Ճահճային կրիա (Emys orbicularis), սովորական կրիա, աչիկավոր կրիա, ջրային կրիաների ընտանիքի կենդանի։ Հայաստանում հանդիպում է միայն Տավուշի մարզում։ Տարածված է հիմնականում տաք կամ բարեխառն կիսաչորային գոտիներում։ Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստական, ջրավազաններում և ջրամերձ տարածքներում։
Զրահի երկարությունը փոխվում է տարիքի հետ (2,2-29 սմ)։ Պոչը համեմատաբար երկար է (զրահից 1,4-3 անգամ կարճ է)։ Զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար ուռուցիկ է, վահանիկները՝ հարթ։ Զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, շարժուն է։ Կարապաքսն ու պլաստրոնը միացած են կապանով։ Գլուխը ծածկված է հարթ մաշկով։ Մատների միջև, զարգացած են լողաթաղանթներ։ Կարապաքսի գույնը գորշ կանաչավունից գրեթե սև է՝ կախված մանր, սև ու սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն բծերի խտությունից։ Պլաստրոնի գույնը սպիտակավունից դեղնավուն է կամ վարդագույն՝ կախված բաց գույնի բծերի ընդհանուր գունավորումից։ Մաշկի մուգ ընդհանուր գունավորման վրա ևս առկա է բաց դեղնավունից նարնջագույն երանգներով մանր բծերի խճանկար։ Գլուխն ու վերջույթները նույնպես մուգ գույնի են՝ ծածկված մանր դեղնավուն գծերով։ Երիտասարդ կրիաները խայտաբղետ են։ Սնվում է որդերով, հոդվածոտանիներով, փափկամարմիններով, մանր ողնաշարավորներով, լեշերով, նաև ջրային բուսականությամբ։ Ձմեռում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խորություն)։
Ձմեռման տևողությունը կախված է կլիմայի պայմաններից (հաճախ՝ հոկտեմբերիցմարտի վերջը)։ Զուգավորումը սկսվում է ապրիլին, շարունակվում մինչև հունիսի կեսերը։ Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում երկարավուն, 28-33 մմ × 18-20 մմ տրամագծով 5-10 ձու և դրանք թաղում հողի մեջ։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջերին-սեպտեմբերի սկզբին։ Սեռահասուն է դառնում 6-8 տարեկանում։ Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է նաև անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով, միսն ու ձուն՝ որպես սնունդ։ Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։