Մեծ Հայքի նահանգների ցանկ

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր (լատին․՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Ստորև ներկայացվում է Մեծ Հայքի նահանգների ցանկը[1]։

Մեծ Հայք

Մեծ Հայքի նահանգներ

խմբագրել
# Պատկեր Անուն Զբաղեցրած մակերեսը Լրացուցիչ տվյալներ
1   Աղձնիք 17,532 կմ² Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգը։ Ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։ Հայտնի է նաև Ալսե, Ալզինենե անուններով[2]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[3]։ Այստեղ էր հաստատված սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը, որի սահմանների մեջ ներառվում էր նաև Միջագետքի մի մասը՝ Մծբին քաղաքով (Արվաստան), ինչպես նաև հայկական հարավային նահանգները մինչև Ուրմիա լճի սահհմանները[4]։ Կազմված էր 10 գավառներից։
2   Այրարատ 40,105 կմ² Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Կազմված էր 20 գավառներից։
3   Արցախ 11,528 կմ² Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք։ Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Կազմված էր 12 գավառներից։
4   Բարձր Հայք 23, 860 կմ² Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անունը ստացել է իր սարահարթի բարձրությունից, որի չէին հասնում ամբողջ հայկական լեռնաշխարհի սարահարթերը։ Ունեցել է նշանավոր դեր հատկապես կրոնական տեսակետից։ Այստեղ են գտնվել հեթանոս հայերի գլխավոր մեհյաններից որոշները։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Կազմված էր 9 գավառներից։
5   Գուգարք 16,765 կմ² Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգը իր անունը ստացել է գուգարացիներից, որոնք առանձին ցեղ էին կազմում։ Տիգրան Մեծը Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով Կուր գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն։ 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց։ Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը։ Վրացիները այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ)։ Կազմված էր 9 գավառներից։
6   Ծոփք 18,890 կմ² Հայտնի է նաև Չորրորդ Հայք անվամբ։ Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի՝ հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր էր կատարում որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը։ Կազմված էր 8 գավառներից։
7   Կորճայք 14,707 կմ² Մեծ Հայքի վեցերորդ նահանգը, Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին(Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Պարսկահայք նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Կազմված էր 11 գավառներից։
8   Մոկք 2,962 կմ² Մեծ Հայքի հինգերորդ նահանգը։ Հայտնի է նաև Մոկս անվամբ։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի հետ, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Նահանգի կենտրոնն է եղել Մոկս բերդաքաղաքը։ Հանդիսանում է Մեծ Հայքի հարավային ծայրագավառ։ Տավրոս լեռները այստեղ են տարածվում։ Լեռներեվ ու ամրություններով հարուստ նահանգ է։ Նրա մասին շատ քիչ տեղեկատվություն կա։ Կազմված էր 9 գավառներից։
9   Պարսկահայք 11,010 կմ² Մեծ Հայքի յոթերորդ նահանգը։ Հայտնի է Պարսկահայք անվամբ։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի՝ 387 թվականի բաժանումից և Նոր Շիրականի մեծ մասը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։ Կազմված էր 9 գավառներից։
10   Սյունիք 15, 237 կմ² Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս–արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս–արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ–արևելքում՝ Վասպուրականին։ Կարևոր նահանգներից մեկն է։ Նրա անունը նախահայկական ծագում ունի։ Ուրարտական արձանագրություններից մեկում կարդացվում էր Սուինիա երկրանունը։ Սյունիքում տիրող նախարարական տոհմը կոչվում էր Սիսիական։ Այդ անունով էլ պարսիկները նահանգը կոչում էին Սիսիական, իսկ արաբները՝ Սիսաջան։ Կազմված էր 12 գավառներից։
11   Տայք 10,179 կմ² Մեծ Հայքի տասնչորսերորդ նահանգը։ Անունը կապված էր տեղանքում ապրող ցեղերից մեկի հետ, որը հայկական ծագում չուներ, բայց հույների կողմից ծանոթ էին։ 4-րդ դարում պատկանում էր Մամիկոնյան տոհմին։ Տարածվում էր Կուր գետի ակունքների և Ճորոխ գետի ավազաններում։ Հյուսիսից սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հյուսիս–արևելքից՝ Գուգարք, արևելքից և հարավից՝ Այրարատ, հարավ–արևմուտքից և արևմուտքից՝ Բարձր Հայք նահանգներին։ 11-րդ դարում բոլորովին վրացիացած էր։ Կազմված էր 8 գավառներից։
12   Տավրուբերան 25,008 կմ² Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Կոչվում էր Տավրուբերան, Տուրուբերան կամ Տարոնո Աշխարհ։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տավրոբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը։ Այստեղ է գտնվում երրորդ մեծ և բարեբեր հովիտը՝ Մուշի տաշտը (Արածանիի վրա)։ Կազմված էր 16 գավառներից։
13   Ուտիք 11,315 կմ² Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգ։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։ Արցախի և Կուր գետի մեջ։ Հայաբնակ նահանգ չէր։ Այստեղ ապրում էին ուտիացիները, գարդմանացիները, գարգարացիները և այլ ցեղեր։ Կազմված էր 8 գավառներից։
14   Վասպուրական 40,870 կմ² Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ։ Անունը գրականության մեւ հիշատակվում է սկսած 6-րդ դարից։ Անունը հայկական չէ և վերցված է պահլավերենից։ «Վասպուր» էին կոչվում Սասանյան թագավորների ժամանակ Պարսկաստանի յոթ ամենաբարձր ազնվական տոհմերի անդամները։ Ելնելով դրանից երկիրը խոչվում էր «Ազնվականների երկիր» կամ «Ազնվականների գնդիր երկիր»[5]։ Վասպուրական նահանգը կոչվում էր նաև «Երկիր Արծրունյաց», քանի որ այստեղի գլխավոր նախարարական տոհմը Արծրունիներն էին։ Կազմված էր 36 գավառներից։
15   Փայտակարան 21.000 կմ² Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին, արևելքից՝ Կասպից ծովին։ Փայտակարանն, ըստ մ․թ․ա․ 63 թ․ - մինչև մ․թ․ 24 թ․ ապրած փոքրասիական հույն աշխարհագետ և պատմիչ Ստրաբոն Ամասիացու՝ հայերը խլել են Ատրպատականից։ Փայտակարանը Մեծ Հայքի թագավորության կազմում է եղել մ․թ․ա 165 թվականից մինչև մ․թ․ 385 թվականը՝ այսինքն 550 տարի, ասել է թե՝ ավելի քան կես հազարամյակ։ Նահանգն իր անունը ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Մյուս անունն էր Կասպեից կամ Կազբեից աշխարհ։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել:Կազմված էր 13 գավառներից։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  1. Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .
  2. Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
  3. Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
  4. Լեո, Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն, «Երկերի ժողովածու տասը հատորով, Առաջին հատոր», «Հայաստան», Եր․ 1966։
  5. Լեո, Հայոց պատմություն, Երկրորդ հատոր, Լեո ” Հատոր 2։ «Հայոց պատմություն» երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5-15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը. այս հատորում նա շարադրեց միայն 5-11-րդ դարերի պատմությունը։
  6. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
  7. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրատ., Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 509 էջ։
  8. Հարությունյան Բ.Հ․, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
  9. Հարությունյան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երևան, 2001։
  10. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Ա հատոր, Երևան, 2003։
  11. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
  12. Հարությունյան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել