Հող և ջուր
Հող և ջուր (հունարեն՝ γῆ καί ὕδωρ [ge kai hydor]), արտահայտություն, որը հիշատակվում է անտիկ պատմագիր Հերոդոտոսի կողմից։ Այն օգտագործվել է պարսիկների կողմից՝ քաղաք-պետություններին կամ այլ իշխանություններին իրեն հանձնվելու պահանջներ ներկայացնելու համար։
Օգտագործումը Հերոդոտոսի պատմություններում
խմբագրել- Գիրք 4-ում Հերոդոտոսը առաջին անգամ հիշատակում է «հող և ջուր» տերմինը, որն օգտագործվում է Դարեհը սկյութների արքային՝ Իդանթյուրոսին ուղղված նամակում։ Այնտեղ նա կոչ է անում սկյութների արքային դադարեցնել փախուստը և վերադառնալով հպատակվել ու իրեն հող և ջուր մատուցելով՝ հաշտվել իր հետ[1], սակայն սկյութների արքան նրան հրաժարվում է դադարեցնել փախուստը՝ ասելով, որ Դարեհը դեռ լաց կլինի[2][3]։
- Գիրք 5-ում նկարագրվում է 7 պարսիկ դեսպանների այցը Ամյունտաս I Մակեդոնացուն, որոնք հող և ջուր են պահանջում։ Ամյունտասը ընդունում է նրանց պահանջը[4] և ճոխ խնջույք կազմակերպում։ Շուտով պարսիկ դեսպանները հարբում են, և պահանջում, որ ըստ իրենց ավանդույթների՝ կանայք գան խնջույքի։ Ամյունտասը հայտնում է, որ իրենց ավանդույթներն այդպիսին չեն, սակայն քանի որ պարսիկներն են իրենց տերերը, ապա նա կկատարի դեսպանների պահանջը։ Երբ կանայք գալիս են, պարսիկները սկսում են բռնել նրանց ստինքներից և նույնիսկ փորձել համբուրել[5]։ Տեսնելով այս ամենը՝ Ամյունտասի որդին՝ Ալեքսանդրը, զայրանում է։ Նա իր հորը խնդրում է հեռանալ խնջույքից՝ ասելով․ «Հա՛յր, դու հարմարվիր քո տարիքին, գնա հանգստացիր և մի շարունակիր խմելը։ Ես կմնամ այստեղ և հյուրերին կտրամադրեմ անհրաժեշտ ամեն ինչ»[6]։ Երբ նրա հայրը հեռանում է, Ալեքսանդրը կանանց ուղարկում է իրենց կացարաններ և նրանց փոխարեն խնջույքի բերում զինված, կանանց հագուստներ հագած անմորուս տամարդկանց, որոնք սպանում են պարսիկներին[7]։
- Գիրք 5-ում նկարագրվում է նաև այն, թե ինչպես են աթենացիները մ․թ․ա․ 507 թվականին ցանկանում զինակցություն կնքել պարսիկների հետ։ Նրանք պատվիրակություն են ուղարկում Հյուստասպեսի որդի Արտափրենեսի մոտ, որը ասում է, որ զինակցություն կկնքեն միայն այն դեպքում, եթե աթենացիները համաձայնեն հող և ջուր տալ արքա Դարեհ I-ին։ Դեսպանները համաձայնում են[3], սակայն վերադառնալով Աթենք՝ խիստ պատժվում են իրենց ինքնագլուխ արարքի պատճառով[8]։
- Գիրք 5-ում նկարագրվում է, թե ինչպես Է Դարեհը հունական տարբեր քաղաք-պետություններ բանբերներ ուղարկել ու հող և ջուր պահանջել[3][9]։ Նրա պահանջը կատարել են մայրցամաքային և կղզիաբնակ մի շարք բնակավայրեր, այդ թվում չէր Աթենքը[3][10]։
- Գիրք 7-ում հիշատակվում է, որ պարսից արքա Դարեհ I-ը դեսպաններ է ուղարկել Սպարտա և Աթենք՝ պահանջելով անձնատվության ավանդական սիմվոլը՝ հող և ջուր, սակայն աթենացիները դեսպաններին նետել են վիհը, իսկ սպարտացիները՝ ջրհորը՝ պատվիրելով այդտեղից հող և ջուր տանել իրենց արքային[11]։
Մեկնաբանություն
խմբագրելՀող և ջուր պահանջելը խորհրդանշում է այն, որ հանձնվողները պարսիկներին են հանձնում իրենց հողերի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքները և իրենց տարածքների ամբողջ արտադրանքը։ Տալով հող և ջուր՝ նրանք ճանաչում էին պարսիկների իշխանությունը ամեն ինչի վրա․ պարսից արքային էր պատկանում նույնիսկ նրանց կյանքը։ Այնուհետև պետք է տեղի ունենային բանակցություններ՝ վասալի պարտավորություններն ու օգուտները որոշելու համար։ Հող և ջուր տերմինը ժամանակակից հունարենում խորհրդանշում է անվերապահ անձնատվություն նվաճողին։
Ըստ ժամանակակից պատմաբան Բալսերի՝ հողը և ջուրը զրադաշտական սինվոլներ են, որոնք խորհրդանշում են վասալական կախում Աքեմենյան տերությունից։ «Պարսիկ հերալդները Հունաստանում ուղևորվեցին ամենուրեք՝ պահանջելով ճանաչել պարսից իշխանությունը և զրադաշտական խորհրդանիշներ հող և ջուր՝ որպես վասալական կախման խորհրդանիշներ[12]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հերոդոստոս, 4․ 126
- ↑ Հերոդոստոս, 4․ 127
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Waters, Matt (2014). Ancient Persia: A Concise History of the Achaemenid Empire, 550–330 BCE. Cambridge: Cambridge University Press. էջ 123. ISBN 978-1-10700-960-8.
- ↑ Joseph Roisman,Ian Worthington. "A companion to Ancient Macedonia" John Wiley & Sons, 2011. 144435163X pp 343-345
- ↑ Հերոդոստոս, 5․ 18
- ↑ Հերոդոստոս, 5․ 19
- ↑ Հերոդոստոս, 5․ 20
- ↑ Հերոդոստոս, 5․ 73
- ↑ Հերոդոստոս, 6․ 48
- ↑ Հերոդոստոս, 6․ 49
- ↑ Հերոդոստոս, 7․ 133
- ↑ J. M. Balcer, "The Persian Wars Against Greece: A Reassessment", Historia;; 38 (1989) p. 130