Մծղնեություն, աղանդավորական շարժում Հայաստանում, V դարում։ Ծագել է Միջագետքում, տարածվել Ասորիքում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հայաստանում։ Վարդապետության հիմքում ընկած են եղել I-III դդ. տարածված գնոստիկյան գաղափարները։ Անունը հավանաբար առաջացել է Ասորիքում տարածված «մսալյանա» (աղոթողներ) աղանդից։ Հունարեն աղբյուրներում աղանդի հետևորդները կոչվել են մեսալյաններ, նաև եվրիտներ (աղոթողներ), որը մեսալյան բառի հուն. թարգմանությունն է։ Մծղնեություն դատապարտվել է Շահապիվանի եկեղեցական ժողովում (444

Պատմություն

խմբագրել

Մծղնեները երբեք չեն եղել կազմակերպված աղանդ, չեն ունեցել նվիրապետ կազմակերպություն, արտահայտել են քրիստոնեության մեջ արմատական խմբերի հույզերը։ Նրանք հավատացած են եղել, որ մարդու հոգում ի ծնե չար դև է նստած, և ո՛չ մկրտությունը, ո՛չ էլ եկեղեցու որևէ խորհուրդ ի վիճակի չեն հեռացնել նրան։ Միայն հոգևոր մաքրությունը՝ «կրակով մկրտությունը», կարող է մարդկանց ազատել սատանայի ուժից, իսկ մաքրման միակ միջոցը աղոթքն է, որը հալածում, արտաքսում է դևին։ Աղոթքն քի միջոցով է Սուրբ Հոգին իջնում մարդու վրա։

Մծեղնեության գլխավոր մեկնաբանը եղել է Մակարիոս Սիմեոնը կամ Կեղծ Մակարը (IV դ. վերջ - Vդ. սկիզբ)։ Մակարիոս Սիմեոնը պայմանական անունն է այն հեղինակի, որի աշխատությունները բովանդակում են 50 քարոզ ճառեր և առանձին ձեռագրերում վերագրվում IV դ. եգիպտացի վանական Մակարիոս Մեծին Մեսալյանների մասին ամենավաղ տեղեկությունները հաղորդել է Եպիփան Կիպրացին:Հիշյալ աղանդավորների ի հայտ գալը նա թվագրել է Կոստանդիոս կայսրի ժամանակով(351-361) զանազանելով հեթանոս մծղներին և քրիստոնյա մծղներից[1]։

Եպիփան Կիպրացու վկայությամբ մծղները հրաժարվում էին սեփականությունից, լքում իրենց բնակատեղիները ու ապրում մուրացկանությամբ։ Նրանք մերժում էին ծոմապահությունը և մշտապես աղոթում։ Եպիփան Կիպրացու ժամանակաշրջանում դաժանաբար հալածվել են, դրա համար էլ իրենց անվանել են մարտիրոսներ, նահատակներ։ Վաղ բյուզանդական պատմիչ Թեոդորետոս Կյուրացին մծղների հանդես գալը թվագրել է Վալենտինիանոս (364-375թթ․) և Վաղես (364-378թթ․) կայսրերի իշխանության շրջանով։ Ըստ նրա, այդ աղանդավորները կոչվել են նաև «էնթուսիաստներ», քանզի ինչ-որ դևի ազդեցությամբ հավատացել են, թե իրենց մեջ Սուրբ Հոգին է մուտք գործել, և այդ պատճառով ընկել են հիազմայլանքի (էքստազի) մեջ, որը և անվանել են «էնթուսիասմոս»։ Թեոդորետոս Կյուրացին վկայում է, որ Անտիոքի պատրիարք Փլավիանոսը (381- 404թթ․), տեղեկանալով Եդեսիայում աղանդավորների տարածված լինելու մասին, վանականների խումբ է ուղարկել այնտեղ, նրանց բերել տվել Անտիոք և ջանացել «դարձի բերել»։ Սակայն նրա բանակցությունները ծերունի աղանդապետ Ադելփիոսի հետ ապարդյուն են անցել, և պատրիարքը արտաքսել է նրանց։ Անտիոքից նրանք գնացել են Պամփյուլիա, տարածել իրենց վարդապետությունը, ինչի համար հալածվել են, գաղթել Փոքր Ասիա՝ իրենց կողմը գրավելով մի շարք մենաստանների։ Թեոդորետոս Կյուրացին պահպանել է մծղների աղանդապետների անունները՝ Սաբբաս, Ադելփիոս, Դադոես, Սիմեոն, Հերմաս Մեսալյանների մասին իրենց իսկ գրքերից քաղած մանրամասն տեղեկություններ է հաղորդել բյուզանդացի աստվածաբան Հովհան Դամասկացին (VIII դ.): Նրանց ընկալմամբ մարդու մեջ ամուր նստած է Սուրբ Հոգին, ինչպես և սատանան, որը դևերի հետ մեկտեղ տիրել է մարդու մտքին ու բնությանը։ Մարդու հոգին կարող է մաքրել միայն հանապազօր աղոթքը, որին նրանք հսկայական ուժ են վերագրել[1]։

Մծղնեականների վարդապետության դեմ գրել են Փոքր Հայքի մայրաքաղաք Մելիտենեի եպիսկոպոս Լետոյիոսը, Իկոնիոնի եպիսկոպոս Ամփիլոքիոսը, որը գլխավորել է աղանդավորներին դատապարտող Սիդնի եկեղեցական ժողովը (391թ․): Անտիոքի պատրիարք Փլավիանոսը 391 թ-ին Անտիոքում նույնպես գումարել է եկեղեցական ժողով ընդդեմ մծղնեականության։ Եփեսոսի Գ տիեզերական ժողովը (431թ․) նզովել աղանդավորներին,դատապարտել նրանց «Գիրք ճգնավորականը»։ Նրանց գրքերի դեմ քսանչորս նզովքներ է գրել Կեսարիայի եպիսկոպոս Արքելայոսը, ապա և նյուսացի եպիսկոպոս Հերակլիդեսը։ Մծղներն այնքան են մտահոգել բարձր հոգևորականությանը, որ անգամ Կ. Պոլսի Ատտիկոս պատրիարքը (406-425թթ․) գրել է Պամփյուլիայի եպիսկոպոսներին Սիդեի եպիսկոպոս Ամփիլոքիոսին պատվիրելով հալածել աղանդավորներին։ Մծղների դեմ հարատև պայքարել է նաև նեստորական եկեղեցին[2]։

Հայաստանում մծղնեների (հայկ. աղբյուրներում նրանք մեսալյաններ չեն կոչվել) տարածված լինելը հիմնականում երևում է Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններից դրանք վկայում են, որ շարժումը մեծ վնասներ է հասցրել հայ եկեղեցուն և ֆեոդալական համակարգին։

Հայկական աղբյուրներում՝ մծղնեների գաղափարախոսության մասին տեղեկություններ չկան,եղածներն էլ նրանց դեմ ուղղված լուտանքներ են։ Եզնիկ Կողբացին միայն վկայում է,որ մծղնեները մերժել են ամուսնության խորհուրդը։ Մ. ավելի խոր հետք է թողել Հայաստանում, քան աղանդավոր, մյուս շարժումները։ Հովհաննես Գ Օձնեցին իր «Ընդդէմ պաւղիկեանց» ճառում պավլիկյաններին համարել է «նախկին մծղնեության խեշերանք» (մնացորդ)։ Արիստակես Լաստիվերցին թոնդրակեցիների գործունեությունը «մծղնէ գործ», իսկ Կիրակոս Երզնկացին գրել է. «Մծղնագործութիւն, որ առաւել է քան զամենայն մեղս»։ Մծղնե անունը ստացել է «աղանդավոր», «հերձվածող», «պիղծ» իմաստը։

Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից հետո, խախտված է եղել եկեղեցական կարգն ու կանոնը («լինէր եղծումն և քայքայումն կարգաց և օրինաց և եկեղեցւոյ»), ակտիվացել էին մծղնեության հետևորդները, ուստի նրանց նկատմամբ անհրաժեշտ է եղել վճռական քայլեր սկսել[3]։

Թե ովքե՞ր էին մծղնեականները, ո՞ր շրջաններում էին տարածված նրանք և ինչի՞ համար էին պայքարում պաշտոնական եկեղեցու դեմ պատմական աղբյուրներում շատ տեղեկություններ չկան։

Դատելով Շահապիվանի ժողովի` մծղնեության դեմ ընդունած պատժի խստության աստիճանից, պետք է ենթադրել, որ այդ շարժման հետևորդները հայ եկեղեցու կատաղի հակառակորդներն են եղել, այլապես անիմաստ կլիներ նման որոշման կարիքը «անօրէն աղանդաւորների» դեմ[3]։

Ժողովի կանոններից երևում է, որ Մծղնեությանը հարել են ոչ միայն ժողողովրդական խավերը, այլև հոգևորականներ ու իշխանավորներ։ Մծղնեության մեջ մեղադրվողների նկատմամբ գործադրված դաժան պատիժներն ու խոշտանգումները ցույց են տալիս, որ շարժումն ունեցել է հակաեկեղեցական և հակաֆեոդալական բնույթ։

Ըստ Շահապիվանի ժողովի 19-րդ կետիմծղնեությանը հարող մարդու կամ կնոջ ձեռքերի և ոտքերի ջլերը պետք է կտրել, աղվեսադրոշմ  (աղվեսախարան, աղվեսակնիք) դնել նրա ճակատին և տանել բորոտների մոտ, որպեսզի նրանք կարողանան ապաշխարեն։

Մյուս կետով ասվում էր, որ մծղնեության հարած ծնողների երեխաները, եթե գիտակցական հասակ ունեն, ապա պետք է կրկնեն ծնողների ճակատագիրը, իսկ եթե մանկահասակ են, ապա երեխաներին պետք է վերցնել ծնողներից և տալ եկեղեցուն՝ դաստիարակություն ստանալու համր։

Եթե մծղնեության մեջ մեղադրվում է եկեղեցականը և դա առաջին անգամն է, ապա նրան կարգալույծ պիտի անել իր պաշտոնից, ճակատին աղվեսադրոշմ դնել և ուղարկել ճգնելու, իսկ եթե եկեղեցականը երկրորդ անգամ է մեղադրվում այդ նույն հանցանքում, արդեն կտրվում են նաև նրա ոտքերի և ձեռքերի ջլերը։

Հավատացյալ մարդը տեսնելով «նզովված մարդու» ճակատի դրոշմը, ոչ միայն պետք է խուսափեր փոխհարաբերություն ունենալ նրա հետ, այլև պարտավոր էր նրան հալածել որպես «հասարակության թշնամի»։

Շահապիվանի ժողովը, սակայն, պատիժներ է սահմանել ոչ միայն մծղնեական շարժման հարողների, այլև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այս շարժման հարողներին կթաքցնեն իշխանությունից։ Եթե մծղնեականին թաքցնողը հասարակ քահանա է, օրենքով պետք է կտրել նրա ոտքի և ձեռքի ջլերը, եթե բարձրաստիճան եկեղեցական է, նզովվում և պաշտոնից է հեռացվում, իսկ եթե ազնվական ծագում ունեցող մարդ է, միայն նզովվում է։

Չնայած շարժման դեմ սկսված համառ պայքարին, շարժումն ամբողջությամբ արմատախիլ չեղավ 5-րդ դարում։ Հետագայում մծղնեները ձուլվել կամ հարել են պավլիկյաններին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բարթիկյան, Հրաչ (1984). Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարի հայ և օտար հեղինակների. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. էջեր 83–90.
  2. Այվազյան, Հովհաննես (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 743–744. ISBN 5-89700-016-6.
  3. 3,0 3,1 Ժամկոչյան, Հ․; Աբրահամյան, Ա․; Մելիք-Բախշյան, Ստ․; Պողոսյան, Ս․ (1975թ․). Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ. Երևան: Երևանի Պետական Համալսարան. էջեր 267–268.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 638