քրոնիկականի սրացման ժամանակ՝ 1—2 Օր քաղց և կիսաքաղց, այնուհետև սպիտակուցային կամ ածխաջրատային դիետա, մանրացած, շոգեխաշած լիարժեք սնունդ։ Ինֆեկցիոն բորբոքման դեպքում հակամանրէային և հակամակաբուծական դեղամիջոցներ, ուղիղ և սիգմայաձև աղիքները բորբոքվելիս՝ բուժիչ հոգնաներ։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ և առողջարանային բուժում, ծանր խոցայինի ժամանակ՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգելումը՝ ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների և մարսողության խանգարումների կանխում և ժամանակին բուժում, սննդի ճիշտ ռեժիմի կազմակերպում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստ աղիքների բորբոքում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 255)։ |