Հյուպատոսական իրավունք
Հյուպատոսական իրավունք, հյուպատոսների գործունեությունը կարգավորող սկզբունքների և նորմերի (ինչպես ներպետական, օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի) ամբողջություն։ Հյուպատոսական իրավունքի հիմնական աղբյուրը հյուպատոսների իրավական դրությունն ու ֆունկցիաները սահմանող առանձին պետությունների կնքած կոնվենցիաներն են։ Հյուպատոսական իրավունքի գործունեությունը կարգավորող դրույթներ են պարունակում նաև առևտրի ու ծովագնացության, իրավական օգնության, սոցիալական ապահովության ևն պայմանագրերը։ XX դ. կնքվել են մի քանի բազմակողմ կոնվենցիաներ [օրինակ, հյուպատոսական ֆունկցիաների մասին Կարակասի կոնվենցիան (1911 թ.), հյուպատոսական պաշտոնյաների մասին Հաագայի կոնվենցիան (1928 թ.)], որոնք դիտվում են որպես պետությունների հյուպատոսական հարցերի կարգավորման պայմանագրային պրակտիկայի կոդիֆիկացիա։ Հյուպատոսական իրավունքի օրենսգիրք է համարվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան (1963 թ.), որը սահմանում է ինչպես հաստիքային հյուպատոսների արտոնությունները, անձեռնմխելիությունը, և՝ հիմնական ֆունկցիաները, և՝ արտահաստիքային հյուպատոսների իրավական վիճակը։
Ցանկացած երկրի հյուպատոսների գործունեությունն արտասահմանում կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ և հյուպատոսական հարցերի մասին կնքված կոնվենցիաներով։ Նույն օրենսդրությամբ պետք է սահմանվի նաև արտասահմանյան հյուպատոսների իրավական դրությունը տվյալ երկրում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 441)։ |