Հեմիագնոսիա
Հեմիագնոսիա կամ միակողմանի տարածական անտեսում (անգլ.՝ unilateral spatial neglect), նյարդաբանական խանգարում, որը բնութագրվում է սեփական մարմնի կամ տեսողական դաշտի մի կեսի անտեսմամբ։ Հիմնականում առաջանում է ուղեղի գագաթային բլթի միակողմանի (առավելապես աջակողմյան) վնասվածքի դեպքում։ Բավականին հաճախակի հանդիպող երևույթ է. նկատվում է գլխուղեղի աջ կիսագնդի կաթված ստացած անձանց 2/3-ի մոտ։ Երբեմն ուղեկցվում է անոզոգնոսիայիով՝ սեփական հիվանդությունը գիտակցելու անընդունակությամբ[1]։
Հեմիագնոսիա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և Նյարդահոգեբանություն |
ՀՄԴ-9 | 781.8 |
Hemispatial neglect Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ նկարագրվել է 1874 թ. Ջոն Հյուգլինգս-Ջեքսոնի կողմից։ Գլխուղեղի աջ կիսագնդի գագաթային բլթի դերը հեմիագնոսիայի առաջացման մեջ առաջին անգամ հստակ ձևակերպվել է 1940-ականներին՝ Ալան Պատերսոնի և Օլիվեր Զանգվիլի կողմից[2]։
Բնութագիր
խմբագրելՀեմիագնոսիայով տառապող անձինք մասամբ կամ ամբողջովին անտեսում են վնասված կիսագնդի հակառակ կողմում գտնվող տեսողական դաշտը կամ մարմնի համապատասխան կեսը։ Սա հիմնականում վերաբերում է ձախ տեսադաշտին և մարմնի ձախ կեսին, քանի որ այս երևույթը առավելապես նկատվում է աջակողմյան կաթվածից հետո։ Այս փաստը զարմանալի չէ՝ հաշվի առնելով տարածական պատկերացման, ընկալման և հիշողության մեջ աջ կիսագնդի կատարած դերը։ Հետաքրքրական է նաև հիշողության տարածական անտեսումը։ Երբ հիվանդներին խնդրում են հիշել և նկարագրել ծանոթ մի վայր, օրինակ քաղաքի հրապարակը, շատերը նկարագրում են վերջինիս աջ կողմը միայն։ Մտովի շրջվելու և առաջադրանքը կրկնելու դեպքում նորից նկարագրում են այն ամենը, ինչ գտնվում է աջ կողմում՝ անտեսելով քիչ առաջ նկարագրված առարկաները, որոնք այժմ գտնվում են «ձախ տեսադաշտում»։ Հեմիագնոսիան չունի միասնական բնութագիր. այն տարբեր կերպ է արտահայտվում առանձին հիվանդների մոտ և կենցաղի տարբեր ոլորտներում։ Որոշ հիվանդներ դժվարանում են կարդալ, քանի որ ընկալում են տեքստի բացառապես աջ կողմը։ Նույն երևույթը նկատվում է նաև գրելիս։ Անտեսում են սեփական մարմնի ձախ հատվածը, ինչն ակնբախ է հագնվելիս, սափրվելիս կամ սանրվելիս, երբ «մոռանում են» խնամել մարմնի համապատասխան մասը։
Բուժում
խմբագրելԳոյություն ունեն հեմիագնոսիան մեղմելու մի շարք թերապևտիկ միջոցներ։ Օրինակ, կարելի է ձախ տեսադաշտն ավելի ուշագրավ դարձնել խթանիչների օգնությամբ. մեծ կարմիր կետը, հնարավոր է, շեղի հիվանդի ուշադրությունը դեպի ձախ տեսադաշտ։ Երբեմն կիրառվում է նաև վեստիբուլյար խթանում, որի դեպքում համապատասխանաբար սառը կամ տաք ջուր են լցնում հիվանդի ականջի մեջ։ Արդյունքում հայացքն ավտոմատ ուղղվում է դեպի ձախ կողմ։ Այս եղանակը, սակայն, երկարաժամկետ ազդեցություն չունի և բավական տհաճ է։ Օգտագործվում են նաև հատուկ ակնոցներ, որոնց աջ տեսողական դաշտը փակված է՝ այսպիսով հիվանդներին ստիպելով ուշադրությունն ուղղել ձախ կողմին։
Ամենաարդյունավետ միջոցներից համարվում է պրիզմային ադապտացիան։ Պրիզմաների միջոցով փոխվում է աջ ու ձախ տեսադաշտերի սահմանը՝ ձախ տեսադաշտի մի մասը տեղափոխելով դեպի աջ։
Այս դեպում հիվանդն առանց դժվարության նկատում է այդտեղ դրված առարկաները, սակայն չի կարող դիպչել դրանց, քանի որ իրականում վերջիններս գտնվում են թվացյալ դիրքից ավելի ձախ։ Այս գործընթացը մի քանի անգամ կրկնելու դեպքում հիվանդը «հասկանում է», որ առարկային դիպչելու համար պետք է «մուտք գործել» ձախ տարածական դաշտ։ Ակնոցը հանելուց հետո առողջ մարդկանց մոտ ադապտացիայի ազդեցությունը շատ արագ վերանում է, մինչդեռ հեմիագնոսիայով տառապող անձանց մոտ այն երկարաժամկետ ազդեցություն է թողնում և հիվանդների ուշադրությունն աստիճանաբար սևեռում ձախ կողմին [1]:
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելՀեմիագնոսիա առաջանում է աջ գագաթային բլթի ստորին հատվածի, ինչպես նաև քունքային բլթին հարող շրջանի վնասումից։ Ստորին ճակատային բլթի ախտահարումը ևս հանգեցնում է հեմիագնոսիայի, սակայն այս դեպքում այն վաղանցիկ է, եթե այլ հատվածներ վնասված չեն։ Եթե կաթվածն առաջանում է միջին ուղեղային զարկերակի վնասումից, հիմնականում տուժում են և ճակատային, և գագաթային բլթերը՝ հանգեցնելով ծանր և երկարաժամկետ խանգարման։ Հեմիագնոսիան չպետք է շփոթել հեմիանոպսիայի հետ, քանի որ զգայական ուղիները հիմնականում վնասված չեն լինում։ Այդուհանդերձ, հնարավոր է, որ երկու խանգարումները հանդես գան միաժամանակ[2]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ A Parton, P Malhotra, M Husain (2004). Hemispatial neglect. In J Neurol Neurosurg Psychiatry 2004;75:13-21, Retrieved: 10.19.15, Web: http://jnnp.bmj.com/content/75/1/13.full.
- ↑ Kolb, B./Whishaw, Ian W.: An Introduction to Brain and Behavior, Third Edition, Worth Publishers, New York., 390.