Հովհաննես Մայրագոմեցի (նաև՝ Հովհան Մայրիվանեցի, Հովհան Մայրագոմեցի, 570/5 - 652՞), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, Դվինի կաթողիկեի փակակալ։ Կարևոր դեր է ունեցել Հայ առաքելական եկեղեցու վարդապետության ձևավորման գործում։ Դեմ է եղել բյուզանդական եկեղեցու հետ միաբանվելուն, ինչի համար ենթարկվել է հալածանքների՝ նզովվելով իբրև հերետիկոս։ Աղվեսադրոշմի խարանը դեմքին դաջված իր աշակերտների հետ Ներսես Գ կաթողիկոսի ժամանակ աքսորվել է «Կովկաս»։ Հետագայում նրան հաջողվել է վերադառնալ Հայաստան, որտեղ և մահացել է։ Աղբյուրներում նա անվանված է «կատարյալ փիլիսոփա», աստվածային գրքերի գիտության քաջատեղյակ անձ, որը «փայլում էր իր վարդապետությամբ» (Ասողիկ

Երկերը

խմբագրել

Նրան են վերագրվում «Խրատ վարուց», «Հաւատարմատ» և «Նոյեմակ» վերտառությամբ աշխատությունները, որոնք ամբողջությամբ մեզ չեն հասել։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, ինչպես նաև Մխիթար Այրիվանեցու «Ժամանակագրության» մեջ պահպանված մի տեղեկության, Մայրագոմեցին հեղինակել է երեք գործ՝ «Խրատ վարուց», «Հաւատարմատ» և «Նոյեմակ»։ «Կնիք հավատո» ժողովածուում պահպանվել են Հովհան Մայրիվանեցու դավանաբանական երեք երկերի առանձին հատվածներ. «Բան հաւատոյ» (4 հատված), «Վասն Տնօրէնութեան Փրկչին» կամ «Ի Տնօրէնութիւնն Քրիստոսի» (4 հատված), «Վասն չարչարանաց եւ աներկիւղ մատնել զանձն իւր ի մահ վասն արարածոց» (1 հատված)։

«Խրատ վարուց» գիրքը 23 ճառերից կազմըված ժողովածու է և մի խումբ ձեռագրերում վերագրվում է Հովհան Մայրիվանեցուն, իսկ ձեռագրերի մեկ այլ խմբում՝ կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունուն (հրատարակվել է «Տեառն Յովհաննու Մանդակունւոյ հայոց հայրապետի ճառք» խորագրով, 1836)։ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք կազմված «Հաւատարմատ» ժողովածուն, որը կոչվում է նաև «Արմատ հաւատոյ», այժմ հայտնի «Կնիք հավատո» դավանաբանական ժողովածուի առաջին խմբագրությունն է՝ կատարված Հովհան Մայրիվանեցու ձեռքով, կամ «Հաւատարմատ»-ի օրինակով է կազմվել «Կնիք հաւատոյ»-ն։ Ըստ Նորայր արքեպիսկոպոս Պողարյանի, հեղինակի մյուս երկի անունը՝ «Նոյեմակ», առաջացել է «Հաւատոյ նամակ» բառերի աղավաղումից։ Ենթադրվում է, որ այժմ անհայտ այդ աշխատության առանձին մասերն են ներկայացնում Հովհան Մայրիվանեցու «Բան հաւատոյ» երկի 4 հատվածները, որոնք հետագայում նրա համախոհները, ի հարգանս իրենց ուսուցչի, զետեղել են իր իսկ կազմած «Կնիք հաւատոյ» ժողովածուի մեջ։

Իր դավանաբանական գրվածքներում Հ. Մ. մեծ տեղ է հատկացրել անապականության խնդիրներին։ Լինելով անապականության եռանդուն ջատագով, Հովհան Մայրիվանեցին, սակայն, չի ընկել երևութականության գիրկը։ Ծայրահեղացնելով անապականության նրա գաղափարները, Հովհան Մայրիվանեցու աշակերտները (Սարգիս Մայրագոմեցի և այլք) հետագայում նորանոր տեսություններ են հյուսել իրենց ուսուցչի աստվածաբանական ուսմունքի շուրջ, սկզբնավորել հայ իրականությունում երևութականության դրսևորումներից մեկը՝ «Մայրագոմեցիների աղանդ» կոչված հոսանքը, ինչի հիման վրա Թեոդորոս Քռթենավորն ու այլք Հովհան Մայրիվանեցուն վերագրել են աղանդավոր. գաղափարներ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն նրա ուսմունքի հետ։ Ընդունելով հանդերձ Տերունական մարմնի անապականությունը՝ Հովհան Մայրիվանեցին այն չի համարել աննյութական և երևութական, այլ ընդգծել է «թեպէտեւ յապականութենէ մարդկան զգեցաւ մարմին, ինքն միշտ անապական ասի»։ Ջանալով հաստատել «անապական մարդեղության» ուսմունքը, այսուհանդերձ, չի ընդունել Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի ապրած տագնապն ու տրտմությունը (Ղուկ. 22.43-44), քանզի դրանք, ըստ դավանաբան հեղինակի, ադամորդուն հատուկ ապականացու կրքեր են, որոնք սկզբունքորեն չէին կարող տեղ գտնել Քրիստոսի բնության մեջ։

Հովհան Մայրիվանեցու գրչին է պատկանում նաև «Վերլուծութիւնք կաթուղիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կարգաց» խորագրով աշխատությունը։ Ըստ Մայր աթոռի միաբան Կարապետ եպս. Տեր-Մկրտչյանի, այս երկը սկըզբնապես հեղինակի §Նոյեմակ¦ գրվածքի մասն է կազմել։ Հովհան Մայրիվանեցու այս գործը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հայ վաղ միջնադարի խորհրդանշանի (սիմվոլիկա) աստվածաբանության ու գեղագիտական մտքի վերաբերյալ։ Գրվածքում հեղինակը ներկայացրել է եկեղեցու ներքին տարածքի, ճարտ. առանձին մասերի, ինչպես նաև եկեղեց. սպասքի և քրիստ. ծիսակարգի այլ բաղադրիչների խորհըր դանշական բացատրությունը, տվել դրանց այլաբանական վերլուծությունը։

Գրականություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Նինա Գարսոյան, Հաղորդության սուրբ բաժակի (=սկիհի) անապակ գինին Հայոց եկեղեցիում, Էջմիածին ամսագիր, Հուլիս, 2010
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: