Մոլորակային անվանակարգ
Մոլորակային անվանակարգն Արեգակնային համակարգի երկնային մարմինների (մոլորակների, արբանյակների, աստղակերպների) ռելիեֆի տարրերի և ալբեդոյի տարրերի անվանումների համակարգ է, որը թույլ է տալիս միանշանակ նույնականացնել այդ տարրերը։ Անվանումները բաղկացած են հատուկ անունից և (շատ դեպքերում) սեռային եզրույթից[⇨][1][2]: Այդ տարրերին անվանումների շնորհման կարգավորմամբ զբաղվում է Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ)՝ 1919 թվականին[3] իր հիմնադրման պահից ի վեր։
Պատմություն
խմբագրելԱռաջին երկնային մարմինը, որի համար հայտնվեցին ռելիեֆի տարրերի անվանումները, Լուսինն էր։ Բացի դրանից, վերերկրյա դիտումների շնորհիվ շատ հնուց կազմում էին Հրատի և Փայլածուի քարտեզները։ Դրանց համար անհնար էր հասնել լավ մանրամասնման, և այդ քարտեզների վրա կային միայն անծանոթ բնույթի բաց և մութ տարածքներ՝ ալբեդոյի տարրեր։ Ռելիեֆի տարրերը քարտեզագրելու հնարավորությունը հայտնվեց միայն այն բանից հետո, երբ այդ մոլորակները մոտիկ տարածությունից լուսանկարվեցին տիեզերական ապարատներով։ Այժմ Հրատի և Փայլածուի համար գոյություն ունեն ՄԱՄ֊ի կողմից հաստատված երկու զուգահեռ համակարգ՝ ալբեդոյի տարրերի և ռելիեֆի տարրերի համար։ Հրատի դեպքում երկրորդ համակարգը մեծավ մասամբ հիմնված է առաջինի վրա[4][5][6]։
Լուսնի ռելիեֆի տարրերի ժամանակակից անվանակարգի հիմքը 17֊րդ դարի[7][8][9] կեսին դրել են Ջովանի Ռիչոլին, Միխել վան Լանգրենը և Յան Հևելիուսը, Հրատի ալբեդոյի տարրերի՝ Ջովանի Սկիապարելլին՝ 19֊րդ դարի[10][11] վերջում, իսկ Փայլածուի ալբեդոյի տարրերի՝ Էժեն Անտոնիադին՝ 20֊րդ դարի[3][6] սկզբին։ Նրանց հաջորդողները, կատարելով քարտեզագրական մեծ աշխատանք, քիչ էին հոգ տանում միմյանց հետ գործողությունները համաձայնեցնելու համար, ինչի արդյունքում 20֊րդ դարի սկզբին լուսնային անվանակարգը դարձավ բավականին ծավալուն և քաոսային. օբյեկտներից շատերը ունեին մի քանի անվանում[9][12]։ Հրատի ալբեդոյի տարրերի համար նման խնդիր առաջացավ կես դարից հետո[13]։
Առաջին միջազգային մարմինը, որը զբաղվում էր մոլորակային անվանակարգի կարգավորմամբ, եղել է 1907 թվականին հիմնադրված Լուսնային անվանումների հանձնախումբը։ 1919 թվականին ստեղծվեց Միջազգային աստղագիտական միությունը, որտեղ մտավ այդ հանձնախումբը («Հանձնաժողով 17» անվանումով)[9]։ Բացի դրանից, 1952 թվականից ի վեր ՄԱՄ֊ի կազմում գոյություն ունեին՝ փոխարինելով միմյանց՝ հրատյան անվանակարգի ենթահանձնաժողով, երկու հանձնախումբ և աշխատանքային խումբ։ Նրանք կարգավորեցին Հրատի ալբեդոյի տարրերի անվանակարգը և զբաղվում էին նրա ռելիեֆի անվանմամբ[13]։ 1973 թվականին (տարբեր երկնային մարմինների ուսումնասիրությունների արագ առաջընթացի շնորհիվ)[7] ՄԱՄ֊ը վերակազմավորեց այդ մարմինները։ Ստեղծվեց Մոլորակային համակարգի անվանակարգի աշխատանքային խումբ (անգլ.՝ WGPSN), որը պատասխանատու է Արեգակնային համակարգի երկնային մարմինների մակերևվույթների տարրերի անվանումների համար։ Այդ աշխատանքային խմբին կից գործում են 6 մասնագիտացված ենթախմբեր՝ յուրաքանչյուրը մի քանի փորձագետից։ Դրանք են՝ Լուսնի, Փայլածուի, Արուսյակի, Հրատի, Արեգակնային համակարգի արտաքին մասի և (1984 թվականից) աստղակերպների ու գիսաստղերի հարցերով ենթախմբերը[3][7]։
ՄԱՄ֊ի կողմից հաստատված լուսնային անվանումների առաջին կատալոգը լույս տեսավ 1935 թվականին[9][14]։ Հրատի և Փայլածուի ալբեդոյի տարրերի պաշտոնական անվանակարգն ընդունվել է համապատասխանաբար 1958 և 1976 թվականներին (և այն ժամանակվանից գործնականապես չի փոփոխվել), իսկ դրանց ռելիեֆի տարրերի առաջին անվանումներն ի հայտ են եկել համապատասխանաբար 1967 և 1976 թվականներին[15][16]։ 1970 թվականին Լուսնի հակառակ կողմի լուսանկարների հայտնվելու շնորհիվ ՄԱՄ֊ը հաստատեց ավելի շատ անվանումներ, քան դրանից առաջ կար երկնային բոլոր մարմինների վրա միասին վերցրած[7]։ Մոլորակային անվանակարգն աճեց մինչև մեկուկես հազար անվանում, որոնցից գրեթե բոլորը լուսնային էին։ Շուտով տիեզերական ապարատները քարտեզագրեցին Արուսյակի և Հրատի մակերևույթի մեծ մասը, Փայլածուի մակերևույթի գրեթե կեսը և հսկա մոլորակների մի շարք արբանյակների մակերևույթի մի մասը։ Դրա արդյունքում հաջորդ 10 տարվա ընթացքում (1980 թ.֊ի դրությամբ) անվանումների քանակը դարձյալ կրկնապատկվեց և հասավ 3200֊ի։ 1990 թվականի դրությամբ այն աճեց գրեթե մինչև 4500֊ի, իսկ 2000 թվականի՝ 6500֊ի[7]։
2015 թվականի դրությամբ ՄԱՄ֊ի կողմից հաստատված անվանում ունի 41 երկնային մարմնի մակերևույթի գրեթե 15 000 տարր։ Դրանք են՝ Լուսինը, Փայլածուն, Արուսյակը, Հրատը, Հրատի երկու արբանյակները, Լուսնթագի 6 արբանյակները, Երևակի 11 արբանյակները, Ուրանի 6 արբանյակները և Նեպտունի 2 արբանյակները, ինչպես նաև 10 աստղակերպ։ Անվանումների մոտ 60%֊ը պատկանում է Լուսնի տարրերին, 13%֊ը՝ Արուսյակի, 12%֊ը՝ Հրատի, 3%֊ը՝ Փայլածուի և 1,5%֊ը՝ Իոյի[17]։
ՄԱՄ֊ի կողմից անվանումների հաստատման կարգը
խմբագրելԵրկնային մարմինների ռելիեֆի տարրերի անվանումները (ինչպես նաև վերջերս նկարահանված մարմինների անվանման թեմաները) առաջարկվում են WGPSN֊ին կից փոքր աշխատանքային խմբերը։ Նրանք կարող են հաշվի առնել և կողմնակի անձանց գաղափարները (որոնց ներկայացման համար WGPSN կայքում կա հատուկ ձև)[3][18]։ Առաջարկված անուններն անցնում են քննարկման երկու փուլ (յուրաքանչյուրը 10 օր). նախ՝ փոքր խմբում, ապա՝ WGPSN֊ում (որը բաղկացած է փոքր խմբերի նախագահներից և մի շարք այլ գիտնականներից)։ Անվանման հաստատման դեպքում այն համարվում է պաշտոնապես ընդունված միջազգային անուն[7] և հրապարակվում է WGPSN֊ի պաշտոնական կայքում[19]։ Այնտեղ յուրաքանչյուր անվանված տարրի համար տրվում է տեղեկատվություն անվանման ծագման, հաստատման ամսաթվի, այդ տարրի մի շարք բնութագրերի (ներառյալ կենտրոնի կոորդինատները և առավելագույն չափսը) մասին և (երբեմն) քարտեզը[19]։ Յուրաքանչյուր մոլորակային մարմնի համար այդ կայքում կա անվանված բոլոր տարրերի միջազգային լատինական գրությունը ցույց տվող քարտեզ (կամ քարտեզների շարք)։
ՄԱՄ֊ի կանոնները և համաձայնագրերը
խմբագրելՄԱՄ֊ի կողմից ընդունված անվանումները պետք է համապատասխանեն Միության գոյության ընթացքում աստղագետների կողմից ընդունված տարբեր կանոններին[20]։
- Անվանակարգը գործիք է, և հիմնական խնդիրը այն հարմար, պարզ և աներկիմաստ դարձնել ն է։
- Որպես կանոն, պաշտոնական անվանումներ չեն տրվում 100 մետր չափսից պակաս տարրերին, բացի դեպքերից, երբ այդպիսի տարրերը բացառիկ գիտական հետաքրքրություն են ներկայացնում։
- Յուրաքանչյուր երկնային մարմնի ռելիեֆի անվանված տարրերի քանակը չպետք է չափազանց լինի։ Անվանումները տրվում են միայն գիտական հետաքրքրություն ներկայացնող տարրերին կամ երբ այդպիսի տարրերի անվանումը անհրաժեշտ է գիտական և քարտեզագրական նպատակների համար։
- Պետք է խուսափել երկու կամ ավելի երկնային մարմինների ռելիեֆի տարրերի համար նույն անունը կրկնելուց, ինչպես նաև խուսափել արբանյակների և աստղակերպների համար նույն անվանումներից։ Նոր օբյեկտ անվանել անունով, որն արդեն օգտագործվում է ինչ֊որ մի ուրիշի համար, կարելի է միայն այդ անվան հատուկ պատշաճության դեպքում և շփոթության ցածր հավանականության պայմանով[20]։ Բայց մինչ ՄԱՄ֊ն ընդունեց այս կանոնը, նա հասցրեց հաստատել մի քանի տասնյակ անուններ, որոնք կրկնվում են Լուսնի և Հրատի վրա[7]։
- Լատինական պաշտոնական անվանումը չպետք է թարգմանվի այլ լեզուներով, թույլատրվում է միայն գրադարձությունը։
- Հնարավորության դեպքում պետք է շարունակվեն արդեն ընդունված անվանումների թեմաները։
- Արեգակնային համակարգի օբյեկտների համար անվանումների ընտրությունը պետք է լինի միջազգային. անվանումներն ընտրվում են տարբեր լեզուներից։ ՄԱՄ֊ը քննարկում է ազգային հանձնախմբերի առաջարկությունները, սակայն վերջնական որոշումը թողնում է իրեն։ Մոլորակային համակարգի անվանակարգի իր Աշխատանքային խումբը (WGPSN) խստորեն աջակցում էր տարբեր էթնիկ խմբերի և երկրների լեզուներից անվանումների անաչառ ընտրությանը, սակայն տիեզերական ապարատների վայրէջքների շրջանների քարտեզներում թույլ է տալիս մեկ երկրի հետ կապված անվանումների ավելի բարձր տոկոսը։
- Արգելվում է քաղաքական, ռազմական կամ կրոնական նշանակություն ունեցող անվանումներ տալը, բացառությամբ մինչև 19֊րդ դարի քաղաքական գործիչների անունների։ Խոսքն այն կրոնների մասին է, որոնք այսօր լայնորեն տարածված են, քանի որ այլ կրոններից աստվածների անունները շատ լայնորեն են օգտագործվում։
- Մարդկանց հավերժացումը երկնային մարմինների անվանումներում և դրանց ռելիեֆի տարրերում չպետք է լինի ինքնանպատակ։ Այն կիրառվում է բարձր և հաստատուն միջազգային համբավ ունեցող մարդկանց համար, բայց նրանց մահից ոչ շուտ, քան 3 տարի անց[20]։ 1970 թ.֊ին որպես բացառություն լուսնային խառնարաններին շնորհվեցին խորհրդային վեց և ամերիկացի վեց տիեզերագնացների անուններն իրենց կենդանության օրոք։
- Եթե կա մարդու անվան մեկից ավելի ուղղագրական տարբերակ, ընտրում են այն, որը նա ինքն էր նախընտրում, կամ որը նշված է հեղինակավոր աղբյուրում։ Հնչյունատարբերիչ նշաններն անվանման անհրաժեշտ մասն են և պարտադիր պետք է օգտագործվեն։
- Արբանյակների անվանումները (ինչպես նաև դրանց մեջ առկա օղակները և ճեղքերը) ընտրվում են WGPSN֊ի և ՄԱՄ֊ի թիվ 20 հանձնաժողովի («Փոքր մոլորակների, գիսաստղերի և արբանյակների դիրքերը և շարժումները») կողմից համատեղ։ Նոր արբանյակներին կարող են անվանումներ շնորհվել միայն երբ դրանց համար բավականաչափ ճշգրիտ կորոշվեն ուղեծրի տարրերը կամ կհայտնվեն մակերևույթի տարրերի պատկերներ։
- Ընդունվում են միայն մատչելի և հեղինակավոր աղբյուրներում գրանցված անվանումները (ներառյալ ցանցային)։ Վիքիպեդիան ընդունելի աղբյուր չէ, բայց կարող է օգտակար լինել դրանք որոնելու համար։
Այս ընդհանուր կանոններից բացի, յուրաքանչյուր աշխատանքային խումբ մշակում է լրացուցիչ կանոններ՝ մոլորակային մարմիններից յուրաքանչյուրի համար արտահայտիչ և իմաստալից անվանումների համակարգ ստեղծելու համար[20]։
Համաձայնագրեր անվանումների մասին
խմբագրելԱրեգակնային համակարգի օբյեկտների և դրանց ռելիեֆի տարրերի անվանումների համակարգը հիմնված է որոշակի տրամաբանական կապերի վրա։ Մոլորակների արբանյակների անվանումներն ինչ֊որ կերպ պետք է կապված լինեն նույն մոլորակի անվան հետ։ Օրինակ՝ մոլորակների արբանյակներից շատերը ստացել են այն աստծու մերձավորների անունները, որի պատվին անվանվել է մոլորակը։ Երկնային մարմինների ռելիեֆի տարրերի անվանումներից շատերն ընտրվել են տվյալ երկնային մարմնի անվանման, բացահայտման պատմության կամ որևէ առանձնահատկությունների համապատասխան[1][7]։
Ռելիեֆի տարրերի անվանումները սովորաբար պարունակում են սեռային եզրույթ, որը ցույց է տալիս անվանված տարրի տեսակը։ Այս կանոնից կան մի շարք բացառություններ (տես ցածում [⇨])[20]։
Շատ դեպքերում ռելիեֆի տարրերի անվանակոչման կանոնները կախված չեն դրանց չափերից։ Բացառությունները Հրատի և Արուսյակի հովիտներն են և Լուսնի, Հրատի և Արուսյակի խառնարանները[20]. կախված դրանց չափից, նրանց տրվում են օբյեկտների անուններ տարբեր կատեգորիաներից։ Օրինակ՝ Հրատի կարճ հովիտներին տրվում են Երկրի գետերի անունները, իսկ երկար՝ այս մոլորակի անվանումները տարբեր լեզուներում[21]։
Շատ փոքր օբյեկտները քարտեզների վրա իրենց կոորդինատներով նույնականացնելը հնարավոր դարձնելու համար այդ կոորդինատները պիտի որոշված լինեն շատ մեծ ճշգրտությամբ։ Պատահում է, որ այդպիսի ճշգրտություն դեռ չկա, բայց դա խոչընդոտ չէ նման օբյեկտներին անվանումներ շնորհելու համար։ Դրանց նույնականացման հնարավորությունն ապահովելու համար ՄԱՄ֊ն իր IAU Transactions հրատարակության մեջ հրապարակում է քարտեզներ կամ սխեմաներ, որոնցում նշում է այդպիսի օբյեկտների տեղադիրքը[20]։
Մակերևույթի բազում խոշոր տարրերի սահմանները, ինչպիսիք են երկրները, տարածաշրջանները, հարթավայրերը և սարավանդները ռելիեֆի հստակ արտահայտվածություն չունեն։ Այդպիսի տարրերի կոորդինատները նշվում են մոտավորապես ընտրված կենտրոնական կետում։ Նշված կառուցվածքների սահմանները կարող են հստակեցվել ըստ ապագա առաքելությունների տվյալների[20]։
Մոլորակների օղակները և այդ օղակների մեջ եղած բացվածքները ստանում այն գիտնականների անունները, որոնք առաջին անգամ դիտարկել և ուսումնասիրել են դրանք, ինչպես նաև տառային և թվային նշաններ։ Տարբեր մթնոլորտային գոյացությունների անվանակոչման կանոնների հստակ համակարգ դեռ գոյություն չունի, դրա ստեղծումը ծրագրվում է ապագայում[20]։
Սեռային եզրույթներ
խմբագրելՄոլորակների և արբանյակների ռելիեֆի տարրերի անվանումները սովորաբար պարունակում են սեռային եզրույթ, որը ցույց է տալիս տվյալ կառուցվածքի տեսակը (օրինակ՝ «կիրճ», «լեռ», «հովիտ» և այլն)։ Դա տարրերի տեսակների անվանումների մեծամասնության անբաժանելի մասն է[22]։ Այն հնարավոր է դարձնում տարբերակել նույն հատուկ անունը կրող օբյեկտները։ Օրինակ՝ կա Պրոմեթևսի անունով կոչված 11 օբյեկտ, մասնավորապես՝ կիրճ և լեռ Հրատի վրա (Promethei Chasma և Promethei Mons), սեղանասար և ժայթքման կենտրոն Իոյի վրա (Prometheus Mensa և Prometheus)։ Բայց որոշ դեպքերում սեռային եզրույթը չեն օգտագործում՝
- խառնարանների անվանումներում.
- ժայթքման կենտրոնների[23] և շիթերի[24] անվանումներում (որոնք ներկա են Իոյի և Տրիտոնի վրա համապատասխանաբար), քանի որ ռելիեֆի այս տարրերն անհարատև են[20].
- խոշոր օղակաձև տարրերի անվանումներում (որոնք կան Եվրոպայի, Կալիստոյի և Տիտանի վրա)[25].
- Լուսնի ռելիեֆի փոքր տարրերի անվանումներում, որոնք ստացել են անվանումը նրանց մոտ տիեզերանավերի վայրէջքի կապակցությամբ[26].
- ալբեդոյի բազմաթիվ տարրերի անվանումներում, որպես կանոն, լուսավոր։ Ալբեդոյի մուգ տարրերը սովորաբար դա ունենում են. Փայլածուի դեպքում օգտագործվում է «անապատ» (Solitude)[6][15] բառը, իսկ Հրատի՝ «ծով», «նեղուց», «ծոց», «լիճ», «ճահիճ» և մի շարք ուրիշներ[5][16]։
Սեռային եզրույթներ ընտրելիս ՄԱՄ֊ն առաջնորդվում էր նրանով, որ նրանք պիտի նկարագրեն միայն օբյեկտի ձևաբանությունը և ոչինչ չասեն դրա ծագման մասին։ Օրինակ՝ անվանումները կարող են ներառել «լեռ», «գմբեթ» կամ «բլուր» բառերը, բայց ոչ «հրաբուխ»[1][11]։ Այսպիսով, սեռային եզրույթները նկարագրում են տարրի միայն արտաքին տեսքը, բայց ոչ դրա ծագումը կամ երկրաբանական նշանակությունը, դրանք մոլորակային երկրաբանության եզրույթներ չեն, չնայած դրանցից ոմանք դարձան բոլորի կողմից ընդունված նաև երկրաբանական նկարագրություններում, օրինակ՝ Արուսյակի վրայի թագերը։ Ռելիեֆի տարրերի անվանումներում օգտագործվող սեռային եզրույթների ցանկը երկրաբանական կառուցվածքների դասակարգում չէ։
Մոլորակային անվանակարգում անվանումների համար օգտագործվող սեռային եզրույթները (2020 թվականի մայիսի դրությամբ)՝
Միջազգային տարբերակ (փակագծերում հոգնակի թիվն է)[27] |
Հայերեն տարբերակ | ՄԱՄ֊ի նկարագիրը[27] | Ծանոթագրություն[17] | Ծածկագիր |
---|---|---|---|---|
Albedo feature | ալբեդոյի տարր | Աշխարհագրական տարածք, որը տարբերվում է արտացոլված լույսի քանակով։ | Հաստատված է ալբեդոյի տարրերի 32 անվանում Փայլածուի վրա, 126՝ Հրատի վրա, 13՝ Տիտանի վրա և մեկ՝ (Reiner Gamma) Լուսնի վրա։ Անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | AL |
Arcus (arcūs) | աղեղ | Աղեղաձև տարր։ | Միայն օրինակը Տիտանի վրա գտնվող Հոտեյի աղեղն է։ | AR |
Astrum (astra) | աստղ | Շառավղաձև տարր Արուսյակի վրա։ | Այս եզրույթով անվանումներ չկան։ | AS |
Catena (catenae) | շղթա | Խառնարանների շղթա։ | Կա 65 անվանում 10 երկնային մարմնի վրա։ | CA |
Cavus (cavi) | գոգահովիտ | Թեք եզրերով անկանոն իջվածք։ Սովորաբար կազմում են խմբեր։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի (28), Տրիտոնի (10), Պլուտոնի (2) և Եվրոպայի (1) վրա։ | CB |
Chaos (chaoses) | քաոս | Կտրատված տեղանքի բնորոշ հատված։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի (30) և Եվրոպայի (5) վրա։ | CH |
Chasma (chasmata) | կիրճ[en] | Կտրուկ լանջերով գծային խորը իջվածք։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի, Արուսյակի և մի քանի արբանյակի վրա։ | CM |
Collis (colles) | բլուր | Ոչ մեծ բլուր։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի (22), Արուսյակի (16) և Տիտանի (6) վրա (բոլոր անվանումները հոգնակի թվով են՝ Colles)։ | CO |
Corona (coronae) | թագ[en] | Ձվաձև տարր։ | Եզրույթը հիմա օգտագործվում է Արուսյակի և Միրանդայի տարրերի համար (բայց հավանաբար թագերի բնույթը տարբեր է[11])։ | CR |
Crater (craters) | խառնարան | Շրջանաձև իջվածք։ | Անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | AA |
Dorsum (dorsa) | լեռնաշղթա | Ձգված բարձրություն։ | Հիմա այս եզրույթով կա 189 լեռնաշղթա (Փայլածուի, Արուսյակի, Հրատի, մի շարք արբանյակների և աստղակերպների վրա)։ | DO |
Eruptive center | ժայթքման կենտրոն | Ակտիվ հրաբխային կենտրոն Իոյի վրա։ | Անվանում ունեն այդպիսի 12 օբյեկտ, սակայն անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | ER |
Facula (faculae) | պայծառ բիծ | Պայծառ փոքր տարածք։ | Հանդիպում են Փայլածուի (22), Տիտանի (14), Գանիմեդի (13), Սերեսի (3), Ամալթեայի (2) և Կալիստոյի (1) վրա։ | FA |
Farrum (farra) | սկավառակաձև գմբեթ | Նրբաբլիթաձև կառուցվածք կամ նման կառուցվածքների շարք։ | Անվանում ստացել են այդպիսի 9 օբյեկտ, բոլորը Արուսյակի վրա։ | FR |
Flexus (flexūs) | ոլորան | Ժաներիզավոր նախշով կորագիծ շատ ցածր կատար։ | Այս եզրույթով կա 5 անվանում, բոլորը Եվրապայի վրա։ | FE |
Fluctus (fluctūs) | հոսք | Հոսքերի տեսքով ուրվագծեր ունեցող ռելիեֆ։ | Այս եզրույթով կան անվանումներ Արուսյակի (51), Իոյի (14), Տիտանի (5) և Հրատի (3) վրա։ | FL |
Flumen (flumina) | ջրանցք | Հուն Տիտանի վրա, որով կարող է հոսել հեղուկ։ | Այս եզրույթով կա հաստատված 8 անվանում։ | FM |
Fossa (fossae) | ակոս | Երկար ու նեղ գոգ։ | Ուղիղ կամ կոր, բայց ոչ ոլորուն[1]։ Այս եզրույթով կա 137 հաստատված անվանում, մեծավ մասամբ Հրատի, Արուսյակի և Դիոնայի վրա։ | FO |
Fretum (freta) | նեղուց | Երկու խոշոր ջրամբարները միացնող հեղուկի նեղ շերտ։ | Այս եզրույթով կա 4 անվանում, բոլորը Տիտանի վրա։ | FT |
Insula (insulae) | կղզի | Բոլոր կողմերից հեղուկով շրջապատված մակերևույթ։ | Այս եզրույթով կա 10 անվանում, բոլորը Տիտանի վրա։ | IN |
Labes (labēs) | սողանք | Սողանք։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի (7), Լուտեցիայի (3) և Սերեսի (3) վրա։ | LA |
Labyrinthus (labyrinthi) | բավիղ | Փոխհատվող հովիտների և կատարների համալիր։ | Անվանումներ ունեն 24 բավիղ Տիտանի վրա, 6՝ Հրատի, 1՝ Արուսյակի և 1՝ Սերեսի վրա։ | LB |
Lacuna (lacunae) | ծովալճակ | Տիտանի վրա անկանոն ձևի իջվածք, որն ունի չորացած լճի հատակի տեսք։ | Անվանված է այսպիսի 11 օբյեկտ։ | LU |
Lacus (lacūs) | լիճ | Ոչ մեծ հարթավայր. Տիտանի վրա փոքր մութ մաս՝ կտրուկ սահմաններով։ | Մուգ ոչ մեծ հարթավայր Լուսնի վրա կամ հեղուկ մակերևույթով փոքր տարածք Տիտանի վրա։ Նաև օգտագործվում է Հրատի ալբեդոյի տարրերի անվանակարգում՝ փոքր մուգ մասերի համար։ | LC |
Landing site name | վայրէջքի հրապարակ | Լուսնային ռելիեֆի տարրեր «Ապոլոն» տիեզերանավերի վայրէջքի վայրերի մոտ։ | Անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | LF |
Large ringed feature | մեծ օղակաձև գոյացություն, խոշոր օղակաձև տարր | Անհայտ ծագման օղականման տարր։ | Կա 4 անվանում Կալիստոյի վրա, 4 անվանում՝ Տիտանի, 2՝ Եվրոպայի վրա։ | LG |
Lenticula (lenticulae) | պեպեն | Ոչ մեծ մուգ բծեր Եվրոպայի վրա։ | Այս եզրույթով հիմա որևէ անվանում չկա։ | LE |
Linea (lineae) | գիծ | Բաց կամ մուգ երկարավուն տարր, ուղիղ կամ կոր։ | Այս եզրույթով կան անվանումներ Եվրոպայի (45), Արուսյակի (22) և Ռեայի (2) վրա։ | LI |
Lingula (lingulae) | լեզվակ | Սարավանդի կլորավուն լեզվանման ելուստ։ | Կա անվանված 5 լեզվակ, բոլորը Հրատի վրա։ | LN |
Macula (maculae) | բիծ | Մուգ բիծ, կարող է ունենալ անկանոն ձև։ | Այսպես անվանված օբյեկտներ կան Տիտանի (7), Տրիտոնի (7), Եվրոպայի (5) և Հրատի (1) վրա։ | MA |
Mare (maria) | ծով | Մութ և սովորաբար մեծ հարթավայր Լուսնի վրա, ալբեդոյի խոշոր մուգ տարր Հրատի վրա, Տիտանի Վրա՝ ածխաջրածնային հեղուկով ծածկված մուգ մեծ տարածք։ | Լուսնի վրա կա 22 ծով, Հրատի վրա՝ 10 (ալբեդոյի տարր), Տիտանի վրա՝ 3։ | ME |
Mensa (mensae) | սեղանասար | Հարթ գագաթով և կտրուկ շեպ եզրերով լեռ։ | Այս եզրույթով կան անվանումներ Հրատի (36), Իոյի (9) և Եվրոպայի (3) վրա։ | MN |
Mons (montes) | լեռ | Լեռ։ | Կա անվանված 281 լեռ 11 երկնային մարմնի վրա։ | MO |
Oceanus (oceani) | ովկիանոս | Շատ մեծ մուգ հարթավայր Լուսնի վրա։ | Միակ օրինակն է Փոթորիկների օվկիանոսը։ | OC |
Palus (paludes) | ճահիճ | Փոքր հարթավայր։ | Հիմա անվանված է այսպիսի 9 տարր, որոնցից հինգը՝ Հրատի, երեքը՝ Լուսնի և մեկը՝ Պլուտոնի վրա։ | PA |
Patera (paterae) | անկանոն խառնարան | Անկանոն խառնարան կամ ժաներիզավոր ծայրերով բարդ խառնարան։ | Այս եզրույթով անվանումների մեծ մասը պատկանում է Իոյին, Արուսյակին և Հրատին։ Բացի այդ, անվանված անկանոն խառնարաններ կան Գանիմեդի, Տրիտոնի և Տիտանի վրա։ | PE |
Planitia (planitiae) | հարթավայր | Ցածր հարթավայր։ | Այս եզրույթով կա 87 անվանում 11 երկնային մարմնի վրա, ամենից շատ՝ Արուսյակի վրա (41)։ | PL |
Planum (plana) | սարավանդ | Սարավանդ կամ բարձրադիր հարթավայր։ | Այս եզրույթով կա հաստատված 51 անվանում, ամենից շատ՝ Հրատի վրա (34)։ Նաև Արուսյակի, Իոյի, Տրիտոնի, Սերեսի և Փայլածուի վրա։ | PM |
Plume (plumes) | շիթ | Կրիոհրաբուխ Տրիտոնի վրա։ | Անվանում ստացել են այսպիսի 2 օբյեկտ՝ Հիլի և Մահիլանի[24]։ Անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | PU |
Promontorium (promontoria) | հրվանդան | Բարձրադիր տեղանքի (մայր ցամաքի) ցցուն մասը։ | Կա անվանված 9 հրվանդան, բոլորը Լուսնի վրա։ | PR |
Regio (regiones) | տարածաշրջան | Ընդարձակ տարածություն, որը հարակիցներից տարբերվում է ալբեդոյով կամ գույնով, կամ աշխարհագրական խոշոր տարածաշրջան։ | Այս եզրույթով կան անվանումներ Արուսյակի, Գանիմեդի, Իոյի, Եվրոպայի, Տիտանի և Ֆոբոսի ռելիեֆի տարրերի համար։ Ընդհանուր առմամբ 86 անվանում։ | RE |
Reticulum (reticula) | ցանց | Ցանցաձև տարր Արուսյակի վրա։ | Այս եզրույթով անվանումներ դեռ չկան։ | RT |
Rima (rimae) | ճեղք | Ճեղք, ճաք։ | Երկար նեղ ոչ խորը գծային խորացում։ Ավելի նեղ, քան հովիտը (Vallis), և մոտավորապես միևնույն լայնությամբ ամբողջ երկայնքով։ Այս եզրույթով կան անվանումներ միայն Լուսնի և Լուտեցիայի ռելիեֆի տարրերի համար։ | RI |
Rupes (rupēs) | զառիթափ | Զառիթափ, սանդղավանդ։ | Անվանված զառիթափեր կան 11 երկնային մարմինների վրա։ Դրանցից մեծ մասը գտնվում է Փայլածուի և Հրատի վրա։ | RU |
Satellite feature | արբանյակային տարր | Անուն չունեցող խառնարան Լուսնի վրա, որը նշվում է մոտակա խառնարանի անունով, որին ավելացվում է մեծատառ լատինական տառ։ | Օրինակ՝ Պտղոմեոս B, Պտղոմեոս L, Պտղոմեոս Y ևն։ Անվանումների մեջ այս եզրույթը չի մտնում։ | SF |
Saxum (saxa) | քար | Գլաքար կամ քար։ | Այս եզրույթով կան անվանված քարեր Ռյուգու և Բեննու երկրամերձ աստղակերպերի վրա։ | SA |
Scopulus (scopuli) | աստիճան | ժաներիզավոր կամ անկանոն ձև ունեցող բարդ սանդղավանդ։ | Կա այս եզրույթը պարունակող 13 անվանում, բոլորը Հրատի վրա։ | SC |
Serpens (serpentes) | գետագալար | Գծային գալարուն տարր, որը բաղկացած է ռելիեֆի հերթագայվող բացասական և դրական հատվածներից։ | Կա անվանված 3 գետագալար, բոլորը Հրատի վրա։ | SE |
Sinus (sinūs) | ծոց | Փոքր հարթավայր։ | Մուգ ոչ մեծ հարթավայր Լուսնի վրա կամ ծոց՝ Տիտանի հեղուկ ածխաջրածիններով ծովերում կամ լճերում։ Եզրույթն օգտագործվում է նաև Հրատի ալբեդոյի տարրերի անվանակարգում։ | SI |
Sulcus (sulci) | խանդակ | Մոտավորապես զուգահեռ ակոսներ և կատարներ ունեցող տարածք։ | Sulcus (եզ.թ.) եզրույթն օգտագործվում է փոքր օբյեկտների համար, իսկ Sulci (հգ.թ.)՝ ավելի խոշոր[1]։ Այս եզրույթով կան անվանումներ Հրատի, Գանիմեդի, Էնցելադի, Տրիտոնի, Միրանդայի և Սերեսի վրա։ | SU |
Terra (terrae) | երկիր | Ընդարձակ բարձրություն։ | Այս եզրույթով կան անվանումներ Արուսյակի, Հրատի, Պլուտոնի, Տիտանի, Հապետոսի և Վեստայի վրա։ | TA |
Tessera (tesserae) | սալարկ | Մակերևույթ բազմանկյուն կառուցվածքով, որը կղմինդրի կամ մանրահատակի նկարի (եղևնաձև) նման է։ | Այս եզրույթով կա 65 անվանում, բոլորը Արուսյակի վրա։ | TE |
Tholus (tholi) | գմբեթ | Գմբեթաձև փոքր լեռ կամ բլուր։ | Կա այս եզրույթը պարունակող 97 անվանում, որոնցից մեծ մասը պատկանում են Արուսյակին և Հրատին։ | TH |
Unda (undae) | ավազաբլուր | Ավազաբլուրներ։ | Հաստատված է այս եզրույթը պարունակող 13 անվանում, որոնցից 6֊ը Հրատի վրա, 5՝ Տիտանի և 2՝ Արուսյակի։ | UN |
Vallis (valles) | հովիտ | Հովիտ։ | Գծային իջեցում ոլորուն ուրվագծերով։ Անվանված հովիտներ կան Հրատի, Արուսյակի, Լուսնի, Փայլածուի, Արիելի, Պլուտոնի և Իոյի վրա։ | VA |
Vastitas (vastitates) | մեծ հարթավայր | Ընդարձակ հարթավայր։ | Միակ օրինակն է Հրատի Հյուսիսային մեծ հարթավայրը (լատին․՝ Vastitas Borealis)։ | VS |
Virga (virgae) | զոլ | Զոլ, շերտագիծ կամ շերտ, որն իր գույնով տարբերվում է շրջակա տեղանքից։ | Այս եզրույթով կա 8 անվանում (բոլորը Տիտանի վրա)։ | VI |
Անվանումները հայերենում և այլ լեզուներում
խմբագրելՄիջազգային աստղագիտական միությունը հաստատում է անվանումների միայն լատինատառ գրությունը։ Չնայած՝ ՄԱՄ֊ի կանոններով չի թույլատրվում թարգմանել անվանակարգը, սակայն գոյություն ունեն անվանակարգի ռուսերեն, հունգարերեն, չինարեն և ճապոներեն տարբերակները[28]։ Ռուսերեն անվանակարգը մինչև 1980֊ականների վերջը կարգավորվում էր ԽՍՀՄ ԳԱ֊ի տիեզերական տեղանունների հանձնաժողովի կողմից[29][9], իսկ սկսած 2009 թվականից՝ ՌԳԱ֊ի տիեզերական տեղանունների հանձնաժողովի[30]։
Երկնային մարմինների ռելիեֆի տարրերի (նաև ալբեդոյի որոշ տարրերի) անվանումների մեծ մասը պարունակում է ոչ միայն հատուկ անուն, այլ նաև սեռային եզրույթ՝ դրանց անբաժանելի մասը։
Լատինական անվանումներում սեռային եզրույթը, ինչպես և հատուկ անունը, գրվում է մեծատառով և հատուկ անունից հետո։ Հայերենում այն նույնպես գրվում է հատուկ անունից հետո, բայց փոքրատառով (օրինակ՝ Meridiani Planum — Մերիդիանի սարավանդ)։ Նույնպես եթե հատուկ անվան դերը կատարում է ածականը, ապա թարգմանելիս այն մնում է առաջին տեղում (օրինակ՝ Borealis Planitia — Հուսիսային հարթավայր, Roncevaux Terra — Ռոնսեվալական երկիր)։
Որոշ պարագաներում անվանումը գրադարձվում է, քանի որ այն թարգմանելու դեպքում, դրա մեջ մտնող ածականը սխալ սահմանում կտար ռելիեֆի տվյալ օբյեկտին (օրինակ՝ Մելաս լեռնաշղթաներ — Սև լեռնաշղթաներ, Կլարիտաս ակոսներ — Փայլուն ակոսներ) մինչդեռ իրականում ռելիեֆի օբյեկտները ստացել են այսպիսի անվանումներ այն պատճառով, որ գտնվում են համապատասխան անվանումներ ունեցող (Melas Lacus, Claritas) ալբեդոյի տարրերի մոտերքում, այլ ոչ թե իրենից ներկայացնում են «սև լեռնաշղթաներ» և «փայլուն ակոսներ»։ Բայց կան բացառություններ. Margaritifer Chaos֊ը թարգմանվում է «Մարգարտե քաոս», քանի որ դրան անուն տված ալբեդոյի տարր Margaritifer Sinus֊ի թարգմանության ձևը (Մարգարտե ծոց) լայն տարածում ունի։
Եթե ռելիեֆի տարրը կրում է շնչավոր առարկայի (իրական կամ երևակայական) անունը և անվանումը պարունակում է սեռային եզրույթ, ապա այդ անունը ստանում է սեռական հոլով (օր.՝ Մաքսվելի լեռներ, Պրոմեթևսի երկիր)։ Բացի դրանից, եթե այդ հոլովն օգտագործվում է նաև լատինական անվանումում, այն սովորաբար պահպանում են և հայերենում (Caloris Planitia — Տապի հարթավայր, Solis Planum — Արևի սարավանդ, Mare Tranquillitatis — Հանգստության ծով)։ Եթե ռելիեֆի տարրը ստացել է աշխարհագրական օբյեկտի անունը, այն սովորաբար օգտագործվում է ուղղական հոլովով. Էլլադա հարթավայր, Սամարկանդ խանդակներ։ Ուղղական հոլովն կիրառվում է նաև այն օբյեկտների համար, որոնց անվանումների մեջ բացակայում է սեռային եզրութը, օրինակ՝ Դոստոևսկի, Պրոմեթևս (խառնարան և ժայթքման կենտրոն համապատասխանաբար)։
Անվանումներում սեռային եզրույթն օգտագործվում է նույն թվով, ինչպես լատինական անվանումների մեջ (Pavonis Mons — Սիրամարգի լեռ, Nereidum Montes — Ներեուհիների լեռներ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1986, Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգի ստեղծումը, էջ 23—26։
- ↑ Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1981, Ներածություն, էջ 3։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «History of Planetary Nomenclature». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). 2008 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1981, Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգի ստեղծումը, էջ 18—31։
- ↑ 5,0 5,1 Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1981, Հրատի ալբեդոյի տարրերի անվանման համակարգ, էջ 6—18։
- ↑ 6,0 6,1 6,2 Փայլածուի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1982, Հրատյան անվանակարգի համառոտ պատմություն, էջ 4—11։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Բուրբա Գ. Ա. Այլամոլորակային անուններ(ռուս.) (Инопланетные святцы) // Աշխարհի Շուրջ. — № 1 (2832).
- ↑ Ճանապարհորդություններ դեպի Լուսին, 2009, Ռոդիոնովա Ժ. Ֆ. Գլուխ 5։ Լուսնի քարտեզների պատմությունը, էջ 193—236։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ճանապարհորդություններ դեպի Լուսին, 2009, Շանգարյովա Կ. Բ. Գլուխ 4։ Ինչպես են մոլորակների քարտեզների վրայի տարրերին տալիս անվանումներ, էջ 176—192։
- ↑ Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1981, Հրատյան անվանակարգի համառոտ պատմությունը, էջ 4—6։
- ↑ 11,0 11,1 11,2 Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature(անգլ.) // Cartographica : պարբերագիր. — Т. 41. — № 2. — Էջ 149—164. —
- ↑ Greeley, Batson, 1990, 4.2. Moon: 1640—1977, էջ 97—103։
- ↑ 13,0 13,1 Greeley, Batson, 1990, 4.3. Mars: mid-seventeenth century to 1976, էջ 103—108։
- ↑ Blagg M. A., Muller K., Wesley W. H., Saunder S. A., Franz J. H. G., IAU., Named Lunar Formations, London, «P. Lund, Humphries & Co. Ltd.» — 14, 72 էջ։ (քաղվածքներ, պահոց)։
- ↑ 15,0 15,1 «Mercury». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 16,0 16,1 «Mars». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 17,0 17,1 Անվանումներն քանակը և տարածվածությունը տրված են ըստ ՄԱՄ֊ի տվյալների։
- ↑ «How Names Are Approved». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 19,0 19,1 «Gazetteer of Planetary Nomenclature» (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 «IAU Rules and Conventions». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1986, Երևակի արբանյակների վրայի անվանումների ռուսական գրության մասին, էջ 34—36։
- ↑ Լուսնթագի գալիլեյան արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1984, էջ 39, 60։
- ↑ 24,0 24,1 «Triton. Plume, plumes». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Callisto. Large ringed feature». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Moon. Landing site name». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 27,0 27,1 «Descriptor Terms (Feature Types)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Multilingual Planetary Nomenclature: generic terms». International Planetary Cartography Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1986, Ներածություն, էջ 3—4։
- ↑ «Постановление «Об организации Комиссии РАН по космической топонимике»». Президиум РАН. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Բուրբա Գ. Ա., Արուսյակի ռելիեֆի տարրերի անվանակարգը (Номенклатура деталей рельефа Венеры) (խմբ. Ա. Տ. Բեզիլևսկի և Դ. Յա. Մարտինով), Մոսկվա, «Գիտություն» — 64 էջ։
- Բուրբա Գ. Ա., Լուսնթագի գալիլեյան արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը (Номенклатура деталей рельефа галилеевых спутников Юпитера) (խմբ. Կ. Պ. Ֆլորենսկի և Յ. Ի. Եֆրեմով), Մոսկվա, «Գիտություն» — 88 էջ։
- Բուրբա Գ. Ա., Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը (Номенклатура деталей рельефа Марса) (խմբ. Կ. Պ. Ֆլորենսկի և Յ. Ի. Եֆրեմով), Մոսկվա, «Գիտություն» — 88 էջ։
- Բուրբա Գ. Ա., Փայլածուի ռելիեֆի տարրերի անվանակարգը (Номенклатура деталей рельефа Меркурия) (խմբ. Կ. Պ. Ֆլորենսկի և Յ. Ի. Եֆրեմով), Մոսկվա, «Գիտություն» — 52 էջ։
- Բուրբա Գ. Ա., Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը (Номенклатура деталей рельефа спутников Сатурна), Մոսկվա, «Գիտություն» — 80 էջ։
- Շինգարյովա Կ. Բ., Բուրբա Գ. Ա., Լուսնային անվանակարգը. Լուսնի հակառակ կողմը, 1961-1973 թթ. (Лунная номенклатура: Обратная сторона Луны, 1961-1973 гг.) (խմբ. Ա. Ա. Գուրշտեյն և Յ. Ի. Եֆրեմով), Մոսկվա, «Գիտություն» — 56 էջ։
- Ճանապարհորդություններ դեպի Լուսին (Путешествия к Луне) (խմբ. Սուրդին Վ. Գ.), Մոսկվա, «Ֆիզմատլիտ» — 512 էջ, ISBN 978-5-9221-1105-8։
- Greeley R., Batson R. M., Մոլորակային քարտեզագրություն (Planetary Mapping), «Cambridge University Press», ISBN 052103373X։
- Ewen A. Whitaker, Mapping and Naming the Moon: A History of Lunar Cartography and Nomenclature, «Cambridge University Press» — 264 էջ, ISBN 0-521-54414-9։
- Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature(անգլ.) // Cartographica : պարբերագիր. — Т. 41. — № 2. — Էջ 149—164. —
- Hargitai H. I., Gregory H. S., Osburg J., Hands D. Development of a Local Toponym System at the Mars Desert Research Station(անգլ.) // Cartographica : պարբերագիր. — Т. 42. — № 2. — Էջ 179—187. —
Արտաքին հղումներ
խմբագրել- Բուրբա Գ. Ա. Այլամոլորակային անուններ(ռուս.) (Инопланетные святцы) // Աշխարհի Շուրջ (Вокруг Света). — № 1 (2832). Արխիվացված է 9 Օգոստոսի 2014 սկզբնաղբյուրից:
- Տարասևիչ Գ., Մասսալովա Ա. Աշխարհագրությունը հեռանում է դեպի երկինք(ռուս.) (География уходит в небо) // Русский репортёр. — № 5 (133). Արխիվացված է 28 Դեկտեմբերի 2013 սկզբնաղբյուրից:
- «Gazetteer of Planetary Nomenclature» (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN) — մոլորակային համակարգի անվանակարգի Աշխատանքային խմբի պաշտոնական կայքը (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013-02-04։-ին.
- «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013-05-14։-ին.
- Hargitai H. (editor). — երկնային մարմինների բազում քարտեզներ զանազան լեզուներով, գրադարան ըստ թեմայի«International Planetary Cartography Database» (անգլերեն). International Cartographic Association Commission on Planetary Cartography & the Eötvös Loránd University Cosmic Materials Space Research Group. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013-05-13։-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)