Մեշչորայի դաշտավայր, Մեշչորայի ցածրավայր (ռուս.՝ Мещёрская низменность), գտնվում է Կլյազմա, Մոսկվա, Օկա, Սուդոգդա և Կոլպ գետերի միջև, Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի մարզերի սահմաններում։ Ալյուվիալ հարթավայր է՝ 80-130 մ բարձրությամբ։ Չորրորդական սառցապատման հալոցքային ջրերի և գետերի գործունեության հետևանք է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Գետերը դանդաղահոս են, հովիտները ճահճացած։ Կան շատ լճեր ու ճահիճներ։ Հողերը պոդզոլային են։ Տարածքի 50% ֊ից ավելին ծածկված է խառն անտառներով (ավազուտները՝ սոճուտներով), Կլյազմայի և Օկայի հովիտները՝ մարգագետիններով։ Արդյունահանվում է տորֆ, քվարցային ավազ։ Մեշչորայի դաշտավայրում տարվում են ճահիճների չորացման աշխատանքներ։ Կա մսակաթնատու անասնապահություն և թռչնաբուծություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 465)։
|