Հարականջագեղձի բորբոքում
Հարականջագեղձի բորբոքում, հարականջային թքագեղձի բորբոքում։ Լինում է ոչ համաճարակային և համաճարակային։
Սուր, ոչ համաճարակայինը նկատվում է վարակիչ հիվանդություններից (տիֆ, դիզենտերիա) և ծանր վիրահատումներից հետո։ Առաջանում է նաև տեղական պատճառներից, թքաքարերի, թքածորանների մեջ օտար մարմինների առկայության, թքագեղձի հարակից հյուսվածքների բորբոքային պրոցեսների, վնասվածքների, բերանաբորբերի դեպքերում։ Հիվանդությունն սկսվում է գեղձի ցավերով, ուռածությամբ, պնդացմամբ, բերանի չորության զգացումով։ Նկատվում է ստորին ծնոտի շարժումների սահմանափակում, ջերմության բարձրացում՝ 38-ից 39 °C։ Հնարավոր բարդությունները, թարախակույտի առաջացում, գեղձի մեռուկացում, դիմային նյարդի բորբոքում, թքային խուղակներ։ Երբեմն հիվանդության ընթացքը կարող է վերածվել քրոնիկականի։ Բուժումը չգրգռող դիետա, մեծ այտուցների դեպքում 1-2-րդ օրը նշանակում են 0,1%-անոց ատրոպինի լուծույթ (թքահոսությունը պակասեցնելու նպատակով), ՈԻԲՏ թերապիա, կոմպրեսներ գեղձի շրջանում, հակաբիոտիկների ներարկումներ, 3-4-րդ օրը՝ թքահոսությունն արագացնող միջոցներ (աղաթթվային պիլոկարպին), թարախակույտի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 277)։ |