Մեծ կիրճ (անգլ.՝ Grand Canyon), գտնվում է Արիզոնա նահանգում (ԱՄՆ)՝ Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կիրճերից է։ Երկարությունը 446 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ, լայնությունը՝ սարահարթի մակերևույթին 8—25 կմ, գետի ջրագծի կտրվածքում՝ 1-ից պակաս (առանձին հատվածներում մինչև 120 մ)։ Կոլորադո գետը հոսում է 25 կմ/ժ արագությամբ և ունի 1, 5 մ անկում (1 կմ-ի վրա)։ Մեծ կիրճը տուրիզմի վայր է, ազգային պարկ։

Մեծ Կիրճ
Grand Canyon
ՏեղադրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ36/5/26/N/113/14/23/W
Խորություն1800

Աշխարհագրություն

խմբագրել

Մեծ կիրճը մեր երկրագնդի աշխարհագրական ամենաանսովոր օբյեկտներից է, այն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ։ Այնտեղ կարելի է գտնել Երկրի աշխարհագրական չորս դարաշրջանների հետքերը։ Քարանձավների և ժայռերի բազմազանությունը աշխարհագրական, կենսաբանական և հնագիտական հարուստ նյութ է։ Կիրճը հողաշերտի էրոզիայի լավագույն օրինակ է։ Սկզբում Կոլորադո գետը հոսում էր հարթավայրով, բայց երկրակեղևի շարժման արդյունքում մոտ 65 միլիոն տարի առաջ Կոլորադոյի բարձրավանդակը բարձրացավ։ Դրա հետևանքով Կոլորադո գետը փոխեց հոսանքի անկյունը, որի արդյունքում մեծացան գետի արագությունը և իր ճանապարհին ընկած խոչընդոտները քայքայելու հատկությունը։ Ամենից առաջ գետը փխրեցրեց վերին շերտի կրաքարը, ապա անցավ ավելի խոր շերտերին և ավազաքարին։ Այդպես էլ առաջացավ Մեծ կիրճը. դա տեղի ունեցավ 5-6 միլիոն տարի առաջ։ Շարունակվող էրոզիայի հետևանքով կիրճն այժմ էլ մեծանում է։

Բնությունը

խմբագրել

Կիրճի սահմաններում նկատվում են կլիմայական շատ գոտիներ, չնայած դրանց սահմանները հաճախ չեն տարորոշվում։ Բարձրության հետ փոխվում են ջերմաստիճանը, խոնավությունը և համապատասխանաբար՝ կենդանական և բուսական աշխարհը[1]։ Կիրճում աճում են եղևնի, դեղին սոճի ևն։

Կենդանական աշխարհը

խմբագրել

Դեղին սոճու սաղարթներում ապրում է սկյուռի էնդեմիկ տեսակը՝ Sciurus aberti kaibabensis: Կիրճի վերին սահմանի շրջակայքում գտնվող խիտ փշատերև անտառներում հանդիպում են սևապոչ եղջերուներ։ Կիրճի շրջանում ապրում է կաթնասունների 34 տեսակ՝ ներառյալ կրծողների 18 տեսակ և չղջիկների 8 տեսակ։

Մարդու կողմից նվաճումը

խմբագրել

Ամերիկայի բնիկները՝ հնդկացիները, Մեծ կիրճի մասին գիտեին դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Կիրճում մարդկային կյանքի գոյության առաջին հետքերը ժայռապատկերներն են, որոնք հնդկացիներն արել են մոտ 3 հազար տարի առաջ։

540 թվականին Մեծ կիրճը հայտնաբերվել է իսպանացի զինվորների կողմից՝ Գարսիա Լոպես դե Կարդինասի գլխավորությամբ. նրանք ոսկի էին փնտրում։ Իսպանացի մի քանի զինվորներ հնդկացիների ուղեկցությամբ փորձել են իջնել կիրճի խորքը, բայց ստիպված վերադարձել են խմելու ջրի բավարար պաշար չունենալու պատճառով։

Դրանից հետո մոտ երկու դար եվրոպացիները չեն եղել կիրճում։

1776 թվականին իսպանացի երկու քահանաներ զինվորների փոքր խմբի ուղեկցությամբ ճանապարհորդում էին Մեծ կիրճի երկայնքով Սանտա Ֆեից Կալիֆորնիա տանող ուղին գտնելու համար։ Մեծ կիրճը ուսումնասիրելու առաջին գիտարշավը կազմակերպվել է 1869 թվականին՝ Քաղաքացիական պատերազմի վետերան, համալսարանի պրոֆեսոր Ջոն Ուիզլի Պաուելի գլխավորությամբ։ Պաուելը հետազոտեց և նկարագրեց կիրճը։

Ավիավթարներ

խմբագրել

20-րդ դարի 40-50-ական թվականներին տեղանքով թռչող ինքնաթիռների շատ անձնակազմեր չվերթերը կազմակերպում էին այնպես, որ ուղևորները կարողանան հիանալ Մեծ կիրճի տեսարաններով։ Մասնավորապես, օդաչուները կիրճի վրա ութաձև թռիչքներ էին կատարում՝ փորձելով փոփոխել ուղևորների տեսադաշտը։ Այդ տարիներին դա արգելված չէր. մարդատար ինքնաթիռների օդաչուները, նույնիսկ շարասյան մեջ լինելով, կարող էին կատարել այդպիսի թռիչքներ, որի արդյունքում ինքնաթիռներն օդում հայտնվում էին վտանգավոր մոտիկության վրա։ 1956 թվականի հունիսի 30-ին Մեծ կիրճի վրա վերոնշյալ պատճառով տեղի ունեցավ Trans World Airlines ավիաընկերության Lockheed Constellation և United Airlines ավիաընկերության DC-7 ինքնաթիռների բախում։ Ինքնաթիռների բեկորները հայտնվեցին կիրճի խորքում. մահացավ 128 ուղևոր։ Սա մինչ 1960 թվականը քաղաքացիական ինքնաթիռների միջև եղած ամենախոշոր ավիավթարն էր։ Դրանից հետո ԱՄՆ-ի տարածքում արգելվեցին օդային ուղիներով տեսարաններ դիտելու շարասյուներով թռիչքները։

Մեծ կիրճի վրա ևս մեկ ավիավթար տեղի ունեցավ 1986 թվականին։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ամեն տարի Մեծ կիրճն է այցելում մոտ 4 միլիոն մարդ (2008 թվականին կիրճն է այցելել մոտ 4 425 314 մարդ)[2]։
  • Զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում փչովի լաստանավերով Կոլորադո գետով լողալը և ձիերով կիրճի իջնելը[3]։
  • 2013 թվականին Մեծ կիրճն անցավ ամերիկացի նշանավոր ճոպանագնաց Նիկոլաս Վալենդան, ով պարանի վրայով անցավ անդունդը՝ առանց ապահովության ճոպանների[4][5][6]։
  • 1979 թվականից Մեծ կիրճը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։
  • Կիրճի հատակի գրանիտն ավելի քան 2 միլիարդ տարեկան է։
 
Մեծ կիրճի համայնապատկերը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Our National Parks: America's spectacular wilderness heritage. — Reader's Digest Association Far East Ltd., 1990. — P. 352. — ISBN 0-89577-336-8
  2. FBy the Numbers: Grand Canyon National Park(անգլ.)
  3. Grand Canyon river trips(անգլ.)
  4. AP (2013 թ․ հունիսի 23). «Nik Wallenda completes tightrope walk across gorge near Grand Canyon». CBSNews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Ամերիկացի ճոպանագնաց Նիկ Վալենդան առանց ապահովման պարանների անցել է Մեծ կիրճը (լուսանարներ, հոլովակ)». NEWSru.com. 24 июня 2013.
  6. «Մեծ ճոպանագնաց Նիկոլաս Վալենդայի նոր ձեռքբերումները». runews.24. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ կիրճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 433