Միջազգային երաշխիքներ, միջազգային իրավունքի նորմերի և պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ։

Հնում և միջնադարում Միջազգային երաշխիքներ էին թագավորի կամ նրա լիազորած անձի երդումը, պատանդներ վերցնելը, թանկարժեք իրեր կամ տերիտորիա գրավ դնելը և այլն։ XIX դարից սկսած, որպես Միջազգային երաշխիքներ, լայնորեն կիրառվում է տերիտորիայի օկուպացիան։ Ժամանակակից իրականության մեջ միջազգային երաշխիքների հիմնական ձևը մի քանի պետությունների միջև կնքվող երաշխիքային պայմանագիրն է, որով մասնակիցները պարտավորվում են պահպանել միջազգային հարաբերություններում արդեն ձևավորված կամ երաշխիքային պայմանագրով սահմանված դրությունը կամ ապահովել նրանց միջև կնքված պայմանագրի կատարումը մյուս պետությունների կողմից։ Երաշխավորման օբյեկտներ էին քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ստատուս քվոյի պահպանումը, մշտական չեզոքությունը և այլն։ Այն պետությունները, որոնց իրավունքներն ու շահերը երաշխավորվում էին, երաշխիքային պայմանագրերի մասնակիցներ չէին։ XX դարում երևան եկան փոխադարձ երաշխիքների մասին բազմակողմ պայմանագրեր (տես Լոկաոնոյի պայմանագրեր 1925), զգալիորեն տարածվեց երաշխիքների ու չեզոքության մասին երկկողմ պայմանագրեր կնքելու պրակտիկան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 573