Հրազդանի երկաթի հանքավայր
Հրազդանի երկաթի հանքավայր՝ հանքավայր ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից մոտ 800 մ հյուսիս-արևելք, Սուդաղյան բլրի շրջակայքում։
Հանքավայրի ուսումնասիրությունը կատարվել է 1948-1949 թվականներին, արդյունաբերական շահագործումը սկսվել է 1963 թվականից։ Արդյունահանվում է բաց եղանակով, երկաթի միջին պարունակությունը 27,9 % է։
Երկրաբանական կառուցվածքում առկա են մինչքեմբրիի փոխակերպված թերթաքարեր, կավակրաքարեր, վերին կավճի ու պալեոգեն-նեոգենի կրաքարեր, ավազաքարեր ու մերգելներ, որոնք հատվում են վերին էոցենի քվարցդիորիտային-գրանոդիորիտային խորքային զանգվածով։ Հանքաքարերը խորքային զանգվածի սահմանակից տեղամասերում տարածված սկառներ են՝ կազմված նռնաքար, էպիդոտ, մագնետիտ միներալներից։ Սկառնային հանքայնացման զոնայի երկար. մոտ 1400 մ է, հաստությունը՝ 150-200 մ։ Հանքանյութերն առաջացնում են մագնետիտի բներ, ոսպնյակներ, երակաձև ու շերտանման կուտակումներ, ցանավոր ներփակումներ։ Հանքաքարից ստացվող սպունգանման երկաթը բարձրորակ հումք է էլեկտրատեխ. արդ. մեջ օգտագործվող հատուկ մակնիշի պողպատ ստանալու համար։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 615)։ |