Գեղագիտության ազգային կենտրոն

Մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոն

Գեղագիտության ազգային կենտրոն (ԳԱԿ), հիմնադրվել է 1978 թվականին Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով՝ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի հիման վրա[1]։

Գեղագիտության ազգային կենտրոն
Տեսակարվեստի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԱբովյան փողոց
Պատկանում էՀայաստանի կրթության և գիտության նախարարություն
ՀասցեԱբովյան 13
Հիմնադրվել է1978
ՀիմնադիրՀենրիկ Իգիթյան
ՏնօրենՎահան Բադալյան
Կայքnca.am
Քարտեզ
Քարտեզ

Կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ։

Կենտրոնում գործում է Մանկական ստեղծագործության թանգարանը, «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» ստորաբաժանումը իր բազմաթիվ արվեստանոցներով, երկու թատրոններ՝ «Փոքր թատրոնը» և «Մետրո» թատրոն-ստուդիան, մանկական ֆիլհարմոնիան իր պարի ստուդիայով և «Գորանի» համույթով, ինչպես նաև ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցը։ Կենտրոնը ունի նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեղրիում, Սևանում և Գորիսում։

Պատմություն

խմբագրել
 
Հենրիկ Իգիթյանը և Ժաննա Աղամիրյանը Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի բացման արարողության ժամանակ

1970թ․ մարտի 13-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ հետագայում վերանվանվելով Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի։ Հիմնադիրները արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ մանկավարժ Ժաննա Աղամիրյանն էին։ Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում։ Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն։

Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը, որն ի սկզբանե որպես պատկերասրահ բացվեց մի փոքրիկ ցուցահանդեսով, հետագայում ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։ Թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։

Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։

Ստեղծման առաջին իսկ օրից Կենտրոնը դարձավ հայ մանուկների և պատանիների՝ արվեստի բոլոր ճյուղերին և, ընդհանուր առմամբ, մշակույթին մերձենալու, նրանց ստեղծագործական շնորհքն ու նախասիրությունները բացահայտելու և զարգացնելու կառույց։ Իր մարզային մասնաճյուղերի հետ միասին այն երկար տարիներ միակն էլ մնաց։ Այս Կենտրոնում ուսանած և կրթված սաներից շատերը երեկվա և այսօրվա Հայաստանի մշակութային ու մտավորական դաշտի ներկայացուցիչներ են։

Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել լայնախոհ ու բարձրակարգ արվեստագետ-դասավանդողներ, վարպետներ և մշակույթի ու արվեստի գործիչներ։ Ի սկզբանե Կենտրոնը կտրականապես հրաժարվել է բոլոր դոգմատիկ մեթոդաբանական ձեռնարկներից և ծրագրերից, որոնք ոչ մի աղերս չունեին երեխաների և իրական արվեստի հետ։ Կառույցը ծնվել և շարունակում է ապրել որպես մի փորձարարական լաբորատորիա՝ իրականացնելով իր բարձր հոգևոր առաքելությունը։

Ունենալով մանկական գեղագիտական կենտրոնի ուղղվածություն՝ Կենտրոնի առաքելությունը մշտապես եղել է կրթամշակութային դասավանդման միջոցով հայ մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նրանց ստեղծագործական հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, արվեստասեր և ստեղծագործող սերունդներ դաստիարակելու գործընթացին, մանկական ստեղծագործունեության դաշտում միջազգային կապերի հաստատմանը նպաստելը։

Գեղագիտության ազգային կենտրոնի ներքո գործում են՝

  • ԳԱԿ թանգարանը,
  • «Փոքր Թատրոնը»,
  • Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնը
  • «Մետրո» թատրոն-ստուդիան,
  • Մանկական ֆիլհարմոնիան,
  • Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը
  • Արվեստանոցները։

Մանկական ստեղծագործության թանգարան

խմբագրել

Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից[2]։ Մշտական ցուցադրությունը ներկայացված է երեք անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Գործում է նաև ցուցահանդեսային սրահը։

Թանգարանի առաջին տնօրեն է եղել մանկավարժ Ժաննա Աղամիրյանը։ Ներկայիս տնօրեն՝ Արմենուհի Հարությունյան։

Թանգարանը գտնվում է Աբովյան 13 հասցեում։

Կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ ստորաբաժանում

խմբագրել

Ստորաբաժանումում գործում են մի շարք արվեստանոցներ՝ գեղանկարչություն, ասեղնագործություն, բատիկ, գեղանկարչություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, օրիգամի, կարպետագործություն, տիկնիկների պատրաստում։ ԳԱԿ-ի ողջ պատմության ընթացքում ստորաբաժանումը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդեսներ, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և նախագծեր, որոնք կրում են կրթական և դաստիարակչական բնույթ։ Սաների հետ աշխատում են հատուկ ընտրված, բարձր պրոֆեսիոնալ ունակություններով և հմուտ մանկավարժա-հոգեբանական հատկություններով օժտված դասավանդողներ։ Ուսումնա-ստեղծագործական գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ։ Ստորաբաժանման ակտիվ գործընթացի արդյունքում կազմակերպվել են ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, ԱՄՆ, Ուկրաինա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա և այլն)։

Արվեստանոցները գործում են Բայրոն և Սարյան փողոցներում, ինչպես նաև Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող ԳԱԿ-ի ստուդիայում։

Թատրոններ

խմբագրել

Գակ-ի կազմի մեջ ներգրավված են «Փոքր թատրոնը» (Աբովյան 13) և «Մետրո» թատրոն-ստուդիան (Գարեգին Նժդեհի հրապարակ)։

Փոքր թատրոն

խմբագրել

ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը Հայաստանի ամենաերիտասարդ և նորարարական թատերախմբերից մեկն է։ Թատրոնը հիմնադրվել է որպես դրամատիկական ստուդիա Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ՝ Վահան Բադալյանի կողմից մոտ 20 տարի առաջ։ Թատրոնի առաքելությունն է՝ ստեղծել հնարավորություն անկախ, ստեղծագործական աշխատանքի համար և ծառայել որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հարթակ թատերական արվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար։ Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ի արվեստագետները հավատարիմ մնացին այնպիսի եզակի ներկայացումների ստեղծմանը, որոնք փառաբանում են մարդկային երևակայության ուժը և թատերական արվեստի ազդեցությունը կյանքի վրա։ Թատրոնը առժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի` «Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելյայի ստվերների թատրոնը» (2008 թ.) և «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.) ներկայացումների համար։ ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կատարողական արվեստի փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ներկայացումները ցուցադրվել են հետևյալ երկրներում՝ Երևան/Հայաստան, Ռուդոլստատ/Գերմանիա, Մոսկվա/Ռուսաստան, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա / Իտալիա, Ֆելդկիրչ/Ավստրիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա Մարիտիմա/Իտալիա, Լինգեն/Գերմանիա, Լյուբլյանա /Սլովենիա, Բանոնե/Իտալիա, Բոստոն/ԱՄՆ, Սալեռնո/Իտալիա, Պիզա/Իտալիա, Միլան/Իտալիա, Ալմաթի/Ղազախստան, Պապա/Հունգարիա, Վենետիկ/Իտալիա, Թուլուզ/Ֆրանսիա, Գլազգո/Մեծ Բրիտանիա։ Թատրոնի խաղացանկում են հետևյալ ներկայացումները՝ «Օդիլ», «Օֆելյայի Ստվերների Թատրոնը», «Խելագարի հիշատակարանը», «Պիերո», «SHAKEspeare», «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Թատրոնում ստեղծվել է Հայաստանում առաջին ներառական պարային խումբը, որտեղ ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող արվեստագետներ։ Նախագիծը ականավոր Candoco Dance Company-ի հետ համատեղ աշխատանքի հետևանք է։ Բեմադրվել է 2 ներկայացում՝ Ne Me Quitte Pas /Մի լքիր ինձ և Կարոտահար/Hiraeth: Բեմադրությունը իրականացվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում։

2006 թվականից սկսած ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը հաջողությամբ համագործակցում է մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների և հաստատությունների հետ` կազմակերպելով համատեղ վարպետության դասեր։ Այս գործընկերների հետ համատեղ թատրոնը նաև արտերկրի ուսանողների համար ստեղծում է պրակտիկա անցնելու հնարավորություն և բեմադրում համատեղ ներկայացումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Ամենահաջողված համագործակցություններից մեկն է 2008 թ-ին Իտալիայի մշակութային «Versiliadanza» ասոցիացիայի (գեղարվեստական ղեկավար `Անժելա Թորրիանի Եվանգելիստա) հետ, որի արդյունքում ստեղծվեցին երկու ներկայացումներ՝ «7-րդ զգայարան» (2009 թ.) և SDD-Shakespeare Dead Dreams (2015 թ.) Թատրոնում նաև գործում է Փոքր թատրոն-ստուդիան, որտեղ 5-17 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն։ Երեխաներից շատերը հետագայում ընդգրկվում են թատրոնի տարբեր ներկայացումերում։ Դասերի ընթացքում երեխաներն ուսումնասիրում են դերասանական հմտություն, բեմական խոսք, բեմական շարժում և դասական պարեր։

«Մետրո» թատրոն-ստուդիա

խմբագրել

Հիմնադրվել է 1992 թվականին։ Թատրոնի բեմում հանդես են եկել թատերական աշխարհի հայտնի դեմքեր։ «Մետրո» թատրոնի խաղացանքում ընդգրկված են ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար։ Ստուդիան հաճախակի մասնակցում է տարբեր թատերական փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի։ Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան» ըստ Թումանյանի հեքիաթների և այլն։

Ֆիլհարմոնիա

խմբագրել
 
«Գորանի» համույթ

Մանկական Ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1981 թ. Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր` զարգացնել մանուկների երաժշտական և պարային դաստիարակության գործը։ Ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության ողջ տարածքում, Խորհրդային Միության հանրապետություններում։ Նրանցից շատերը հայ ինքնատիպ արվեստը ներկայացրել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլն։

«Գորանի» համույթը գործում է 1981 թ.-ից։ Համույթի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է հայտնի երաժիշտ-ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը, իսկ պարուսույցն ու պարային մասի ղեկավարն է հայ պարարվեստի հանրապետության լավագույն մասնագետների գործի շարունակող, մանկավարժ Գագիկ Ավետիսյանը, ներկայումս պարային ստուդիայի տնօրեն։ Համույթը ներկայացնում է Հայոց պատմական շրջանների և գավառների ավանդական երգն ու պարը։ Խումբը համերգային գործունեությանը զուգահեռ մասնակցել է հանրապետական և միութենական փառատոների և ֆորումների՝ արժանացել բազում պատվոգրերի և մրցանակների, դափնեկրի կոչման։

Իր հերթին, պարարվեստի ստուդիայի դասավանդման հիմքում ընկած է ազգային պարը։ Այսօր ստուդիայում ավանդական պարի կողքին զարգանում են պարային նոր ձևեր, յուրացվում են թատերական արվեստի սկզբունքներ։ Ստուդիայի հիմքի վրա ստեղծվել է պարային թատրոն, որի միջոցով հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի ազգային մշակույթի առանձնահատկությունները։

2012 թ.-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ պատրաստվեց ծրագիր` «Գրականությունը և պարը» խորագրով։ Հիմք ընդունվեց Հենրիկ Իգիթյանի կողմից կազմված Հովհաննես Թումանյանի հեքիաթների` կենտրոնի երեխաների կողմից պատկերազարդված գիրքը։ Բեմադրվեց «Շունն ու կատուն», «Ուլիկը», «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», իսկ «Չարի վերջը» հեքիաթը բեմադրվեց որպես մյուզիքլ, որտեղ սաների հետ միասին հանդես եկան նաև պարուսույցները։

Երաժշտական դպրոց

խմբագրել

Ազգային Նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1982 թ.-ին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Այդ տարիներին դպրոցում ստեղծվել է «Տկզար» հնագույն նվագարանների անսամբլը։ Դպրոցում, որը իր բնույթով մինչ այսօր էլ հանրապետությունում միակն է, գործում են ազգային նվագարանների հետևյալ բաժիններ՝ դուդուկ, շվի, զուռնա, պկու, սրինգ, թառ, ուդ, քամանչա, քանոն, սանթուր, դհոլ, ժողովրդական երգ, ժողովրդական պար։ Դպրցը մասնակցում է բազմաթիվ հանրապետական մրցույթների՝ գրավելով լավագույն տեղեր։

Երաժշտական դպրոցի տնօրենն է՝ Նարինե Պրուտյանը։

Միջոցառումներ

խմբագրել

ԳԱԿ-ում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, իրականացնում են թեմատիկ նախագծեր, որոնցից մի քանիսը կրում են ամենամյա բնույթ։ Շուրջ ութ տարի է ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնի հետ համատեղ իրակականցվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն տարբեր խորագրերով։ Փառատոնի ավարտից հետո ամեն տարի լույս է տեսնում եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքների պատկերագիրքը։ Ավանդական է դարձել նաև Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացվող Սբ.Սարգսի տոնին նվիրված ամենամյա ցուցահանդեսը, որի արդյունքում նույնպես իրականացվում էր պատկերագրքի տպագրում։

Տպագրված գրքեր

խմբագրել

Կենտրոնը հրատարակել է սաների կողմից պատկերազարդված հետևյալ գրքերը՝ «Կենաց ծառ», 1995 թ., «Ֆուձիյամայից Արարատ», 1997 թ., «Հայկական հեքիաթներ», 1999 թ., «Եղիցի լույս» (չորս լեզվով), 2001 թ., «Աստվածաշունչ», 2002 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 2004 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Նաիրի Զարյանի, 2006 թ., «Հովհաննես Թումանյան, Հայկական հեքիաթներ» (անգլերեն, 2006 թ.),«Հեքիաթների կախարդական աշխարհը» (ռուսերեն, 2007 թ.)։

Նաև, տպագրվել են մի շարք պատկերագրքեր, ստեղծված միասնական նախագծերի հիման վրա, դրանք են՝ «Ճապոնիան հայ երեխաների աչքերով», 2011 թ., «Տիեզերք», 2012 թ., «Հենրիկ Իգիթյան, Մոլորակ ստեղծողը», 2012 թ., «Սիրո ուժն է անհաղթ», 2012-2016 թթ., «Քարթլիի թագուհի Շուշանիկը», 2015 թ., Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի պատկերագրքեր, 2011-2017 թթ., և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մանկական պատկերասրահի ստեղծման հրամանը. Հայաստանի ազգային արխիվ: Երքաղժողկրթբաժին. 1972 դեկտեմբերի 31. էջ 90.
  2. Микаелян, К. (10/215, 1975). «Детская картинная галерея в Ереване». Декоративное искусство СССР.

Արտաքին հղումներ

խմբագրել