Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Շեն (այլ կիրառումներ)

Մեծ Շեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Մեծ Շեն
ադրբ.՝ Böyük Qaladərəsi
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՇուշի
ՀամայնքՇուշիի շրջան
Մակերես1743,3 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն116 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Մեծ Շեն (Շուշիի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մեծ Շեն (Շուշիի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կալադարասի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը  գտնվում է ԱՀ հարավարևմտյան  հատվածում՝ Վարար ջուր գետակի արևմտյան կողմում՝ Քաչալ սար, Օթախասխսան լեռների արևմտահայաց լանջերին[2]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 1743,3 հա տարածք, որից 864,65 հա գյուղատնտեսական նշանակության, 796,36 հա անտառային հողեր։

Պատմություն

խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Վարար ջուր գետակի արևմտյան կողմում՝ Քաչալ սար, Օթախասխսան լեռների արևմտահայաց լանջերին։ Մեծ շենի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը, մասնավորապես կավանոթները, կարասները, աշխատանքային գործիքները, պահպանված դամբարանաբլուրները, եկեղեցիները, բերդերը, միջնադարյան բնակավայրերի ա հետքերը, տարբեր ձևիերի կացարանները, գերեզմանոցները, տարբեր ժամանակաշրջանների պատկանող մշակութային արժեքները, մասնավորապես մահարձանները, վիմագրերն ու տապանագրերը, խաչքարերը վկայում են, որ մարդը աՅստեղ ապրել է հնագույն ժամանակներից[2]։

Մեծ շենի մոտակա ձորակի քարայրային բնակավայրերից այստեղ տեղափոխված հայ բնակիչները 19-րդ դարում լեռան լանջին հիմնել են այս գյուղը։ Գտնվելով դեպի Մեծ Հայքի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը տանող ճանապարհի վրա՝ Բերդաձորի ենթաշրջանի, այդ թվում Մեծ Շենի բնակիչներն անընդհատ պայքարել են արաբ, թուրք-սելջուկ, մոնղոլ-թաթար, պարսիկ նվաճողների և Հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերի դեմ։

1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմի տարիներին Մեծ շենի բնակիչներն ամեն կերպ աջակցեցին ռուսներին՝ պարսիկների նկատմամբ հաղթանակ կրելու։ Պոտտոն գրում է, որ 1826 թվականին Գորիսում գտնվող ռուսական երեք վաշտեր Նազիմկայի հրամանատարությամբ որոշեցին Բերդաձորի հարևանությամբ գտնվող ճանապարհով հասնել Շուշի։ Ճանապարհին դարանակալած թուրքական ու քրդական զինված ացազակախմբերը հանկարծակիի բերեցին ռուսներին։ 1000 հոգուց կենդանի մնացած 2 սպայի, 6 ենթաասպայի ու զինվորի ապաստան տվեցին Մեծ Շենի հայերը։ Զինվորական պատմաբանը գրել է. «Նրանք այդտեղ ցանկալի հյուրեր էին և Ղարաբաղից պարսիկներին քշելուց հետո բարեհաջող նորից միացել են իրենց գնդին»։ Նույն ժամանակահատվածոմ պրապորշչիկ Խվոստիկովը 30 եգերների և 50 բերդաձորցիների, այդ թվում մեծշենցիների, հետ պաշտպանում են Լաչինի մոտ գտնվող Աղանոս գյուղը։ Այնուհետև նրանք հարձակվում են թուրքական և քրդական ավազակախմբերի վրա և հետ բերում հայկական գյուղերից թալանված անասունները։ Բերդաձորի ենթաշրջանի 7 գյուղերը՝ Կանաչ Թալան, Եղցահողը, Մեծ և Փոքր Խերխանները, Մեծ Շենը, Հին Շենը, Ծաղկաձորը(Տասը վերստ) գյուղերը պաշտպանական տեսանկյունից մի ամբողջություն էին կազմում։ Հագարուի գետահովիտի վրա հսկող ռազմավարական նշանակության այս բարձրավանդակը հայկական ավանդական սովորություններով և ինքնամփոփ կյանքով ապրող համայնքների մի փունջ էր կազմում[2]։

Մեծ Շենը վարչական տեսանկյունից մյուս գյուղերի համար կենտրոնի դեր էր կատարում։ 19-րդ դարում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի տանուտերը նստում էր Մեծ շենում։ Բոլոր գյուղերը իրարից 2,5-5 կմ հեռավորության վրա են գտնվում։ Տանուտերի հրահանգով այդ գյուղերից մարդ կանչելու համար կատարածուն կանգնում էր բլրի վրա, անվանականչ անում։ Տանուտերին կից գործում էր ավագների խորհուրդը, որը ընտրության կարգով ձևավորվում էր մյուս համայնքների անդամներից։ Հինշենում էր պահվում ենթաշրջանի գյուղերի պաշտպանության համար նախատեսված զենքն ու զինամթերքը։ Ժողովրդի մեջ պահպանվել է վառոդագործ Յուղուտանց Պետին(Պետրոսը), որը ապրել է 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին։ Հին Շենի բնակիչները հերոսաբար կռվեցին 1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհանրումների ժամանակ։ Այդ իրադարձությունները նկարագրող Ադոն գրել է «Բերդաձորից կպան քերծերի պերծին մինչև վերջ պաշտպանեցին իրենց հավատն ու անկախությունը» 1918 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Բերդաձորի կիրճում ծանր մարտեր են ընթացել հայ ինքնապաշտպանների և թուրք-թաթարական հրոսակախմբերի միջև։ 1918 թվականի օգոստոսի 5-ին թշնամու ճնշման տակ Մեծ Շենի բնակիչները ստիպված հեռացան հայրենի օջախից՝ հանգրվանելով Արցախի գավառներում, մասնավորապես Շուշի քաղաքում[2]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

խմբագրել

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մեծ Շենի բնակիչների մի մասը վերադարձավ հարազատ օջախ և սկսեց վերաշինել իր փոքրիկ լեռնաշխարհը։ 1929 թվականին Մեծ Շենում կազմակերպվում է կոլտնտեսություն։ Տնտեսության կազմակերպիչներից էր Բախշի Հարութունյանը։ Կոլտնտեսության վարչության առաջին նախագահը Թևան Բաբայանն էր։ Հինշենի կոլտնտեսության մեղվաբույծները 1939 թվականին Մոսկվայում կազմակերպված գյուղատնտեսական ցուցահանդեսում առաջին տեղն են գրավել և արժանացել առաջին կարգի դիպլոմի ու ոսկե մեդալի։ Հետագայում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը միավորվել են մեկ կոլտնտեսության մեջ։ Հայրենական մեծ պատերազմին Մեծ Շենից մասնակցել է 191 մարդ։ Նրանցից 84-ը զոհվել են[2]։

Արցախյան ազատագրական պայքարի տարիներին Մեծ Շենի բնակիչները շատ զրկանքներ կրեցին։ 1988-1991 թվականներին գյուղի բնակչությունը կենաց ու մահու կռիվ էր տալիս Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակների և նրանց աջակցող խորհրդային զինված ուժերի դեմ։ Ենթաշրջանի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել էր «Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ»։ 1991 թվականի մայիսի 16-18-ը ԱՀ ինքնապաշտպանական զորամասերը ազատագրեցին Մեծ Շենը։ Արցախյան պատերազմի տարիներին մարտական գործողություններին մասնակցել են 75 մեծշենցիներ։ Նրանցից 11-ը զոհվել են։ Իդրիս Հունանյանը հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Քաջագործության համար ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան է ստացել նաև Վարուժան Նասիբյանը[2]։

Բնակչություն

խմբագրել

Մեծ Շեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 96 92 106

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

Մեծ Շենում դարեր շարունակ ապրել են Ջափունց,Իշլիմազանց, Արզումանանց, Նանու Զաքունց, Բուզանանց, Պետունց, Ղուլունց, Գոլունց, Քիսպարանց ազգատոհմերի ներկայացուցիչները։ Սակայն այդ տոհմերի ներկայացուցիչների մեծ մասւ ապրում է հայրենի գյուղի սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր ծագերում[2]։

1850 թվականին Մեծ Շենում գործել է եկեղեցական-ծխական դպրոց։ Ուսուցչություն էր անում գյուղի քահանա Միքայել Թովմասյանը։ Դպրոցը պահվում էր համայնքի բնակիչների միջոցներով։ 1902 թվականին բաքվաբնակ բերդաձորցի Գրիգոր Ոսկանյանի միջոցներով կառուցվել է դպրոցական շենք։ Դպրոցում դասավանդել են Մակիչ, Պետրոս և Արշակ Թովմասյանները։ Դպրոցը երկդասյա էր։

1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումների և 1917-1920 թվականներին թուրք-թաթարների դեմ Արցախում ընթացող պատերազմերի պատճառով դպրոցը դադարել էր գործել[2]։

Խորհրդային տարիներին դպրոցը վերաբացվել է։ Այդ տարիներին դպրոցի ուսուցիչն էր ծննդով Քարին տակ գյուղից Պողոս Պետրոսյանը։

1934 թվականին դպրոցը միջնակարգի կարգավիճակ էր ստացել։ Դպրոցի տնօրեններ են աշխատել Ներսես Գրիգորյանը, Ստեփան Բաբայանը, Սլավիկ Գրիգորյանը, Էմմա Ավետիսյանը, Կամո Հայրապետյանը, Բորիս Մնացականյանը, Սերյոժա Դավթյանը։  

Դպրոցի շենքը հիմնանորոգվել է 2017 թվականին։ Եթե նախկինում Մեծ Շենի դպրոցում սովորում էին 150-180 աշակերտ, ապա 2018 թվականին, ցավոք, նրանց թիվը հասել է 13-ի։ Դասավանդում են 9 ուսուցիչներ։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Սասուն Դավթյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ[4]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղի նշանավոր հանդամասերն են՝ Իլանանց, Նոթունց խութը, Ղրմանա վեղը, Շորեն թալան, Բաղեն թալան, Բաղեն տափը, Ալմալին, Թևնատունը։

Մեծ Շենում և նրա շրջակայքում նշանավոր սրբավայրերն են՝ Համազասպը, Ալմալին, Ջիրավոր ծառը։ Փուլեն գլուխ հանդամասում պահպանվում են միջնադարյան իջևանատան փլատակները, կհոլները։ Հայտնի են Իլանաց և  Բղլավար բնակատեղիները, Կապեն ձորի, Ճաք քարի, Ծլլան աղյուրի հնադարյան կացարանները։ Պահպանվում են Օշապ քար, Հին բերդ, Բերդաձոր ամրոցների մնացորդները։ Եկեղեցիներից հայտնի են Պարին պիժը՝ կառուցված 1658 թվականին, և Սուրբ Աստվածածինը(19-րդ դար)[2]։

Նշանավոր են Սուրբ, Շորեն, Ալամալի, Թևանի, Ղուզե և Խաչուն աղբյուրները[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 888
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 332–338.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Վիճակագրական հաշվետվություն, ձև թիվ 021, Հաշվետվություն տարրական,հիմնական և միջնակարգ դպրոցների 2016-2017 ուստարվա սկզբին, 07.09.2016