Հռոմեական արվեստ
Հռոմեական արվեստ, Մ.թ.ա. 1-ին դարի վերջին Հռոմեական պետությունը ազնվականական հանրապետությունից վերածվեց կայսրության։ Այսպես կոչված «հռոմեական խաղաղությունը» (դասակարգային պայքարում անդորրությունը), որ սկսվեց Օգոստոսի պրինցիպատի (կայսրության անցնող քաղաքական շրջանի) սկզբին, խթանում էին արվեստի բուռն ծաղկումը, շինարարության աճը։ Անտիկ շրջանի պատմաբանները Օգոստոսի կառավարման ժամանակաշրջանը (մ.թ.ա. 27- մ.թ. 14 թվականներ) բնութագրում են որպես Հռոմեական պետության «ոսկեդար»։ Նրա հետ են կապված ճարտարապետ Վիտրուվիոսի, պատմաբան Տիտոս Լիբիասի, բանաստեղծներ՝ Վիրգիլիոսի, Օվիդիոսի և Հորացիոսի անունները։ Արվեստում որպես պաշտոնական ուղղություն ձևավորվեց «օգոստոսյան դասականությունը» (կլասիցիզմը), որը հսկայական ազդեցություն գործեց արևմտաեվրոպական արվեստի հետագա զարգացման վրա։ Հռոմեական նկարիչները կողմնորոշվում էին դեպի Ֆիդիասի ժամանակների Հունաստանի մեծ վարպետները, բայց հունական դասական արվեստի բնականությունը փոխարինվեց խոհայնությամբ, զսպվածությամբ։
Այս հոդվածը մշակույթի վերաբերյալ հոդվածաշարի մաս է կազմում | |
---|---|
Հին Հռոմի մշակույթ | |
Հռոմեական արվեստ | |
Լատիներենի այբուբեն | |
Հռոմեական գրականություն | |
Հռոմեական դիցաբանություն | |
Ճարտարապետություն | |
Կերպարվեստ | |
Թատրոն | |
Հին Հռոմ Պորտալ |
Ճարտարապետություն
խմբագրելՀռոմը ձեռք բերեց համաշխարհային մայրաքաղաքի հեղինակությանը պատշաճող բոլորովին նոր կերպարանք։ Աճեց հասարակական շենքերի թիվը, կառուցվում էին հրապարակներ, կամուրջներ, ջրանցույցներ, հարստացավ ճարտարապետական զարդարանքը։ Պատմաբան Սվետոնիոսի խոսքերով՝ Օգոստոսը Հռոմն այնպես «զարդարեց, որ արդարացիորեն կարող էր պարծենալ, ասելով՝ Հռոմը ստացա աղյուսից, այն թողնում եմ մարմարից»։ Քաղաքը ժամանակակիցներին ապշեցնում էր իր հրապարակի անծայրածիրությամբ՝ ոչ մի կողմից այն հստակ սահմաններ չուներ։ Նրա արվարձանները կորած էին Կամպանիայի շքեղ ամառանոցների կանաչի մեջ։ Հոյակապ շենքերը, սյունասրահները, կամարակապ, գեղեցիկ ճակտոններով տանիքները, հարուստ զարդարված ջրավազանները և շատրվանները հաջորդում էին պուրակներին ու ծառուղիներին։
Օգոստոսյան պաշտամունքային ճարտարապետության ոճի մասին պատկերացում է տալիս Նիմում կառուցված տաճարը (մ.թ.ա. 1-ին դարի սկզբին, Հարավային Ֆրանսիա), որը պատկանում է կեղծ սյունաշար շենքի տիպին, նրանում շեշտվում էր ներքին տարածությունը։ Կորնթոսյան օրդերի դասական ձևերը խստիվ պահպանվում են, համամասնությունները գեղաշար են, հանրապետական տաճարների համեմատությամբ երևան եկավ նրբագեղության, շքեղության ձգտում։ Տաճարը վերականգնված է վարդագույն կրաքարից, ունի վեց սյունանի սրահ։ Ամբողջականի կոմպոզիցիայում տեղ-տեղ նկատելի են կամային լարվածությունը և բանական պարզությունը, որոնք շենքին հաղորդում են պաշտոնականության երանգ։ Տոնականությունն ուժեղանում է նաև նրանով, որ տաճարը կառուցված է բարձր հիմքի վրա։
Իշխող դասական հոսանքի հետ միասին շարունակում էր զարգանալ ճարտարապետությունը, որն ուներ զուտ գործնական նշանակություն, օրինակ ինժեներական կառուցվածքները։ Մտահղացման իմաստուն պարզությամբ, ոչ շատ, բայց արտահայտիչ միջոցներով գեղարվեստական արդյունքի հասնելու կարողությամբ առանձնանում է Նիմում (Հարավային Ֆրանսիա) կառուցված վիթխարի բարձրության հասնող կամուրջը, որը Նեմուզ քաղաքին ջուր մատակարարող ջրանցույցի մի մասն է։ Կամուրջը բազմահարկ խոշորաթռիչք կամարաշարք է Գար գետի հովտում։ Ներքևի երկու հարկերի՝ բարձրությամբ գրեթե հավասար մեծ կամրջաթռիչքները վերջանում են ցածր կամարաշարքով։ Կառուցվածքի հորիզոնականությունն ու մասշտաբայնությունը և միաժամանակ նրա թեթևությունը ընդգծված են միջին կամարաշարքի տարբեր կամարաթռիչքների ռիթմի դինամիկայով, որն ստացել է կոմպոզիցիոն կենտրոնի նշանակություն։ Գարդի կամուրջը Հռոմի ինժեներական արվեստի խորհրդանիշն է։
Հին Հռոմի արվեստն իր զարգացման գագաթնակետին հասավ մեր դարաշրջանի առաջին երկու դարի ընթացքում, թեև հասարակական հակասություններն այդ ժամանակ սրվեցին։ Կայսերական իշխանությունն ստացավ բռնակալական բնույթ, հաճախակի դարձան ընդհարումները սենատի հետ, ավելի ու ավելի հաճախ էր արտահայտվում մայր երկրի և նահանգների բնակչության ստորին խավերի դժգոհությունը։ Սակայն նահանգների աստիճանական բռնացումը, ստրուկների շարժման և ապստամբությունների ճնշումը Հրեաստանում, Իլիրիայում, Աֆրիկայում, ֆինանսական ռեֆորմները, արտաքին դրության ամրապնդումը, ստրկատերերի իշխող խավի կոնսոլիդացիան, ապա և տարբեր ցեղային ստրկատիրական ավագանուն պետության կառավարման մեջ ընդգրկումը՝ այս ամենը չէր կարող չհանգեցնել կայսրության սոցիալական համակարգի տնտեսական ծաղկման ու կայունացման, հասարակական կյանքի որոշակի վերելքի։
Մեծ բարգավաճման հասան նահանգները։ Հռոմեական կայսրությունը վերածվեց Միջերկրայքի (Միջերկրական ծովի երկրների) ստրկատերերի կայսրության։ Բուն Հռոմը ստացավ համաշխարհային տերության կերպարանք։
Մ․թ․ա․ 1-ին դարի վերջը և 2-րդ դարի սկիզբը (Փլավիոսների և Տրայանոսի կառավարման ժամանակաշրջան) վիթխարի ճարտարապետական համալիրների, մեծ տարածական թափի կառուցվածքի ժամանակներ էին։ Հին Հանրապետական հրապարակի կողքին կառուցվեցին հանդիսավոր արարողությունների համար նախատեսված՝ կայսրերի հրապարակներ (Տրայանոսի հրապարակը և այլն), նրանք ձգտում էին իրենց հավերժացնել շքեղ կառուցվածքներով։ Կառուցվում էին բազմահարկ տներ, որոնք որոշում էին Հռոմի և կայսրության մյուս քաղաքների դեմքը։ Մինչև այսօր իրենց խստաբարո վեհությամբ զարմացնում են կայսրերի հսկայական պալատների ավերակները Պալատինում (մ․թ․ 1-ին դար)։ Կայսերական Հռոմի հզորության և պատմական նշանակալիցության մարմնավորում էին Հռոմի ռազմական հաղթանակները փառաբանող կառուցվածքները։ Հաղթակամարներ և սյունաշարեր էին կառուցվում ոչ միայն Իտալիայում, այլև նահանգներում՝ ի փառս Հռոմի։ Այնտեղ հռոմեական մշակույթի, գաղափարախոսության ակտիվ տարածողներ էին հռոմեական կառուցվածքները։
Հռոմեական հրապարակի մուտքի մոտ, ի հիշատակ Հրեական պատերազմում հռոմեացիների տարած հաղթանակի, կառուցվեց Հրեաստանի ապստամբությունը ճնշած Տիտոսի մարարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։ Իր ձևով կատարյալ, սպիտակափայլ միաթռիչք կամարը (15․4 մ բարձրությամբ, 5․33 մ լայնությամբ) ծառայում էր որպես մարտակառքի վրա կայսրի քանդակային խմբի հիմք։ Դասական օրդերով քարե զանգվածի բաժանումը ձևերին հաղորդում էր արդիականություն և պարզություն։ Կամարի երևացող հեծանային ծածկը և նրա վրա դրված պատը, լույսի ու ստվերի հակադրությունը ուժեղացնում էին ձևերի բարեկերպական և գեղանկարչական արտահայտչությունը։ Արտաքին շրջակալի վրա կամարի միջին մասը եզրափակում են հաղթանակի աստծո՝ Վիկտորիայի թռչող պատկերները, որոնք կերտված են ոչ բարձր ռելիեֆով։ Դրանք ասես պսակավորում են հաղթողին։ Կամարի բացվածքի տարածությունն ընդարձակվում է կամարի կասետաներով (առաստաղի կամ կամարի մակերեսի ոչ մեծ խորություններով, որոնք հաճախ ունեն քառակուսու ձև) և պատերի վրա գեղանկարչոորեն մեկնաբանված ռելիեֆային կոմպոզիցիաներով, որոնք պատկերում են հաղթանակով Հռոմ մտնողի և Երուսաղեմի տաճարներից հափշտակած ավարով անցնող լեգեոնների հանդիսավոր շքերթը։ Բարձր ռելիեֆի կառուցումը, նրա լուսաստվերային ներգործությունն ուժեղացնում են կամարի բացվածքի խորության զգացումը։ Լեգիոներների փոթորկալից շարժումներն ասես ռելիեֆի հարթությունից դուրս են հորդում իրական տարածութուն։ Նրանց շարժմունքի բուռն ոգևորությունն է ասես արձագանքում ճարտարապետության հաղթական թեմային։ Գունազարդումը և ոսկեջրումն ուժեղացնում են տեսարանի գեղեցկությունը և կենսունակությունը։
Հետագայում կառուցվեցին եռակամար բարդ՝ Սեպտիմիոս Սևերոսի (մ.թ. 2-րդ դարի վերջ), կոնստանտինի հաղթակամարները (մ.թ. 4-րդ դար)։ Հռոմեացիների կյանքում մեծ տեղ էին գրավում տեսարանները։ Թատրոնները և ամֆիթատրոնները բնորոշ են անտիկ քաղաքներին։
Դեռևս ուշ շրջանի հանրապետության ժամանակներում Հռոմում սկզբնավորվեց ամֆիթատրոնի յուրահատուկ տեսակ։ Վերջինս ամբողջովին հռոմեական գյուտ էր։ Եթե հունական թատրոնները տեղադրվոմ էին բաց երկնքի տակ, հանդիսատեսների նստատեղերը պատրաստվում էին բլրի կտրվածքում, ապա հռոմեական թատրոնները ինքնուրույն փակ բազմահարկ շենքեր էին քաղաքի կենտրոնում՝ նստատեղերը համակենտրոն կառուցված պատերի մեջ։ Ամֆիթատրոնները նախատեսվում էին մայրաքաղաքի բնակչության ստորին խավերի՝ ներկայացումների ծարավ ամբոխի համար, որի առջև տոնախմբությունների օրերին տեղիէին ունենում կրկեսամարտիկների (գլադիատորների) մրցամարտեր, ծովամարտեր և այլ նման ելույթներ։
Հին Հռոմի ամենավիթխարի տեսլարանային վիթխարի կառույցը Փլավիոսի ամֆիթատրոնն է՝ Կոլիզեյը (մ.թ. 75-90 թվականներ), որը գտնվում է Հանրապետական հրապարակի մոտ։ Կառուցողները պետք է նրա հսկայական քարե թասում տեղավորեին հիսուն հազար հանդիսատես։ Կոլիզեյի հզոր պատերը (բարձրությունը՝ 50 մ) համատարած կամարաշարքերով բաժանված են 4 հարկի. ներքևի հարկում դրանք ծառայում էին մուտքի և ելքի համար։ Հատակագիծը էլիպսաձև է (156×198 մ)։ նրա կոմպոզիցիայի կենտրոնն այժմ ավերակ ասպարեզն է (մրցարանը), որն օղակված է հանդիսատեսների համար աստիճանաձև նստարաններով։ Էլիպսն ամենից ավելի լիակատար ձևով էր համապատասխանում ծավալվող ներկայացումների դինամիկայի՝ գլադիատորների մարտերի պահանջներին։ Այն հնարավորություն էր տալիս առավելագույնս ակտիվացնելու հանդիսատեսին, արտոնյալ հասարակության տեղերը մոտեցնելու մրցասպարեզին. ձագարաձև ցած իջնող տեղերը բաժանվում էին հանդիսատեսների հասարակական աստիճանին համապատասխան։ Հարկատակերի տարածություններն օգտագործված են կամավոր սրահ-ճեմասրահների և աստիճանների համար։
Կոլիզեյն այսօր նույնպես ապշեցնում է իր կոմպոզիցիաների ամբողջականությամբ և համարձակությամբ։ Նրա ներքևի երեք հարկերը ձևավորված են միջանցիկ կամարներով և կիսասյուներով. առաջին հարկում՝ տոսկանական, երկրորդում՝ հոնիական, երրորդում կորնթոսյան։ Չորրորդ՝ քարե հզոր պատի նմանվող հարկը, որը համատարած գոտիով ամուր կապում է շենքի ծավալը, ավարտում է այն և դրանով ուժեղացնում զսպող ուժի արտահայտությունը։ Պատը բաժանող կորնթոսյան օրդերի քառանկյունի որմնասյուները չեն խախտում մոխրագույն ծակոտկեն կրատուֆով պատված շենքի մենաքարը։ Կոլիզեյի արտաքին տեսքը տոգորված է զսպող ուժով։ Այդ զգացողությունն առաջանում է ոչ միայն շենքի վիթխարի մասշտաբները, այլև հիմնական ձևերի ընդհանրացումը, պարզ ռիթմերի հանդիսավոր հզորությունը։
Մտահղացման վիթխարիությամբ և տարածական լուծման լայնությամբ կոլիզեյի հետ մրցում է Պանթեոն տաճարը (մ․թ․ մոտ 118-125 թթ․), որը դիտողին գրավում է իր ազատ ներդաշնակությամբ։ Կառուցված լինելով Ապոլլոդորոս Դամասկոսցու կողմից, այն անտիկ աշխարհում կենտրոնագմբեթային ամենամեծ և կատարյալ շենքի մի դասական օրինակ է։ Պանթեոնի ռոտոնդը (կլոր կիսագնդաձև գմբեթով) արտաքինից թողնում է շքեղ քարե զանգվածի տպավորություն։ Պատերի ընդարձակ հարթ մակերեսին հյուսիսից հակադրված է կորնթոսյան օրդերի հզոր սյունաշարը՝ աստիճաններով։ Պանթեոնում գլխավորը՝ հանդիսատեսին զարմացնողը, գմբեթի տակի վիթխարի, ամբողջական, հանդիսավոր-մեծատեսիլ ու ներդաշնակ տարածությամբ ինտերիերն է։ Պանթեոնի համամասնությունները լիակատար են՝ գմբեթի տրամագիծը (43,5 մ) գրեթե հավասար է տաճարի բարձրությանը (42,7 մ), իսկ քանի որ պատերի բարձրությունը հավասար է նրա շառավղին, գմբեթատակի տարածությունը ներգծվում է գնդի մեջ։ Գմբեթն ունի կիսագնդի ձև, որը հենվում է գլանաձև հիմքին։ Գմբեթի գագաթի իննմետրանոց կլոր անցքը («Պանթեոնի աչքը») լույսի աղբյուր է, որտեղից լույսը հեղեղի նման թափանցում, լուսավորում է ամբողջական թողնված ինտերիերը։ Կենտրոնական բարձր մասում լուսավորության կենտրոնացումը հանդիսատեսին ստիպում է սրությամբ ընկալել գմբեթի բարձրությունը։ Դեռ հնում նշվել է, որ վիթխարի ռոտոնդը գմբեթով ծածկելն ընդգրկում էր երկնակամարի խորհրդանշական վերարտադրությունը։ Այդպիսի լուծումը թելադրված էր «բոլոր աստվածների տաճարի» ստեղծման խնդրով, ոչ միայն աստվածությունների բնակարանի, ինչպես այդ հույների մեջ էր, այլև սուրբ տարածության ստեղծման խնդրով, ոչ միայն աստվածությունների բնակարանի, ինչպես այդ հույների մեջ էր, այլև սուրբ տարածության ստեղծման խնդրով, որտեղ աղոթողներն են գտնվում։
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ