Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)
Հռոմեա-պարթևական պատերազմ, 54-64 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև։ Պատերազմի պատճառը Մեծ Հայքում պարթև Արշակունիների հաստատումն էր։ Հայ ավագանին սատարում էր պարթևներին, իսկ Հռոմը դեմ էր Հայաստանում պարթևական տերության ազդեցության ուժեղացմանը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով և ավարտվել Հռանդեայի հաշտությամբ։
Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հռոմեա-պարթևական պատերազմներ | |||||||||||||
Տրդատ Ա-ն, ով պատերազմի վերջում ճանաչվեց Հայոց արքա | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայ ավագանի Պարթևստան |
Հին Հռոմ Ծոփք, Փոքր Հայք, Աղվանք, Կոմագենե, Պոնտոս, Վիրք | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Տրդատ Ա Վաղարշ Ա |
Կորբուլոն Տիգրան Զ Պետոս |
1 թվականին Մեծ Հայքում Արտաշեսյանների դինաստիայի (մ.թ.ա. 189-1) ընդհատումից հետո՝ մինչև 52 թվականը, հռոմեացիների օգնությամբ գահ էին բարձրանում Վիրքի, պարթևների օգնությամբ՝ Ատրպատականի արքայատոհմի ներկայացուցիչները։ Օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Զենոնը, ով ստացավ նաև Արտաշես անունը, գահակալում էր որպես Զենոն-Արտաշես կամ Արտաշես Գ։ Նա Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։
Քաղաքական անիշխանության հետևանքով 37 թվականին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27 000 քառ. կմ)՝ Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4 100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։
Առաջին փուլ
խմբագրել1-ին դարի կեսերից նոր էջ բացվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։
52 թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախչում է Վիրք՝ հոր մոտ։
Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թվականին ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։
Ներոնը 59 թվականին հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը, թողնելով Մեծ Հայքում 5 000-անոց զորք, հեռանում է Սիրիա։ Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախչում է երկրից։
Երկրորդ փուլ
խմբագրել61 թվականին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով։
61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով։
Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։