Մլեհ (անհայտ[1], Կիլիկիայի Հայկական Թագավորություն - մայիսի 15, 1175(1175-05-15), Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն), Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Բ-ի խնամակալ 1169 թվականից, Կիլիկյան Հայաստանի իշխան՝ 1170 թվականից։

Մլեհ
Իշխանություն1169 - 1175
Լրիվ անունՄլեհ Ռուբինյան
Ծնվել է՝անհայտ[1]
ԾննդավայրԿիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Մահացել է՝մայիսի 15, 1175(1175-05-15)
Վախճանի վայրՍիս
Թաղվել է՝Մեծքար
Ազգությունհայ
ՀաջորդողՌուբեն Գ
ՈւղեկիցՍիրուհի
ՏոհմՌուբինյաններ
միապետ
ՀայրԼևոն Ա[1]
ՄայրԲեատրիս
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Կենսագրություն

խմբագրել

Մլեհը Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն Ա Ռուբինյանի և Եդեսիայի կոմս ու Երուսաղեմի թագավոր Բալդուին (Պաղտին) Բ Բուրգունդցու քրոջ որդին էր։ Մլեհ իշխանապետի ծննդյան հստակ թվականը հայտնի չէ. ընդունելի է այն վարկածը, որ նա ծնված պետք է լինի մինչև 1120 թվականը։ Հայտնի չեն նաև նրա մանկության և պատանեկության մասին տեղեկությունները։ Հիմք ընդունելով միջնադարյան սկզբնաղբյուրների վկայությունները և ժամանանակից գիտական գրականության մեջ եղած տեսակետները՝ հստակ է, որ Մլեհը Կիլիկիայի իշխան Լևոն Ա Ռուբինյանի որդիներից էր։ Նրա անունը մասնագիտական գրականության մեջ առաջին անգամ հանդիպում ենք Բյուզանդական կայսրության 1137 թվականին դեպի Կիլիկիա ձեռնարկած արշավանքի ժամանակ։ Լևոն Ա Ռուբինյանի ընտանքիը, այդ թվում որդիներից Թորոսը և Ռուբենը, գերեվարվում է, իսկ Մլեհը և նրա եղբայր Ստեփանեն, ըստ Սամվել Անեցու հաղորդած տեղեկությունների, կարողանում են խույս տալ գերությունից և փախչել Կիլիկիայից։ Նրանք ապասստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն Բ-ի մոտ[2]։

Ընտանիքը

խմբագրել

Միջնադարյան աղբյուրներում Մլեհի ընտանիքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ամուսնության հստակ թվականը հայտնի չէ։ Հստակ է, որ նա պետք է ամուսնացած լիներ այն ժամանակ, երբ լքել էր տաճարականների միաբանությունը, քանի որ միաբանության կանոնադրության համաձայն անդամները պետք է կուսակրոն լինեին։ Մլեհը ամուսնացած էր Կարկաի տեր Վասիլ իշխանի դուստր՝ Սիրուհու հետ, ով նաև Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի քույրն էր[2]։ Ներկա ուսումնասիրություններից առաջ է քաշվել մի կարծիք, որ Լևոն Ա Ռուբինյան թագավորի թագադրության հրավիրվածների ցանկի Սիմանակլայի տեր Սիրուհին և Մլեհի կինը նույն անձնավորությունն են[3]։

Հայտնի չէ նաև, թե քանի երեխա է ունեցել։ Ըստ եղած աղբյուրների, Մլեհը ուներ Գևորգ անունով մի զավակ, որին կուրացնում են Լևոն Մեծագործի հրամանով։ Ըստ Վ. Ռուդ-Կոլենբերգի, Մլեհը ունեցել է մի քանի այլ որդիներ, որոնց մասին տեղեկություններ չկան։

Գործունեությունը 1140-1160-ական թվականներին

խմբագրել

1137 թվականի արշավանքի արդյունքում Կիլիկիայի հայոց իշխանապետությունը մի քանի տարի դադարեց գոյություն ունենալ։ Այդ տարիներին, երբ Մլեհը Եդեսիայում էր, որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունեցել։ Նա սպասել է հարմար առիթի, որպեսզի քաղաքական ասպարեզ իջնի։ Հովհաննես կայսեր մահից հետո Թորոսը վերադառնում է գերությունից և ազատագրում հայոց իշխանությունը։ Նրա ավագ եղբայրներ Մլեհը և Ստեփանեն վերադառնում են Եդեսիայից և Թորոսի Բ-ի հետ միասին վերականգնում իշխանապետությունը։ 1158 թվականին, երբ Ստեփանեն ապստամբում է Թորոսի դեմ, Մլեհը չեզոքություն է դրսևորում։ 1160-ական թվականներից ի վեր, թեև Մլեհը ռազմական գործողությունների ընթացքում իր ռազմական ներուժով մեծ աջակցություն էր ցուցաբերել Թորոս Բ-ին, եղբայրների միջև հակասություններ առաջացան։ 1165 թվականին Մլեհը ապստամբություն ձեռնարկեց, սակայն այն ձախողվեց։ Արդյունքում Մլեհը հեռացավ Կիլիկիայի սահմաններից։ Նրան միացան նաև իր համախոհները, որի պատճառով իշխանապետությունը թուլացավ։ Ռուբինյանի եղբայրների փոխհարաբերությունները մնացին թշնամական մինչև Թորոս Բ-ի մահը[4]։

«...իսկ նրա(Թորոսի) եղբայր Մլեհը չարաբարո և անագորույն մի մարդ էր, և խորհեց սպանել իր եղբայր Թորոսին, և նույն մտքին բերեց նաև այլ մարդկանց, և մի օր՝ մինչ գնում էին երեների որսի Մսիսի և Ադանայի միջև, կամեցավ Մլեհը այնտեղ սպանել եղբորը, բայց Թորոսը, նախաիմաց եղավ և բռնեց Մլեհին ու զորքի և իշխանների դիմաց հարցաքննեց, թե ինչու էր ցանկանում այդ գործը անել. և նրանց առաջ պախարակեց Մլեհին ու տալով նրան բազում ունեցվածք իշխանության համար, ձիեր, ջորիներ, զենքեր և գանձեր, արտաքսեց իր երկրից և այլևոս ոչինչ չարեց նրա չարության փոխարեն։ »

Ծառայությունը Նուրեդդինի արքունիքում

խմբագրել

Կիլիկիայից արտաքսվելուց հետո Մլեհը ծառայության է անցնում Հալեպի էմիր Նուր ադ-Դին իբն Զանգիի արքունիքում ու նրանից ստանում Կիլիկիո Հայոց իշխանությունն ու Անտիոքին սահմանակից հայաշատ Կուրուս քաղաքը և մերձական գավառները։ Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիրը նշում է նաև, որ Մլեհը Նուր ադ-Դինի կողմից ֆրանկների դեմ ձեռնարկած արշավանքների հիմնական կազմակերպիչն էր ու նրա մշտական ուղեկիցը[6]։

Կիլիկյան Հայաստանը Մլեհի իշխանապետության օրոք

խմբագրել

1168 թվականին Թորոս Բ-ն որոշեց իշխանությունը հանձնել իր մանկահասակ որդուն՝ Ռուբենին, իսկ վերջինս թողեց քաղաքական ասպարեզը և քիչ անց՝ 1169 թվականին, մահացավ։ Ռուբենի խնամակալ է նշանակվել Թումաս անունով իշխան, ով Թորոսի ազգականներից էր։ Խնամակալության ինստիտուտը Կիլիկյան Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր դրսևորվում[2]։ Այս իրադարձությունների համատեքստում, Մլեհը ժամանում է Կիլիկյան Հայաստան և փորձում ինքը դառնալ խնամակալ՝ գահաժառանգ Ռուբենի ամենամերձավոր ազգականը լինելու հանգամանքով։ Սակայն հայ իշխանների կողմից մերժում է ստանում ու վերադառնալով Նուր ադ-Դինի մոտ՝ թուրքական զորք հավաքում ու պատրաստվում արշավել՝ զենքի ուժով հասնելու իր ուզածին[6]։ Այս լուրն իմանալով՝ հայ իշխանները, երկիրը ասպատակություններից զերծ պահելու համար հրավիրում են Մլեհին ու նրան հանձնում խնամակալությունը։ Այս մասին Միքայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն տարբերակներից մեկում գրված է.

 
Սիս մայրաքաղաքը
  «Այնուհետև հայերը նրան (Մլեհին) կանչել տվեցին իրենց մոտ և նրան հանձնեցին երկրի կեսը։ Նա երդվեց նրանց առջև, որ մյուս կեսը մնալու է մանկանը։ Բայց հետո խախտեց երդումը և տիրեց ողջ երկրին, նրա բերդերի ու քաղաքների հետ մեկտեղ։»
- Միքայել Ասորի, «Ժամանակագրություն»[7]
 

Ստանձնելով խնամակալությունը, Մլեհը հաշվեհարդար է տեսնում իր հակառակորդների դեմ։ Մի քանի իշխաններ գահաժառանգ Ռուբենին փախցնում են Հռոմկլա՝ հայոց կաթողիկոսի մոտ, որտեղ Ռուբենը սպանվում է 1170 թվականին։ Այդ թվականից սկսած Մլեհը միանձնյա գլխավորում է հայոց իշխանապետությունը։ Մլեհը խլում է շատ իշխանների կալվածքները, կենտրոնախույս ազնվականներին արտաքսում է և սահմանափակում եկեղեցու միջամտությունը պետական գործերին։ Կարևորելով երկրի ռազմական կարգավիճակը՝ նա կարողացավ ստեղծել մարտունակ բանակ։ Նա հույներից գրավում է Դաշտային Կիլիկիայի 3 խոշոր քաղաքները՝ Ադանան, Մսիսը և Տարսոնը, ու երկիրը վերջնականապես ազատում հունական ու ֆրանկական ներկայությունից[4]։ Ճնշում է Լամբրոնի ապստամբ իշխան Հեթումին[6]։ Նա քայլեր է ձեռնարկել արտաքին և ներքին առևտրի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև դրամներ է հատել։ Պատմիչները նշում են, որ Մլեհը իր իշխանությունը վարել է խաղաղության մեջ ու ծաղկեցրել երկիրը։ Զբաղվել է նաև շինարարական հարցերով, որոնք պետության համար կենսական նշանակություն ունեին։ 1173 թվականին Մլեհը հայոց իշխանապետության մայրաքաղաք է հռչակում Լեռնային ու Դաշտային Կիլիկիաների միջև գտնվող Սիս քաղաքը[2]։

Մլեհի արտաքին քաղաքականությունը

խմբագրել

Հայոց իշխանապետը մեծ հաջողություններ է գրանցել արտաքին քաղաքականության համակարգում։ Փոխել է Կիլիկիայի հայոց իշխանապետության ավանդական մարտավարությունը։ Դաշնակցություն է հաստատել Մերձավոր Արևելքի իսլամադավան պետությունների և հատկապես Հալեպի տիրակալ Նուր ադ-Դինի հետ։ Այդ համագործակցությունը, թեև սխալ էր դիտարկվում Կիլիկյան Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից, բավական կարճ ժամանակաշրջանում տվեց իր դրական արդյունքները։ Կիլիկիայի հայկական իշխանապետությունը ոչ միայն հետ մղեց վտանգավոր հարևանների հարձակումները և անվտանգ դարձրեց իր իշխանապետության սահմանները, այլև գրավեց Կիլիկիայի դաշտային տարածքները՝ դուրս գալով Միջերկրական ծովի ափ, ինչը մեծ հաջողություն էր։ Իր ձեռնարկած այս քայլերը նպաստեցին նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը ապագայում վերածվի թագավորության և միջազգային ճանաչում ձեռք բերի[2]։

Կրոնական պատկանելիության շուրջ

խմբագրել

Մլեհ իշխանապետի վերաբերմունքը աշխարհիկ և հոգևոր գործիչների նկատմամբ, քրիստոնյաներին վաճառքի հանելը Հալեպի շուկայում, համագործակցությունը արաբական և թուրքական պետությունների հետ սխալմամբ կարծիք են ստեղծել, թե Մլեհը դավանությամբ մուսուլման է եղել, ինչը միանգամայն սխալ մոտեցում է։ Դա է ապացուցում այն, որ Մլեհը Մանուտ գավառում կառուցում է մի վանք և կոչում այն Մեծքար, ապա ընծաներ մատուցում վանքին։ Մյուս փաստարկներից նաև նրա ամուսնությունը Գրիգոր Տղա կաթողիկոսի քրոջ հետ, հայկական իշխանապետության և Հալեպի ամիրայության կողմից հատված դրամները, որոնց մի երես խաչի նշան է եղել, Մլեհ իշխանապետը թաղված է իր իսկ կառուցած վանքի տարածքում։ Հարկավոր է կրոնական քողից դուրս դիտել Մլեհի և Նուր ադ-Դինի դաշնակցությունը, քանի որ դա միայն քաղաքական շահեր էր հետապնդում[2]։

Մլեհի իշխանությունից դժգոհ էին որոշ իշխաններ, հոգևորականներ և այլ գործիչներ։ Նրա սպանության պատճառներն էին վարած արտաքին քաղաքականությունը՝ համագործակցությունը իսլամադավան երկրների հետ, և ներքին խիստ կենտրոնացման քաղաքականությունը։ Արդյունքում, իր իշխանության 5-րդ տարում՝ 1175 թվականին, Մլեհ իշխանապետը սպանվում է իր մերձավորների ձեռքով։ Սմբատ Սպարապետը նշում է, որ տիրասպանության այդ ծանրագույն մեղքը իրենց վրա են վերցնում Ապլղարիպ և Ջահան ներքինիները, որոնց Մլեհի հաջորդ և եղբորորդի Ռուբեն Գ-ն խեղդամահ է անում գետում։ Հայ պատմիչներից Մլեհի սպանությանն անդրադարձել են Վահրամ Րաբունին և Սամվել Անեցու երկը շարունակողներից մեկը, թեև նրանք չեն հիշատակում սպանության թվականը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 628.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հովհաննիսյան Ա., (2022). Մլեհ Ռուբինյան. Իշխանապետ Կիլիկիո Հայոց. Եր.,: ԵՊՀ հրատ.,. էջեր 30–160. ISBN ISBN 978-5-8084-2553-8. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «The coronation list of the Chronicle attributed to Smbat the Constable: Siruhi, prince of Simanakla». Academia.edu. Grigoryan S.,. Վերցված է 17.02.2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 Տեր-Պետրոսյան Լ. (2007). Խաչակիրները և հայերը, հատոր Բ. Եր. էջեր 114–149. ISBN ISBN 978-99941-2-075-8. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. https://digilib.aua.am/book/333/
  6. 6,0 6,1 6,2 Միքայելյան Գ. (2007). Կիլիկիայի հայկական պետության պատմություն. Եր.: ԵՊՀ հրատ. էջ 129. ISBN ISBN 978-5-8084-0895. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  7. Միքայել Ասորի, «Ժամանակագրութիւն», 1871 թ. էջ 454-455։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628  
Նախորդող
Ռուբեն Բ Ռուբինյան 1169
Կիլիկիայի իշխան
Մլեհ 1170-1175

Հաջորդող
Ռուբեն Գ Ռուբինյան 1145-1187