Հրաբխային ապար

ապար, որը ձևավորվել է լավայից, ժայթքել է հրաբխից

Հրաբխային ապարներ, վուլկանիտներ, հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած ապարներ։ Կախված ժայթքման բնույթից՝ առաջանում են երկու տիպ՝ արտահոսված (էֆուզիվ) և հրաբխաբեկորային (պիրոկլաստիկ)։ Վերջիններս ստորաբաժանվում են փխրուն (հրաբխային մոխիր, ավազ, խարամ ևն) և ամրացած կամ ցեմենտացած (տուֆեր, տուֆոբրեկչիաներ ևն) ապարների։

Հրաբխային ապարները տարբերվում են քիմիական կազմով, ստրուկտուրային և տեքստուրային առանձնահատկություններով, ապար կազմող նյութի պահպանվածության աստիճանով։ Ըստ քիմիական կազմի էֆուզիվ հրաբխային ապարները ստորաբաժանվում են երկու հիմնական խմբի՝ ալկալային ու ալկալա–կրային, և բացի այդ, հիմքային (սիլիկաթթվով չհագեցած), միջին կազմի (սիլիկաթթվով հագեցած) և թթու ապարների (սիլիկաթթվով գերհագեցած)։ Լավաների բյուրեղացման աստիճանը, ստրուկտուրային և տեքստուրային առանձնահատկությունները կախված են նրանց մածուցիկությունից։ Էֆուզիվ ապարներին բնորոշ են պորֆիրային, միկրոլիտային, կիսաապակյա, ապակյա ստրուկտուրաները և ֆլյուիդալ, գծավոր ու ծակոտկեն տեքստուրաները։ Հին երկրաբանական ժամանակաշրջաններում առաջացած և խիստ փոփոխման ենթարկված հրաբխային ապարները կոչվում են պալեոտիպ, իսկ նորագույն ժամանակաշրջանի չփոփոխված տարատեսակները՝ կայնոտիպ ապարներ։ Հրաբխային ապարներով հարուստ Հայաստանի տարածքում են գտնվում հրաբխային տուֆերի, խարամի և պեմզայի միութենական նշանակության մի շարք կարևորագույն հանքավայրեր։ Հրաբխային ապարները լայնորեն կիրառվում են շինարարության մեջ, արդյունաբերության մի շարք ճյուղերում։

Հրաբխային ապարներն այն առաջնային, նախասկզբնական նյութն են, որից կազմավորվել է Երկրի մակերևույթը։ Երկրի վրայի առաջին ապարները հրաբխայիններն են. նրանք ձևավորվել են, երբ մոլորակը սկսել է սառչել։ Մագման հրահեղուկ նյութ է, որի կարծրացման և բյուրեղացման բարդ գործընթացի արդյունքում առաջացել են հրաբխային ապարներում հայտնաբերված բոլոր հանքաքարերը։ Մագման մշտապես առաջանում է Երկրի խորքում։ Նրա առաջացման ընթացքն անհնար է դիտել, ուստի գիտնականները ստիպված են ենթադրություններ անել այդ մասին։ Ֆրանսիացի հանքաբան Դոլոմյոն 18-րդ դարում հնարավորություն ունեցավ դիտել Վեզուվ հրաբխի գործունեությունը, որն այդ ժամանակաշրջանում որոշ չափով ակտիվ էր։ Նա եկավ այն համոզման, որ լավան ծագում է Երկրի խորքերում։ Մագմայի որոշ մասը սառչում և պնդանում է Երկրի կեղևում՝ կազմավորելով մի զանգված, որը կոչվում է հրաբխային ներժայթուկ։ 20-րդ դարի սկզբներին կանադացի ապարագետ Նորման Բոուենը (1887-1956), աշխատելով բնական մագմայի նմանակի՝ հալված սիլիկատների հետ, ուսումնասիրել է սառեցմամբ դրանց բյուրեղացումդ։ Նա հայտնաբերել է, որ մետաղի օքսիդներ պարունակող հանքաքարերն առաջինն են բյուրեղանում, քանի որ ունեն հալման ամենաբարձր կետը։ Ավելի ուշ ձևավորվող բյուրեղները սկզբում առաջացած բյուրեղների և մնացած՝ փոփոխվող բաղադրություն ունեցող հեղուկի փոխազդեցության արգասիք են։

Ապարների շրջապտույտը

խմբագրել

Ապարների շրջապտույտը շարունակ նորացնում է Երկրի մակերևույթը։ Շփվելով Երկրի մթնոլորտի հետ՝ հրաբխային ապարները փոխակերպվում են։ Ստեղծվում են նոր հանքաքարեր, և բյուրեղի հատիկները, առանձնանալով ու քշվելով քամիներից, առաջացնում են նստվածքներ։ Նրանցից ձևավորվում են նստվածքային ապարները, որոնք հետո տաքանալով կամ սեղմվելով՝ առաջացնում են փոխակերպված ապարներ և նույնիսկ կարող են վերստին հալվել՝ առաջացնելով նոր հրաբխային ապարներ։

 

Լեռնաշղթաների մաշվելը

խմբագրել

Լեռնաշղթաների ձևավորումը Երկրի խորքային ապարների բարձրացման արդյունք է։ Լեռնաշղթաների առաջացմանը զուգընթաց՝ լեռնագագաթները միլիոնավոր տարիների ընթացքում նաև մաշվում են եղանակի ազդեցությամբ։ Անգլիայի Դարթմուրում գտնվող այս գրանիտը բաթոլիթ կոչվող հրաբխային ներժայթուկի մաս է, որը բյուրեղացել է երկրակեղևի խորքում։ Մի ամբողջ լեռնաշղթա է քայքայվել էրոզիայի պատճառով, որից մնացել է ընդամենը գրանիտե ժայռագագաթը՝ թորը։ Թոր բառն ունի կելտական ծագում։

Խոշոր բյուրեղներ

խմբագրել
 

Երբ հեղուկը դանդաղ է սառչում, առաջանում են խոշոր բյուրեղներ, քանի որ ատոմները հասցնում են բյուրեղներում դասավորվել կարգավորված ձևով։ Կախված բյուրեղների ձևավորման ջերմաստիճանից՝, ծծումբ քիմիական տարրն առաջացնում է օրթոռոմբային կամ մոնոկլինային բյուրեղներ։ Ենթադրվում է, որ Հեյթորի գրանիտը սառել է ավելի քան 1 միլիոն տարվա ընթացքում, որի պատճառով բյուրեղների չափը 5 սմ է։

Բյուրեղների տաքացումը

խմբագրել

Ծծմբի փոշիացված բյուրեղները տաքացնելիս հալվում են։ Եթե նրանք արագ են սառեցվում, ապա մոտ 90 °C-ում ձևավորվում են ասեղանման մոնոկլինային բյուրեղներ։ Այդ բյուրեղները բնության մեջ աճում են հրաբխային ֆումարոլի կամ տաք աղբյուրի ջերմության հաշվին։ Բյուրեղները ձևավորվում են ֆումարոլի ելքի շուրջը, որտեղ տեղի է ունենում սառեցումը։

Սառեցված բյուրեղներ

խմբագրել

Արագ սառեցված հեղուկը կարող է ձեռք բերել ապակենման կառուցվածք, որում բացակայում է բյուրեղների ներքին կարգավորվածությունը։ Ապակենման այս կառուցվածքի տեսքը կարող է միանգամայն տարբեր լինել համապատասխան բյուրեղային նյութի տեսքից։ Սառեցված ծծումբը ձգվող է և պլաստիկ։ Արագ սառած սիլիկատը կամ մագման դառնում է բնական ապակի, որը միլիոնավոր տարիների ընթացքում կարող է վերածվել բյուրեղների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 612