Հովհաննես Շահխաթունյանց

հայ պատմաբան

Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանց (մայիսի 20, 1799(1799-05-20), Շահրիար, Նախիջևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան - մարտի 1, 1849(1849-03-01), Շահրիար, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն), Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս էր, երկար տարիներ եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, Երևանի թեմի առաջնորդ։

Հովհաննես Շահխաթունյանց
Ծնվել էմայիսի 20, 1799(1799-05-20)
ԾննդավայրՇահրիար, Նախիջևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան
Մահացել էմարտի 1, 1849(1849-03-01) (49 տարեկան)
Մահվան վայրՇահրիար, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, հնագետ, մատենագետ և քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր Գևորգ Շահխաթունյանի եղբայրն էր։ Նրանց հայրը՝ Հովհան Շահխաթունյանցը, որը ժամանակակիցներին հայտնի էր Օհան սուլթան անունով, ազնվական ծագում ուներ և աչքի էր ընկնում զգալի կարողությամբ

Կենսագրություն

խմբագրել

Հովհաննես Շահխաթունյանցը սերել է ազնվական ընտանիքից։ Սովորել է Էջմիածնում՝ վանեցի Մկրտիչ վարժապետի մոտ, ապա Եփրեմ Ա Ձորագեղցին նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս, Սուրբ Էջմիածնի նվիրակ Աստվածատուր եպիսկոպոսի մոտ՝ որպես սպասավոր։ «Արժանավոր վարժապետներից» սովորել է հունարեն և թուրքերեն։ 1826 թվականին Շահխաթունյանցը Աստվածատուր եպիսկոպոսի կողմից ձեռնադրել է կուսակրոն քահանա։ 1830 թվականին Եփրեմ Ա Ձորագեղցու հրամանով նշանակվել է Սուրբ Էջմիածնի Բարձրագույն խորհրդարանի ատենադպրի օգնական, 1832 թվականին՝ Բարձրագույն խորհրդարանի անդամ և մատենադարանի վարիչ։ Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսի դեմ ծայր առած հուզումների պատճառով 1833 թվականին հրաժարվել է այդ պաշտոններից, հանդես եկել կաթողիկոսի գործելակերպի դեմ բողոքող ութ եպիսկոպոսների և վարդապետների խմբում։ Սակայն Գրիգոր Արդվինցու և Ստեփանոս Արարատյանցի հետ բաժանվել է բողոքողներից ու կրկին անդամակցել խորհրդարանին։ 1834-1835 թվականներին եղել է Երևանի վիճակի առաջնորդական փոխանորդ։ «Պոլոժենիե»-ի (1836) ընդունումից հետո մինչև մահ եղել է Հայ եկեղեցու նոր կանոնադրությամբ ստեղծված Սինոդի անդամ, միաժամանակ վարել տարբեր պաշտոններ՝ Մայր աթոռի տպարանի կառավարիչ, ժառանգավորաց դպրոցի ուսուցիչ ու վերատեսուչ, վանական կառավարության անդամ։ 1841 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Սինոդի հանձնարարությամբ Շահխաթունյանցը կազմել է Ս. Էջմիածնի գրատան ձեռագրացուցակը (312 անուն), որը հայագետ ակադեմիկոս Մ. Բրոսսեն թարգմանել և 1840 թվականին հրատարակել է ֆրանսերեն ու ռուսերեն։ Շահխաթունյանցը գրել է Դավիթ-Դանիելյան անցքերի պատմությունը, «Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (հ. 1–2, 1842) աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում քաղաքամայր Վաղարշապատի սրբավայրերի ու հուշարձանների, Այրարատի հինգ գավառների վերաբերյալ։ «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի» ձեռագիր երկում նկարագրել է Այրարատի 1840 թվականի երկրաշարժը և Ակոռի գյուղի ու Սուրբ Հակոբ վանքի կործանումը։ Շահխաթունյանցը իբրև գիտնական հայտնի է եղել նաև օտարներին։ 1844 թվականին Ստեփանոս Նազարյանցի միջնորդությամբ ընտրվել է Կազանի համալսարանի թղթակից անդամ։ Մշտական հարաբերություններ և նամակագրական կապեր է ունեցել Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանցի, Գաբրիել Պատկանյանի և այլ առաջադեմ գործիչների հետ։ Մ. Մսրյանի, Խաչատուր Աբովյանի, Մ. Սալլանթյանի հետ ցանկացել է Սևանա կղզում գիտական միաբանություն ստեղծել, բայց այդ մտահղացումը չի իրականացել։ Ներսես Ե Աշտարակեցին մեծ հարգանքով ու հավատով է վերաբերվել նրան։ 1843 թվականին Շահխաթունյանցը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի նվիրակ և մեկնել Թիֆլիս[1][2][3]։

Աշխատություններ

խմբագրել
  • «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Այրարատոյ»
  • «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի»

Գրականություն

խմբագրել
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002։
  • Սեդրակյան Ա., Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, ՍՊԲ, 1898։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հովհաննես Շահխաթունյանց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Երևանի պատմությունը». armenianhouse.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: