Ներսես Մկրտչյան
Ներսես Ալեքսանի Մկրտչյան (սեպտեմբերի 12, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 2016, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան-արևելագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։
Ներսես Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1928 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2016 (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, արևելագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1928 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ դասավանդել է տարբեր առարկաներ՝ հայ բարբառագիտություն, լեզվաբանության ներածություն, ընդհանուր լեզվաբանություն, համեմատական քերականություն, արևմտահայերեն, գրաբար և այլն։
Ներսես Մկրտչյանը ուսումնասիրել է բարբառագիտություն, ազգագրություն, հայոց լեզվի պատմություն, միջլեզվային փոխառություններ, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվական առնչություններ, սեպագիր, սեմական լեզուներ և այլն։
Աշխատություններ
խմբագրելՆերսես Մկրտչյանի գրչին են պատկանում «Բուրդուրի բարբառը» (1971), «Գամիրքի բարբառը, ազգագրությունը և բանահյուսությունը» (1988), «Երաժշտական բառարան» (2000), «Բառերի կենսագրությունից» (1986 և հետագա հրատ.), «Սեմական լեզուները և հայերենը» (2005), «Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում» (2008) և այլ աշխատություններ։
«Բուրդուրի բարբառը»
խմբագրելՆերսես Մկրտչյանը հետազոտել է արևմտահայ մի քանի (Անատոլիայում գտնվող) բարբառներ. Բուրդուրի, Սիվրի-Հիսարի, Բողազլյանի (Գամիրքի), Մուրադչա-Յայլայի, Սթանոզի՝ իրենց ժողովրդական բանահյուսությամբ և ազգագրությամբ հանդերձ։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ։
«Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում»
խմբագրելԳիրքը նվիրված է թուրքերենի բարբառներին անցած հայերեն բառերին։ Թուրքերենի բառարաններում նշվում է ամենաշատը հայերենից թուրքերենին անցած 50-60 բառ, մինչդեռ բարբառներում դրանք շատ-շատ են՝ 1500-ից ավելի։ Ն. Մկրտչյանը հրատարակել է նաև հայերենից թուրքերենին անցած փոխառությունների բառարան, որտեղ ներկայացրել է բոլոր այն բառերը, որոնք տարբեր ժամանակներում անցել են թուրքերենին և գործածական են նրա թե՛ գրական լեզվում, թե՛ բարբառներում։
«Բառերի կենսագրությունից»
խմբագրելԱյստեղ Ներսես Մկրտչյանը քննել է շուրջ 2000 բառ ու արտահայտություն։ Գիրքը հարուստ տեղեկություն է պարունակում բառերի նախնական իմաստների, կրած փոփոխությունների, նոր ձևերի ու իմաստների վերաբերյալ, որի շնորհիվ այն ունեցել է հինգ հրատարակություն և դարձել է հետաքրքրության առարկա տարբեր մասնագետների համար։
«Սեմական լեզուները և հայերենը»
խմբագրելԱյն հրատարակվել է ռուսերեն, խմբագիրն է ակադեմիկոս Վ. Իվանովը, գրքին դրական կարծիք է տվել Թ. Գամկրելիձեն։
1979 թվականին լույս է տեսել «Հայերենի օրինաչափություններից շեղվող բառերը աքադերեն փոխառությունների լույսի տակ» հոդվածը։ Ներսես Մկրտչյանը լեզվական փաստերով ցույց է տվել, որ հայերը ժամանակակից են եղել աքադացիներին և նրանցից էլ լեզվական փոխառություններ են կատարել (դպիր, կնիք, անագ, գագաթ, ագուռ, թոնիր, քաղաք և այլն. շուրջ 300 բառ)։
Ն. Մկրտչյանը զբաղվել է նաև պամիրյան լեզուների և հայերենի առնչակցության հարցերով, որոնք աշխարհագրորեն միմյանցից բավականին հեռու են։ Նա նկատել է, որ երկու լեզուներում առկա շատ բառեր սկյութա-սակական ազդեցության հետևանք են։ Նա ճշգրտել է արաբերենից հայերենին անցած փոխառությունների ժամանակը։
Ն. Մկրտչյանի «Երաժշտական բառարանը» ունի ոչ միայն բացատրական, այլև՝ ստուգաբանական ուղղվածություն։ Այնտեղ կարևոր տեղեկություններ կան հայ ժողովրդական երաժշտական գործիքների, պարարվեստի և հին հայկական խազերի վերաբերյալ։
Ն. Մկրտչյանը հոդվածներ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նրա «Սպանդանոցից մազապուրծների հուշերը» գիրքը տպագրվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից։
Երկեր
խմբագրել- Բուրդուրի բարբառը։ Ազգագրության և հնագիտության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտ Հ. Աճառյանի անվան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971։
- Անատոլիայի նորահայտ հայ բարբառները։ Երևան, 1995։
- Հայաստանի ազգային անվտանգության համակարգը։ Հատուկ ծրագիր, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, Ա. հ., 1995:
- Բառերի կենսագրությունից։ Լեզվաբանություն։ 3-րդ հրատարակություն, Երևան, Ապագա, 1999։
- Բառերի կենսագրությունից։ Բառերի ճակատագիրը. դեպի լեզվի ակունքները , 4-րդ հրատարակություն, վերամշակված և լրացված, Երևան, «Զանգակ-97», 2004։
- Անատոլիայի նորահայտ հայ բարբառները և բանահյուսությունը, Երևան, 2006։
- Հայերենից փոխառություններ թուրքերենի բարբառներում։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ., Երևան, Ասողիկ, 2007։
- Պամիրյան լեզուները և հայերենը։ Սկյութերեն բառապաշարը հայերենում, Ն. Ա. Մկրտչյան, խմբագիր` Ա. Քոսյան, հրատարակիչ տնօրեն` Ռ. Սահակյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Լուսակն, 2015։
- Семитские языки и армянский, Е., 2005.
Աղբյուրներ
խմբագրել- Ռուբիկ Ղազարյան, Վազգեն Համբարձումյան, «Ներսես Մկրտչյան-80», Պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 293-294
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Մկրտչյան» հոդվածին։ |