Նիտրոգլիցերին, գլիցերինեռնիտրատ, , գլիցերինի և ազոտական թթվի լրիվ էսթերը։ Պայթուցիկ նյութ է։ Նիտրոգլիցերինը յուղանման, անգույն հեղուկ է, բյուրեղանում է 2 ձևափոխություններով՝ անկայուն (հալման ջերմաստիճանը՝ 2,8°C) և կայուն (հալման ջերմաստիճանը՝ 13,5°C)։ Խտությունը՝ 1591 կգ/մ³ (25°C–ում)։ Ջրում գործնականորեն չի լուծվում, լավ է լուծվում ացետոնում, եթերում, բենզոլում։ Պայթում է նույնիսկ թույլ հարվածից, պայթման ջերմությունը 6,3 Մջ/կգ (1500 կկալ/կգ) է, անջատված գազային նյութերի ծավալը 713 լ/կգ է։ Բռնկման ջերմաստիճանը ~200°C է։ Նիտրոգլիցերինը ստացվում է գլիցերինը նիտրացնող խառնուրդով նիտրելիս։ Օգտագործվում է նիտրագլիցերինային պայթուցիկ նյութերի, դինամիտների և անծուխ վառոդների արտադրության մեջ։
Նիտրոգլիցերին
Քիմիական միացություն
քիմիական երևույթի տեսակ
Ենթակատեգորիա
nitrate ester
Մասն է
nitroglycerin metabolic process, response to nitroglycerin, cellular response to nitroglycerin
Նիտրոգլիցերինը բժշկության մեջ օգտագործվում է որպես անոթալայնիչ դեղամիջոց։ Օժտված է կրծքային հեղձուկի նոպաները վերացնող հատկությամբ։ Օգտագործվում է սպիրտային լուծույթի և հաբերի ձևով։ Նիտրոգլիցերինի ազդեցությունը պայմանավորված է սրտամկանի սակավարյուն օջախում թթվածնի լարվածության ընտրողական բարձրացմամբ․ առաջացնում է սրտամկանի արյունամատակարարման վերաբաշխում՝ առանց ամբողջական հոսքի նկատելի փոփոխությունների։ Միաժամանակ նկատվում է արյան ճնշման անկում, դեպի սիրտը երակային արյան հոսքի դանդաղում և ծայրամասային անոթների դիմադրության փոքրացում։ Նիտրոգլիցերինը օժտված է նաև կենտրոնական նյարդային համակարգն ընկճող ազդեցությամբ, որի շնորհիվ մեղմացնում է ցավային սինդրոմը։ Հակացուցված է գլաուկոմայի և գլխուղեղի արյան անոթների սպազմի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 305)։