Յորգ Հայդեր (գերմ.՝ Jörg Haider, հունվարի 26, 1950 թ., Բադ Գոյզերն, Վերին Ավստրիա - հոկտեմբերի 11, 2008 թ., Լամբիխլ, Կյոտմանսդորֆ, Ավստրիա[5]), ավստրիացի աջ ծայրահեղական քաղաքական գործիչ, ազգայնական, Ավստրիայի ազատության կուսակցության երկարամյա առաջնորդ, Հանուն Ավստրիայի ապագայի դաշինք կուսակցության հիմնադիր, Կարինթիայի նահանգապետ (1989-1991 թթ., 1999-2008 թթ.)[6][7]:

Յորգ Հայդեր
Դրոշ
Դրոշ
Կարինթիա նահանգապետ
1989-1991
Նախորդող Պետեր Ամբրոցի
Հաջորդող Քրիստոֆ Ցերնատո
Դրոշ
Դրոշ
Կարինթիա նահանգապետ
1999-2008
Նախորդող Քրիստոֆ Ցերնատո
Հաջորդող Գերհարդ Դյորֆլեր
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ազատության կուսակցություն
Հանուն Ավստրիայի ապագայի դաշինք
Կրթություն՝ Վիեննայի համալսարան (1973)[1]
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 26, 1950(1950-01-26)[2][1][3][…]
Ծննդավայր Բադ Գոյզերն, Վերին Ավստրիա
Վախճանի օր հոկտեմբերի 11, 2008(2008-10-11)[4][2][1][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Լամբիխլ, Կյոտմանսդորֆ, Ավստրիա
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Ռոբերտ Հայդեր
Մայր Դորոտեա Ռուպ
Ամուսին Կլաուդիա Հայդեր - Հոֆման
Զավակներ Կոռնելիա
Ուլռիկ
 
Պարգևներ
Grand Cross of the Order of Honour for Services to the Republic of Austria

Ծագում

խմբագրել

Հայդերի հայրը՝ կոշկակար Ռոբերտ Հայդերը, 1929 թվականին 15 տարեկանում անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը և հավատարիմ մնացել նացիզմին ավստրոֆաշիզմի ամբողջ ընթացքում, այդ թվում՝ նաև 1934-1938 թվականներին, երբ Ադոլֆ Հիտլերի կուսակցությունը պաշտոնապես արգելվեց։ 1933 թվականին նա փախչում է Գերմանիա և վերադառնում Ավստրիա 1934 թվականին տեղի ունեցած անհաջող խռովությունից հետո։ Ձերբակալությունից և Գերմանիա արտաքսումից հետո Ռոբերտ Հայդերը անդամագրվում է СА-ի Ավստրիական լեգիոնին, ծառայում երկու տարի վերմախտում և կրկին վերադառնում Ավստրիա անշլյուսից հետո։ 1940 թվականին շարքային սպան կռվում է Արևելյան և Արևմտյան ռազմաճակատներում։ Պատերազմի ավարտին ստացված վիրավորումների պատճառով ուղարկվում է պահեստազոր։ Հայդերի մայրը՝ Դորոտեա Ռուպը, եղել է ուսուցիչ, Լինցի հիվանդանոցի գլխավոր բժշկի դուստրը, ինչպես նաև Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ Յորգ Հայդերի ծնողները ամուսնացել են 1945 թվականին՝ պատերազմում Գերմանիայի պարտությունից փոքր-ինչ շուտ։ Նույն թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը՝ Ուռսուա Հայդերը (Հաուբների ամուսինը, քաղաքական գործիչ, Հանուն Ավստրիայի ապագայի դաշինքում Յորգ Հայդերի օգնական։ Հետպատերազմյան դենացիֆիկացիան (նացիզմի լիկվիդացում) չանդրադարձավ Ռոբերտ Հայդերի ընտանիքին՝ սահմանափակվելով միայն այն պատժով, որ Դորոտե Հայդերին արգելվեց զբաղվել մասնագիտական գործունեույամ։ Ընտանիքը ապրել է ոչ հարուստ։ Հայդերի հեռու բարեկամները Կարինթիայի Բերենտալ բնակավայրում ունեին հողակտոր, որը Հիտլերի իշխանության ժամանակ գնել էին իտալական հրեաներից։ 1983 թվականին Հայդերը ժառանգություն է ստանում Բերենտալում գտնվող այդ հողակտորը, որը ներկայում ունի 15 միլիոն դոլար արժեք։ Յորգ Հայդեր ապագա քաղաքական գործչի հայացքների մասին պատկերավոր նկարագրում է նրա կյանքի հետևյալ դրվագը. պատանի հասակում Յորգը իր բռնցքամարտի հարվածաձողին անվանում էր Սիմոն Վիզենտալ, ով եղել է «նացիստների որսորդ»[7][8][9]։

Կրթություն

խմբագրել

Յորգ Հայդերը ավարտել է Բադ Իշլեի (Զալցկամերգուտ) դպրոցը և 1968-1973 թվականներին սովորել Վիեննայի համալսարանի իրավագիտության մասնագիտությամբ։ Համալսարանում սովորելու տարիներին անդամագրվել է ազգայնական ուսանողական միությանը։

1970-1974 թվականներին, լինելով դեռևս ուսանող, Հայդերը ղեկավարել է Ավստրիական ազատության կուսակցության երիտասարդական թևը։

Ինը ամիս պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո ևս մեկ տարի կամավոր սկզբունքով ծառայել է բանակում։

Քաղաքական գործունեության սկիզբ

խմբագրել

Ծառայությունից հետո Հայդերը վերադառնում է կուսակցական գործունեության և արագորեն ստեղծում կարիերա։ 1976 թվականին նա դառնում է Ավստրիական ազատության կուսակցության Կարինթիայի նահանգային մասնաճյուղի ղեկավար։ 29 տարեկանում դառնում է ավստրիական դաշնային խորհրդարանի 183 պատգամավորներից ամենաերիտասարդ պատգամավորը։ 1980-ական թվականների սկզբներին Հայդերը, վստահորեն քննադատելով Ազատության կուսակցության առաջնորդներին սոցիալ-դեմոկրատների հետ դաշինք կնքելու համար, բարձրանում է մինչև տեղական ստորաբաանման ղեկավարի պաշտոնի։ 1986 թվականի սեպտեմբերին Ավստրիական ազատության կուսակցության համաժողովի ժամանակ Յորգ Հայդերը ընտրվում է կուսակցության դաշնային ղեկավարի պաշտոնում՝ առաջ անցնելով փոխկանցլեր Նորբերտ Շտեգերին[7]։

Քաղաքական գործունեությունը Կարինթիայում

խմբագրել

Ընդհուպ մինչև 1989 թվականը Կարինթիայի ընտրություններում գերիշխում էր Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ 1989 թվականին նրանց ընտրաքվեների քանակը նվազեց 50 %-ով, և նահանգում իշխանությունը անցավ Ավստրիայի ազատության և Ավստրիայի ժողովրդական կուսակցություններից կազմված ժամանակավոր դաշինքին[7]։

Պորտֆելների բաժանման ժամանակ Հայդերը ընտրվում է Կարինքիայի նահանգապետ։ Սակայն 1991 թվականին նա ստիպված հրաժարական է տալիս կապված իր այն հայտարարության հետ, որ «Երրորդ ռեյխում առկա էր աշխատանքի արժանապատիվ քաղաքականություն, այն ինչ չի կարողանում ստեղծել Վիեննայի կառավարությունը մեր օրերում»։ Ավստրիայի ազատության և Ավստրիայի ժողովրդական կուսակցություններից կազմված դաշինքփլոզվեց։ Հայդերը կարողացավ վերադառնալ նահանգապետի պաշտոնին միայն 1999 թվականին, երբ նրա կուսակցությունը նահանգային ընտրություններում հավաքեց 42 % ձայն[7]։

Քաղաքական գործունեությունը Ավստրիայի ազատության կուսակցությունում

խմբագրել

Յորգ Հայդերի ղեկավարությամբ Ավստրիայի ազատության կուսակցությունը երկրի քաղաքական կյանքում որդեգրեց աջ ծայրահեղական գիծ՝ որպես նպատակներ հռչակելով այնպիսի ազգայնական արժեքների հաստատում, ինչպիսիք են ներգաղթի դադարեցումն ու Եվրոպական Միության անդամությունից հրաժարումը։ Հայդերը կարողացավ վերացնել ներկուսակցական հակասությունները՝ դառնալով երբեմնի պառակտված շարժման միանձնյա առաջնորդը։ Նա իր կողմը ներգրավեց արգելված նացիստական կուսակցության համախոհներին և նախկինում սոցիալ-դեմոկրատներին քվեարկող բողոքավոր ազատական ընտրազանգվածին[7]։

Նոր քաղաքական գիծը ունեցավ մասսայական աջակցություն, և դաշնային ընտրություններում Ավստրիայի ազատության կուսակցության բաժինը 1986 թվականի 5 %-ից աճեց մինչև 1999 թվականի 27 %[7]:

2000 թվականի կոալիցիան և միջազգային բոյկոտ

խմբագրել

Եվրոպական քաղաքական գործիչներն ու մամուլը Հայդենին համարում էին պոպուլիստ-դուրսպրծուկ, ով արժանի չէ դոմտնել մեծ քաղաքականություն, իսկ նրա գաղափարները՝ Եվրոպական Միությանը անհարիր։ Այդ իսկ պատճառով 1999 թվականի հոկտեմբերի 3-ի լուրջ հաջողություններից հետո Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Վոլֆգանգ Շյուսելը և 2-րդ տեղը զբաղեցրած Հայդերը 2000 թվականի փետրվարի 4-ին հայտարարեցին իրենց դաշինքի և կառավարական կոալիցիայի ստեղծման մասին, Եվրոպական Միությունում Ավստրիան անմիջապես դարձավ վտարյալ։ Եվրամիության 14 երկիր կտրուկ նվազեցրեցին Ավստրիայի հետ համագործակցությունը։ Նրանց կարծիքով տեղի էր ունեցել անթույլատրելին. փլուզվել էր այն պատնեշը, որը թույլ չէր տալիս ծայրահեղ ազգայնականներին մտնել մեծ քաղաքականություն[7]։

Ավստրիայի մեկուսացումը օգուտ չբերեց ո՛չ երկրին, ո՛չ էլ Հայդենին։ 7 ամիս բոյկոտից հետո Հայդենը ձևականորեն վայր դրեց իր կուսակցության ղեկավարի լիազորությունները հօգուտ Սյուզան Ռիս Պասերի (միևնույն ժամանակ մնալով կուսակցության իրական առաջնորդը)։

2002-2005 թվականների բաժանում

խմբագրել

2002 թվականի սեպտեմբերին Կենտենֆելդի հանդիպման ժամանակ Ավստրիայի ազատության կուսակցության ընդդիմադիր անդամները ներքին հեղաշրջում են կատարում։ Ռիս Պասերը, ով չէր մասնակցում հանդիպմանը, ֆինանսների նախարար Գրասերը և Ավստրիայի ազատության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը հրաժարական են տալիս և՛ կուսակցական, և՛ պետական պաշտոններից։ Խորհրդարանական ճգնաժամը պահանջում էր 2002 թվականի նոյեմբերին դաշնային ընտրությունների անցկացում։ Այդ ընտրություններում Շյուսելի ղեկավարած Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը ջախջախում է Ավստրիայի ազատության կուսակցությանը՝ դեպի իրենց տանելով հայդերական ընտրազանգվածին (Ազատության կուսակցության բաժինը նվազել է 27  %-ից մինչև 10 %): Կրկին կուսակցության առաջնորդ դառնալու Հայդերի փորձը տապալվում է , և այդ ժամանակվանից կուսակցությունը այլևս չի հասել 1990-ականների ձեռքբերումների մակարդակին։ Այնուամենայնիվ, Ազատության կուսակցությունը Կարինթիայի տեղական ընտրություններին մնում է ուժեղ քաղաքական ուժ (2004 թվականի հավաքել է 42 % ձայն)[7]։

Ավստրիայի ազատության կուսակցությունում իրենդ դիրքի վերականգնման փորձերի տապալումից հետո՝ 2005 թվականին, Հայդերը, Ուրսուլա Հաուբները, Հյուբերտ Գորբախը և նրանց համախոհները դուրս են գալիս կուսակցությունից և հիմնում Հանուն Ավստրիայի ապագայի դաշինք նոր կուսակցություն։

Մնալով Ավստրիական ժողովրդական կուսակցության հետ դաշինքում՝ նորաստեղծ ուժը դարձավ Ազատության կուսակցության ոխերիմ թշնամին։ Արդյունքում երկու կուսակցություններն էլ կորցրեցին իրենց ձայները, և 2006 թվականի դաշնային ընտրություններում Հայդերի կուսակցությունը մեծ դժվարությամբ է կարողանում է 4 % ձայների շեմը։

Հանուն Ավստրիայի ապագայի դաշինքի ծրագիրը հիմնվում է ներգաղթի սահմանափակման, տեղական գյուղատնտեսության աջակցության (ընդհուպ մինչև ազգայնացում), հարկային դաշտի փոփոխության համար, Եվրամիության նոր անդամներին հավասար իրավունքներ տրամադրելու դեմ և այլն։

2008 թվական

խմբագրել

2008 թվականի խորհրդարանական ընտրություններում աջերը՝ Ավստրիայի ազատության կուսակցությունը և Հանուն Ավստրիայի ապագայի դաշինքը, հավաքեցին ընդհանուր 29 % ձայն, այդպիսով դաշնային խորհրդարանական ընտրություններում հավաքելով տեղերի 1/3-ը[7]։

Հայդերի մահից հետո դաշինքի ղեկավար է դառնում Ֆտեֆան Պետցները, ով 2008 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարում է, որ ինքը հանդիսացել է Հայդերի սիրեկանը և որ Հայդերի կինը իմացել է նրանց հարաբերությունների մասին։ Այդ հայտարարությունից որոշ ժ-ամանակ անց Պետցները հեռացվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից, իսկ կուսակցության վարկանիշը անկում ապրում[10]։

Յորգ Հայդերը զոհվում է Կլագենֆուրտում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով։ Նրա Volkswagen Phaeton ծառայողական ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչների հայտնելով՝ ավտոմեքենան մի քանի անգամ գլորվել է, որի հետևանքով քաղաքական գործիչը ստացել է գլխի և կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածքներ և մահացել հիվանդանոց տեղափոխման ճանապարհին[11][12]։

Համաձայն ավստրիական մամուլի հրապարակումների և դատախազի ներկայացմամբ՝ Հայդերը ընթացել է 142 կմ/ժ արագությամբ ալկոհոլի ազդեցության տակ։ Նա գնալիս է եղել մոր ծնունդին։

Յորգ Հայդերի հոգեհանգստի արարողութունը տեղի է ունեցել Կլագենֆուրտի գլխավոր տաճարում։ Արարողությանը ներկա էին այրին՝ Կլաուդիան դստրերը՝ Կոռնելիան և Ուլռիկը, Հայդենի հարազատներն ու մտերիմները, դաշնային կանցլեր Ալֆրեդ Գուզենբայերը, փոխկանցլեր, ֆինանսների նախարար Վիլհելմ Մոլտերերը, նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը և Ավստրիայի այլ հայտնի քաղաքական գործիչներ։

Սգո արարողությանը ընդհանուր առմամբ ներկա էր շուրջ 25.000 մարդ։

Օգտագործված գրականություն

խմբագրել
  • Tributsch, Gudmund (ed.). Schlagwort Haider: ein politisches Lexikon seiner Aussprüche von 1986 bis heute mit einem Essay von Franz Januschek. Published: Wien: Falter, 1994.(գերմ.)
  • Haider, Jörg. Die Freiheit, die ich meine. Frankfurt/Main: Ullstein, 1993.(գերմ.)
  • Lionel BALAND, Jörg Haider, le phénix. Histoire de la famille politique libérale et nationale en Autriche. Éditions des Cimes, Paris, 2012. ISBN|979-10-91058-02-5(գերմ.)
  • Höbelt, Lothar. Jörg Haider and the politics of Austria, 1986-2000. West Lafayette, Indiana: Purdue University Press, 2002.
  • Rosellini, Jay Julian. "Haider, Jelinek, and the Austrian Culture Wars". Charleston: CreateSpace, 2009.(անգլ.)
  • Goldmann, Harald & Hannes Krall & Klaus Ottomeyer. Jörg Haider und sein Publikum: eine sozialpsychologische Untersuchung. Klagenfurt: Drava, 1992.(գերմ.)
  • Wilsford, David, ed. Political leaders of contemporary Western Europe: a biographical dictionary (Greenwood, 1995) pp 183–188.(անգլ.)
  • Wodak, Ruth & Anton Pelinka. The Haider phenomenon in Austria. New Brunswick, N.J.: Transaction Publishers, 2002.(անգլ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորգ Հայդեր» հոդվածին։