Միաշաքիլավոր բույսեր(լատին․՝ Liliopsida, Monocotyledones, Monocotyledoneae), ծածկասերմերի կամ ծաղկավոր բույսերի մեծությամբ երկրորդ դասն է։ Միաշաքիլավորներն ունեն մոտ 59000 տեսակ, 2800 ցեղ, և 60 ընտանիք, որոնք կազմում են ծաղկավոր բույսերի ընդհանուր բազմազանության մոտ 1/4-ը։ Միաշաքիլավորները բնորոշվում են միաշաքիլ սաղմով, գլխավոր արմատի փոխարեն հավելյալ արմատների գերակշռող զարգացմամբ, տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորությամբ։ Ի տարբերություն երկշաքիլավորների, միաշաքիլավորների փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, կամբիումից զուրկ, որի հետևանքով ցողունը և արմատը հիմնականում հաստությամբ չեն աճում։ Մեծ մասի սերմնարանը վերնադիր է, ծաղկի առանցքը՝ կոնաձև, մասամբ՝ ուռուցիկ կամ հարթ։ Ցողունները թույլ են ճյուղավորված, տերևները սովորաբար պարզ են, ամբողջական։ Ենթադրվում է, որ միաշաքիլավորներն առաջացել են երկշաքիլավորներից՝ նախակավճի շրջանում կամ զարգացել են դրանց զուգահեռ։ Հայտնի է միաշաքիլավորների 65 000 տեսակ։ Աճում են ամենուրեք։ Հյուսիսային և բարեխառն լայնություններում ներկայացված են գլխավորապես խոտաբույսերով․ ծառատեսակներ, հատկապես ցողունի երկրորդային աճով, հանդիպում են մերձարևադարձային, ավելի հաճախ՝ արևադարձային շրջաններում։

Ցորեն

Կազմում են մարգագետինների, տափաստանների, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը։ Միաշաքիլավորներից են՝ հացազգիները, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, վարդակակաչը, շուշանը, ինչպես նաև որոշ թելատու բույսեր, դեղաբույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 523
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաշաքիլավորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաշաքիլավորներ» հոդվածին։