Նախապաշարմունք

խմբագրել
  1. Անհատական և հասարակական գիտակցության մեջ հավատ նախանշանների նկատմամբ, որոնք համարվում են ապագայի խորհրդանշաններ։ Նախապաշարմունքը հնագույն հավատալիքների, տոհմացեղային տաբուների ու տոտեմների արձագանքն է։ Նախապաշարմունքի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ իբր ապագան դրսևորվում է ներկայում։ Այստեղից էլ նախապաշարմունքների պաշտպանողական-կարգավորիչ դերը՝ վարվել ըստ բարի նախանշանների և գործողություններով չեզոքացնել սպասվող անցանկալի պատահարը։ Նախապաշարմունքը դեռես չճանաչված երևույթներին անհիմն պատճառական կապ վերագրելու արդյունք է։
  2. Որոշ երևույթների նկատմամբ կանխակալ վերաբերմունք, որն արտահայտվում է մտածելակերպում և վարվելակերպում ամրագրված ստերեոտիպերով։ Հատուկ է անհատներին, դասակարգերին, էթնիկական խմբերին, ռասաներին և պայմանավորված է պատմական, սոցիալական, հոգեբանական գործոններով։ Նախապաշարմունքները, հանդես գալով որպես անհատական և հասարակական հոգեբանության տարր, աստիճանաբար դառնում են անհատական և հասարակական գիտակցության անհրաժեշտ բաղադրամաս։ Դրանք ունեն հարմարողական-կարգավորիչ դեր՝ ապահովում են սուբյեկտի գործունեությունը ըստ հասարակական նորմերի, ինչպես նաև կատարում են պաշտպանողական ֆունկցիա՝ դուրս վանել, «ուրիշին» փոխանցել բացասականը և իր մտածելակերպն ու գործելակերպը դարձնել փակ համակարգ, պաշտպանել այն ոտնձգություններից։ Նախապաշարմունքը էությամբ իռացիոնալ է, հենված է հավատի վրա և դժվար հաղթահարելի։ Սոցիալական անհավասարության վերացումը, հասարակական հոգեբանության և գիտակցության գիտական վերլուծությունը և դաստիարակչական աշխատանքը սոցիալիզմի օրոք պայմաններ են ստեղծում նախապաշարմունքների վերացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 157