Հիդեակի Աննո (ճապ.՝ 庵野秀明, մայիսի 22, 1960(1960-05-22)[1][2], Ուբե, Յամագուտի), անիմեների և կինոնկարների ճապոնացի ռեժիսոր։ Ագնոստիկ է և բուսակեր[11]։ Ամուսնացած է մանգաների հեղինակ Մոյոկո Աննոյի հետ (ճապ.՝ モヨコ)[12]: Աննոյի բեմադրած ստեղծագործությունները տարբերվում են հույզերի փոխանցման կենսունակությամբ և իրատեսությամբ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Neon Genesis Evangelion» (ճապ.՝ 新世紀エヴァンゲリオン) սերիալն է։

Հիդեակի Աննո
Ծննդյան թիվ՝մայիսի 22, 1960(1960-05-22)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր՝Ուբե, Յամագուտի
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, երգերի հեղինակ, գործադիր տնօրեն և սեյու
Պարգևներ՝
IMDb։ID 0030417
khara.weblogs.jp/hideakianno/

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Ընտանիքն ապրել է Ուբա արդյունաբերական քաղաքում, որտեղ գործարաններն արտադրում էին քիմիկատներ, պողպատ և բետոն, և կար օդի աղտոտման խնդիր։ Հայրը հաշմանդամ էր. 16 տարեկանում ստացել է ձախ ոտքի լուրջ վնասվածք՝ անտառափողի վրա էլեկտրական սղոցի հետ աշխատելու ժամանակ, որից հետո ազդրից ներքև պրոթեզ է կրել, և քայլելու հետ կապված խնդիրների պատճառով երկար ժամանակ նստել է տանը, այնուհետև դարձել է դերձակ և աշխատել արհեստանոցում։ Վիրահատվել է տեղի հիվանդանոցում, սակայն վիրաբույժն անփութություն է ցուցաբերել։ Երիտասարդ Հիդեակին հաճախ է տեսել մաշկի տակից ցցված և ցավ պատճառող որսկորների ծայրերը, քանի որ արհեստական ոտքը չէր համապատասխանում ոտքին։ Աննոյի հայրը մելանխոլիկ էր, հաճախ էր բողոքում կնոջը. «Ես ոչ մեկին չէի պարտվի, եթե երկու ոտքերս առողջ լինեին»։ Եթե որդին ինչ-որ բան այն չէր անում, հայրը դաժան ծեծի էր ենթարկում նրան։ Երբեմն մայրը օգնության էր հասնում և պաշտպանում հարվածներից։ Հայրն Աննոյին նաև ասել է այն, ինչ ասում են անցանկալի երեխային. «ավելի լավ կլիներ, որ դու չլինեիր»։

Երբ Հիդեակին ավագ դասարաններում էր սովորում, շուկայում հայտնվել են ոչ թանկ պատրաստի հագուստներ, ուստի հայրն արդեն չէր կարողանում բավարար գումար վաստակել արհեստանոցում աշխատելով։ Դրա համար էլ նա, դադարելով բողոքել, ստացել է լրագրի ցրիչի աշխատանքն ու քաղաքում սկսել հեծանիվ վարել՝ ցույց տալով, որ ունակ է բոլորի նման աշխատել, այնուհետև ստացել է վարորդական իրավունք։ Նա երբեք չի խոսել որդու հետաքրքրությունների մասին։ Աննո կրտսերը օտարացել էր ընտանիքից։ Նրա համար առանց ձեռքի կամ ոտքի ռոբոտներն ավելի լավ տեսք ունեին։ Նրանց նա նկարում էր դեռ տարրական դպրոցում. «Ինչ-որ կոտրված կամ անկատար մի բան իմ մոտ ավելի բնական է ստացվում»[13]։ Այսպես ձևավորվել է Սինդիի կերպարը։

Վաղ աշխատանքներ

խմբագրել

Վաղ տարիքից Հիդեակի Աննոն զբաղվել է նկարչությամբ, տոկուսացուով[14], ռազմական տեխնիկայով։ Սիրել է պատկերել շենքեր, էլեկտրահաղորդման գծերի հենարաններ, մայրուղիներ, երկաթուղիներ, գնացքներ[15]։ Կարդացել է Գո Նագայայի մանգան (Devilman, Mazinger Z, Violence Jack): Նրա վրա մեծ տպավորություն է թողել «Space Battleship Yamato» սերիալը, որը դիտելուց հետո նա դարձել է ճապոնական անիմացիայի երկրպագու։ Դպրոցական հասակում գնել է 8 միլիմետրանոց ֆիլմի տեսախցիկ և սկսել է կատարել սիրողական տեսանյութեր։ Հետաքրքրված է եղել աստղագիտությամբ և խաղացել մաջոնգ։ Ուսումը քիչ բան է նշանակել այդ տարիներին[16]։ Այդ ժամանակ նրան առավել հետաքրքիր էր ֆիլմ նկարահանելը, քան աղջիկների հետ հանդիպելը[17]։ 1978 թվականին ընդունվել է Օսակի արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Հասնելով վարպետության՝ Հիդեակին շարունակել է զբաղվել ծաղրերգական ֆիլմերի ստեղծմամբ։ 1982 թվականին դասընկերների հետ հիմնել է «Daicon Film» սիրողական ստուդիան։ Բայց այդ աշխատանքը խլել է մնացած ազատ ժամանակը, և Աննոն հեռացվել է համալսարանից՝ անբավարար առաջադիմության համար։

Անիմատորն իր կարիերան սկսել է «Մակրոնի գերտարածական ամրոց» (1982-1983) անիմե-սերիալի վրա աշխատելով[18], սակայն նրա տաղանդն աննկատ է մնացել մինչև 1984 թվականը՝ նրա մասնակցությունը Հայաո Միյաձակիի «Նավշիքան հողմերի հովտից» ֆիլմի ստեղծմանը[12]։ Անիմատորների պակասի պատճառով ստուդիան ստիպված է եղել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն տեղադրել ճապոնական հայտնի Animage ամսագրում։ Աննոն քսան տարեկան հասակում որոշել է մասնակցել նկարիչների մրցույթի, որտեղ հանդիպել է Հայաո Միյաձակիին և նրան ցույց տվել իր նկարները։ Միյաձակիին զարմացրել է նկարների որակը, և նա Աննոյին առաջարկել է զբաղվել ֆիլմի երկրորդ կեսի բարդ տեսարաններով։

1984 թվականի դեկտեմբերին Comic Box Jr. մանգայում հրապարակվել են նրա նկարները, որոնք ըստ ամիսների պատմում էին անիմատորի կյանքի դժվարությունների մասին։ Ճապոնիայում 1980-ական թվականների կեսերին միջին աշխատավարձը կազմում էր մոտ 317 հազար իեն։ Երբեմն Հիդեակին կարող էր ակնկալել 150 հազար իեն, վատագույն դեպքում՝ նստել առանց փողի. «Հունվար։ NXXXXcaä-ի պատճառով խավարասերնեի հետ քնում եմ ստուդիայում։ Ամեն դեպքում գնալու ոչ մի տեղ չկա»[19]։

Միյաձակին և նրա ընկերությունը շատ գոհ են մնացել Աննոյի աշխատանքից, սակայն Հիդեակին «Նավշիքայի» ավարտից անմիջապես հետո ստեղծել է «Gainax» ոչ մեծ անիմացիոն ստուդիան և աշխատել է որպես իրենց առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Թագավորական դեսանտի», բեմադրող ռեժիսորներից մեկը[18]։ Երկար ժամանակ նա մնացել է «Gainax»-ի առաջատար անիմե-ռեժիսորը, պատասխանելով այնպիսի ստեղծագործությունների համար, ինչպիսիք են «Gunbuster» (1988) և «Nadia: The Secret of Blue Water» (1990-1991): Սակայն Նադյայի վրա աշխատելու ընթացքում Աննոն երկարատև դեպրեսիայի մեջ է ընկել և հայտնվել ինքնասպանության եզրին[18]. դրան քիչ չէ նպաստել նաև այն, որ սերիալը պատվիրել էր ճապոնական NHK հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը՝ որպես Միյաձակիի «Լապուտի երկնային ամրոցը» ֆիլմի մասնակի ռեմեյկ, ինչը սահմանափակում էր ստեղծագործության ազատությունը[12]։

Դրանից հետո «Gainax»-ում սկսել են մշակել «Olympia» տիեզերական օպերան, 1993 թվականին արդեն պատրաստ է եղել հայեցակարգը, գծագրերի մի մասը, իսկ դիզայներ Եսիյուկի Սադամոտոն ներկայացրել է կոնցեպտ-արտը։ Բայց Աննոն և Հիրոյուկի Յամագան անընդհատ հետաձգել են իրականացումը և վիճել սյուժեի վերաբերյալ։ Դա զայրացրել է պրոդյուսեր Տոսիո Օկադային, և նախագիծը տապալվել է։ Նույն ճակատագիրն է ունեցել «Aoki Uru»-ն՝ 1992 թվականից ծրագրվող «Արքայական դեսանտի» շարունակությունը։

1994 թվականի հուլիսին Հիդեակի Աննոն և Եսիյուկի Տոմինոն հարցազրույց են տվել «Animage» ամսագրին, որտեղ քննարկել են Mobile Suit Victory Gundam անիմե հեռուստասերիալի հեռարձակումը երեխաների համար, որոնք հրաժարվել են դիտել սերիալը՝ որոշ կերպարների մահվան պատճառով։ Ռեժիսորները հանգել են այն եզրակացության, որ սերիալին չի բավականացրել ուշադրությունը, ստեղծողները շատ նամակներ չեն ստացել, հանդիսատեսի գնահատականները ցածր են եղել։ Աննոն հույսեր է կապել նաև Mobile Fighter G Gundam-ի հետ, թեև նրա հեռուստատեսային վարկանիշները նույնպես շատ բարձր չեն եղել։ Խնդրի լուծումը նրանք տեսել են անիմեին բազմազանություն հաղորդելու և երեկոյան ցուցադրման ծրագրեր ստեղծելու մեջ, իսկ Sunrise-ը պետք է փոխեր իրենց ժամանակի առաջնահերթությունները։ Աննոն ասել է․ «մենք պետք է մի քիչ թույն ավելացնենք մեր աշխատանքների մեջ, հատկապես երեխաների համար»[20]։ Նման կարծիքը կարևոր դեր է խաղացել ապագայում։

Neon Genesis Evangelion

խմբագրել

Հաջորդ նախագիծը եղել է «Neon Genesis Evangelion»-ը (1995-1996)[12], որը հետագայում դարձել է անիմեի պատմության ամենահայտնի սերիալներից մեկը[18]։ Նրա ստեղծման ընթացքում Աննոն փորձել է թողնել Оտակուի փակ կենսակերպը՝ համարելով նրան աուտիզմի մի տեսակ։ Այս և այլ պատճառներով «Neon Genesis Evangelion»-ի սյուժեն ժամանակի ընթացքում դարձել է ավելի ու ավելի մռայլ ու արյունալի, չնայած այն հանգամանքին, որ այն հաղորդվում էր մանկական հեռուստատեսության ժամանակացույցում։ Աննոն կարծում էր, որ կարիք չկա դեռահասներին սահմանափակել գեղեցիկ ու կոկիկ հեքիաթներով՝ նրանցից թաքցնելով կյանքի իրողությունները։ Եթե սկզբում «Gainax»-ում աշխատել են սեփական ուժերով, ապա 6 էպիզոդից հետո ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Kadokawa Shoten»-ը, ապա միացել են նաև` «Bandai»-ն և «Sega»[21]։ Սերիալի ավարտին շեշտը դրվել է հոգեբանության վրա, և վերջին երկու սերիաների դեպքերը տեղի են ունեցել գլխավոր հերոսի գիտակցության մեջ։ Սկզբում հանդիսատեսի հետաքրքրությունն այնքան էլ բարձր չէր, սակայն «Neon Genesis Evangelion» մեծահասակների ժամանակացույց տեղափոխվելուց հետո ցուցադրությունն ավելի լավ ընդունվեց և շուտով դարձավ Ճապոնիայում ամենավարկանշային սերիալներից մեկը։

1996 թվականի հունիսին Անահայմ քաղաքի Anime Expo փառատոնում, Աննոն իր ամերիկացի երկրպագուհուն, որն իր ամբողջ գումարը, դասագրքերի փոխարեն, վատնել էր անիմեների վրա, պատասխանել է հայտնի արտահայտությամբ`

  Դու հիմար ես։ Ավելի լրջորեն սովորիր։ Եթե ես կարողանայի վերադառնալ անցյալ և ինչ-որ բան ասել ինքս ինձ ուսանողական տարիքում, ես էլ կասեյի սովորիր ավելի լրջորեն։
- Հիդեակի Աննո
 

Այս մեկնաբանությունները հայտնի են դարձել ինչպես «Neon Genesis Evangelion»-ի երկրպագուների շրջանում, այնպես էլ ճապոնական անիմացիայի սիրահարների շրջանում։ Այդ ժամանակ ռեժիսորը սթրես է ապրել՝ ընկնելով սերիալի ավարտի վերաբերյալ քննադատության տարափի տակ։ TV Tokyo-ում խիստ դժգոհ են եղել դաժան տեսարանների բազմաթիվ բողոքներից։ Հիմնական հովանավորը՝ «Sega» ընկերությունը, սկզբում կրճատել է բյուջեն, իսկ հետո չեղարկել է բոլոր պայմանագրերը` ստեղծողներին թողնելով առանց փողի։ Եվ վերջին բանը, որ Հիդեակին կցանկանար քննարկել, Եվայի վերջն էր։ Այդ պատճառով նրա գործընկերները բոլորովին զարմացած չէին միջոցառումներին նման արձագանքից։ Նա մեծ թվով նամակներ է ստացել վրդովված հանդիսատեսներից, որոնք չէին կաշկանդվել իրենց արտահայտություններում. «այլասերված», «վառեք ստուդիան», «սատկիր», «ես կսպանեմ քեզ»[22][23]։ Աննոն կրկին ընկել է երկարատև դեպրեսիայի մեջ` մտածելով ինքնասպանության մասին, և այդ դժվարին ժամանակ նրան զանգահարել է Միյաձակին, ով խորհուրդ է տվել հանգստանալ նախքան ինչ-որ նոր բան անելը[24]։ Որոշ ժամանակ նա ապրել է Մուսասինոյի Gainax շենքում՝ դառնալով «Կուրտ Քոբեյնը` անիմեից»[25]։

«Մայնիթի սիմբուն»-ի փոխանցմամբ, սերիալը հայտնի է դարձել լայն տարիքային խմբի շրջանում, չնայած վերջին երկու դրվագները, որոնք ցույց են տալիս Սինձիի ներքին աշխարհը, երկրպագուների շրջանում առաջացրել են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ[26]։ Տեսնելով հաջողությունը, ստուդիան հայտարարել է 1996 թվականին ևս մեկ եզրափակչի՝ «Կոմպիլիյացիայի»-ի (総集編) և «Մեկ այլ եզրափակիչ սերիալ»-ի (もうひとつの完結編) մասին։ 1997 թվականի գարնանը և ամռանը ցուցադրվել են Death and Rebirth և the End of Evangelion-ը։

Անիմեի ռեժիսորը հիասթափվել է երկրպագուներից, ասելով, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ զանգվածաբար հեռանում իրականությունից երազներ Ճապոնիայում՝ բավական բարեկեցիկ երկրում, ինչպես Աում Սինրիկեի աղանդը, որը պայքարում էր՝ չիմանալով, թե ինչն է իր իրական թշնամին[27]։ Այդ իսկ պատճառով նա հայտարարել է, որ կուշտ է «Neon Genesis Evangelion»-ից և չի կարող հանդուրժել նրանց, ովքեր փախչում են խնդիրներից[28]։ Սա դարձել է ևս մեկ հայտնի արտահայտություն` «Աննոնն ատում է»։ Տասնամյակներ անց նա չի հրաժարվել իր խոսքերից, սակայն խոստովանել է, որ չնայած իր ջանքերին, մարդիկ չեն փոխվել. «և գուցե ես զզվելի դայակ էի»։

Վերջին աշխատանքներ

խմբագրել

«Էվանգելիոնի» ավարտից հետո ծրագրվում էր նկարահանել Աստղային ճանապարհ ոճով անիմե, բայց TV Tokyo և King Records չեն համաձայնվել՝ չցանկանալով նոր խնդիրներ և մտադիր լինելով առաջ մղել սկսնակ փոփ կատարողներին[29]։ Այդ պատճառով Աննոն եղել է «Kare Kano» մուլտսերիալի մեծ մասի ռեժիսորը, որը Gainax-ի առաջին ուղիղ էկրանավորում հանդիսացող աշխատանքն էր, քանի դեռ հովանավորն ու կոմիքսների նկարիչը չէին որոշել ազատել նրան աշխատանքից՝ թողնելով ղեկավարությունը տեղակալին՝ Կադզուե Ցուրումակիին։ Դրանից հետո Աննոն կրկին աշխատանքի է անցել Հայաո Միյաձակիի մոտ, «Գիլբի» ստուդիայում՝ նկարահանելով մի քանի կարճ անիմացիոն ֆիլմեր, որոնք ցուցադրվում են «Ghibli» թանգարանում։

1999 թվականի սեպտեմբերին մասնակցել է NHK-ի «Բարի գալուստ սեմպայի արտադասարանական պարապմունքի» նախագծին, որի ժամանակ հարազատ քաղաքում՝ Ուբեում, հանդիպում է ունեցել դպրոցականների հետ և պատմել նրանց իր և իր ծնողների մասին, ինչպես նաև ցույց է տվել, թե ինչպես է ստեղծվում անիմեն և պատասխանել է հարցերին, այդ թվում «Էվանգելիոն»-ին վերաբերող[30][31]։

Աննոն զբաղվել է նաև խաղարկային լիամետրաժ կինոֆիլմերի ռեժիսորությամբ՝ 1998 թվականին նկարահանելով «Սեր և փոփ երաժշտություն» ֆիլմը՝ Ռյու Մուրակամիի «վճարովի ժամադրությունների» (ճապոնացի երիտասարդության շրջանում տարածված մարմնավաճառության տեսակ) մասին պատմող «Տոպազ 2» վեպի էկրանավորումը։

Աննոյի երկրորդ խաղարկային ֆիլմն է դարձել Shiki-Jitsu-ը («Ծիսակատարություն», 2000)՝ պատմություն անիմեի ռեժիսորի մասին, որը սիրահարվում է մի աղջկա, ով տառապում է իրականության հետ կապի կորստով։ Ֆիլմը ստեղծվել է «Studio Kajino» ստուդիայում (Studio Ghibli-ի քույր կազմակերպությունը) «Իրականությունից փախչող աղջկա երազը» («Touhimu») վեպի մոտիվներով։ Գլխավոր դերերում նկարահանվել են հայտնի ճապոնացի ռեժիսոր Իվան Սյունձին և ստեղծագործության հեղինակ Այակո Ֆուձիտանին՝ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի դուստրը։ Բնօրինակ վեպում գլխավոր հերոսը ռեժիսոր չէր, Աննոն փոխել էր նրա մասնագիտությունը, և արդյունքում ձևավորված հերոսը որոշ քննադատների թույլ է տալիս համարել նրան հենց իր՝ Հիդեակիի արտացոլանքը։ Աննոյի երրորդ խաղարկային ֆիլմն է դարձել 2004 թվականի գարնանը թողարկված մանգայի էկրանավորումը՝ Cutie Honey։ Այս ֆիլմը՝ իրենից ներկայացնելով ֆանտաստիկ սուպերհերոսուհու ոչ լուրջ պատկեր, խիստ հակադրում է նրա նախորդ, ավելի ռեալիստական աշխատանքներին խաղարկային կինոյում։ Ավելի ուշ՝ 2004 թվականին, Աննոն ղեկավարել է (ոչ որպես ռեժիսոր) Re: Cutie Honey երեք սերիայից կազմված OVA-անիմեի թողարկումը։ Երեք սերիաների ռեժիսորներն են Հիրոյուկի Իմաիսին (առաջին սերիա), Տակամիտի Իտոն (երկրորդ սերիա) և Մասայուկին (երրորդ սերիա)։

Հիդեակի Աննոն հանդես է եկել որպես դերասան Կացուհիտո Իսիի Cha no aji («Թեյի համը», 2004) և Naisu no mori: The First Contact («Վախեցած անտառը։ Առաջին կոնտակտ», 2006) ֆիլմերում։ «Թեյի համը» ֆիլմում նա խաղացել է Կասուգաբեի՝ անիմեի ռեժիսորի դերը, իսկ «Վախեցած անտառը։ Առաջին կոնտակտ» ֆիլմում հանդես է եկել իր իսկ դերում։

2006 թվականին «Gainax»-ից նրա հեռանալու հիմնական պատճառներն էին ղեկավարության մերժումը բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը և արտադրանքի թողարկումն ինքնուրույն վերահսկելու ցանկությունը։ Աննոյի կարծիքը հաշվի չի առնվել ներքին ժողովում, և նա որոշել է սառեցնել նախագիծը, որի վրա աշխատել է, և որպես հաջորդ աշխատանք կրկին կատարել «Էվանգելիոնը», որի ստեղծման համար պատասխանատու էր նրա կողմից հիմնադրված ընկերությունը՝ Color Co., Ltd., որն ավելի ուշ հայտնի է դարձել որպես Studio Khara[32]։ 2013 թվականին հնչունավորել է «Քամին ուժգնանում է» լիամետրաժ անիմեի գլխավոր հերոսին, ինչի համար արժանացել է Tokyo Anime Award մրցանակին որպես տարվա լավագույն սեյու։ Հայաո Միյաձակին առաջարկել է Աննոյին ստեղծել «Նավսիկաի» սիքվելը, բայց խոսքից այն կողմ աշխատանք չի տարվել[33]։

2014 թվականին թողարկել է Japan Animator Expo նախագիծը։ 2017 թվականին հանդես է եկել որպես ONA The Dragon Dentist-ի պրոդյուսեր։

Տոկիոյի 27-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է «Հիդեակի Աննոյի աշխարհը» հատուկ նախագիծը, որը ներառում էր նրա շուրջ 50 աշխատանքները՝ սկսած սերիալներից ու լիամետրաժ անիմացիաներից մինչև կարճամետրաժ ֆիլմեր ու գովազդային հոլովակներ[34]։

Մոյոկո Աննոյի մանգայի հիման վրա թողարկված Insufficient Direction կատակերգության մեջ հումորով ցուցադրվել է նրա ամուսնությունը Հիդեակիի հետ՝ ներկայացված ասոցիալական, ամպերում թևածող, բացարձակապես ինֆանտիլիստ մարդու միջոցով[35][36]։ Shirobako «Սպիտակ արկղ» անիմեում ներկա է աչքի ընկնող անիմատոր Միցուակի Կաննոն, ինչը բացահայտ ծաղրերգություն է։ The Big Turnip կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է Studio Khara ստուդիայի 10-ամյակին, պատմում է, որ Աննո պապիկը շաղգամ է տնկում, որն աճում է՝ դառնալով շատ մեծ․ բոլորն այն համերաշխորեն քաշում են և արդյունքում ստացվում են Rebuild of Evangelion-ը և Գոդձիլան[37][38]։

2015 թվականին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նա հայտարարել է, որ 20 տարի անց «Ճապոնիայում իրավիճակը թույլ չի տա անհոգ, ոչ մի բանի մասին չմտածելով զբաղվել անիմեի ստեղծմամբ։ Անիմեի ստեղծման համար մարդը պիտի լինի հանգիստ և տնտեսական առումով վստահ։ Երբ մարդը մտածում է այն մասին, թե ինչպես կերակուր հայթայթել, նա ժամանակ չունի նկարելու համար և այդ նկարչությունը նրան ուրախություն չի պատճառում։ Ավելի կարևոր է դառնում մի կտոր հացը, որը դու կուտես այսօր երեկոյան»։ Նրա կարծիքով արտադրման կենտրոններ կդառնան Թայվանը և Ասիական այլ երկրներ[39]։ Սինքանսեն ցանցի 500 սերիայի էլեկտրագնացքներից մեկը ձևակերպվել է «Էվանգելիոնի» ոճով ի պատիվ սերիալի քսանամյակին[40]։ JR West-ը կազմակերպել է գովազդային արտադրանքի և հուշանվերների արտադրություն և այդ նախագիծը գլխավորել է Աննոն։ Վերջին երթը կայացել է 2018 թվականի մայիսի 13-ին Օսակայի կայարանից[41]։

Evangelion: 3.0+1.0-ի ուշացման համար նա պաշտոնապես ներողություն է խնդրել երկրպագուներից[42]։ 2016 թվականին թողարկվել է «Գոդձիլա։ Վերածնունդ» ֆիլմը, որի ռեժիսորն է Հիդեակին[43]։ Նախագծում նա վարձու աշխատակից էր և աշխատավարձը ստանալուց հետո միանգամից լքել է այն, սակայն ցանկանում էր ավելի շատ վերահսկել արտադրությունը, քանի որ ամեն ինչ որոշում էր Toho-ն։ Տվյալ պարագայում ռեժիսորի ու մենեջերի միջև տարբերություն չկա, այդ պատճառով նա ստիպված է եղել կարդալ տնտեսական ամսագրեգ, ինչպիսիք են Diamond Weekly, Weekly Toyo Keizai և միանալ բիզնեսին․ «Եթե դուք լինեիք միայն անիմեի աշխարհում, երբեք չէիք ստեղծի «Գոդձիլա։ Վերածնունդ»-ը»[44]։ 2019 թվականի սկզբին թողարկվել է Virtual-san wa Miteiru սերիալը, որի մեջ ստեղծողների կողմից օգտագործվել են զանազան կրեատիվ քայլեր, որոնք հորինել է Աննոն[45]։

«Էվանգելիոնը նորովի»-ի վերջին մասի թողարկումից հետո նա որպես պրոդյուսեր և սցենարիստ կզբաղվի տոկուսացու՝ «Ուլտրամեն» ֆիլմով, որի ռեժիսորը կլինի Սինձի Հիգուտին, իսկ պրեմիերան նշանակված է 2021 թվականին[46][47][48]։

Արձագանքներ

խմբագրել

Քննադատների և հանդիսատեսի կարծիքով՝ Աննոն տասնամյակներ շարունակ աշխատել է բազմաթիվ նախագծերի վրա, բայց լայնորեն հայտնի է որպես «Ավետարան» հայտնի ֆրանշիզայի ստեղծող[49][50][51][52],չնայած հեղինակի՝ «ողջ կյանքի աշխատանքից» հրաժարվելու հաճախակի փորձերին։ Ճապոնական մշակույթում նման բան կարելի է համեմատել Արևմուտքում «Աստղային պատերազմների» հետ։ Հայաո Միյաձակին նրան ճանաչել է որպես աշակերտ, ով ունակ է զարգացնել անիմեի արդյունաբերությունը[53][54]։ Ի վերջո, «Gainax»- ը դարձել է աշխարհի հազարավոր երկրպագուների կողմից հարգված ստուդիա։ «Ավետարան»-ի թողարկումից մի քանի տարի անց նկատվել է ավելի հասուն լսարանին ուղղված հոգեբանական դրամայի աճ, ինչպիսիք են «Կատարյալ տխրություն», «Լեյնի փորձարկումները», «Բուգիպոպը երբեք չի ծիծաղում» և «Տեխնոլայզ»։ Շատերը խոստովանում են, որ Աննոյի վրա, հաճախ, ազդեցություն է ունեցել ունենում Մակոտո Շինկայը[55]։

1998 թվականի օգոստոսին նրան մոտեցավ մի աշակերտ, որը լի էր հիացմունքով, որպեսզի ասի, որ նա սիրում է «Ավետարանը», հավատում է իր երազանքների իրականացմանը և մտադիր է մեծանալ և մի օր ինքնուրույն անել անիմեն։ Աննոն զգուշացրեց նրան. «Դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Դա միակ բանն է, որ ես կարող եմ անել․․․ Ինձ հաջողվեց այդքան հեռու գնալ, քանի որ ես թողեցի մնացած ամեն ինչ»։ Կարլ Հորնը «Japan Edge: The Insider' s Guide To Japanese Pop Subculture» գրքում սահմանել է, թե ինչպես է Nine Inch Nails խմբի «Heresy» երգի նման անձնական ապոկալիպսիսը. «Աստված մեռած է, և բոլորը թքած ունեն։ Եթե դժոխքը գոյություն ունի, կտեսնվենք այնտեղ»[56]։

«Գեղեցիկ մարտական աղջիկ» գրքում Սայտո Թամակին նշել է, որ անիմեի վնասվածք ունեցող սերունդը ստեղծում է իր սեփական աշխատանքները, որոնք ընդլայնում են վերքը։ Դա ընդունվում և կրկնվում է հաջորդ սերնդի կողմից։ Աննոն և նրա ժամանակակիցները, անկասկած, եղել են զանգվածային մեդիայում բռնության ազդեցության տակ, ի տարբերություն նախորդների, որոնք մեծացել են Հզոր Ատոմ-ի և Երկաթե մարդ #28-ի ժամանակ։ «Բացել վերքը» նշանակում է կրկին բարձրանալ ռոբոտի խցիկ, որը սպանում է մարդուն և հաշտվել այն մտքի հետ, որ բռնությունն անխուսափելի է, երբ մարդիկ ձգտում են փախչել վնասվածքից կիբորգների հասարակության մեջ[57]։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել

Հիմնական աշխատանքներ

խմբագրել
  • «Թագավորական վայրէջք» (1987 թվական)
  • «Գանբաստեր» (1988 թվական)
  • Նադյան խորհրդավոր ծովից (1990-1991թվականներ)
  • «Ավետարան» (1995-1996 թվականներ)
  • «Ավետարան։ Մահ և վերածննունդ» (1997 թվական)
  • «Ավետարան։ Ավետարանի վերջը» (1997 թվական)
  • «Նա և նա և նրանց հանգամանքները» (1998 թվական)
  • «Սեր և փոփ» (1998 թվական)
  • «Շիկի-Ջիցու» (2000 թվական)
  • «Գեղեցիկ Հանի» (2004 թվական)
  • «Գեղեցիկ Հանի» (2004 թվական)
  • «Ավետարանի վերածննունդը» (2007, 2009, 2012, 2020 թվականներ)
  • «Գոձիլա։ Վերածննունդ» (2016 թվական)
  • «Մակրոսի գերչափ ամրոցը» (1982-1983 թվականներ)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Ծնունդ» (1984 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Նավշիքան հողմերի հովտից» (1984 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Այս անտանելի այլմոլորակայինները» (1984 թվական)՝ 133 դրվագի նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Կիտրոն սերուցքով» (1985 թվական)՝ 4 դրվագի նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Բյուրեղյա եռանկյունի» (1987 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Դանգայո» (1987 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Կատաղած ցուլ» (1987 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Լուսարձակների գերեզմանը» (1988 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Ազնվամորու գայլ» (1993 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Մակրոս պլյուս» (OVA, 1994 թվական )՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Մակրոս պլյուս» (ֆիլմ, 1995 թվական)՝ նկարիչ-մուլտիպլիկատոր
  • «Բարի գալուստ լրացուցիչ դասի, Սենպայի» (1999 թվական)
  • «Մախարոմատիկ։ Ավտոմատ աղջիկ» (2001 թվական)՝ սցենարիստ
  • «Աբենոբասի։ կախարդական առևտրի թաղամաս» (2002 թվական)՝ սցենարիստ
  • «Սուզանավ 707R»՝ (2003 թվական)՝ բացման ռեժիսոր
  • «Թեյի համը» (2004 թվական)՝ անիմեի ռեժիսորի դերում
  • «Դիեբաստեր» (2004–2006 թվականներ)՝ սցենարիստ
  • «Զվարճալի անտառ» (2005 թվական)՝ դերասան
  • «Քաղցր, քաղցր կախարդանք» (2005–2006 թվականներ)՝ սցենարիստ
  • «Ճապոնիայի կործանումը» (2006 թվական)՝ դերասան
  • «Բարի գալուստ հանգիստ սենյակ» (2007 թվական)՝ բժիշկ Մացուբարա
  • «Կանտոկու Շիկակու» (2011 թվական)՝ պրոդյուսեր
  • «Տիեզերական գծանավ «Յամատո» (2012 թվական)՝ բացման սցենարիստ
  • «Տոկիոյում հայտնված հսկայական աստվածային ռազմիկ» (2012 թվական)՝ սցենարիստ, պրոդյուսեր
  • «Քամին ուժգնանում է» (2013 թվական)՝ Ջիրո Հիրոքոշին, հնչեցում
  • «Երազանքների և խելագարության թագավորություն» (2013 թվական)
  • «Ճապոնիա Անիմատոր Էքսպո» (2014–2015 թվականներ)՝ պրոդյուսեր
  • «Ատամնաբույժ վիշապ» (2017 թվական)՝ պրոդյուսեր
  • «Բատյարու-սան վա Միտեիրու» (2019 թվական)՝ հայեցակարգ
  • «Վերջին նամակ» (2020 թվական)՝ դերասան[58]
  • «Սին Ուլտրաման» (2021 թվական)՝ սցենարիստ, պրոդյուսեր

Գրականություն

խմբագրել
  • Anime Classics ZETTAI! 100 Must-See Japanese Animation Masterpieces / Brian Camp, Julie Davis. — Berkeley, California: Stone Bridge Press, 2007. — 408 p. — ISBN 978-1-933330-22-8
  • Cavallaro D. The Art of Studio Gainax: Experimentation, Style and Innovation at the Leading Edge of Anime. — McFarland & Company, Inc., Publishers, 2009. — 276 p. — ISBN 978-0-7864-3376-6
  • Գիրք:Clements J., McCarthy H.: The Anime Encyclopedia
  • Drazen P. Anime Explosion! The What? Why? & Wow! Of Japanese Animation. — Berkeley: Stone Bridge Press, 2003. — 382 p. — ISBN 1-880656-72-8
  • Fujie K., Foster M. Neon Genesis Evangelion: The Unofficial Guide. Mysteries and Secrets Revealed! — DH Publishing, 2004. — 188 p. — ISBN 978-0974596143
  • Iles T. The Crisis of Identity in Contemporary Japanese Film: Personal, Cultural, National (Brill's Japanese Studies Library vol. 30). — Brill, 2008. — 223 p. — ISBN 978-9004171381
  • Japan Edge: The Insider's Guide to Japanese Pop Subculture. — San Francisco: VIZ Media LLC, 1999. — 200 p. — ISBN 978-1569313459
  • McCarthy H. 500 Essential Anime Movies: The Ultimate Guide. — Harper Design, 2009. — 528 p. — ISBN 978-0061474507
  • The Everyday Fantastic: Essays on Science Fiction and Human Being Արխիվացված 2019-09-25 Wayback Machine. — Cambridge Scholars Publishing, 2008. — 175 p. — ISBN 978-1847184283
  • Иванов Б. А. Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2001. — 336 с. — ISBN 5-901631-01-3

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. https://natalie.mu/eiga/news/223847
  4. http://www.bunka.go.jp/koho_hodo_oshirase/hodohappyo/pdf/2017030801_besshi.pdf
  5. https://prizesworld.com/prizes/name/庵野秀明
  6. https://prizesworld.com/prizes/name/%E5%BA%B5%E9%87%8E%E7%A7%80%E6%98%8E
  7. https://animeanime.jp/article/2017/07/22/34719.html
  8. https://www.japan-academy-prize.jp/prizes/?t=31
  9. https://www.japan-academy-prize.jp/prizes/?t=33
  10. https://www.japan-academy-prize.jp/prizes/?t=36
  11. Anno's Roundtable Discussion
  12. 12,0 12,1 12,2 12,3 Clements, Jonathan, McCarthy, Helen. The Anime Encyclopedia: A Guide to Japanese Animation Since 1917. — 2-е изд. — Stone Bridge Press, 2006. — С. 24. — 867 с. — ISBN 978-1-93-333010-5
  13. «Disability shapes taste for the imperfect» (անգլերեն). «Асахи симбун». 1999 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «"Evangelion" Creator Hideaki Anno Names His 5 Favorite Tokusatsu Shows». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  15. Evangelion Mastermind Anno Confesses Love for Anime
  16. «The Meiji University-Affiliated Nakano and Hachioji Intermediate and High Schools (2)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Kanagawa Prefectural Ikuta High School (4)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 11-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Иванов, Борис Андреевич Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2001. — С. 294—298. — 396 с. — ISBN ISBN 5-901631-01-3
  19. Before You're A Famous Anime Creator, Life Is Hard
  20. Interview: Hideaki Anno vs. Yoshiyuki Tomino (Animage — 07/1994)
  21. Part 2: The truth behind the breakdown of Eva. The inside story from the start through the middle of the TV airing
  22. Evangelion’s Anno Gives Up on “Escapist Otaku” in Interview
  23. 7 Things You Might Not Know About Hideaki Anno
  24. 庵野秀明監督、『シン・エヴァ』に言及「やり遂げます」
  25. «DOWN WITH ARIMA, A Kare-Kano Page». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. «Evangelion». www.nettime.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  27. TOWARDS A CARTOGRAPHY OF JAPANESE ANIME Anno Hideaki's Evangelion. Interview with Azuma Hiroki
  28. «The Meiji University-Affiliated Nakano and Hachioji Intermediate and High Schools (5)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 11-ին.
  29. «Return of the Otaking: Toshio Okada at Anime America '96». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  30. Hideaki Anno Talks to Kids
  31. Extra Curricular Lesson with Hideaki Anno
  32. 【庵野監督・特別寄稿】『エヴァ』の名を悪用したガイナックスと報道に強く憤る理由
  33. Что будет дальше со студией Ghibli?
  34. 27th TIFF to Shine a Spotlight on Animation Films: “The World of Hideaki Anno”
  35. Insufficient Direction (TV)
  36. Insufficient Direction
  37. Hideaki Anno's Wife Tells Studio Khara's Story Through Animated Turnips
  38. The Big Turnip, Studio Khara's 10th anniversary animation
  39. «Режиссёр Хидэаки Анно: японское аниме угасает» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  40. Новый японский скоростной поезд получит дизайн по мотивам аниме Evangelion
  41. In Photos: Popular 'Evangelion' bullet train makes final journey
  42. An Apology To Evangelion Fans From Hideaki Anno
  43. Hideaki Anno and Shinji Higuchi to Direct ‘Godzilla 2016’
  44. 庵野秀明監督が初めて語る経営者としての10年(下)
  45. «'Virtualsan-Looking' TV Anime for VTubers Premieres in January» (անգլերեն). Anime News Network. 2018 թ․ դեկտեմբերի 18.
  46. 『シン・ウルトラマン』映画化に関するお知らせ
  47. Evangelion creator’s next project is a new take on Ultraman
  48. An opening to a new page of the History of ULTRAMAN is underway!
  49. Evangelion Director Hideaki Anno Turns 55!
  50. Is Neon Genesis Evangelion Still Relevant in 2019?
  51. Celebrating the Birth of a Legend with Hideaki Anno's Top 10 Works!
  52. Neverending Evangelion. How Hideaki Anno turned obsessions and depression into an anime phenomenon
  53. Hideaki Anno: emotional deconstructionist
  54. 27th Tokyo International Film Festival to Take You to “The World of Hideaki Anno”
  55. «Fly Me to the Moon: How Hideaki Anno Changed the Anime Industry Forever». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  56. The Children of Miyazaki and Coca-Cola
  57. «Men and Machine Share the Price of Neon Genesis Evangelion's Violence». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  58. 『Last Letter』

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդեակի Աննո» հոդվածին։