Հովտուն

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Հովտուն (նախկինում՝ Բայթար, Ալաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 28 կմ հյուսիս, Ախուրյան գետի ձախ կողմում։

Գյուղ
Հովտուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ, Ամասիայի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ
Այլ անվանումներԱլաքիլիսա, Բայթար
Մակերես12.4 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն221[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հովտուն (Հայաստան)##
Հովտուն (Հայաստան)

Հովտուն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Նախկինում Ալաքիլիսա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Հունաբնակ գյուղի պատմությունը

խմբագրել

1921 թվականին օսմանցիները իմանում են, որ Հայաստանում կա Բայթար անունով հունական գյուղ, որտեղ մոտ 600 հույներ են բնակվում։ Որոշում է կայացվում կոտորել Բայթար գյուղի բնակիչներին։

1921 թվականի դեկտեմբեր ամսին,Բայթար գյուղին կից Բանդիվան հայկական գյուղ են ձիերով գալիս մոտ 40 զինված ասկյար։ Մեկ-երկու օր մնալով Բանդիվանում, տեղեկանում են Բայթարի բնակիչների ապրելակերպից, հարստությունից և 40 հեծյալով հարձակվում են գյուղի վրա։

Սկզբում բոլոր տղամարդկանց, մոտ 150 հոգու լցնում են գյուղի եկեղեցին և տուն-տուն անցնելով, սկսում թալանը։

Կեսօրից հետո, եկեղեցու տղամարդկանց ,ասկյարներն ասում են, որ պետք է իրենց տանեն Ճջխլարի՝ այժմ Ցողամարգի, ճանապարհի վրա աշխատանքներ կատարելու։ Շարասյուն կազմելով,30 ձիավորի ուղեկցությամբ ,150 տղամարդու տանում են Բանդիվանի ուղղությամբ։

Երբ ճանապարհից շեղվում են, տղամարդիկ սկսում են կասկածել,որ իրենց տանում են աշխատեցնելու նպատակով։ Կիրակոսը,ով մի ոտքից կաղում էր, միշտ ետ էր մնում շարասյունից։ Ասկյարներն ավելորդ գլխացավանքից ազատվելու համար՝ տեղում գնդակահարում են նրան։ Այս փաստից,գերվածները հասկանում են, որ իրենց գնդակահարելու են տանում։

Երբ շարասյունը հասնում է երկու սարերի միջև, ասկյարները հրամայում են տղամարդկանց ձորակի մեջ հավաքվել։ Այդ տեղանքում բնական աղբյուրներ շատ կային և յուրաքանչյուր աղբյուր իր ձորակն ուներ, որոնց խորությունը կարող էր հասնել 1-2 մետրի։

Հարմար տեղավորվելով վերևում, ասկյարները սկսում են գնդակահարել հույն տղամարդկանց։

Իվանյան Իվանը, ում գյուղում Իվան Ապեր էին կոչում, նույնպես ձորակում էր և իր պատմածի համաձայն, կենդանի էր մնացել իր կարճ հասակի շնորհիվ։ Րոպեների ընթացքում ձորակը լցվել է դիակներով ու երբ թուրքերը սկսել են կենդանի մնացած վիրավորներին սպանել, մեկը խնդրել է չսպանել իրեն, փոխարենը ոսկի կտա։ Սակայն կրակոցը լռեցրել է այդ մարդու ձայնը։ Իվան Ապերը, հայտնվելով դիակների տակ, կենդանի է մնացել նույնիսկ այն դեպքում, երբ ասկյարները սրերով ծակում էին արդեն սպանվածների մարմինները։

Որոշ ժամանակ Իվան Ապերը պառկած մնալով և լսելով, որ ասկյարները հեռացել են, դուրս է գալիս դիակների տակից ու սկսում փնտրել կենդանի մնացած համագյուղացիներին։

Դիակների տակից դուրս են գալիս Մինասյան Տիգրանը, ում Տիգրան Ապեր էին կոչում, Գյուրջյան Ադան, Կարապետյան Սումբաթը։

150 հույն տղամարդկանցից չորսին է հաջողվում կենդանի մնալ այս սահմռկեցուցիչ սպանդից։ Հրաշքով ողջ մնացած չորս համագյուղացիներով սարի բարձունքից հետևում են գյուղում կատարվածին, թալան ու բռնություն, կրակոցներ, երեխաների ճիչ։ Ադան ու Սումբաթը որոշում են գյուղ մտնել։ Իվանի ու Տիգրանի հորդորներին չլսելով՝ նրանք իջնում են Բայթար, բայց, գյուղ չհասած, սպանվում են ասկյարների կողմից։

Մինչև մութն ընկնելը,Իվանն ու Տիգրանը հետևում էին, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց իսկ սայլերը բարձում՝ թալանված իրերով։ Իվան Ապերը,չգիտեր, որ ասկյարները հայտնաբերել են իր հինգ երեխաների թաքստոց կարտոֆիլի հորը և այրել այն երեխաների հետ միասին։ Գյուղի բնակիչների մի մասին ասկյարները տանում են թալանի հետ, մնացածին՝ հատկապես հասակավոր կանանց՝տան մեջ սպանում են։

Տիգրանն ու Իվանը, գիշերն անցկացնելով Արփաչայի ձորում, լույսը չբացված, ուղևորվում են դեպի Գյումրի՝ այն ժամանակ Ալեքսանդրապոլ։

Ձմեռն անցկացնելով Գյումրիում, գարնանը վերադառնում են Բայթար, սակայն գյուղում կենդանի շունչ չեն գտնում։ Ամենուրեք դիակներ էին, ձորակը լցված էր սառած դիակներով։ Իվանն ու Տիգրանն օգնության են կանչում բանդիվանցիներին և ձորակը դարձնում եղբայրական գերեզման։

Այնուհետև Բայթար են գալիս գյուլերանցի գաղթականները, ովքեր Կաթնաղբյուր էին գաղթել, գտնում են Բայթարի քահանային և խնդրում բնակարաններ վաճառել իրենց։ Քահանան ասում է, որ գյուղում կենդանի շունչ չկա, տներում մենակ դիակներ են,գնան,ցանկացած տան դուռ բացեն և ապրեն, միայն թե,դիակները քրիստոնեավայել թաղեն։

Այսպես Բայթարը հունական գյուղից վերածվեց գաղթականների գյուղի։ Նորաբնակների պատմելով,վառված տներում, գոմերում, ցախատներում, բազմաթիվ մարդկային ոսկորներ են եղել։

Իվանն ու Տիգրանը, կորցնելով իրենց ընտանիքներն ու հարազատներին, բնակություն են հաստատում Բայթարում։

Տարիներ անց, մոտ 1950 թվականին, Բայթար են ժամանում ինչ-որ անծանոթ մարդիկ, հայտնում, որ Բայթարից են և թուրքերն իրենց բռնի ուժով Թուրքիա են տարել, եկել են իրենց ծննդավայրը տեսնելու։ Բայթարցիների հետ,հյուրերը ՝ողբերգական ձորակի մի մասը ցանկապատում են և ծաղիկներ դնում եղբայրական գերեզմանին։

Տիգրան Ապերի երազանքն էր հուշարձան կառուցել ողբերգության վայրում, սակայն 1964 թվականին մահացավ՝ առանց իրականացնելու իր երազանքը։

Բնակչություն

խմբագրել

Գյուղի այսօրվա բնակիչների նախնիները 1918-1920 թթ. գաղթել են Կարսի Գյոզեյրան գյուղից։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1831 թվականին Բայթարը ունեցել է 27 բնակիչ, բոլորը՝ իսլամ։

1873-ին և 1886-ին գյուղն ունեցել է համապատասխանաբար 231 և 167 բնակիչ, որոնք դրված են “այլք” դասակարգման տակ։ Մյուս երկու դասակարգումներն են հայերը և թաթարները։

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Բայթար գյուղն ուներ 220 բնակիչ, որից 23-ը՝ դրված է “հայ լուսավորչական և հայ կաթոլիկ” դասակարգման տակ, 188-ը՝ պրավոսլավ, այսինքն՝ ուղղափառ, 9-ը՝ այլ։

1908 թվականին գյուղն ունեցել է 330 բնակիչ, և չկա դասակարգում, թե որ ազգությունների կամ կրոնների ներկայացուցիչներ են։ 1914 թվականի հաշվառման համաձայն, Բայթարում եղել 279 բնակիչ, իսկ հիմնական ազգությունը նշվում է հույն։

1914, 1916 և 1919 թվականներին գյուղն ունեցել է համապատասխանաբար 363, 270 և 310 հույն բնակչություն։

1922 թվականի հաշվառման համաձայն, ըստ Կորկոտյանի, Բայթարում բնակվել են միայն հայեր՝ 306 հոգի, ինչը նշանակում է, որ 1919-1922 թվականների ընթացքում հույները հեռացել են և նրանց փոխարեն հաստատվել են հայեր։

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Բայթարը ունեցել է 352 բնակիչ, որից 321-ը՝ հայ, 31-ը՝ քուրդ։

Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Բայթարն ուներ 447 բնակիչ, որից 409-ը՝ հայ, 38-ը՝ եզդի։

ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Հովտունն ունեցել է՝

1939 թվական – 477 հոգի,

1959 թվական – 236 հոգի,

1970 թվական – 207 հոգի,

1979 թվական – 253 հոգի,

1989 թվական – 238 հոգի։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 185 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 27%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 21%։

Հովտունի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 231[4] 220 352 477 236 207 253 238 190 154[5]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 264հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 109 և 633 հեկտար։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ,ինչպես նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ։

Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500- 600մմ։

Լանդշաֆտ

խմբագրել

Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Հովտունն ունի “Քանդված ժամ” (Սբ. Սարգիս) եկեղեցի և կաթոլիկ մատուռ։ Գյուղի մոտակայքում է գտնվում “Բերդեր” ամրոցը։

Սուրբ Սարգիս եկեղեցի

Լեռնագրություն

խմբագրել

Հովտուն գյուղից 3 կմ հյուսիս–արևելք, գտնվում է Սեպ, Չիսիլի, Չիվիլի, Չիվիլիսիպ, Սիպ, Սիփ, Սյուփ, լեռնագագաթը՝ Ցողասարի լեռներում.Բարձրությունը 2449 մ է։

 
Սեպ, Չիսիլի, Չիվիլի, Չիվիլիսիպ, Սիպ, Սիփ, Սյուփ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 70
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

խմբագրել