Մշակում
Մշակում երաժշտության մեջ,
- երաժշտության զարգացման տեսակ, որ կապված է թեմայի առանձին տարրերի մասնատման և դրանց ազատ վերափոխման հետ։
- Սոնատային ձնի միջին բաժինը, ուր գերակշռում է զարգացման մշակուն տեսակը։
- Երաժշտական ստեղծագործության նոտային տեքստի բնօրինակի ամեն մի փոփոխություն, որ որոշակի նպատակներ է հետապնդում (հարմարեցում սիրողների կատարման, ուսուցողական-մանկավարժական պրակտիկայում օգտագործելու համար և այլն)։
XIX-XX դարեր մեծ նշանակություն է ստացել ժողովրդական մեղեդիների մշակումը, որը մեծ մասամբ եղել է այդ մեղեդիների ներդաշնակում։ Ժողովրդական մեղեդիներ են մշակել Յո․ Հայդնը, Լ․ Բեթհովենը, Յո․ Բրամսը, Ն․ Ռիմսկի-Կորսակովը, Ա․ Լյադովը, Ք․ Կարա-Մուրզան, Ն․ Տիգրանյանը և ուրիշներ։
Գոյություն ունեցող երաժշտական նյութի այնպիսի օգտագործումը, երբ տեղի է ունենում կոմպոզիտորի ստեղծագործական եռանդուն միջամտություն, և հիմնովին հարստացվում է սկզբնաղբյուրի կերպարային բովանդակությունը, դուրս է գալիս սովորական մշակման սահմաններից։ Օրինակ՝ Կոմիտասի ժողովրդական սկզբնաղբյուրներից սերված ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 656)։ |