Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա

Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա (կամ Պատանդառություն ՕՊԵԿ-ի գլխավոր գրասենյակում), ահաբեկչական գործողություն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որի թիրախը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ-ի) կենտրոնակայանն էր։ Համարվում է 1970-ական թվականների ամենաաղմկահարույց ահաբեկչական գործողություններից մեկը, որը կազմակերպել էր հայտնի միջազգային ահաբեկիչ Իլիչ Սանչես Ռամիրեսը։ Գործողությունը տևել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ից 23-ը[1][2]։

Հարձակում ՕՊԵԿ-ի գլխավոր շտաբի վրա
ՏեսակԶինված հարձակում, պատանդառություն
ԵրկիրԱվստրիա
Գրոհի վայրՕՊԵԿ կենտրոնակայան,
(Վիեննա, Ավստրիա)
ՏեղադրանքՎիեննա
Գրոհի նպատակՊաղեստինյան խնդրի բարձրաձայնում,
աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի
ՏարեթիվԴեկտեմբերի 21, 1975 - դեկտեմբերի 23, 1975
Զենք2 ինքնաձիգ,
8 ատրճանակ,
ձեռքի 8 նռնակ,
մոտ 20 կգ պայթուցիկ
Զոհվածներ3
Ահաբեկիչների քանակ6
ԿազմակերպիչներԻլիչ Սանչես Ռամիրես
Հանց-Յոհիմ Կլայն
Պատանդներ70, այդ թվում՝ ՕՊԵԿ անդամ երկրների 11 նախարարներ և կենտրոնակայանում գտնվող այլ անձինք

Գործողության նպատակ ու խնդիրները, նախապատրաստություն

խմբագրել

Ահաբեկչության թիրախը եղել է Վիեննայում տեղակայված Նավթ արտահանող երկրների կազմակերպության կենտրոնակայանը։ Գործողության կազմակերպիչներն ու կատարողները նպատակ են ունեցել պատանդառել ՕՊԵԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով կենտրոնակայան ժամանած նախարարներին։ Այնուհետև նախատեսվում էր պատանդների հետ գնալ երկարատև քարոզչական ճանապարհորդության։ Նախատեսվում էր պատանդառու նախարարներից յուրաքանչյուրին ազատ արձակել իր երկրի տարածքում այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայն կկարդա պատրաստված հրովարտակի տեքստը ի աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի։ Ահաբեկիչները զինված էին բավականին լավ. իրենց զինանոցում ունեին երկու ինքնաձիգ, ութ ատրճանակ, ձեռքի ութ նռնակ և մոտ 20 կգ պայթուցիկ[2][3]։

Ահաբեկչական գործողության անմիջական ղեկավարում ստանձնել էին փորձառու ահաբեկիչներ Իլիչ Սանչես Ռամիրեսը (հայտնի է նաև «Կառլոս Շնագայլ») և Հանց-Յոհիմ Կլայնը[4]։ Ահաբեկչական գործողության նախապատրաստությունը տևել է մի քանի շաբաթ։ Կլայնը անձամբ իրականացնում էր Կառլ-Լյուգեր-Ռինգ փողոցում գտնվող հարձակման թիրախի դիտարկում։ Նրա կատարած լուսանկարների հիման վրա կազմվում է կենտրոնակայանի հարձակման նախագիծը[2]։

Հարձակում

խմբագրել

1975 թվականի դեկտեմբերի 21-ին Կառլոս Շնագայլի և Կլայնի գլխավորությամբ վեց հոգանոց խումբը մտնում է ՕՊԵԿ-ի շենք։ Շենքը հսկող պահնորդները առանց ստուգման նրանց ներս թողեցին մոտավորապես առավոտյան ժամը 11-ին։ Հարձակվողները զենքն ու պայթուցիկը թաքցրել էին պայուսակներում։ Կենտրոնակայանի սրահում Կառլոսը պայուսակից հանում է ինքնաձիգը, սակայն Անտոն Տիհլեր անունով ոստիկանը կարողանում է նրա ձեռքից վերցնել զենքը։ Հարձակվողների խմբի կին անդամներից մեկը՝ «Նադա» մականունով Գաբրիել Տիդեման-Կրյոհերը, գնդակահարում է Տիհլերին:Այնուհետև ահաբեկիչները վերելակով բարձրանում են շենքի այն հարկը, որտեղ տեղի էր ունենում ՕՊԵԿ անդամ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ նիստը։ Ներխուժելով սրահ՝ Կառլոսը սկսեց անկանոն կրակ բացել, իսկ նրա համախոհները սկսեցին փայտյա դռների մոտ պայթուցիչների տեղադրումը։ Կառլոսի արձակած կրակոցներից սպանվեցին լիբիական պատվիրակության մի քանի անդամներ և վիրավորվեց իրաքյան թիկնապահ։ Այդ ընթացքում Կլայնը հսկում էր ընդունարանը։ Նա կրակում է քարտուղարուհու հեռախոսի վրա այն բանից հետո, երբ վերջինս հասցրել էր զանգահարել ոստիկանություն[2]։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացում, որի հետևանքով Կլայնը վիրավորում է ստանում։ Նրան տեղափոխում են Վիեննայի հիվանդանոց։ ՏՀիվանդանոց տեղափոխման ընթացքում լրագրողներից մեկը կարողանում է լուսանկարել նրան, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պարզել նրա ինքնությունը։ Ահաբեկչական խմբի մնացած անդամները փակվում են նիստերի դահլիճում և սկսում բանակցություններ։ Նրանց ներկայացրած պահանջներից էր լիցքավորված ինքնաթիռի տրամադրումը, Կլայնին բժշկական օգնության տրամադրումը և, ի աջակցություն Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի, տարբեր երկրներում ելույթ ունենալու հնարավորության ընձեռումը։ Ավստրիական իշխանությունները, որոնք հայտնվել էին անելանելի իրավիճակում, համաձայնվեցին ահաբեկիչների պահանջների հետ[2]։

Հաջորդ օրը առավոտյան՝ դեկտեմբերի 22-ին, ահաբեկիչները բաց թողեցին պատանդների մի մասին, իսկ մյուսներին, այդ թվում՝ 11 նախարարների, նստեցրեցին ինքնաթիռ՝ թռչելով Ալժիր։ Ինքնաթիռում էր գտնվում նաև հրազենային վիրավորում ստացած Կլայնը։ Ալժիրում պատանդառուները ազատ արձակեցին բոլոր ոչ արաբ պատանդներին, իսկ Կլայնին ուղարկեցին տեղի հիվանդանոց։ Այնուհետև ինքնաթիռով թռչեցին Լիբիա, սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադարձան Ալժիր։ Այստեղ փրկագնի դիմաց ազատ արձակեցին մնացած բոլոր պատանդներին։ Ստացված գումարով ահաբեկչության իրականացնողները փախան Մերձավոր Արևելք։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով նրանց փախուստը հնարավոր չէր իրականացնել առանց Լիբիայի և անձամբ Մուամմար ալ-Կադդաֆիի աջակցության[3]։

Այնուամենայնիվ, Կառլոսի Շակալի կարծիքով գործողությունը ձախողվեց, քանի որ իրենց գլխավոր նպատակին չհասան։

Խմբի անդամների հետագա ճակատագիր

խմբագրել

1988 թվականին Կլայնը հանձնվում է Գերմանիայի իշխանություններին և սեպտեմբերի 8-ին ձերբակալվում։ 1994 թվականի օգոստոսի 15-ին ֆրանսիական գործակալի կողմից Սուդանի մայրաքաղաք Խարթումում ձերբակալվում է Կառլոս Շակալը։ 1997 թվականի դեկտեմբերին ֆրանսիական դատարանը Կառլոսին դատապարտում է ցմահ ազատազրկման[5]։ 2001 թվականին Կլայնը ազատազրկվում է 9 տարի ժամկետով։ Նադան արդարացվում է բավարար ապացույցների բացակայության շնորհիվ և մահանում 1995 թվականին։ 2009 թվականի մարտին Կլայնը համաներումով ազատ է արձակվում[6]։

Իրադարձության արտացոլումը մշակույթում

խմբագրել

Պատանդառության գործողությունները, բացի քաղաքական հետևանքներից, իրենց արտացոլումն են գտել նաև մշակույթում։ 1997 թվականին նկարահանված «The Assignment» ֆիլմում նկարագրված են այդ իրադարձության որոշ դրվագներ[7]։ 2010 թվականին ռեժիսիոր Օլիվե Ասայան նկարահանում է այդ իրադարձության ամբողջական պատկերը նկարագրող «Կառլոս» ֆիլմը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել