Հնչերանգ
Հնչերանգ, մարդկային ձայնի հիմնական տոնի, տևողության, ուժգնության, դադարի, տեմբրի և այլ բաղադրիչների դրսևորումների ամբողջությունն է։ Ըստ ամերիկյան և եվրոպական լեզվաբանների՝ հնչերանգը միայն մեղեդիի (հիմնական տոնի)փոփոխությունն է։ Առանց հնչերանգի բացառվում է անմիջական լեզվական ամեն մի հաղորդակցում։ Յուրաքանչյուր լեզվի հնչերանգի համակարգը սերտորեն կապված է այդ լեզվի շարահյուսական առանձնահատկությունների հետ։ Քանի որ առանց հնչերանգի չկա հնչադասություն (ֆրազ), ուստի հնչերանգիի առաջին և հիմնական շարահյուսական գործառությունը հնչադասակազմությունն է, երբ լեզվական տարբեր միավորներ կապակցվում են հնչյունական, իմաստային և հաղորդակցայիև մեկ ավարտված միավորի մեջ. երկրորդը շարահյուսական իմաստատարբերակիչ գործառությունն է, երբ միևնույն շարահյուսական կառուցվածքի դեպքում, հնչերանգի որևէ բաղադրիչի (կամ մի քանի բաղադրիչների) փոփոխությամբ, հնարավոր է արտահայտել հաղորդակցային տարբեր իմաստներ՝ հարցում, հաստատում, բացականչում (ինչպես՝ «Ցո՞ւրտ եղանակ է», «Ցուրտ եղանակ է», «Ցո՜ւրտ եղանակ է»)։ Հնչերանգի ամենաէական բաղադրիչը հիմնական տոնն է, մեղեդին, նրա զանազան դիապազոնները (ձայնատիրույթները)։
![]() |
Ընթերցե՛ք «հնչերանգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 496)։ ![]() |