Հոմրուլ, (անգլ.՝ home rule` բառացի՝ ինքնավարություն), Իռլանդիայի ինքնավարության ծրագրի իրականացման համար պայքարը 19-րդ դարի 70-ական թվականներին և 20-րդ դարի սկզբին։ Ծրագիրը (1869 թվականին առաջ էր քաշել իռլանդացի լիբերալ Բատը) նախատեսում էր ստեղծել իռլանդական պառլամենտ և կառավարման ազգային մարմիններ՝ պահպանելով սակայն Մեծ Բրիտանիայի գերագույն իշխանությունը Իռլանդիայի վրա։ Հոմրուլի մասին օրինագիծը անգլերեն պառլամենտ է մտցրել Գլադստոնը 1886 և 1893 թվականին, բայց չի ընդունվել։ Նորից պառլամենտ է մտել 1912 թվականին, Իռլանդիայում ազգային-ազատագրական շարժման հուժկու վերելքի պայմաններում. 1914 թվականին օրինագիծը հաստատվել է։ Սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում հոմրուլի իրագործումը հետաձգվել է։ 1919-1921 թվականներին Իռլանդիայի ժողովրդի ազատագրական պայքարը անկախ հանրապետության համար հարկադրել է անգլիական կառավարությանը համաձայնության գալ իռլանդական բուրժուազիայի հետ։ 1921 թվականին աջ շինֆեյներների (իռլանդական բուրժուական նացիոնալիստներ) ղեկավարների և անգլիական կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն, Իռլանդիայի հարավային մասին տրվեց դոմինիոնի ստատուս «Իռլանդական ազատ պետություն» անվամբ, իսկ Հյուսիսային Իռլանդիան (Օլստեր) մնաց Մեծ Բրիտանիայի կազմում։ Հոմրուլի համար շարժում ծավալվել է նաև Հնդկաստանում (1914-1918 թվականներին)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 541
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմրուլ» հոդվածին։