Ջրատեխնիկական կառույցներ, ջրային պաշարների օգտագործման կամ ջրային տարերքի քայքայիչ ազդեցության դեմ պայքարելու նպատակով նախատեսված կառույցներ։

Ջրատեխնիկական կառույցների տեսակներ

խմբագրել

Ըստ տեղադիրքի՝ լինում են ծովային, գետային, լճային։ Տարբերում են վերգետնյա և ստորգետնյա ջրատեխնիկական կառույցներ։

Ըստ նշանակության՝ լինում են ջրաէներգետիկ, ոռոգման, ջրամատակարարման և կոյուղու, ընդերքային ջրերի օգտագործման և այլն։ Տարբերում են ընդհանուր (ջրերի օգտագործման գրեթե բոլոր եղանակների համար) և հատուկ (ջրերի օգտագործման որևէ բնագավառի համար) ջրատեխնիկական կառույցներ։

Ընդհանուր ջրատեխնիկական կառույցներ են ջրդիմհարը (ամբարտակներ), որի դեպքում պատնեշում են գետերի հունը և գետահովիտները, ջրմուղը (ջրատարներ, ջրանցքներ, խողովակաշարեր), ջուրը տեղափոխում են նախատեսված վայր, ջրառուն օգտագործում են ջրաղբյուրից ջուրը ջրատար տեղափոխելու և ջրմուղները սառույցից, ջրաբերուկներից պաշտպանելունպատակով։

Հատուկ ջրատեխնիկական կառույցներ են ջրային էներգիայի օգտագործման (ջրէկ-ներ, ճնշումային ավազաններ), ջրային տրանսպորտի (նավարկման ջրարգելակներ, նավամբարձիչներ, փարոսներ), նավահանգստային (ծովապատնեշներ, նավանորոգարաններ), հողաբարելավման կառույցները։ Որոշ դեպքերում ընդհանուր և հատուկ կառույցները համատեղվում են 1 համալիրում, որը միաժամանակ իրականացնում է մի քանի գործառույթ։ Ջրատնտեսական միջոցառումների ընդհանուր նպատակներով միավորված և նույն վայրում տեղադրված ջրատեխնիկական կառույցները կազմում են համալիրներ՝ ջրահանգույցներ։ Մի քանի ջրահանգույցներ կազմում են ջրատնտեսական համակարգեր։

Ջրատեխնիկական կառույցները Հայաստանում

խմբագրել

Հայաստանում ոռոգման ջրի և էներգետիկ կարիքների նպատակով կառուցվել է 83 ջրամբար, որոնց ընդհանուր ջրատարողությունը շուրջ 1,1 կմ³ է (միայն Մանթաշի ջրամբարն է կառուցվել խմելու և տնտեսական ջրամատակարարման նպատակով)։

Հիդրոտեխնիկական կառույցների տեսակները

խմբագրել

Ընդհանուր հիդրոտեխնիկական կառույցներ են ջրդիմհարը, ջրմուղը, ուղղորդիչը, ջրառուն և ջրներառը։

Ջրդիմհար կառույցներ

խմբագրել

Ջրդիմհար կառույցները նախատեսված են ճնշում կամ ջրի մակարդակների տարբերություն ստեղծելու (կառույցի առջևում և ետևում) համար։ Դրանք են. ամբարտակները (կարևորագույն ու առավել տարածված հիդրոտեխնիկական կառույցներ), որոնք պատնեշում են գետերի հունը և գետահովիտները, բարձրացնում վերին բիեֆում կուտակված ջրի մակարդակը և դամբերը։

Ջրմուղ կառույցներ

խմբագրել

Ջրմուղ կառույցները (ջրտարներ) ջուրը տեղափոխում են նախատեսված վայրը։ Դրանք են ջրանցքները, հիդրոտեխնիկական թունելները, վաքերը, խողովակաշարերը։ Դրանցից մի քանիսը, օրինակ, ջրանցքները, տեղաբաշխման, հաղորդակցության ուղիների հատման հետևանքով և շահագործման անվտանգություն ապահովելու նպատակով ունեն այլ հիդրոտեխնիկական կառույցներ՝ ջրանցույցներ, դյուկերներ, կամուրջներ, ջրնետներ։ Կարգավորման (ուղղորդիչ) հիդրոտեխնիկական կառույցներ փոփոխում և բարելավում են ջրի հոսքի բնական պայմանները, պաշտպանում գետի հունը և ափերը ողողումից, ջրաբերուկների նստվածքներից, սառույցի ազդեցությունից։ Գետերի հոսքը կարգավորելու նպատակով կիրառվում են նաև հոսանքուղղիչ հարմարանքներ (կիսապատնեշներ, վահաններ, դամբեր), ափապաշտպան կառույցներ, սառցուղղորդիչ և սառցարգելիչ շինվածքներ։

Ջրառու կառույցներ

խմբագրել

Ջրառու կառույցները օգտագործում են ջրաղբյուրից ջուրը ջրատար տեղափոխելու, ինչպես նաև ջրմուղները սառույցից, ջրաբերուկներից պաշտպանելու նպատակով։

Ջրնետ կառույցներ

խմբագրել

Ջրնետ կառույցները նպաստում են ջրամբարներից, ջրանցքներից, ճնշումայիկ ավազաններից ավելցուկային ջուրը բաց թողնելուն։ Դրանք լինում են հունային, առափնյա, մակերևութային ու խորքային և հնարավորություն են տալիս մասնակիորեն կամ ամբողջապես դատարկել ջրավազանը։ Հատուկ հիդրոտեխնիկական կառույցներ են. ջրային էներգիայի օգտագործման (հիդրոէլեկտրակայաններ, ճնշումային ավազաններ), ջրային տրանսպորտի (նավարկման շլյուզներ, նավամբարձիչներ, փարոսներ), նավահանգստային (ծովապատնեշներ, ալեբեկիչներ, պիրսեր, նավանորոգարաններ), մելիորատիվ (մայրուղային և բաշխիչ ջրանցքներ, ջրարգելակ կարգավորիչներ) կառույցները։ Որոշ դեպքերում ընդհանուր և հատուկ կառույցները համատեղվում են մեկ համալիրում (օրինակ, ջրնետը և հիդրոէլեկտրակայանի շենքը), որը միաժամանակ մի քանի ֆունկցիա է կատարում։ Ջրատնտեսական միջոցառումների ընդհանուր նպատակներով միավորված և նույն վայրում տեղադրված հիդրոտեխնիկական կառույցներ կազմում են համալիրներ՝ հիդրոհանգույցներ։ Մի քանի հիդրոհանգույցներ կազմում են ջրատնտեսային (օրինակ, էներգետիկական, տրանսպորտային, ոռոգման և այլն) համակարգեր։ ժողովրդական տնտեսության համար ունեցած նշանակության համապատասխան ԱՍՀՄ-ում հիդրոտեխնիկական կառույցներ ըստ կապիտալության բաժանվում են 5 դասի։

Ըստ այդ դասերի նախագծերում նշում են հիդրոտեխնիկական կառույցների հուսալիության աստիճանը՝ ամրության և կայունության պաշարները, սահմանում ջրի առավելագույն ծախսերը, շինանյութերի որակը ևն։ Ըստ հիդրոտեխնիկական կառույցների կապիտալության դասերի է որոշվում նաև որոնողա-հետախուզական, նախագծային և հետազոտական աշխատանքների ծավալը։ Հիդրոտեխնիկական կառույցների բնորոշ առանձնահատկությունները կապված են այդ կառույցների ջրային հոսքի, սառույցի, ջրաբերուկների, մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ գործոնների ներգործության հետ։ Հիդրոտեխնիկական կառույցների կառուցման համար, առավելապես օգտագործվում են միաձույլ և հավաքովի-միաձույլ, հազվադեպ՝ հավաքովի և տիպային կոնստրուկցիաներ։ Հիդրոտեխնիկական կառույցների կատարելագործումը կապված է հիդրոտեխնիկայի, հատկապես կառույցների և դրանց հիմնատակերի վրա ջրի ներգործության (հոսքերի և կառույցների հիդրավլիկա, ֆիլտրում) տեսական ու փորձարարական հետազոտությունների հետագա զարգացման, որպես հիմնատակեր և շինանյութեր (գրունտների մեխանիկա, ինժեներային երկրաբանություն) ժայռոտ և ոչ ժայռոտ գրունտների ուսումնասիրման, կառուցման ժամանակի և միջոցների ավելի քիչ ծախս պահանջող հիդրոտեխնիկական կառույցների նոր տիպերի և կոնստրուկցիաների (թեթևացված բարձրաճնշումային պատվարներ, մակընթացային ՀԷԿ-եր և այլն) մշակման հետ։

Հիդրոտեխնիկական կառուցվածքների տիպերը

խմբագրել
  • Պատվարներ - դրանք դիմհարային կառուցվածքներ են պատերի տեսքով, որոնք կառուցվում են գետերի հուներում, արգելափակելով գետի հունը, իր վերևի մասում ստեղծելով դիմհար՝ ջրամբարի տեսքով։
  • Հիդրոէներգետիկ կառուցվածքներ, որոնք բաղկացած են ջրանցքից, որը ջուրը վերցնում է ջրի աղբյուրից, մոտեցնում է ճնշումային ավազանին, այնտեղից ճնշումային խողովակներով մեծ ճնշման տակ իջեցվում է ՀԷԿ-ի շենքին, որտեղ տեղադրվում են տուրբինները, որոնց օգնությամբ հեղուկի էներգիան վեր է ածվում տուրբինի լիսեռի պտտման էներգիայի և գեներատորի օգնությամբ էլ էլեկտրաէներգիայի։
  • Ափապաշտպան կառուցվածքներ, որոնց օգնությամբ պաշտպանում են գետերի հունը և ափերը ողողումներից։
  • Բարելավող համակարգեր - բաղկացած են ջրի աղբյուրից, մայր ջրանցքից, ներտնտեսային ջրանցքներից, շլյուզներից, ջրաչափական դիտակետերից և այլն։

Հայաստանում հիդրոտեխնիկական կառույցներ

խմբագրել

Հայստանում առաջին հիդրոտեխնիկական կառույցներն էին՝ Շիրակի ջրանցքը (1925), Գյումրու հիդրոէլեկտրակայանը, Երևանի հիդրոէլեկտրակայանները։ Վանաձորի և Ալավերդու արդյունաբերությունը էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով 1928—32-ին Դեբեդի ձորի զառիվեր լանջին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը։ Հայաստանում «մեծ էներգետիկայի» արմատավորումը սկսվեց 1930-ին՝ Հ. Աստվածատրյանի անվ. Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի կառուցումով, որը Սևան-Հրազդան կասկադի վեց ՀԷԿ-երից 5-րդ կայանն էր։ Որոտանի կասկադի երեք կայաններից Տաթևի ջրաէլեկտրակայանը սկսել է գործել 1971-ին, իսկ Շամբի հիդրոէլեկտրակայանը 1978-ին (3-րդ՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1989 թվականին)։ Ոռոգման համակարգերի խիտ ցանցով են ծածկված չորային շրջանները։ 1927-ին Այղր լճի ափին բազալտից կառուցված ջրմուղ կայանը (ճարտ.՝ Ա. Թամանյան) զուսպ ճարտարապետական ձևերի, համամասնությունների շնորհիվ ներդաշնակված է բնավայրին։ Պլաստիկ արտահայտչականությամբ առանձնանում են՝ Կոտայքի (1947, ճարտ.՝ Դ. Մուշեղյան), Սևջրի և Գետափ-Աղավնաձորի (առաջինը՝ 1960, երկրորդը՝ 1962, ճարտարապետներ՝ Ս. Մարգարյան, Ա. Մարտիրոսյան), Նոյեմբերյանի (1965, ճարտարապետներ՝ Մ. Մարգարյան, Տ. Հակոբյան, ինժեներներ՝ Ֆ. Հարությունյան, Գ. Նշանյան), Մխչյանի (1968, ճարտարապետներ՝ Մ. Մարգարյան, Ա. Մկրտչյան, ինժեներներ՝ Ա. Մարտիրոսյան, Գ. Նշանյան), Արևշատի (1967թ․, ճարտրտարապետներ՝ Գ․ Պետրոսյան, Վ. Մնացականյան, ինժեներ՝ Գ. Նշանյան), Խաչիկ գյուղի (1979, ճարտարապետ՝ Ա. Մարգարյան, ինժեներներ՝ Ա. Մարտիրոսյան, Մ. Փիլոյան) և այլ տուֆակերտ ջրմուղ կայանները։ Ճարտարապետորեն մեծ արժեք է համարվում Երևանում, Հրազդանի վրա կառուցված հնգաթռիչք ջրանցույցը (1950, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, ինժեներ՝ Գ. Եղիյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 401