Մասնակից:GhevondHay/Ավազարկղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայասա (այլ կիրառումներ)
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կումախա | |||
Զորք | 700 մարտակառք 10.000 հետևազոր | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պատմություն |
Հայասա կամ Հայասա-Ազզի, պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XV դարից առ մ.թ.ա XIII դար։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հայասայի կարևոր կենտրոններից էր Կումախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և մ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 13-րդ դարի վերջին։
Անվան ծագումը
խմբագրելՈւսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ «Հայասա» անունը լեզվական առումով նույնն է, ինչ որ Հայքը կամ Հայաստանը: Կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից, որը ցույց է տալիս այս կամ այն ցեղի, ժողովրդի բնակության վայրը, այսինքն «Հայասա» նշանակում է հայերի երկիր, Հայաստան։
Պատմություն
խմբագրելՀայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ 15-րդ դարի 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին-14-րդ դարի սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ 14-րդ դարի սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում, երբ Հայասայի ավագները տեսնում են, որ իրենց ամրացրած քաղաքները չեն կարողանում կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան, միայն այդ ժամանակ է, որ Հայասան հնազանդվում է Մուրսիլիին։ Մ.թ.ա. 13-րդ դարի խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. 12-11-րդ դարերի ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. 13-րդ դարի վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների՝ Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։
Քաղաքներ
խմբագրելՀայասայի կարևոր քաղաքներն էին Արխիտան (ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (Բաբերդից արևմուտք), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայի Կամախը), Հայասան և Ազզին (հետագայի Երզնկայի մոտ) ևն։
Բանակ
խմբագրելՏոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Նրանց բանակը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։
Էթնիկական կազմ
խմբագրելԳերիշխող կարծիքն այն է, որ Հայասա-Ազզի երկրի բնակիչները պատկանում էին խուրրիական ցեղերին[1]։ Սակայն բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք կարող են մեկնաբանվել հօգուտ հայասացիների լեզվի հնդեվրոպական ծագման[1] Իր ժամանակին իբրև վարկած հայտնված այս տեսակետը հետագայում զարգացվեց Գևորգ Ջահուկյանի կողմից։ Հայասայի լեզվից մեզ հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նրան այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական հին անատոլիական լեզուների խեթական-նեսիական (ավելի ճիշտ՝ խեթա-լոլվիական) խմբին, կամ որ այն թերևս ինքնուրույն հին անատոլիական լեզու է։ Այս տվյալների լույսի տակ փորձ է արվում պարզելու հայասական բաղադրատարրի բնույթը հայոց լեզվի մեջ[2]։։ Նա նույնիսկ ենթադրում է «հայասա-իշոլվական բարբառների մնացորդների» առկայությունը ուրարտերենում և հայերենում։
Այնուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ եթե Hayasa անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան, ապա այդ նույնը չի կարելի ասել հայասերեն լեզվի մասին։ Այդ լեզուն կարող է դիտվել թերևս որպես ձևավորվող հայերեն լեզվի հնագույն շերտերից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կատեգորիա:Նախնադարյան Հայաստան Կատեգորիա:Հին Մերձավոր Արևելք Կատեգորիա:Մ.թ.ա. 15-րդ դարում հիմնադրված պետություններ և տարածքներ Կատեգորիա:Մ.թ.ա. 13-րդ դարում կազմալուծված պետություններ և տարածքներ