Մարիա Կալաս
Մարիա Կալաս (ազգանվան գրության այլ ձևը՝ Կալլաս, անգլ.՝ Maria Callas, հունարեն՝ Μαρία Κάλλας, իսկական անունը՝ Աննա Սոֆի Չեչիլիա Կալոգերոպուլու (հուն․՝ Μαρία Άννα Σοφία Καικιλία Καλογεροπούλου), դեկտեմբերի 2, 1923[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - սեպտեմբերի 16, 1977[7][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[8]), ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո)։ Ազգությամբ՝ հույն։
Մարիա Կալաս | |
---|---|
Մարիա Կալաս (1958 թ. լուսանկար) | |
Բնօրինակ անուն | Maria Callas |
Ի ծնե անուն | անգլ.՝ Maria Anna Cecilia Sofia Kalogeropoulou[1][2] և հուն․՝ Μαρία Άννα Καικιλία Σοφία[1][2] |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1923[3][4][5][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Երկիր | Հունաստան և ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1977[7][3][5][…] (53 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[8] |
Գերեզման | Եգեյան ծով[7] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | dramatic coloratura soprano? |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Աթենքի կոնսերվատորիա և George Washington Educational Campus? |
Անդամակցություն | Panhellenic Musician Union? |
Ամուսին | Ջովաննի Բատիստա Մենեգինի[9] |
Պարգևներ | |
Կայք | maria-callas.com/en/ |
Maria Callas Վիքիպահեստում |
Կալլասի արվեստի ընդհանուր բնութագիր
խմբագրելՄարիա Կալլասը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկը։ Նա փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաև օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով։ Բազմակողմանի երգչուհի էր, որի երգացանկը տարածվում էր 18-րդ դարի դասական օպերա-սերիաներից մինչև Ջոակինո Ռոսսինիի, Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները։ Բեմական գործունեության առաջին տարիներին Մարիա Կալլասը նաև երգել է Վագների երաժշտական դրամաներում։ Իր ակնառու երաժշտական և դրամատիկական տաղանդի շնորհիվ երկրպագուների կողմից ստացել է «La Divina» (Աստվածային) տիտղոսը։
Ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր կողմից՝ Մարիա Կալլասը երաժշտական կրթություն է ստացել Հունաստանում և մեծ հռչակ է ձեռք բերել՝ հանդես գալով Իտալիայի օպերային բեմերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ստիպված լինելով հաղթահարել ինչպես պատերազմական ժամանակի զրկանքները, այնպես էլ իր առողջության, այդ թվում՝ վատ տեսողության հետ կապված խնդիրները՝ նա իր կյանքի ընթացքում անցել է բազմաթիվ մարտահրավերների և սկանդալների միջով։ Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) գեր քաշ ունեցող կնոջից նա վերափոխել է իրեն բարեկազմ և նրբակազմ էակի։ Քաշի այդ կորուստը, հնարավոր է, դեր է խաղացել նրա ձայնի անկման և 1965 թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի մեջ։
Մամուլը հաճախ էր անդրադառնում Կալլասի դյուրագրգիռ բնավորությանը, իտալական երգչուհի Ռենատա Տեբալդիի հետ մրցակցությանը և հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպին։ Անձանական կյանքում Կալլասի անհաջողությունները երբեմն ստվերի մեջ էին թողնում նրա արվեստը։ Սակայն երգչուհու արտիստական ձեռքբերումները այնքան նշանակալից են, որ ամերիկացի երգահան Լեոնարդ Բերնսթայնը անվանել է նրան «Օպերայի Աստվածաշունչ»[12], իսկ նրա ազդեցությունն այնքան տևական է, որ 2006 թ.-ին Opera News ամսագիրը գրել է. «Իր մահից երեսուն տարի անց նա մնում է արվեստագետ-պրիմադոննայի տիպար, ինչպես նաև դասական երաժշտության առավել լավ վաճառվող երգիչներից մեկը»[13]։
Կենսագրություն
խմբագրելՄարիա Կալլասը ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 3-ին Նյու Յորքում։ Նրա ծնողները՝ Ջորջ և Էվանգելինա Կալոգերոպուլոսները ԱՄՆ էին գաղթել և հաստատվել նույն թվականի օգոստոսին Հունաստանից։ 1929 թ. Ջորջ Կալոգերոպուլոսը դեղատուն է հաստատում Մանհեթընի հունական թաղամասում և փոխում ազգանունը՝ Կալլաս։ 1932 թ. Մարիա Կալլասը դաշնամուրի դասերի է հաճախում։ Հետագայում, իր ողջ կյանքում, նա իր դերերգերը սովորում է ինքնուրույն, առանց կրկնուսույցի օգնության։ 1937 թ. Կալլասի ծնողները բաժանվում են։ Էվանգելինան վերադառնում է Հունաստան իր երկու դուստրերի հետ և ընտանիքի անունը նորից Կալոգերոպուլոս է դարձնում։
1938 թ. Մարիա Կալլասն ընդունվում է Աթենքի ազգային կոնսերվատորիա, հակառակ որ պահանջված նվազագույն 16 տարեկանը դեռ չէր լրացրել։ Սկսում է դասերը Մարիա Տրիվելայի ղեկավարությամբ։ Նույն տարվա ապրիլին դասընկերների հետ հրապարակային առաջին համերգին է մասնակցում։1939 թ. ապրիլի 2-ին նա բեմական առաջին ելույթն է ունենում՝ կատարելով Սանտուցայի դերերգը Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետությունը» օպերայի ուսանողական բեմադրության մեջ և շահում կոնսերվատորիայի մրցանակը։ Երգչուհի Էլվիրա դե Հիդալգոն դառնում է Մարիայի դասատուն կոնսերվատորիայում։ Մարիա Կալլասը կենտրոնանում է կոլորատուրային մարզումների վրա։
1941 թ. հունվարի 21-ին Կալլասն ունենում է առաջին պրոֆեսիոնալ դեբյուտը Աթենքի «Լիրիկ» թատրոնի հետ, «Պալաս» կինոթատրոնում որպես Բեատրիչե (Ֆրանց Զուպպեի «Բոկաչիո» օպերետ)։ Նույն թատերախմբի հետ հետագա 4 տարիներին երգում է «Տոսկա» (Պուչչինի), «Հովիտ» (դ՛Ալբեր), «Գեղջկական ասպետություն» (Մասկանի), «Ֆիդելիո» (Բեթհովեն) և «Թշվառ ուսանող» (Կարլ Միլոկեր) օպերաներում։
1944 թ. գերմանական բանակը կորցնում է Հունաստանի նկատմամբ վերահսկողությունը, և բրիտանական նավատորմը հասնում է Պիրեա նավահանգիստ։ Մարիա Կալլասը որոշում է վերադառնալ Միացյալ Նահանգներ ու գտնել հորը։ 1945 թ. օգոստոսի 3-ին տալիս է հրաժեշտի համերգ Աթենքում դեպի Միացյալ Նահանգներ ուղևորության ծախսը հայթայթելու համար։ Դա Մարիայի առաջին մենահամերգն էր։ 1945 թ. սեպտեմբերին վերադառնում է Նյու Յորք, որտեղ վերցնում է Կալլաս ազգանունը։ 1945 թ. դեկտեմբերին տեղի է ունենում Կալլասի ունկնդրությունը Մետրոպոլիտեն օպերայում, բայց չի հաջողվում պայմանագիր ձեռք բերել։
1946 թ. կատարում է ապարդյուն փորձեր աշխատանք գտնելու, սակայն հետևողականորեն շարունակում է մարզումները տեխնիկան կատարելագործելու համար։ Հանդիպում է երաժշտական գործակալ Էդի Բագարոզիին։ Ընդունում է Չիկագոյում 1947 թ.-ի հունվարին Եվրոպայի նշանավոր երգիչների հետ Բագարոզիի և իտալացի իմպրեսարիո Օտտավիո Սկոտոյի հիմնադրելիք ընկերության կազմում «Տուրանդոտ» օպերայում հանդես գալու առաջարկը, սակայն ծրագրված առաջին ներկայացումից մի քանի օր առաջ ընկերությունը սնանկանում է։ Նիկոլա Ռոսսի-Լեմենին, հայտնի բաս երգիչը, որ նմանապես մաս էր կազմում ընկերության, Կալլասին ներկայացնում է Ջիովաննի Զենատելլոյին, ով այդ օրերին Միացյալ Նահանգներ էր եկել երգիչներ հավաքագրելու Վերոնայի 1947-ի օպերային փառատոնի համար, որի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա պայմանագիր է կնքում Կալլասի հետ «Ջոկոնդա» օպերայում գլխավոր դերերգը կատարելու համար։
1947 թ. հունիսի 27-ին Կալլասը ժամանում է Նեապոլ և հաջորդ օրն իսկ գնում է Վերոնա փորձերն սկսելու։ Մի քանի օր հետո հանդիպում է իտալացի հայտնի արդյունաբերող և օպերայի սիրահար Ջիովաննի Բատիստա Մենեգինիի հետ, որի հետ հետագայում ամուսնանում է։ 1947 թ. օգոստոս 2-ին տեղի է ունենում Կալլասի իտալական դեբյուտը Վերոնայի Արենայում որպես Ջոկոնդա, Տուլիո Սերաֆինի ղեկավարությամբ։ Թեև ներկայացումներն անցնում են բավական հաջող, սակայն Կալլասն առանձնահատուկ տպավորություն չի թողնում։
1947 թ. դեկտեմբեր 30-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում Կալլասը Սերաֆինի ղեկավարությամբ իտալերենով երգում է Իզոլդայի դերերգը Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում, ինչը դուռ է բացում իտալական այլ պայմանավորվածությունների, գլխավորաբար «Տուրանդոտ»-ի համար։ 1948 թ. նոյեմբերի 30-ին Ֆլորենցիայում Կալլասն առաջին անգամ հանդես է գալիս Նորմայի դերով, մի օպերա, որը նա կատարելու էր ամենաշատը իր կարիերայի ընթացքում։
1949 թ. հունվարի 19-ին առաջին անգամ Վագների «Վալկիրիա» օպերայում Բրունհիլդեի դերակատարումից ընդամենը 11 օր անց, Կալլասը, Սերաֆինի պնդումներից հետո, «Պուրիտաններ» օպերայի հերոսուհու՝ Էլվիրայի գլխավոր դերում փոխարինում է այդ օրն անտրամադիր Մարգերիտա Կարոզիոյին «Լա Ֆենիչեի» բեմի վրա։ Սա դառնում է Կալլասի կարիերայում դարձակետ և սկիզբ իտալական բելկանտո ռեփերտուարի վերականգնման գործում իր ներգրավմանը։
1949 թ. ապրիլ 21-ին Կալլասը ամուսնանում է Մենեգինիի հետ և նույն գիշեր ուղևորվում Արգենտինա՝ երգելու Բուենոս Այրեսի «Թեատրո Կոլոնի» բեմում։ Մենեգինիի օգնությամբ, որպես ամուսին ու մենեջեր, Կալլասն իր կարիերան է զարգացնում Իտալիայում և արտասահմանում շուրջ 2 տարի։
1951 թ. դեկտեմբեր 7-ին Կալլասը բացում է «Լա Սկալայի» թատերաշրջանը՝ մեծ հաջողությամբ կատարելով Ելենայի դերերգը Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայում։ Հաջորդող յոթ տարիներին «Լա Սկալան» դառնում է նրա մեծագույն հաղթանակների թատերաբեմը, դերերգերի ամենալայն սպեկտրով։
1952 թ. հուլիսի 29-ին Կալլասը ձայնագրման առաջին պայմանագիրն է կնքում EMI-ի հետ, իսկ օգոստոսին փորձնական ձայնագրությունն է արվում «Դոն Ջիովանիի» օպերայից «Non mi dir» արիայով։
1953 թ. փետրվարին Կալլասը մասնակցում է Ֆլորենցիայում EMI-ի հետ առաջին առևտրային ձայնագրությանը՝ կատարելով Լուչիայի դերերգը Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Նույն տարում Կալլասը մի ամբողջ շարք ձայնագրություններ է անում Լա Սկալայում, «Պուրիտաններից» և «Գեղջկական ասպետությունից» մինչև «Տոսկա», Սերաֆինի և Վիկտոր դե Սաբատայի ղեկավարությամբ։
1954 թ. կարճ ժամանակամիջոցում Կալլասը կորցնում է 30 կգ քաշ և արտաքնապես ամբողջովին փոխվում է։ «Լա Սկալայում» ձայնագրում է ամբողջական 4 օպերա, ձայնասկավառակի են վերածվում նրա լոնդոնյան 2 համերգները։ Նոյեմբերին վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ երգելու «Նորմա», «Տրավիատա» և «Լուչիա դի Լամերմուր» Չիկագոյի օպերայում։ Դեկտեմբերին «Լա Սկալայում» համերգաշրջանի բացումն է կատարում, առաջին անգամ համագործակցում է թատրոնի և ֆիլմի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ։
1956 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ դուրս է գալիս Մետրոպոլիտեն օպերայի բեմ՝ կատարելով Նորմայի դերերգը, որին հաջորդում է Տոսկան և Լուչիան։
1957 թ. սեպտեմբերին Վենետիկում մի ընդունելության ժամանակ Կալլասը ծանոթանում է նավային մագնատ, հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսի հետ։
1958 թ. հունվարի 2-ին պատճառաբանելով հիվանդությունը Կալլասն առաջին արարից հետո լքում է գալա-համերգը Հռոմում, «Նորմա» օպերայի կատարման ժամանակ. ներկայացմանը ներկա էր Իտալիայի նախագահը և բարձրաշխարհիկ ողջ հասարակությունը։ Մամուլը բիրտ քննադատում է Կալլասին։
1958 թ. մայիսին «Լա Սկալայում», Բելլինիի «Ծովահենը» օպերայի ներկայացման ժամանակ վիճում է թատրոնի գլխավոր տնօրեն Անտոնիո Գիրինգելլիի հետ և որոշում այլևս չբարձրանալ Լա Սկալայի բեմ՝ քանի դեռ նա շարունակում է պաշտոնավարել։
1958 թ. նոյեմբերի 6-ին Մետրոպոլիտեն օպերայի տնօրեն Ռուդոլֆ Բինգը խզում է Կալլասի հետ բոլոր պայմանավորվածությունները՝ հաջորդ համերգաշրջանի ներկայացման հարցում համաձայնության չգալու պատճառով։
1958 թ. դեկտեմբերի 6-ին Կալլասը հանդես է գալիս Փարիզի օպերայում դեբյուտ գալա-համերգով։ Հանդիսատեսների մեջ է նաև Օնասիսը, որն սկսել էր արդեն ավելի մոտիկից հետաքրքրվել Կալլասով։
1959 թ-ից սկսած Կալլասը հետզհետե ավելի քիչ ելույթներ է ունենում։ Ամուսնու հետ ծովային կրուիզի է հրավիրվում Օնասիսի «Քրիստինա» զբոսանավով, որի վրա նշանավոր տարբեր դեմքերի թվում էին նաև Չերչիլ ամուսինները։ Կրուիզի ավարտին Կալլասն ու Օնասիսը դառնում են սիրահարներ, Կալլասը խզում է հարաբերությունը Մենեգինիի հետ։ 1960-1963 թթ. Կալլասը բոլորովին լքում է բեմը և Օնասիսի հետ իրեն նվիրում միջազգային բարձրաշխարհիկ կյանքին՝ միայն 1963 թ.-ին տալով մի քանի մենահամերգ։
1964 թ.հունվարին Ֆրանկո Զեֆիրելին համոզում է Կալլասին վերադառնալ օպերա և Կովենտ Գարդենում մասնակցել «Տոսկայի» նոր բեմադրության։ Մայիսին Կալասը երևում է փարիզյան բեմում Նորմայի դերով (ռեժիսոր՝ Զեֆիրելի)։ Հակառակ վոկալ որոշ խնդիրների, կատարումն ընդհանրապես հաջող է անցնում։
1965 թ. փետրվարին Կալլասը երգում է «Տոսկա» Փարիզում, 9 անգամ։ Մարտին հաղթական վերադառնում է Մետրոպոլիտեն՝ միշտ «Տոսկայով»։ Մայիսին 5 նոր կատարումներ Նորմայի դերով՝ Փարիզում։ Հոգնած է զգում իրեն, սակայն չեղյալ չի հայտարարում ելույթները։ Մայիսին 29-ի ներկայացման ժամանակ Կալլասը 2-րդ արարն ավարտում է փաստական կոմայում։ Վերջին տեսարանը չի կայանում։ Հուլիսին պատրաստվում է 4 ներկայացում տալ Կովենտ Գարդենում։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս։ Կալլասը որոշում է ընդամենը մեկ՝ արքայական գալա-ներկայացումը հուլիսի 5-ին։ Դա իր վերջին կատարումն էր։
1966 թ. Կալլասը հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից և ընդունում հունականը, դրանով գործնապես ջնջելով իր ամուսնությունը Մենեգինիի հետ։ Նա ակնկալում է Օնասիսի ամուսնության առաջարկը, որը երբեք չի ստանում։
1968 թ. հոկտեմբերի 10-ին Օնասիսը պսակվում է Ջեքլին Քենեդու հետ՝ Կալլասի հետ հարաբերությունները սառեցնելուց հետո։
1969 թ. հունիս-հուլիսին Կալլասը Մեդեա է խաղում Եվրիպիդեսի համանուն թատերախաղի կինոբեմադրության մեջ։ Ռեժիսորը Պիեր Պաոլո Պազոլինին է։
1971-1972 թթ.- Կալլասը Նյու Յորքի Ջուլիարդ քոլեջում վարպետաց դասընթաց է տալիս։ Նա կրկին հանդիպում է իր հին ընկերոջը՝ նշանավոր տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոյին, նրանք սերտ բարեկամներ են դառնում։
1973 թ. դի Ստեֆանոն Կալլասին համոզում է միջազգային մեծ շրջագայություն ձեռնարկել ի նպաստ իր հիվանդ դստեր բժշկության։ Շրջագայությունը, որ անձնական հաղթանակ և արտիստական ձախողություն է դառնում, սկսվում է Համբուրգում հոկտեմբերի 25-ին և ավարտվում 1974 թ.-ին։ 1974 թ. նոյեմբերի 11-ին կայանում է շրջագայության վերջին համերգը դի Ստեֆանոյի հետ Սապպորոյում, Ճապոնիա։ Դա Կալլասի վերջին համերգն է։ Խզվում է կապը Դի Ստեֆանոյի հետ։
1975 թ. մարտի 15-ին Օնասիսը վիրահատությունից հետո մահանում է, Կալլասը մենակյաց կյանք է վարում Փարիզում՝ փակվելով իր առանձնատան մեջ։
1977 թ. սեպտեմբերի 17-ին Կալլասը, մենակ իր փարիզյան բնակարանում, մահանում է բնական պատճառներով։
Օպերային դերեր
խմբագրել- Սանտուցա - «Գեղջկական ասպետություն» Մասկանի (1938 թ., Աթենք)
- Տոսկա - «Տոսկա» Ջակոմո Պուչինի (1941 թ., Աթենք)
- Ջոկոնդա - «Ջոկոնդա» Պոնկիելի (1947 թ., «Արենա դի վերոնա»)
- Տուրանդոտ - «Տուրանդոտ» Ջակոմո Պուչինի (1948, «Կարլո Ֆելիչե» (Ջենովա)
- Աիդա - «Աիդա» Վերդի (1948 թ.)
- Նորմա - «Նորմա» Վինչենցո Բելլինի (1948 թ., 1956 թ., «Մետրոպոլիտեն օպերա»; 1952 թ., «Կովենտ-Գարդեն», Լոնդոն; 1954 թ., «Լիրիկ-օպերա», Չիկագո)[14]
- Բրունհիլդա - «Վալկիրիա» Ռիխարդ Վագներ (1949 - 1950 թթ.)
- Էլվիրա - «Պուրիտաններ» Վինչենցո Բելլինի (1949 - 1950 թթ., «Մետրոպոլիտեն օպերա»)
- Ելենա - «Սիցիլիական ժամերգություն» Ջուզեպպե Վերդի (1951 թ., «Լա Սկալա», Միլան)
- Կունդրի - «Պարսիֆալ» Ռիխարդ Վագներ («Լա Սկալա»)
- Վիոլետտա - «Տրավիատա» Ջուզեպպե Վերդի («Լա Սկալա»)
- Լեոնորա - «Տրուբադուր» Ջուզեպպե Վերդի
- Յուլիա - «Վեստալուհի» Սպոնտինի (1954 թ., «Լա Սկալա»)
- Ալկեստե - «Ալկեստե» Գլյուկ (1954 թ., «Լա Սկալա»)
- Իփիգենիա - «Իփիգենիան Տավրիսում» Գլյուկ (1957 թ., «Լա Սկալա»)
- Ջիլդա - «Ռիգոլետտո» Ջուզեպպե Վերդի (1955 թ., «Լա Սկալա»)
- Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան) - «Մադամ Բատերֆլայ» Պուչինի («Լա Սկալա»)
- Լեդի Մաքբեթ - «Մաքբեթ» Ջուզեպպե Վերդի
- Արմիդա - «Արմիդե» Ջոակինո Ռոսինի (1952 թ.)
- Ֆեդորա - «Ֆեդորա» Ջորդանո
- Մադդալենա - «Անդրե Շենիե» Ջորդանո (1955 թ., «Լա Սկալա»)
- Ռոզինա - «Սևիլյան սափրիչը» Ջոակինո Ռոսինի (1956 թ., «Լա Սկալա»)
- Աննա Բոլեյն - «Աննա Բոլեյն» Գաետանո Դոնիցետտի (1957 թ., «Լա Սկալա»)
- Ամելիա - «Պարահանդես-դիմակահանդես» Ջուզեպպե Վերդի (1957 թ., «Լա Սկալա»)
- Իմոջենե - «Ծովահենը» Վինչենցո Բելլինի (1958 թ., «Լա Սկալա»)
- Լյուչիա - «Լյուչիա դի Լամերմուր» Գաետանո Դոնիցետտի
- Պաոլինա - «Պողիկտոս» Գաետանո Դոնիցետտի (1960 թ., «Լա Սկալա»)
- Լեոնորա - «Ճակատագրի ուժը» Ջուզեպպե Վերդի (1954 թ., ձայնագրություն)
- Նեդդա - «Պայացներ» Լեոնկավալո (1954 թ., ձայնագրություն)
- Ամինա - «Լուսնոտը» Վինչենցո Բելլինի
- Միմի - «Բոհեմ» Ջակոմո Պուչինի (1956 թ., ձայնագրություն)
- Մանոն Լեսկո - «Մանոն Լեսկո» Ջակոմո Պուչինի (1957 թ., ձայնագրություն)
- Կարմեն - «Կարմեն» Բիզե[15]
Նշանավոր ձայնագրություններ
խմբագրելԲոլոր ձայնագրությունները «մոնո», եթե այլապես չի նշված։ «Կենդանի» ձայնագրությունները հասանելի են տարբեր լեյբլների թողարկմամբ։
- Վերդի, Նաբուկկո, դիրիժոր՝ Վիտորիո Գուի, կենդանի ներկայացման ձայնագրություն, Նեապոլ, 1949 թ. դեկտեմբերի 20։
- Վերդի, Տրուբադուր, դիրիժոր Գվիդո Պիկո, կենդանի ներկայացման ձայնագրություն, Մեխիկո, 1950 թ. հունիսի 20։
- Վերդի, Աիդա, դիրիժոր՝ Օլիվերո Դե Ֆաբրիտիիս, կենդանի ներկայացման ձայնագրություն, Մեխիկո, 1951 թ. հուլիսի 3։
- Պոնկիելլի, Ջոկոնդա, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, ձայնագրություն ստուդիայում Fonit Cetra-յի համար, սեպտեմբեր 1952 թ.:
- Բելլինի, Նորմա, դիրիժոր՝ Վիտորիո Գուի, կենդանի ներկայացման ձայնագրություն, Կովենտ Գարդեն, Լոնդոն, 1952 թ. նոյեմբերի 18։
- Վերդի, Մակբեթ, դիրիժոր՝ Վիկտոր դե Սաբատա, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1952 թ. դեկտեմբերի 7։
- Բելլինի, Պուրիտաններ, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, մարտ-ապրիլ 1953 թ.:
- Մասկանի, Գեղջկական ասպետություն, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս 1953 թ.
- Պուչչինի, Տոսկա, դիրիժոր՝ Վիկտոր դե Սաբատա, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս 1953 թ.[16]։
- Վերդի, Տրավիատա, դիրիժոր՝ Գաբրիելե Սանտինի, ձայնագրություն ստուդիայում, Fonit Cetra, սեպտեմբեր 1953 թ.:
- Քերուբինի, Մեդեա, դիրիժոր՝ Լեոնարդ Բերնսթայն, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1953 թ. դեկտեմբերի 10։
- Լեոնկավալո, Պայացներ, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, հունիս 1954 թ.:
- Սպոնտինի, Վեստալուհի, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1954 թ. դեկտեմբերի 7։
- Վերդի, Տրավիատա, դիրիժոր՝ Կարլո Մարիա Ջուլինի, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1955 թ. մայիսի 28։
- Պուչչինի, Մադամ Բատերֆլայ, դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս 1955 թ.:
- Վերդի, Աիդա, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս 1955 թ.:
- Վերդի, Ռիգոլետտո, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, սեպտեմբեր 1955 թ.:
- Դոնիցետտի, Լյուչիա դի Լամերմուր, դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան, կենդանի ներկայացման ձայնագրություն, Berlin, 1955 թ. սեպտեմբերի 29
- Բելլինի, Նորմա, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, կենդանի ներկայացման ձայնագրություն, La Scala, Milan, 1955 թ. դեկտեմբերի 7։
- Վերդի, Տրուբադուր, դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս 1956 թ.:
- Պուչչինի, Բոհեմ, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, ձայնագրություն ստուդիայում, EMI, օգոստոս–սեպտեմբեր 1956 թ.:
- Վերդի, Պարահանդես-Դիմակահանդես, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, ձայնագրություն ստուդիայում, EMI, սեպտեմբեր 1956 թ.:
- Ռոսսինի, Սևիլյան սափրիչը, դիրիժոր՝ Alceo Galliera, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), EMI, փետրվար 1957 թ.:
- Բելլինի, Լուսնոտը, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, ձայնագրություն ստուդիայում, EMI, մարտ 1957 թ.:
- Դոնիցետտի, Աննա Բոլեյն, դիրիժոր՝ Ջանանդրեա Գավաձենի, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1957 թ. ապրիլի 14։
- Բելլինի, Լուսնոտը, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, կենդանի ներկայացման ձայնագրություն, Քյոլն, 1957 թ. հուլիսի 4։
- Պուչչինի, Տուրանդոտ, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում, EMI, հուլիս 1957 թ.:
- Քերուբինի, Մեդեա, դիրիժոր՝ Տուլիո Սերաֆին, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), Ricordi, սեպտեմբեր 1957 թ.:
- Վերդի, Պարահանդես-Դիմակահանդես, դիրիժոր՝ Ջանանդրեա Գավաձենի, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լա Սկալա, Միլան, 1957 թ. դեկտեմբերի 7։
- Վերդի, Տրավիատա, դիրիժոր՝ Ֆրանկո Ջիոնե, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լիսբոն, 1958 թ. մարտի 27։
- Խելագարության տեսարաններ (հատվածներ Դոնիցետտիի Աննա Բոլեյն, Բելլինիի Ծովահենը և Ամբրուազ Տոմաի Համլետ օպերաներից), դիրիժոր՝ Nicola Rescigno, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), EMI, սեպտեմբեր 1958 թ.
- Քերուբինի, Մեդեա դիրիժոր՝ Նիկոլա Ռեշինյո, կենդանի ներկայացման ձայնագրություն Դալլասի Civic Opera թատրոնում, 1958 թ., համարվում է Կալլասի կողմից Քերուբինիի «Մեդեա» օպերայի ամենանշանավոր կատարումը։
- Պոնկիելլի, Ջոկոնդա, դիրիժոր՝ Անտոնիո Վոտտո, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), EMI, սեպտեմբեր 1959 թ.:
- Պուչչինի, Տոսկա, դիրիժոր՝ Կարլո Ֆելիչե Չիլարիո, կենդանի ներկայացման ձայնագրություն, Լոնդոն, հունվար 1964 թ.:
- Բիզե, Կարմեն, դիրիժոր՝ Ժորժ Պրետր, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), EMI, 1964 թ.:
- Պուչչինի, Տոսկա, դիրիժոր՝ Ժորժ Պրետր, ձայնագրություն ստուդիայում (ստերեո), EMI, դեկտեմբեր 1964 թ.:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Կոնգրեսի գրադարանի ստուգիչ համար
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 166. — ISBN 978-2-914611-48-0
- ↑ 8,0 8,1 8,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Davis P. G. The Eternal Husband's Story // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1982. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Hollywood Star Walk - Maria Callas // Los Angeles Times — El Segundo: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ PBS փաստագրական ֆիլմ Կալլասի մասին, նրա մահվան տարելիցին, 1983։
- ↑ Մարիա Կալլասի զրույց Լորդ Հեյրվուդի հետ BBC-ի համար, Փարիզում, Ապրիլ 1968՝ Maria Callas: The Callas Conversations, DVD EMI Classics
- ↑ Maria Callas, Norma - Casta Diva - Bellini 1 9 5 4
- ↑ Maria Callas - Carmen
- ↑ Paul Gruber (ed.), The Metropolitan Guide to Recorded Opera, Norton, 1993, p. 415
Արտաքին հղումներ
խմբագրել- CALLAS LA DIVINA, "Ազգ" օրաթերթ - մշակույթ #017, 08-09-2007
- Մարիա Կալլասը կատարում է Նորմայի մեներգը Բելլինիի «Նորմա» օպերայից (1958թ.)
- Պուչչինիի «Տոսկա» օպերայի 2-րդ գործողությունը Մարիա Կալլասի և Տիտո Գոբբիի կատարմամբ (1964թ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կալաս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169)։ |