Մլքե թագուհու Ավետարան
«Մլքե թագուհու Ավետարան», 9-րդ դարի հայկական ձեռագիր մատյան։
Մլքե թագուհու Ավետարան | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Ժանր | մատյան |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Queen Mlké Gospel Վիքիպահեստում |
Պահպանվում է Վենետիկի Մխիթարյանների (Սբ․ Ղազար կղզի) մատենադարաննում (ձեռագրի № 1144/86)։ Ըստ առաջին կազմողի թողած հիշատակարանի, ստեղծվել է 862-ին[1]։ Գրված է ընտիր մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով՝ մագաղաթյա թերթերի վրա։ Ունի վեց խորան, մեկ տերունական նկար («Համբարձում») և չորս ավետարանիչների պատկերներ։ Վաղ շրջանի մանրանկարչությանը հատուկ կիսախորաններ և գլխազարդեր չունի։ «Մլքե թագուհու Ավետարան» կոչվում է Վասպուրականի Մլքե թագուհու (հավանաբար Գագիկ Արծրունի թագավորի երկրորդ կնոջ) անունով, որի մասին կա հիշատակություն։ Գագիկ Արծրունին «Մլքե թագուհու Ավետարան» նվիրաբերել է Վարագա Սբ․ Նշան եկեղեցուն։ Այն տարբեր ժամանակներում (սկսած 1208-ից) մի քանի անգամ փրկագնվել է նվաճողներից և վերադարձվել եկեղեցուն։
«Մլքե թագուհու Ավետարան» 1830-ին Վենետիկի Մխիթարյաններին է նվիրաբերել ախալցխացի Գրիգոր Ներսիսյանցը։ «Մլքե թագուհու Ավետարան» համարվում է վաղ միջնադարյան մանրանկարչության կարևոր աղբյուրներից։ Ժամանակագրական կարգով հաջորդում է «Էջմիածնի Ավետարանի» վերջում կցված VII դ․ մանրանկարներին։ Մանրանկարներն ունեն կոթողային բնույթ (մարմար և պորփյուր հիշեցնող զանգվածային սյուներ, ծիածանաձև կամարներ, աստիճանաձև խարիսխներ խորաններում, հորինվածքի կանոնավոր ներդաշնակ երկրաչափական կառուցվածք «Համբարձման» մեջ՝ խմբերի սիմետրիկ դասավորումով, նստած կամ կանգնած ավետարանիչների վսեմ կեցվածքներ՝ անտիկ նախաբեմի ֆոնի վրա)։ Խորանների կամարադաշտերում կոկորդիլոսների, հավալուսների, ձկների, նավակների և ձկնորսների պատկերներով Նեղոս գետի տեսարանները հիշեցնում են Հյուսիսային Աֆրիկայի անտիկ խճանկարները, արձագանքում ալեքսանդրիական մոտիվներին (հելլենիստական Հայաստանում հայտնի է Գառնիի բաղնիքի խճանկար ծովային տեսարանը)։ Երկու նստած և երկու կանգնած ավետարանիչները մատնանշում են նախապատկերամարտյան ակունքները (586-ի ասորական «Ռաբուլայի Ավետարանը»)։ «Մլքե թագուհու Ավետարան»-ի մանրանկարները բացառիկ տեղ են գրավում հայ մանրանկարչության և գրքարվեստի պատմության մեջ՝ իբրև հնագույն պատկերազարդ գրքի փայլուն նմուշ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ադոնց, Նիկողայոս (1936). Մլքէի Աւետարանի գրութեան տարին. Սիոն, №9. էջ 275.
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մլքե թագուհու Ավետարան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 628)։ |